Գլխավոր տեղեկություն
Համար
N 992-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (02.10.2008-18.10.2012)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.08.02/42(497) Հոդ.905
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
22.06.2006
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
19.07.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
26.07.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.08.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 26 հուլիսի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 հունիսի 2006 թվականի N 992-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՌԱԴԻՈՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ (ԱՇԽԱՏԱՆՔԻ) ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում ռադիոհաճախականությունների կառավարման համակարգող հանձնաժողովի հանդիպումների և քննարկումների (աշխատանքի) կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին`

ա) մեկամսյա ժամկետում հաստատել Հայաստանի Հանրապետությունում ռադիոհաճախականությունների կառավարման համակարգող հանձնաժողովի կազմը.

բ) երկամսյա ժամկետում հաստատել Հայաստանի Հանրապետության հաճախականությունների բաշխումների աղյուսակը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. հուլիսի 19
Երևան

Հավելված
ՀՀ կառավարության 2006 թվականի
հունիսի 22-ի N 992-Ն որոշման




Կ Ա Ր Գ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՌԱԴԻՈՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ (ԱՇԽԱՏԱՆՔԻ)

1. Հայաստանի Հանրապետությունում ռադիոհաճախականությունների կառավարման համակարգող հանձնաժողովը (այսուհետ` հանձնաժողով) հանդիսանում է միջգերատեսչական կոորդինացնող մարմին, որը գործում է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը կից և կոլեգիալ հիմքերով իրականացնում է Հայաստանի Հանրապետությունում ռադիոհաճախականությունների տիրույթի կառավարման համակարգումը:

2. Իր գործունեության ընթացքում հանձնաժողովը ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, Հայաստանի Հանրապետության օրենքներով, սույն կարգով և այլ իրավական ակտերով:

3. Հանձնաժողովի խնդիրներն են`

ա) Հայաստանի Հանրապետությունում ռադիոհաճախականության պաշարի և արբանյակային ուղեծրի հատվածների արդյունավետ և պատշաճ պլանավորման ապահովումը` սահմանված առաջնահերթություններին համապատասխան և ի շահ բոլոր օգտվողների.

բ) ռադիոհաճախականությունների տիրույթի որոշակի հատվածների առանձնացման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին (այսուհետ` նախարար) առաջարկություններ ներկայացնելը.

գ) Հայաստանի Հանրապետության Հաճախականությունների բաշխումների աղյուսակը հաստատող իրավական ակտի և Հայաստանի Հանրապետության Հաճախականությունների բաշխումների աղյուսակի ընդունման և փոփոխման վերաբերյալ նախարարին առաջարկություններ ներկայացնելը:

4. Սույն կարգի 3-րդ կետում նշված խնդիրներն իրագործելու նպատակով հանձնաժողովն իրականացնում է հետևյալ գործառույթները`

ա) Հայաստանի Հանրապետությունում ռադիոհաճախականության տիրույթի բաշխման և օգտագործման հայեցակարգի մշակման կազմակերպումը.

բ) հաշվի առնելով պետական և հանրային առաջնահերթությունները` օգտվողներին ռադիոհաճախականության տիրույթին հասանելիության ապահովումը.

գ) ռադիոհաճախականության տիրույթի օգտագործման ոլորտում գիտատեխնիկական հետազոտությունների և ուսումնասիրությունների անցկացման վերաբերյալ նախարարին առաջարկություններ ներկայացնելը.

դ) Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային հաղորդակցության բնագավառում Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության համար ռադիոկապի համաշխարհային և տարածաշրջանային կոնֆերանսների նախապատրաստման ժամանակ ռադիոհաճախականության տիրույթի բաշխմանը և օգտագործմանը վերաբերող առաջարկությունների ձևավորման աշխատանքների, այդ թվում` նաև Հեռահաղորդակցության միջազգային միության և այլ միջազգային կազմակերպությունների շրջանակներում անցկացվող հետազոտությունների վերաբերյալ նախարարին առաջարկություններ ներկայացնելը.

ե) հաճախականության շերտերի միջազգային և Հայաստանի Հանրապետությունում դրանց բաշխման և օգտագործման պայմանների ունիֆիկացման աշխատանքների վերաբերյալ նախարարին առաջարկություններ ներկայացնելը.

զ) ռադիոհաճախականության տիրույթի ազատականացման (կոնվերսիայի) աշխատանքների վերաբերյալ նախարարին առաջարկություններ ներկայացնելը.

է) ռադիոհաճախականության տիրույթի օգտագործման ոլորտում տեխնիկական քաղաքականության վերաբերյալ նախարարին առաջարկություններ ներկայացնելը.

ը) գործադիր իշխանության մարմիններից, էլեկտրոնային հաղորդակցության ոլորտի կազմակերպություններից և Հայաստանի Հանրապետության այլ իրավաբանական անձանցից տեղեկություններ ստանալը, որոնք անհրաժեշտ են հանձնաժողովին իր վրա դրված իրավասությունների իրականացման համար։

5. Հանձնաժողովի կողմից ընդունված առաջարկությունները ներկայացվում են նախարարին հաստատման և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցման:

6. Հայաստանի Հանրապետությունում հաճախականությունների շերտերի բաշխումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության Հաճախականությունների բաշխումների աղյուսակին և ռադիոէլեկտրոնային միջոցների կողմից ռադիոհաճախականության տիրույթի օգտագործման հեռանկարային ծրագրին համապատասխան:

