Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (23.05.2008-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2008.06.18/38(628)
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
23.05.2008
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
23.05.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.05.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ 08-981

Քաղաքացիական գործ թիվ 3-338(ՎԴ)
2008 թ.

Նախագահող դատավոր՝ Գ. Մատինյան  

Դատավորներ՝ Լ. Գրիգորյան

               Ե. Խունդկարյան

 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Հ. Մանուկյանի

մասնակցությամբ դատավորներ

Ա. Մկրտումյանի

 

Վ. Աբելյանի

 

Ս. Սարգսյանի

 

Դ. Ավետիսյանի

Հ. Ղուկասյանի

 

Ս. Օհանյանի

 

2008 թվականի մայիսի 23-ին,

 

դռնբաց դատական նիստում, քննելով Ռուբիկ Թադևոսյանի վճռաբեկ բողոքը Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 27.02.2008 թվականի որոշման դեմ՝ ըստ Նշան Չութիլյանի հայցի ընդդեմ «Կապիտալ Մ» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) և Ռուբիկ Թադևոսյանի՝ գումարը, տոկոսները բռնագանձելու և վնասը հատուցելու պահանջների մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 

Դիմելով դատարան՝ Նշան Չութիլյանը պահանջել է Ընկերությունից և Ռուբիկ Թադևոսյանից բռնագանձել 31.299 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամը և 1.030.410 ՀՀ դրամ՝ որից 15.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամը որպես վճարված նախավճարի գումար և 15.000 ԱՄՆ դոլարի համարժեք ՀՀ դրամը՝ պայմանագրով նախատեսված նախավճարի կրկնապատիկի գումար, 226.410 ՀՀ դրամը՝ որպես վճարված պետական տուրքի գումար, իսկ 804.000 ՀՀ դրամը՝ որպես խախտված իրավունքի վերականգնման համար կատարած ծախսի հատուցում:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 08.11.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է:

Վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 27.02.2008 թվականի որոշմամբ Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 08.11.2007 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ռուբիկ Թադևոսյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Նշան Չութիլյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգքրի 53-րդ հոդվածի 1-ին մասը, կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 347-րդ և 421-րդ հոդվածները, որոնք չպետք է կիրառեր և չի կիրառել նույն օրենսգքրի 300-րդ, 304-րդ և 445-րդ հոդվածները, որոնք պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի հետազոտել գործում առկա 15.01.2007 թվականի երաշխավորության պայմանագիրը (այսուհետ` պայմանագիր): Մասնավորապես, Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ վերոնշյալ պայմանագիրը վերաբերում է անշարժ գույքի սեփականաշնորհմանը, ինչպես նաև այդ գույքի վաճառքին: Հետևաբար, այն իրենից ներկայացնում է խառը պայմանագիր, որում առկա են նաև նախնական պայմանագրի կնքման համար նախատեսված պայմաններ: Նշված պայմանագրի կնքման կարգը սահմանված է ՀՀ քաղաքացիական օրենսգքրի 445-րդ հոդվածով, որն էլ կողմերը չեն պահպանել: Այն կնքման պահից առոչինչ էր, քանի որ անշարժ գույքի վերաբերյալ ցանկացած պայմանագիր ենթակա է նոտարական վավերացման, իսկ դրա բացակայության դեպքում այն առոչինչ գործարք է:

Այսինքն, տվյալ պարագայում, Ռուբիկ Թադևոսյանը պարտավոր է Նշան Չութիլյանին վերադարձնել միայն այն գումարը, որն ստացել է, այլ ոչ թե՝ վճարված գումարի կրկնապատիկը և տոկոսները:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 27.02.2008 թվականի որոշումը և գործն ուղարկել համապատասխան ստորադաս դատարան՝ նոր քննության:

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները.

 

Կողմերի միջև կնքած 15.01.2007 թվականի երաշխավորության պայմանագիրը որպես իրավական հետևանք չի նախատեսում հետագայում պայմանագրի 1.2 կետով նախատեսված հողատարածքի և նշված պայմանագրի առուվաճառքի պարտադիր կնքում, հետևաբար, այս պայմանագիրը չի կարող դիտվել որպես անշարժ գույքի առուվաճառքի նախնական պայմանագիր: Վիճարկվող պայմանագրով գույքը հանձնելու ժամանակի և պայմանների վերաբերյալ որևէ հիշատակում չկա, ինչը պարտադիր պայման է անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը կնքելիս, ինչպես նաև նախնական պայմանագիրը կնքելիս:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1. Պայմանագրի 1.2. կետի համաձայն՝ Ռուբիկ Թադևոսյանը պարտավորվում է սեփականաշնորհել 02.10.2003 թվականի թիվ 0049138 վարձակալության վկայականով իրեն մինչև 2013 թվականը վարձակալության տրամադրված 0,25 հա մակերեսով հողատարածքը և այն վաճառել Նշան Չութիլյանին 1 (մեկ) քառակուսի մետրը՝ 72 ԱՄՆ դոլարին համարժեք հաշվարկով, որի համար Ռուբիկ Թադևոսյանն ստանում է 15000 (տասնհինգ հազար) ԱՄՆ դոլարին համարժեք դրամ նախավճար:

2. Պայմանագրի 1.3 կետի համաձայն՝ Ռուբիկ Թադևոսյանը պարտավորվում է սույն պայմանագրի 1.2. կետում նշված իր պարտավորությունը կատարել մինչև 2007 թվականի մարտի 30-ը և Նշան Չութիլյանի հարցումներով պետք է տրամադրի բանավոր կամ գրավոր տեղեկատվություն դրա ընթացքի վերաբերյալ:

3. Պայմանագրի 1.4 կետի համաձայն՝ Ռուբիկ Թադևոսյանն իր կողմից սույն պայմանագրի 1.2. կետով ստանձնած պարտավորության չկատարման դեպքում պարտավորվում է Նշան Չութիլյանին վերադարձնել վճարված նախավճարի կրկնապատիկը:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

 

Քննելով վճռաբեկ բողոքը վերը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգքրի 53-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 437-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ կողմերը կարող են կնքել օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված մի քանի պայմանագրերի տարրեր պարունակող պայմանագիր (խառը պայմանագիր): Խառը պայմանագրի կողմերի հարաբերությունների նկատմամբ համապատասխան մասերով կիրառվում են այն պայմանագրերի մասին կանոնները, որոնց տարրերը պարունակվում են խառը պայմանագրում, եթե այլ բան չի բխում կողմերի համաձայնությունից կամ խառը պայմանագրի էությունից:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նախնական պայմանագրով կողմերը պարտավորվում են ապագայում կնքել գույք հանձնելու, աշխատանքներ կատարելու կամ ծառայություններ մատուցելու մասին պայմանագիր (հիմնական պայմանագիր)` նախնական պայմանագրով նախատեսված պայմաններով:

Նույն օրենսգրքի 395-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նախավճար է համարվում այն դրամական գումարը, որ պայմանավորվող կողմերից մեկը պայմանագրով հասանելիք վճարների հաշվին տալիս է մյուս կողմին` իբրև պայմանագրի կնքման ապացույց և դրա կատարման ապահովում:

Սույն քաղաքացիական գործով Վերաքննիչ դատարանը Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 08.11.2007 թվականի վճիռը թողնելով օրինական ուժի մեջ, որոշման պատճառաբանական հիմքում դրել է այն հանգամանքը, որ կողմերի միջև իրականում կնքվել է երաշխավորության պայմանագիր:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը պատշաճ գնահատման առարկա չի դարձրել Նշան Չութիլյանի և Ռուբիկ Թադևոսյանի միջև կնքված պայմանագիրը: Իրականում կողմերի միջև կնքվել է խառը պայմանագիր, որը պարունակում է անշարժ գույքի առուվաճառքի նախնական պայմանագրի և նախավճարի տարրեր:

Վճռաբեկ դատարանի նման եզրահանգման համար հիմք է հանդիսանում այն հանգամանքը, որ պայմանագրի 1.2. կետը պարունակում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 445-րդ հոդվածով նախատեսված նախնական պայմանագրի բոլոր պարտադիր վավերապայմանները: Ադպիսիք են՝ ապագայում հիմնական առուվաճառքի պայմանագրի կնքման վերաբերյալ համաձայնություն, հիմնական պայմանագրի առարկան (0,25 հա մակերեսով հողատարածքը), ինչպես նաև հիմնական պայմանագրով հանձնման ենթակա անշարժ գույքի գինը (1 (մեկ) քառակուսի մետրը՝ 72 ԱՄՆ դոլարին համարժեք հաշվարկով): Պայմանագրի 1.3. կետով նախատեսվել է այն ժամկետը, որի ընթացքում կողմերը պարտավորվել են կնքել հիմնական պայմանագիրը:

Բացի այդ, պայմանագրի 1.4-րդ կետով նախատեսվում է պայմանագրի կնքման ապահովում՝ նախավճարի տեսքով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 445-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նախնական պայմանագիրը կնքվում է հիմնական պայմանագրի համար սահմանված ձևով, իսկ եթե հիմնական պայմանագրի ձևը սահմանված չէ` գրավոր: Նախնական պայմանագրի ձևի մասին կանոնները չպահպանելն այն դարձնում է առոչինչ:

Նույն օրենսգքրի 562-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ անշարժ գույքի վաճառքի պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման:

Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ կողմերի միջև 15.01.2007 թվականին կնքված գործարքի առուվաճառքի նախնական պայմանագրի վերաբերյալ պայմանն առոչինչ է և չի կարող հանգեցնել իրավաբանական հետևանքների:

ՀՀ քաղաքացիական օրենսգքրի 338-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ հիմնական պարտավորության անվավերությունը հանգեցնում է այն ապահովող պարտավորության անվավերության, եթե այլ բան սահմանված չէ օրենքով:

Հիմնական պայմանագրի անվավերության դեպքում նախավճարի պայմանագրի անվավերության վերաբերյալ օրենքով այլ բան նախատեսված չլինելու պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ անվավեր է նաև Պայմանագրի 1.4. կետով սահմանված հիմնական պայմանագրի պարտավորության կատարումն ապահովված նախավճար վճարելու պարտավորության պայմանը:

Հիմք ընդունելով վերոգրյալը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Նշան Չութիլյանի և Ռուբիկ Թադևոսյանի միջև կնքված պայմանագրի առոչինչ լինելու փաստով կողմերի միջև չեն կարող առաջանալ նաև տոկոսների և նախավճարի վճարման հետ կապված լրացուցիչ պարտավորական իրավահարաբերություններ:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով վերանայվող դատական ակտը բեկանելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 27.02.2008 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևանի քաղաքացիական դատարան՝ նոր քննության:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Հ. Մանուկյան

Դատավորներ`

Ա. Մկրտումյան

 

Վ. Աբելյան

 

Ս. Սարգսյան

 

Դ. Ավետիսյան

 

Հ. Ղուկասյան

 

Ս. Օհանյան