Գլխավոր տեղեկություն
Համար
N 240
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Incorporation (18.05.1997-10.12.1997)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
24.05.1994
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
24.05.1994
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.05.1994
Ուժը կորցնելու ամսաթիվ
23.07.2002

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 մայիսի 1994 թ. N 240

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԴՊՐՈՑ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմում, Հայաստանի Հանրապետության կառավարությունում, գործադիր իշխանության հանրապետական և տեղական մարմիններում աշխատելու համար բարձրագույն և միջին օղակի պետական ծառայողների պատրաստման և կատարելագործման նպատակով ստեղծել Հայաստանի Հանրապետության կառավարման դպրոց:

2. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարման դպրոցի կանոնադրությունը (կցվում է):

3. Հայաստանի Հանրապետության կառավարման դպրոցի վարչական խորհրդի նախագահ նշանակել Հայաստանի Հանրապետության պետական նախարար Ա.Ղազարյանին:

4. Հայաստանի Հանրապետության կառավարման դպրոցի վարչական խորհրդին` երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել դպրոցի տնօրենի թեկնածությունը:

5. Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի կառավարչությանը` երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարման դպրոցին հատկացնել համապատասխան տարածք:

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
1994 Թ. ՄԱՅԻՍԻ 24-Ի n 240 ՈՐՈՇՄԱՄԲ

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԴՊՐՈՑԻ

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Սույն կանոնադրությամբ սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարման դպրոցի (այսուհետև` դպրոց) նպատակն ու խնդիրները, ինչպես նաև գործունեության կազմակերպման և իրականացման կարգն ու պայմանները:

2. Դպրոցը Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմում, Հայաստանի Հանրապետության կառավարությունում, գործադիր իշխանության հանրապետական և տեղական մարմիններում աշխատելու համար բարձրագույն և միջին օղակի պետական ծառայողների պատրաստման և կատարելագործման հանրապետական կենտրոն է:

3. Դպրոցը ենթարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանը և իր գործունեությամբ հաշվետու է նրան:

4. Դպրոցն իրավաբանական անձ է, ունի Հայաստանի Հանրապետության զինանշանը պատկերող և իր անվամբ կնիք, դրոշմակնիք, Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների բանկային հիմնարկներում` հաշվարկային և այլ հաշիվներ, կարող է կատարել գործառնություններ Հայաստանի Հանրապետության արժույթով, ինչպես նաև տարադրամով:

5. Իր գործունեության ընթացքում դպրոցը ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ:

6. Դպրոցի կառուցվածքը, աշխատողների թվաքանակը և աշխատանքի վարձատրության տարեկան ֆոնդը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

7. Դպրոցի գտնվելու վայրը Երևան քաղաքն է:

 

II. Դպրոցի նպատակը ԵՎ խնդիրները

 

8. Դպրոցի նպատակն է Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի, Հայաստանի Հանրապետության կառավարության, գործադիր իշխանության հանրապետական, ինչպես նաև տեղական մարմինների համար պատրաստել պետական կառավարման բարձրագույն և միջին օղակի պետական ծառայողներ:

9. Իր առջև դրված խնդիրներին համապատասխան դպրոցը`

 ա) սահմանված կարգով կազմակերպում է ունկնդիրների ընդունելությունը և ուսուցումը, դիպլոմներ է տալիս շրջանավարտներին.

բ) ուսումնասիրում է բարձրագույն և միջին օղակի պետական ծառայողների պահանջարկը գործադիր իշխանության հանրապետական և տեղական մարմիններում, այդ անձանց վերապատրաստման հետ կապված հարցերն ու առաջարկություններ ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն.

գ) կազմակերպում է բարձրագույն և միջին օղակի պետական ծառայողների վերապատրաստման գործը.

դ) կազմակերպում է հանրապետական, միջազգային, գիտագործնական խորհրդաժողովներ, հանդիպումներ իր կանոնադրական նպատակների և խնդիրների շրջանակի մեջ մտնող հարցերով, մասնակցում է օտարերկրյա պետություններում տեղի ունեցող նմանատիպ միջոցառումներին.

ե) տարեկան հաշվետվություններ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն` իր գործունեության վերաբերյալ:

10. Դպրոցն իր աշխատանքները կազմակերպում է ուսումնական և գիտական ծրագրերին համապատասխան, որոնք նրա ներկայացմամբ հաստատվում են վարչական խորհրդի կողմից:

Դպրոցի ուսումնական ծրագրերը հաստատվում են 5 տարի ժամկետով, որոնք պարբերաբար փոփոխվում, լրացվում և ճշգրտվում են:

Գիտական ծրագրերը հաստատվում են յուրաքանչյուր ուսումնական տարվա սկզբին և ըստ իրենց բնույթի ու ծավալի կարող են նախատեսվել տարբեր ժամկետների համար:

11. Իր նպատակներին և խնդիրներին համապատասխան դպրոցն իրավունք ունի Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնել հրատարակչական գործունեություն:

 

III. Դպրոցի ղեկավար մարմինները

 

12. Դպրոցի կառավարման բարձրագույն մարմինը վարչական խորհուրդն է, որի կազմի մեջ ընդգրկվում են`

ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարը

ՀՀ կառավարության գործերի կառավարիչը

ՀՀ արդարադատության նախարարը ՀՀ արտաքին գործերի նախարարը

ՀՀ բարձրագույն կրթության և գիտության նախարարը

ՀՀ էկոնոմիկայի նախարարը ՀՀ ներքին գործերի նախարարը

ՀՀ ֆինանսների նախարարը պատգամավորների Երևանի քաղխորհրդի գործկոմի նախագահը

ՀՀ կառավարությանն առընթեր կառավարման և տնտեսական բարեփոխումների ինստիտուտի տնօրենը դպրոցի տնօրենը:

13. Վարչական խորհուրդը մշտական գործող մարմին է:

Վարչական խորհրդի նիստերը գումարվում են, որպես կանոն, երեք ամիսը մեկ անգամ: Արտահերթ նիստեր կարող են գումարվել վարչական խորհրդի նախագահի, ինչպես նաև խորհրդի անդամների առնվազն մեկ երրորդի կամ տնօրենի պահանջով:

Վարչական խորհրդի նիստերն իրավազոր են, եթե նիստերին մասնակցում են նրա անդամների առնվազն երկու երրորդը: Վարչական խորհրդի որոշումներն ընդունվում են նիստերին մասնակցող անդամների ձայների պարզ մեծամասնությամբ:

14. Վարչական խորհուրդը`

ա) հաստատում է խորհրդի աշխատակարգը և փոփոխություններ ու լրացումներ կատարում դրանում.

բ) քննարկում է դպրոցի առջև դրված կարևորագույն հարցերը.

գ) քննարկում և հաստատում է դպրոցի ուսումնական և գիտական ծրագրերի նախագծերը.

դ) հաստատում է դպրոցի կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությունները և փոփոխություններ ու լրացումներ կատարում դրանցում.

ե) քննարկում է դպրոցի առաջիկա ուսումնական տարվա ունկնդիրների թվաքանակի հետ կապված հարցերը և առաջարկություններ ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն.

զ) դպրոցի տնօրենի պաշտոնում նշանակման, ինչպես նաև վաղաժամկետ պաշտոնից ազատման վերաբերյալ առաջարկություններ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն.

է) քննարկում է դպրոցի տնօրենի տեղակալների և գիտական քարտուղարի պաշտոնների համար դպրոցի տնօրենի առաջարկած թեկնածությունները և կարծիք հայտնում նրանց այդ պաշտոններում նշանակելու նպատակահարմարության մասին.

ը) հաստատում է դպրոցի ներքին կարգապահական կանոնները, ինչպես նաև ունկնդիրների վարքագծի կանոնները, փոփոխություններ և լրացումներ է կատարում դրանցում.

 թ) աջակցում է տնօրենին դպրոցի պրոֆեսորադասախոսական կազմի անդամների ընտրության և դասախոսական աշխատանքների արդյունավետության բարձրացման գործում.

ժ) քննարկում է դպրոցի տնտեսական ծախսերի հետ կապված հարցերը և որոշումներ ընդունում դրանց վերաբերյալ.