Ռադիոէլեկտրոնային միջոցների կողմից ռադիոհաճախականության տիրույթի օգտագործման հեռանկարային ծրագիրը սահմանում է` տարբեր նշանակության գործող, հեռանկարում շահագործման համար նախատեսված ռադիոէլեկտրոնային միջոցների կողմից ռադիոհաճախականությունների տիրույթի օգտագործման հիմնական ուղղությունները` մինչև 2015 թվականը:

Ռադիոէլեկտրոնային միջոցների կողմից ռադիոհաճախականության տիրույթի օգտագործման հեռանկարային ծրագիրը մշակվում է Հայաստանի Հանրապետությունում ռադիոհաճախականության տիրույթի բաշխման և օգտագործման հայեցակարգի հիման վրա և հաստատվում է նախարարի հրամանով:

7. Հանձնաժողովի վրա դրված գործառույթների կատարման հետ կապված բոլոր հարցերը քննարկվում են հանձնաժողովի նիստերում և դրանց կապակցությամբ ընդունվում են համապատասխան որոշումներ:

Հանձնաժողովի նիստերը հրավիրվում են ըստ անհրաժեշտության, բայց ոչ պակաս, քան 2 ամիսը մեկ անգամ:

Հանձնաժողովի նիստերը հրավիրում և անցկացնում է հանձնաժողովի նախագահը, նրա բացակայության դեպքում` նախագահի տեղակալը:

8. Հանձնաժողովի անդամները մասնակցում են հանձնաժողովի նիստերին առանց փոխարինման իրավունքի:

9. Հանձնաժողովի անդամներն ունեն ձայնի հավասար իրավունք` հանձնաժողովի նիստերին ուսումնասիրվող հարցերի քննարկման և դրանց կապակցությամբ որոշումների ընդունման ժամանակ:

10. Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե նիստին մասնակցում է հանձնաժողովի անդամների առնվազն 2/3-ը:

Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ և համարվում են ընդունված, եթե կողմ է քվեարկել նիստին մասնակցող հանձնաժողովի անդամների կեսից ավելին: Ձայների հավասարության դեպքում նիստի նախագահողի ձայնը վճռորոշ է:

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից քննարկվող հարցի վերաբերյալ գրավոր հատուկ կարծիք ներկայացնելու դեպքում այն չի դրվում քվեարկության:

Հրավիրված մասնագետները քվեարկությանը չեն մասնակցում:

11. Հանձնաժողովի որոշումները ձևակերպվում են արձանագրություններով, որոնք ստորագրում է նիստը նախագահողը:

Արձանագրությունները 5-օրյա ժամկետում ներկայացվում են նախարարի հաստատմանը:

Նախարարը հաստատում է հանձնաժողովի արձանագրությունները 3-օրյա ժամկետում:

Նախարարն իրավունք ունի չհաստատել հանձնաժողովի արձանագրությունները: Այս դեպքում նա հիմնավորում է հանձնաժողովի արձանագրությունները չհաստատելու պատճառները:

12. Հանձնաժողովն իրականացնում է իր գործունեությունը հանձնաժողովի կողմից հաստատված աշխատանքային ծրագրին համապատասխան:

13. Հանձնաժողովի աշխատանքային ծրագրի հաստատման, նիստերի նախապատրաստման, արձանագրությունների վարման, ընդունված որոշումների ձևակերպման և հանձնաժողովի նիստերին այլ հարցերի ուսումնասիրման կարգը սահմանվում է հանձնաժողովի աշխատանքի ընթացակարգով, որն ընդունվում է նրա նիստերում:

14. Հանձնաժողովը կազմավորվում է կոլեգիալ հիմքերով:

Հանձնաժողովը ղեկավարում է նախագահը` Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի տեղակալը, որը համակարգում է էլեկտրոնային հաղորդակցության ոլորտի հետ կապված աշխատանքները:

Նախագահը ղեկավարում է հանձնաժողովի գործունեությունը և կրում է պատասխանատվություն հանձնաժողովի վրա դրված գործառույթների կատարման կապակցությամբ:

Հանձնաժողովի կազմում, բացի Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության ներկայացուցիչներից, ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության մեկական անդամներ:

Անհրաժեշտության դեպքում հանձնաժողովն իրավասու է հրավիրել մասնակցելու իր նիստերին համապատասխան մասնագետների (համաձայնությամբ), այդ թվում` նաև Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության և ռադիոյի և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովների ներկայացուցիչներին:

Հանձնաժողովի անհատական կազմը հաստատում է նախարարը` հանձնաժողովի նախագահի ներկայացմամբ:

Հանձնաժողովի նախագահի տեղակալը և պատասխանատու քարտուղարը նշանակվում են հանձնաժողովի անդամներից` նախարարի հրամանով:

Հանձնաժողովի նախագահողի բացակայության ժամանակ նրան փոխարինում է հանձնաժողովի նախագահի տեղակալը:

Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության մարմինների ներկայացուցիչներն ընդգրկվում կամ փոփոխվում են հանձնաժողովի կազմում այդ մարմինների ղեկավարների առաջարկությամբ:

(14-րդ կետը փոփ. 21.08.08 N 1042-Ն)

15. Հանձնաժողովի գործունեության կազմակերպչական-տեխնիկական ապահովումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունը: Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունն ապահովում է նաև հանձնաժողովի միջոցառումների նախապատրաստման և անցկացման ընթացքի մասին տեղեկությունների պաշտպանության ապահովումը:

Հանձնաժողովի գործունեության հետ կապված գործավարությունը նախարարի հրամանով իրականացնում է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումը:

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան