Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-757
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (13.06.2008-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2008.06.25/39(629) Հոդ.628
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
13.06.2008
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
13.06.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.06.2008

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

13 հունիսի 2008 թ.

 

2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 16-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ 2007-2008 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Վ. Հովհաննիսյանի (նախագահող), Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի (զեկուցող), Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի,

մասնակցությամբ՝ Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Վ. Արամյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետի, 101 հոդվածի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72 հոդվածների,

դռնբաց նիստում քննեց «2008 թվականի մայիսի 16-ին ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև 2007-2008 թվականների ֆինանսական համագործակցության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը՝ մուտքագրված 2008 թվականի հունիսի 9-ին:

Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

1. Սույն համաձայնագիրն ստորագրվել է 2008 թվականի մայիսի 16-ին Երևանում՝ Կողմերի միջև բարեկամական հարաբերությունները գործընկերային ֆինանսական համագործակցության միջոցով ամրապնդելու և խորացնելու և Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացմանը նպաստելու նպատակով։

2. Համաձայնագրով ԳԴՀ կառավարությունը ՀՀ կառավարությանը կամ երկու կառավարությունների կողմից համատեղ ընտրվելիք այլ վարկառուներին հնարավորություն է ընձեռում մինչև 2015թ. դեկտեմբերի 31-ը Վերականգնման վարկերի բանկից (այսուհետ՝ Բանկ) ստանալ.

1) մինչև 8,5 մլն եվրո գումարի չափով վարկ՝ հետևյալ ծրագրերի համար.

ա) «Բնակարանային ֆինանսավորման շուկա (Հիպոթեքային շուկա)» ծրագրին՝ մինչև 6 մլն եվրո գումար,

բ) «Հիդրոէլեկտրակայանների «Որոտան» կասկադ (խառը ֆինանսավորում) ծրագրին՝ մինչև 2,5 մլն եվրո գումար,

2) ֆինանսական օժանդակություններ` հետևյալ ծրագրի իրականացման և հսկողության համար անհրաժեշտ հարակից միջոցառումներին.

«Համայնքային ենթակառուցվածքների վերականգնում II (ՀԵԾ II) - հարակից միջոցառումներ» ծրագրին՝ մինչև 1 մլն եվրո գումարի չափով:

3. Համաձայնագրով ֆինանսավարկային հատկացումներ են նախատեսված նաև հետևյալ ծրագրերի համար.

ա) «Հիդրոէլեկտրակայանների «Որոտան» կասկադ (խառը ֆինանսավորում) ծրագրին՝ մինչև 14,5 մլն եվրոյի չափով գումար (վերածրագրավորում «2005թ. Լոռիբերդի հիդրոէլեկտրակայանի համար նախատեսված 12 մլն եվրոյի չափով հատուկ հատկացումից),

բ) «Հայաստանում «Պրո Կրեդիտ» բանկի հիմնադրման աջակցություն» ծրագրի շրջանակում իրականացվելիք ուսումնավերապատրաստական միջոցառումների համար` 500 հազ. եվրոյի չափով գումար:

Ուսումնավերապատրաստական ծրագրերում ներգրավված մասնագետների համար գործելու են ինչպես սույն համաձայնագրի, այնպես էլ ԳԴՀ կառավարության և ՀՀ կառավարության միջև 1998թ. հուլիսի 27-ին կնքված Տեխնիկական համագործակցության մասին համաձայնագրի պայմանները։

4. Համաձայնագրով ԳԴՀ կառավարությունը ՀՀ կառավարությանը կամ երկու կառավարությունների կողմից համատեղ ընտրվելիք այլ վարկառուներին հնարավորություն է ընձեռում նաև «Կովկասյան նախաձեռնության» շրջանակում Բանկից ստանալ հետևյալ գումարները.

ա) «Տուբերկուլոզի դեմ պայքարի» տարածաշրջանային ծրագիրը 2008-2009թթ. շարունակելու համար` մինչև 1 մլն եվրոյի չափով գումար,

բ) ««Գյումրի 2» բարձրավոլտ էլեկտրակայանի վերականգնում» ծրագրի համար` մինչև 14,6 մլն եվրոյի չափով գումար,

գ) «Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման բարձրավոլտ գծի կառուցում» ծրագրի համար` մինչև 20,4 մլն եվրոյի չափով գումար:

5. Ըստ համաձայնագրի` ՀՀ կառավարությանը նաև հնարավորություն է ընձեռվում Բանկից ստանալ ֆինանսական օժանդակության չափին համարժեք վարկ։

Ֆինանսական օժանդակության միջոցները կփոխակերպվեն վարկի նաև այն դեպքում, եթե դրանք չօգտագործվեն ըստ նպատակի, կամ Կողմերի փոխադարձ համաձայնությամբ փոխարինվեն այլ ծրագրերով, բացառությամբ համաձայնագրով նախատեսված ոլորտներին առնչվող ծրագրերի։

6. Գումարների օգտագործումը, դրանց հատկացման պայմանները, ինչպես նաև հանձնարարականների բաժանման կարգը սահմանվում են Բանկի և վարկառուների միջև կնքվելիք պայմանագրերով, որոնք հիմնված են ԳԴՀ-ում գործող իրավական նորմերի վրա։

7. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է.

- եթե վարկառուն ՀՀ կառավարությունը չէ, ապա վերջինս երաշխավորում է Բանկի օգտին վճարումները եվրոյով՝ համաձայն կնքվելիք պայմանագրերով վարկառուների ստանձնած պարտավորությունների, ինչպես նաև պարտքի վերադարձման պահանջները,

- համաձայնագրի շրջանակներում Բանկին և նրա կողմից ֆինանսավորվող հասցեատերերի առաքումներն ու ծառայությունների մատուցումն ազատել բոլոր հարկերից և տուրքերից,

- ապահովել ԳԴՀ-ում գործող փոխադրող ձեռնարկությունների իրավահավասար մասնակցությունը ֆինանսական օժանդակությունների կամ վարկերի տրամադրումից բխող փոխադրումների իրականացմանը, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, այդ ձեռնարկություններին տալ արտոնող թույլտվություններ։

8. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորություններն ամբողջությամբ բխում են միջպետական հարաբերությունների հաստատման և զարգացման վերաբերյալ ՀՀ Սահմանադրության 9 հոդվածում ամրագրված սկզբունքներից։

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետով, 102 հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

1. 2008 թվականի մայիսի 16-ին ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև 2007-2008 թվականների ֆինանսական համագործակցության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

 

Նախագահող

Վ. Հովհաննիսյան

 

13 հունիսի 2008 թ.

ՍԴՈ-757

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան