Գլխավոր տեղեկություն
Համար
N 162
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (09.02.2001-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2000.04.17/7(105)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
11.04.2000
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
11.04.2000
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
11.04.2000

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
11 ապրիլի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 ապրիլի 2000 թվականի N 162
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՀԻՄՆԱԴՐԱՄ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հանրապետության սոցիալական ոլորտի հետագա բարելավման, ինչպես նաև «Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամ» երկրորդ վարկային ծրագրի իրականացումն ապահովելու նպատակով և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 123 հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ստեղծել Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամ:

2. Հաստատել Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի կանոնադրությունը և հոգաբարձուների խորհրդի կազմը (կցվում են):

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ասոցիացիայի միջև կնքվելիք վարկային համաձայնագրի սահմանված կարգով ուժի մեջ մտնելու պահից:

 

ՀայաՍՏԱՆԻ հԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. Սարգսյան

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 2000 թվականի
ապրիլի 11-ի N 162 որոշմամբ

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամը (այսուհետև` հիմնադրամ) հիմնադրի կամավոր գույքային վճարների հիման վրա ստեղծված և անդամություն չունեցող, շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպություն է:

2. Հիմնադրամն ստեղծվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի պահանջներին համապատասխան և իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով և վարկային համաձայնագրի անբաժանելի մասը կազմող ղեկավար ձեռնարկով, գործող օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ:

3. Հիմնադրամի հիմնադիրն է Հայաստանի Հանրապետությունը:

4. Հիմնադրամի հիմնադիրը կատարել է 151630 (հարյուր հիսունմեկ հազար վեց հարյուր երեսուն) ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով գույքային ներդրում:

5. Ղեկավար ձեռնարկը հիմնադրամի ընթացակարգը և կառուցվածքը սահմանող փաստաթուղթ է, որը մշակում է Համաշխարհային բանկի և նվիրատուների հետ խորհրդակցելով: Այն հաստատում է հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը` համաձայնեցնելով Համաշխարհային բանկի հետ: Ղեկավար ձեռնարկը միակողմանի փոփոխման ենթակա չէ:

6. Հիմնադրամի անվանումն է`

հայերեն լրիվ` Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամ

կրճատ`

ՀՍՆՀ

ռուսերեն լրիվ` Àðìÿíñêèé ôîíä ñîöèàëüíûõ èíâåñòèöèé

կրճատ`

ÀÔÑÈ

անգլերեն լրիվ` Armenian Social Investment Fund

կրճատ`

ASIF

7. Հիմնադրամի գտնվելու վայրն է` 375037, քաղ. Երևան, Կարապետ Ուլնեցու 31: 

 

II. Հիմնադրամի գործունեության առարկան ԵՎ նպատակները

 

8. Հիմնադրամի գործունեության առարկան է`

ա) տեղական ինքնակառավարման մարմիններին, տեղական հասարակական և այլ ոչ պետական կազմակերպություններին օժանդակումը` հիմնադրամի գործունեությանը վերաբերող ծրագրերի նախապատրաստման և իրականացման գործում.

բ) անհրաժեշտության դեպքում իր գործունեության վերաբերյալ տեղեկությունների տրամադրումը տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին ու հասարակական կազմակերպություններին.

գ) իրեն ներկայացվող ծրագրերի փորձաքննումը և հաստատումը, դրանց իրականացման աշխատանքների ֆինանսավորումը, կապալառուների և խորհրդատուների ընտրության նպատակով անցկացվող մրցույթների ու շինարարական աշխատանքների ընթացքի վերահսկումը ղեկավար ձեռնարկով սահմանված կարգով.

դ) իր գործունեության համար անհրաժեշտ հետազոտությունների, նախագծային աշխատանքների, փորձագիտական գնահատումների պատվիրումը կամ իրականացումը.

ե) իր ծրագրերի իրականացմանը մասնակցող փոքր ձեռնարկատիրական գործունեության զարգացմանն աջակցությունը:

9. Հիմնադրամի նպատակներն են`

ա) բնակչության կենսամակարդակի բարելավումը` համայնքային մակարդակի սոցիալական և տնտեսական ենթակառուցվածքների վերականգնման ծրագրերի իրականացմամբ.

բ) տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին աջակցությունը` ծրագրերի նախապատրաստման, իրականացման, կառուցված և վերանորոգված շենքերի ու շինությունների պահպանման գործում իրենց կարողությունները զարգացնելու համար.

գ) տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների տեղական նշանակության խնդիրների կարգավորման կարողությունների զարգացումը:

III. Հիմնադրամի իրավական կարգավիճակը

 

10. Հիմնադրամը պետական գրանցման պահից ձեռք է բերում իրավաբանական անձի կարգավիճակ:

11. Հիմնադրամն օգտվում է իրավաբանական անձի համար սահմանված բոլոր իրավունքներից և կրում է համապատասխան պարտականություններ:

12. Հիմնադրամն ունի առանձնացված գույք, ինքնուրույն հաշվեկշիռ, Հայաստանի Հանրապետության և այլ պետությունների բանկերում հաշվարկային և այլ հաշիվներ, իր անվամբ և Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով դրոշմ, կնիք, ձևաթղթեր, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով գրանցված խորհրդանիշ և այլ նշաններ, իր անունից կարող է ձեռք բերել գույքային ու ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ և դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:

Հիմնադրամն իր պարտավորությունների համար պատասխանատու է իրեն պատկանող ամբողջ գույքով:

13. Հիմնադրամը պատասխանատվություն չի կրում իր հիմնադրի պարտավորությունների, իսկ հիմնադիրը` հիմնադրամի պարտավորությունների համար:

14. Հիմնադրամն իրավունք ունի ստեղծելու ներկայացուցչություններ, մասնաճյուղեր և հիմնարկներ:

IV. Հիմնադրամի գույքը

 

15. Հիմնադրի` հիմնադրամին հանձնված գույքը հիմնադրամի սեփականությունն է:

16. Հիմնադրամը տիրապետում, օգտագործում և տնօրինում է իրեն պատկանող ու իր կողմից ձեռք բերված գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները` իր գործունեության առարկային և նպատակներին ու գույքի նշանակությանը համապատասխան:

17. Հիմնադրամը, որպես սեփականություն, կարող է ունենալ անշարժ և շարժական գույք, դրամական միջոցներ` դրամով, արտարժույթով և այլն:

18. Հիմնադրամի գույքի` ներառյալ ֆինանսական միջոցների, գոյացման աղբյուրներն են`

ա) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից իրականացվող ֆինանսական և նյութական ներդրումները.

բ) քաղաքացիների և կազմակերպությունների բարեգործական նվիրատվությունները.

գ) ծրագրերում ընդգրկված համայնքների դրամական և նյութական ներդրումները.

դ) տեղական և օտարերկրյա ոչ կառավարական կազմակերպությունների ֆինանսական ու նյութական ներդրումները և նվիրատվությունները.

ե) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներ:

19. Հիմնադրամը Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա բանկերում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է բացել հաշվարկային ու այլ հաշիվներ (այդ թվում` տարադրամային):

20. Հիմնադրամի բոլոր գործարքները և բանկային հաշիվներից վճարումները կատարվում են ըստ ղեկավար ձեռնարկում սահմանված ընթացակարգի ու հիմնավորվում անհրաժեշտ փաստաթղթերով:

21. Հիմնադրամի ֆինանսական միջոցներն օգտագործվում են վարկային համաձայնագրի և նվիրատվությունների նպատակներին համապատասխան:

22. Հիմնադրամը հրապարակում է տարեկան հաշվետվություն իր միջոցների օգտագործման մասին:

V. Հիմնադրամի կառավարման մարմինները

 

23. Հիմնադրամի կառավարման մարմիններն են` հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը և գործադիր տնօրենը:

24. Հիմնադրամի կառավարման բարձրագույն մարմինը հոգաբարձուների խորհուրդն է (այսուհետև` խորհուրդ), որը ղեկավարում է հիմնադրամի գործունեությունը սույն կանոնադրությանը և հիմնադրամի ղեկավար ձեռնարկին համապատասխան:

25. Խորհուրդը կազմված է 13 (տասներեք) անդամից:

Խորհրդի անդամներն են`

Հայաստանի Հանրապետության վարչապետը (խորհրդի նախագահ),

Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարը,

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարը և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարը,

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարը,

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարը,

Երևանի քաղաքապետը,

Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ներկայացուցիչը,

Չորս հասարակական կազմակերպությունից մեկական ներկայացուցիչ,

Հիմնադրամի գործադիր տնօրենը:

Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները խորհրդի կազմում ընդգրկվում և կազմից հանվում են Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:

Խորհրդի նախագահը Հայաստանի Հանրապետության վարչապետն է, որը անձամբ կամ լիազորված ներկայացուցչի միջոցով նախագահում է խորհրդի նիստերը:

(25-րդ կետը փոփ. 12.07.00 N 389, 09.02.01 N 102)

26. Խորհրդի բացառիկ իրավասությանն են պատկանում`

ա) հիմնադրամի կանոնադրության և ղեկավար ձեռնարկի նախագծերն ու դրանց փոփոխությունների մշակումը.

բ) հիմնադրամի գործունեության հիմնական ուղղությունները որոշելը.

գ) հիմնադրամի տարեկան բյուջեն ու աշխատանքային պլանները հաստատելը.

դ) հիմնադրամի եռամսյա ու տարեկան ֆինանսական հաշվետվությունները հաստատելը.

ե) հիմնադրամի հաշվետվությունների վերստուգման համար անկախ աուդիտորներ ընտրելու նպատակով անցկացվող մրցույթի արդյունքները հաստատելը.

զ) առանձին ծրագրերի ֆինանսավորումը հաստատելը` համաձայն ղեկավար ձեռնարկի.

է) նախագահի առաջարկությամբ, Համաշխարհային բանկի հետ համաձայնեցնելով, հիմնադրամի գործադիր տնօրենին պաշտոնում նշանակելը և պաշտոնից ազատելը.

ը) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ սահմանված այլ լիազորություններ իրականացնելը:

27. Խորհուրդը վերահսկողություն է իրականացնում հիմնադրամի գույքի նպատակային օգտագործման, ինչպես նաև հիմնադրամի գործադիր տնօրենի գործունեության նկատմամբ:

28. Խորհուրդն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով: Առանձին դեպքերում խորհրդի որոշումներն ընդունվում են հարցման միջոցով: Նիստերը գումարվում են պարբերաբար` առնվազն յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ: Խորհրդի արտահերթ նիստերը գումարվում են խորհրդի նախագահի նախաձեռնությամբ կամ խորհրդի անդամների առնվազն մեկ երրորդի առաջարկությամբ:

Խորհրդի նիստերը համարվում են իրավազոր, եթե դրանց մասնակցում է խորհրդի անդամների կեսից ավելին:

Խորհրդի բոլոր որոշումներն ընդունվում են նիստին մասնակցող անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում խորհրդի նախագահի ձայնը վճռորոշ է:

Խորհրդի նիստերն արձանագրվում են:

29. Հիմնադրամի գործադիր մարմինը գործադիր տնօրենն է, որը վարում է հիմնադրամի ընթացիկ գործերը և հաշվետու է խորհրդին:

30. Գործադիր տնօրենը`

ա) առանց լիազորագրի գործում է հիմնադրամի անունից.

բ) հիմնադրամը ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում.

գ) տնօրինում է գույքը` ներառյալ ֆինանսական միջոցները` համաձայն սույն կանոնադրության, ղեկավար ձեռնարկի և խորհրդի կողմից հաստատված բյուջեի.

դ) կնքում է պայմանագրեր, այդ թվում` աշխատանքային.

ե) բացում է բանկային հաշիվներ.

զ) սահմանում է աշխատողների աշխատանքի վարձատրության չափերը և վճարման կարգը` համաձայն ղեկավար ձեռնարկի.

է) կատարում է աշխատանքի բաշխում աշխատողների միջև.

ը) տալիս է լիազորագրեր.

թ) իրականացնում է սույն կանոնադրությունից և Հայաստանի Հանրապետության օրենսդրությունից բխող այլ լիազորություններ:

 

VI. Հիմնադրամի գործունեության վերահսկողությունը

 

31. Հիմնադրամի գործունեության ստուգումները կատարվում են անկախ աուդիտորների կողմից` առնվազն տարեկան մեկ անգամ:

32. Հիմնադրամի խորհրդի անդամների մեկ երրորդի պահանջով կարող է անցկացվել արտահերթ աուդիտորական ստուգում:

33. Աուդիտորներն ընտրվում են մրցութային կարգով և հաստատվում խորհրդի ու Համաշխարհային բանկի կողմից:

VII. Հաշվապահական հաշվառումը ԵՎ ֆինանսական հաշվետվությունը

 

34. Հիմնադրամը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վարում է հաշվապահական հաշվառում և ներկայացնում ֆինանսական ու վիճակագրական հաշվետվություններ:

35. Հիմնադրամի հաշվապահական հաշվառման կազմակերպումը և վարումը, հաշվապահական հաշվետվության կազմումը կատարվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև համաձայն հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտների և Համաշխարհային բանկի պահանջների:

VIII. Հիմնադրամի վերակազմակերպումը ԵՎ լուծարումը

 

36. Հիմնադրամը կարող է վերակազմակերպվել կամ լուծարվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Հաստատված է
ՀՀ կառավարության 2000 թվականի
ապրիլի 11-ի N 162 որոշմամբ

 

Կ Ա Զ Մ

 

Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի

ՀՀ վարչապետ

(հոգաբարձուների խորհրդի նախագահ)

 

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար

 

ՀՀ տարածքային կառավարման նախարար

 

ՀՀ քաղաքաշինության նախարար

 

ՀՀ առողջապահության նախարար

 

ՀՀ կրթության և գիտության նախարար

 

Երևանի քաղաքապետ

 

ՀՀ կառավարության աշխատակազմի վարկային ծրագրերի

իրականացման գրասենյակների աշխատանքների

համակարգման և վերահսկման վարչության պետ

 

«Հայաստան» համահայկական հիմնադրամի

գործադիր տնօրեն

 

Հայկական բարեգործական ընդհանուր միության

Հայաստանի ներկայացուցչության տնօրեն

 

«Վարդանանց ասպետներ» կազմակերպության

ներկայացուցիչ (ԱՄՆ)

 

«Ազնավուրը` Հայաստանին» բարեգործական կազմակերպության

երևանյան գրասենյակի գործադիր տնօրեն

 

Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի գործադիր տնօրեն:

 

(կազմը խմբ. 12.07.00 N 389, 09.02.01 N 102)