ի) քննարկում է սույն կանոնադրությունից բխող այլ հարցեր:

15. Դպրոցի տնօրենի տեղակալները և գիտական քարտուղարը մասնակցում են վարչական խորհրդի նիստերին` խորհրդակցական ձայնի իրավունքով:

Նրանք չեն մասնակցում վարչական խորհրդի այն նիստերին, որտեղ քննարկվում են դպրոցի տնօրենի նշանակման, տնօրենի տեղակալների և դպրոցի գիտական քարտուղարի թեկնածությունների վերաբերյալ հարցերը:

Տնօրենի պաշտոնից ազատման վերաբերյալ հարցի քննարկման ժամանակ վարչական խորհրդի նիստին նրա մասնակցությունը պարտադիր է:

16. Վարչական խորհրդի նիստերի արձանագրությունները վարում է խորհրդի քարտուղարը, որն ընտրվում է խորհրդի կողմից, դպրոցի աշխատակազմի անդամներից:

17. Վարչական խորհրդի անդամները և խորհրդի քարտուղարն իրենց պարտականությունները կատարում են անվարձահատույց:

18. Վարչական խորհուրդը ղեկավարում է խորհրդի նախագահը (Հայաստանի Հանրապետության պետական նախարարներից), որն այդ պաշտոնին է նշանակվում և ազատվում պաշտոնից Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:

19. Վարչական խորհրդի նախագահը`

ա) կազմակերպում է խորհրդի աշխատանքները.

բ) հրավիրում է խորհրդի նիստեր և նախագահում դրանք.

գ) ստորագրում է խորհրդի կողմից ընդունված որոշումները.

դ) ղեկավարում է խորհրդի որոշումների կատարման հետ կապված աշխատանքները.

ե) իրականացնում է խորհրդի գործունեության հետ կապված այլ իրավասություններ:

20. Դպրոցի ընթացիկ ղեկավարությունն իրականացնում է տնօրենը: Տնօրենը նշանակվում է պաշտոնի և ազատվում պաշտոնից Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից, վարչական խորհրդի ներկայացմամբ, 5 տարի ժամկետով: Հայաստանի Հանրապետության կառավարությունը վարչական խորհրդի ներկայացմամբ կարող է տնօրենին վաղաժամկետ ազատել պաշտոնից:

21. Տնօրենը`

ա) կազմակերպում և ղեկավարում է դպրոցի ընթացիկ գործունեությունը.

բ) ապահովում է օրինականությունը դպրոցի գործունեության մեջ, ինչպես նաև կազմակերպում է դպրոցի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրերի, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների և կարգադրությունների, վարչական խորհրդի որոշումների կատարումը.

գ) վարչական խորհրդի դրական կարծիքը ստանալուց հետո, սույն կանոնադրության 14-րդ կետի «է» ենթակետին համապատասխան, նշանակում է պաշտոնի և ազատում է պաշտոնից դպրոցի տնօրենի տեղակալներին և գիտական քարտուղարին, կատարում պարտականությունների բաշխում նրանց միջև.

դ) պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում դպրոցի պրոֆեսորադասախոսական կազմի աշխատողներին.

ե) վարչական խորհրդի քննարկմանն է ներկայացնում դպրոցի գործունեության հետ առընչվող հրատապ և կարևորագույն հարցերը.

զ) նախապատրաստում և վարչական խորհրդի քննարկմանն է ներկայացնում սույն կանոնադրությամբ խորհրդի հաստատմանը ենթակա փաստաթղթերի նախագծերը.

է) վարչական խորհրդին ապահովում է իր գործունեության համար անհրաժեշտ աշխատանքային պայմաններով.

ը) ստորագրում է դպրոցի կողմից կնքվող պայմանագրերը և փաստաթղթերը.

թ) առանց հատուկ լիազորագրի ներկայացնում է դպրոցը պետական և ոչ պետական մարմիններում, ձեռնարկություններում, հիմնարկներում, կազմակերպություններում, ինչպես նաև դատարանում, արբիտրաժում, միջնորդ դատարանում և այլ կազմակերպություններում, Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ սահմանված կարգով տնօրինում է դպրոցի գույքը, ֆինանսական միջոցները.

 ժ) իրականացնում է դպրոցի գործունեության ընթացիկ կառավարման հետ կապված այլ գործառույթներ:

22. Դպրոցի տնօրենն իր գործունեությամբ հաշվետու է Հայաստանի Հանրապետության կառավարությանը:

Ուսումնական տարվա ավարտից հետո տնօրենի տարեկան հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարությունը քննարկում է նրա գործունեության վերաբերյալ վարչական խորհրդի գրավոր կարծիքի հետ միասին: Տնօրենի գործունեության վերաբերյալ վարչական խորհրդի կարծիքը քննարկվում և հաստատվում է խորհրդի նիստերում:

23. Տնօրենի բացակայության դեպքում, նրա հանձնարարությամբ, տնօրենի պարտականությունները կատարում է նրա տեղակալներից մեկը:

24. Դպրոցի պրոֆեսորադասախոսական կազմը համալրվում է հանրապետության գիտահետազոտական ինստիտուտների, բարձրագույն ուսումնական հաստատությունների գիտաշխատողներով, դասախոսներով, գործադիր իշխանության համակարգի մարմիններում աշխատող բարձրագույն օղակի պետական ծառայողներով, ինչպես նաև դպրոցի հաստիքային դասախոսներով:

25. Դպրոցի ֆինանսատնտեսական գործունեության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի կառավարչությունը` Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ սահմանված կարգով: Դպրոցի ֆինանսատնտեսական գործունեության ստուգումների արդյունքները քննարկվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից և ընդունվում համապատասխան որոշումներ:

 

IV. Ունկնդիրների ընտրությունը ԵՎ ուսուցման կազմակերպումը

 

26. Դպրոցում գործում է երկարատև և կարճատև ուսուցման համակարգը` բարձրագույն և միջին օղակի պետական ծառայողների պատրաստման և կատարելագործման նպատակով:

Դպրոցում երկարատև ուսուցումը կարող է կազմակերպվել նաև հեռակա ձևով: Հեռակա ուսուցումը դպրոցում վճարովի է:

(26-րդ կետը լրաց. 30.04.97 N 107)

27. Կարճատև ուսուցումն ընդգրկում է գործադիր իշխանության համակարգի մարմիններում երեք և ավելի տարվա աշխատանքային ստաժ ունեցող մինչև 50 տարեկան բարձրագույն և միջին օղակի պետական ծառայողների ուսուցումը` կատարելագործման և վերապատրաստման նպատակով: Առանձին դեպքերում կարճատև ուսուցման համար իրավունքը կարող է տրվել վարչական խորհրդի կողմից:

 28. Երկարատև ուսուցման համակարգում ընդգրկվելու համար ունկնդիրների ընտրությունը կատարվում է մրցութային կարգով: Մրցույթի անցկացման կարգը և պայմանները, այդ թվում` ընդունելության քննական առարկաները, սահմանում է վարչական խորհուրդը:

29. Մրցույթը կազմակերպվում է յուրաքանչյուր տարի, երկու ուղղություններով` արտաքին և ներքին:

Արտաքին մրցույթին կարող են մասնակցել բարձրագույն ուսումնական հաստատություններն ավարտած, համապատասխան դիպլոմ ստացած և մինչև մրցույթի անցկացման պահը 30 տարեկանից ոչ բարձր տարիք ունեցող անձինք;

30. Ներքին մրցույթին կարող են մասնակցել բարձրագույն կամ միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատությունն ավարտած միայն գործադիր իշխանության համակարգի մարմիններում աշխատող, այդ մարմիններում առնվազն 2 տարվա աշխատանքային ստաժ ունեցող և մինչև մրցույթի անցկացման պահը 45 տարեկանից ոչ բարձր տարիք ունեցող պետական ծառայողները:

31. Ունկնդիրները դպրոցն ընդունվելու օրվանից սկսած ստանում են պետական կրթաթոշակ, որի չափը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

32. Երկարատև ուսուցումը տևում է երկու ուսումնական տարի: Այդ ընթացքում ունկնդիրներն անցնում են երեք ուսումնաաշխատանքային փուլ: Ուսումնաաշխատանքային փուլերն անցկացվում են Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության համակարգի մարմիններում, հիմնարկներում և հաստատություններում կամ օտարերկրյա պետությունների համապատասխան պետական մարմիններում, միջազգային կազմակերպություններում` Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների ու միջազգային կազմակերպությունների միջև կնքված միջազգային համաձայնագրերին կամ պայմանագրերին համապատասխան:

Ուսումնաաշխատանքային փուլերի տևողությունը և ծրագրերը հաստատում է վարչական խորհուրդը` տնօրենի ներկայացմամբ:

33. Ուսումնաաշխատանքային փուլերը հաջողությամբ ավարտած ունկնդիրները ստանում են դպրոցի ավարտական դիպլոմ, որի ձևը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Դիպլոմը տալիս է վարչական խորհրդի կողմից ստեղծված պետական մրցութային հանձնաժողովը:

34. Ուսումնաաշխատանքային փուլերին զուգահեռ ունկնդիրներն անցնում են հատուկ դասընթացներ: Դասընթացներն ավարտելուց հետո ստուգարքներ և քննություններ հանձնելու միջոցով նրանք սահմանված կարգով ենթարկվում են դասակարգման:

35. Պետական մրցութային հանձնաժողովը դասակարգման ցուցակի մեջ ընդգրկում է այն ունկնդիրներին, որոնք ուսումնաաշխատանքային փուլում ունեն բավարար գնահատականներ և արդյունքներ:

Դասակարգման անցկացման կարգը և պայմանները սահմանվում են վարչական խորհրդի կողմից:

36. Մրցութային հանձնաժողովի որոշումների հիման վրա վարչական խորհուրդը հաստատում է այն անձանց ցուցակը, ովքեր կարող են համապատասխան պաշտոններ զբաղեցնել գործադիր իշխանության համակարգի մարմիններում:

37. Ուսումնաաշխատանքային փուլերն անբավարար արդյունքներով անցնող, ինչպես նաև սիստեմատիկաբար դպրոցի ներքին կարգապահական կանոնները և վարքագծի կանոնները խախտող ունկնդիրները, դպրոցի տնօրենի նախազգուշացումից հետո, վարչական խորհրդի որոշմամբ կարող են հեռացվել դպրոցից:

38. Դպրոցի կարճատև ուսուցման համակարգը ձևավորվում է գործադիր իշխանության հանրապետական և տեղական մարմինների հետ` նրանց բարձրագույն և միջին օղակի պետական ծառայողների կառավարման գործի ուսուցման շարունակման, վերապատրաստման և գիտելիքների կատարելագործման վերաբերյալ համապատասխան պայմանագրերի հիման վրա, որոնք կնքվում են յուրաքանչյուր ուսումնական տարվա համար, 1 տարի ժամանակով:

Պայմանագրի տիպային ձևը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

39. Դպրոցում ստեղծվում է ունկնդիրների հարցերով հանձնաժողով` դպրոցի աշխատակազմի և ունկնդիրների հավասար թվով ներկայացուցիչներից, որը զբաղվում է ունկնդիրների ուսումնական, կենցաղային, հանգստի կազմակերպման և այլ հարցերով:

40. Դպրոցն իրավունք ունի պայմանագրային հիմունքներով գիտափորձնական աշխատանքներ կատարել գործադիր իշխանության մարմիններում` վերջիններիս կառուցվածքի և դրանց բարելավման ուղղությամբ առաջարկությունների մշակման և այլ հարցերով:

 

V. Դպրոցի գույքը

 

41. Դպրոցի գույքն են կազմում նրան պատկանող շենքերը, շինությունները, մյուս հիմնական, ինչպես նաև շրջանառու միջոցները, այդ թվում` Հայաստանի Հանրապետության արժույթով և տարադրամով արտահայտվող դրամական միջոցները, իր գործունեության հետևանքով ձեռքբերված եկամուտները, արժեթղթերը, Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ չարգելված ձևով ձեռքբերված գույքը:

42. Դպրոցի եկամուտները գոյանում են`

ա) պետական բյուջեից կատարված մասհանումներից.

բ) պետական, ոչ պետական մարմինների, հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև քաղաքացիների կողմից կատարված նվիրատվություններից.

գ) սեփական հրատարակչական գործունեությունից ստացված շահույթից.

դ) Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներից:

43. Դպրոցի գույքը նրա կողմից տնօրինվում և օգտագործվում է Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ սահմանված կարգով:

44. Դպրոցի տարեկան բյուջեի համամասնությունները, տնօրենի ներկայացմամբ, հաստատում է վարչական խորհուրդը:

 

VI. Դպրոցի գործունեության դադարումը

 

45. Դպրոցը կարող է վերակառուցվել կամ լուծարվել Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից` Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ սահմանված կարգով:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