Գլխավոր տեղեկություն
Համար
N 1907-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (09.12.2004-08.10.2016)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2002.12.25/57(232) Հոդ.1338
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
28.11.2002
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
09.12.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
12.12.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.12.2002

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
12 դեկտեմբերի 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

28 նոյեմբերի 2002 թվականի N 1907-Ն

«ԽԱՐԲԵՐԴԻ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ՄԱՆԿԱՏՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» պետական հիմնարկը վերակազմավորման ձևով վերակազմակերպել «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպության:

2. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» պետական հիմնարկի տնօրինության՝ պետական սեփականություն հանդիսացող 61950.0 հազ. դրամ արժողությամբ գույքը, բացառությամբ շենքերի, շինությունների, պատմամշակութային նշանակության և նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքի, սեփականության իրավունքով հանձնել «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:

Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» պետական հիմնարկի տնօրինության՝ 192207.0 հազ. դրամ արժողությամբ շենքերը, շինությունները, պատմամշակութային նշանակության և նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքն անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ դրանց նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու պայմանով:

3. Սահմանել, որ՝

ա) «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպության հիմնական նպատակը կենտրոնական նյարդային համակարգի, օրգանական և ֆունկցիոնալ ախտահարումներ, բնածին ու ձեռքբերովի ֆիզիկական արատներ ունեցող հաշմանդամ երեխաների շուրջօրյա խնամքի ապահովումն է:

«Խարբերդի մասնագիտացված մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության առարկան կազմակերպությունում խնամվող 6-18 տարեկան հաշմանդամ երեխաների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը, բժշկական ու սոցիալ-հոգեբանական վերականգնման աշխատանքների իրականացումը, նյութական ու կենցաղային պահանջմունքների բավարարումը, խնամքի և դաստիարակության ապահովումը, այլ խնամակալական հաստատություններ նրանց տեղափոխումն է.

բ) «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպությունն իրականացնում է ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները՝ հաշմանդամ երեխաներ ունեցող ընտանիքներին սոցիալ-հոգեբանական խորհրդատվության տրամադրում, հաշմանդամ երեխաների խնամքի և դաստիարակության վճարովի ծառայությունների մատուցում, խնամվողների ու նրանց աշխատանքի կազմակերպիչների ուժերով խոշոր եղջերավոր անասունների բուծում, խոզերի բուծում, մսատու թռչունների բուծում, կարտոֆիլի և տնկանյութի աճեցում, բանջարեղենի, դրանց սերմերի ու սածիլների աճեցում, այգեգործություն, հացի արտադրություն.

գ) մինչև վերակազմակերպումը՝ Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» պետական հիմնարկին «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հատկացումները տրամադրվում են Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության կողմից Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տեղական գանձապետական բաժանմունք ներկայացված բյուջետային ծախսերի նախահաշիվների հիման վրա՝ ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների:

Նշված հատկացումները ներառվում են վերակազմակերպումից հետո իրավաբանական անձի հետ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքվելիք պայմանագրերում՝ դրանց տնտեսագիտական բովանդակությանը համապատասխան:

4. «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի «գ», «դ», «ե» և «է» ենթակետերով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությանը:

(4-րդ կետը լրաց. 18.11.04 N 1593-Ն)

5. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարին՝ մեկամսյա ժամկետում՝ սահմանված կարգով ապահովել «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպության պետական գրանցումը:

6. «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավաբանական անձանց պետական ռեգիստրում գրանցման, կնիքի ձեռքբերման, ինչպես նաև սույն որոշման համաձայն նրան հանձնվող գույքի գրանցման ու հաշվապահների վերապատրաստման հետ կապված ծախսերը կատարել «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» պետական հիմնարկի պահպանման համար նախատեսված միջոցների հաշվին:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2002 թ. դեկտեմբերի 9
Երևան