Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (29.02.2008-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2008.04.30/25(615)
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
29.02.2008
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
29.02.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.02.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Հայաստանի Հանրապետության
քրեական վերաքննիչ դատարանի դատավճիռ

Քրեական գործ թիվ 953/07

Քրեական գործ թիվ ՎԲ-11/08

Նախագահող դատավոր՝ Մ. Պետրոսյան

Դատավորներ՝ Ժ. Հովսեփյան

                   Կ. Ղազարյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Հ. Մանուկյանի

մասնակցությամբ դատավորներ

Դ. Ավետիսյանի

 

Հ. Ղուկասյանի

 

Ս. Օհանյանի

 

Ա. Մկրտումյանի

Վ. Աբելյանի

Ս. Սարգսյանի

     
քարտուղար

Ք. Մարտիրոսյանի

 
մասնակցությամբ

դատախազ

Լ. Թադևոսյանի

 

2008 թվականի փետրվարի 29-ին

ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքը Սամվել Գրիգորի Հունիկյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի 2007 թվականի հոկտեմբերի 17-ի դատավճռի և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի 2007 թվականի նոյեմբերի 29-ի դատավճռի դեմ,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

 

1. Սամվել Գրիգորի Հունիկյանի կողմից դանակով դիտավորությամբ Շ.Սոսեյանին թափանցող մարմնական վնասվածքներ պատճառելու փաստի առթիվ 2007 թվականի հուլիսի 11-ին ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:

Նախաքննության մարմնի 2007 թվականի հուլիսի 13-ի որոշմամբ Ս.Հունիկյանը ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով ներգրավվել է որպես մեղադրյալ:

2007 թվականի հուլիսի 13-ի որոշմամբ նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը և հայտարարվել հետախուզում: 2007 թվականի հուլիսի 20-ին Ս.Հունիկյանը հայտնաբերվել և բերման է ենթարկվել ոստիկանության բաժին:

2007 թվականի հուլիսի 30-ին Ս.Հունիկյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել, լրացվել է, և ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով նրան նոր մեղադրանք է առաջադրվել Շ.Սոսեյանի կյանքին վտանգ սպառնացող առողջությանը ծանր վնաս պատճառելու համար:

2007 թվականի սեպտեմբերի 11-ին գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարան:

2. Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի 2007 թվականի հոկտեմբերի 17-ի դատավճռով Ս.Հունիկյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի կիրառմամբ դատապարտվել ազատազրկման 1 (մեկ) տարի ժամկետով:

Գործով մեղադրողի վերաքննիչ բողոքի հիման վրա քննելով գործը՝ ՀՀ քրեական վերաքննիչ դատարանը 2007 թվականի նոյեմբերի 29-ի դատավճռով Ս.Հունիկյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի 2007 թվականի հոկտեմբերի 17-ի դատավճիռը թողել է անփոփոխ, իսկ վերաքննիչ բողոքը՝ առանց բավարարման:

3. ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի 2007 թվականի նոյեմբերի 29-ի դատավճռի դեմ վճռաբեկ բողոք է բերել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը:

Վճռաբեկ դատարանը 2008 թվականի փետրվարի 18-ի որոշմամբ բողոքը վարույթ է ընդունել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները

 

Սույն վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստական հանգամանքները.

4. Դատապարտյալ Սամվել Հունիկյանը 2007 թվականի հուլիսի 10-ին` ժամը 2300-ի սահմաններում, Երևան քաղաքի Դավիթ Անհաղթ փողոցի 9-րդ շենքի դիմաց վիճաբանության ժամանակ դանակով դիտավորությամբ հարվածներ է հասցրել տուժող Շիրազ Սոսեյանին՝ պատճառելով առողջությանը ծանր վնաս՝ կյանքին վտանգ սպառնացող:

Վիճաբանության և կռվի նախաձեռնողը եղել է ալկոհոլ օգտագործած Ս. Հունիկյանը:

Հանցագործության գործիք է հանդիսացել 9 սմ երկարությամբ շեղբ ունեցող 19 սմ երկարությամբ դանակը, որով Ս.Հունիկյանը հարվածներ է հասցրել տուժողի կենսականորեն կարևոր օրգանին՝ կրծքավանդակի ձախ կեսի շրջանին:

Առողջությանը ծանր վնաս պատճառած ծակած-կտրած վերքերի ձևով վնասվածքները թափանցող են, վնասել են թոքն ու բրոնխը և վտանգավոր են կյանքի համար:

Տուժող Շիրազ Սոսեյանին ուղղված դանակի հարվածներից մեկը դիպել է Կարապետ Բաբլոյանին, որն այդ պահին, գրկելով տուժողին, փորձել է մի կողմ տանել: Հարվածի հետևանքով Կարապետ Բաբլոյանի առողջությանը պատճառվել է միջին ծանրության վնաս: Պարզված չէ տուժող Շ.Սոսեյանին ուղղված դանակի հարվածները կանխելու նպատակով վիճաբանությանը միջամտած Կ.Բաբլոյանի ստացած մարմնական վնասվածքների քանակը և պատճառման մեխանիզմը:

2007 թվականի օգոստոսի 9-ի հ.1296 հետքաբանական և քրեագիտական համալիր փորձաքննության եզրակացության համաձայն՝ Շ.Սոսեյանի վերնաշապիկի առջևի կենտրոնական ձախ հատվածում հայտնաբերվել են թեք դիրքերով թափանցող երեք վնասվածքներ:

Ծանր մարմնական վնասվածքներ ստացած Շ.Սոսեյանը դանակի հետագա հարվածներից փրկվելու համար փախել է դեպքի վայրից և այնտեղ գտնված ամուսիններ Մանվել Լևոնյանի ու Իզաբելլա Մանուկյանի ավտոմեքենայով շտապ տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ վիրահատվել է:

Դեպքից հետո Ս.Հունիկյանը դիմել է փախուստի:

5. Առաջին ատյանի դատարանը Ս.Հունիկյանի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանք է համարել տուժողին պատճառած նյութական վնասի հատուցումը, հանցագործության բացահայտմանն աջակցելը և տուժողի հետ հաշտվելը: Այդ հանգամանքները դատարանը դիտել է «որպես բացառիկ մեղմացուցիչ հանգամանքներ»: Նշվել է նաև, որ «ծանրացնող հանգամանքներ չկան»:

6. Վերաքննիչ դատարանն առաջին ատյանի դատարանի վերը շարադրված պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքները համարել է հիմնավոր և գտել, որ պատասխանատվությունը ծանրացնող հանգամանքների բացակայության պայմաններում Ս.Հունիկյանի նկատմամբ նշանակվել է արդարացի պատիժ:

 

Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը

 

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Ա) Նախաքննության մարմինը և դատարանները, Ս.Հունիկյանի արարքը որակելով ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով, սխալ քրեաիրավական գնահատական են տվել նրա գործողություններին.

7. Համաձայն բողոքի՝ հանցագործության կատարման հանգամանքները, հանցագործության գործիքը, տուժողին պատճառված մարմնական վնասվածքների քանակը, բնույթն ու տեղակայումը, Ս.Հունիկյանի վարքագիծը՝ հանցագործությանը նախորդող և հաջորդող պահերին, վկայում են այն մասին, որ վերջինս գիտակցել է, որ իր գործողությունները տուժողին մահ պատճառելու իրական հնարավորություն են պարունակում և գործել է ոչ թե նրա առողջությանը ծանր վնաս պատճառելու, այլ նրան կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ և միայն հանգամանքների պատահական բերումով, Ս.Հունիկյանի կամքից անկախ հանգամանքներով նրան չի հաջողվել իրագործել իր հանցավոր մտադրությունն ու հանցագործությունը հասցնել տրամաբանական ավարտին: Սակայն վերոնշյալ էական հանգամանքներն անտեսվել են ինչպես նախաքննության մարմնի, այնպես էլ դատարանների կողմից և նրա արարքին տրվել է սխալ քրեաիրավական գնահատական:

2007 թվականի օգոստոսի 9-ի հ.1296 հետքաբանական և քրեագիտական համալիր փորձաքննության եզրակացության համաձայն՝ Շ.Սոսեյանի վերնաշապիկի առջևի կենտրոնական ձախ հատվածում հայտնաբերվել են թեք դիրքերով թափանցող երեք վնասվածքներ: Հետևաբար, Ս.Հունիկյանը տուժողի կրծքավանդակի շրջանում հնարավոր է, որ հասցրել է ոչ թե երկու, այլ իրականում երեք հարված, ինչը նույնպես վկայում է տուժողին կյանքից զրկելու նրա ուղղակի դիտավորության մասին: Նշված հանգամանքը պարզելու կամ հերքելու ուղղությամբ քրեական վարույթն իրականացնող մարմինը քննություն չի կատարել:

Պատշաճ ու բավարար քննություն չի կատարվել նաև տուժող Շ.Սոսեյանին ուղղված դանակի հերթական հարվածները կանխելու նպատակով վիճաբանությանը միջամտած Կ.Բաբլոյանին Ս.Հունիկյանի կողմից դանակով հասցված մարմնական վնասվածքների քանակն ու պատճառման մեխանիզմը պարզելու ուղղությամբ:

Կ.Բաբլոյանի դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն՝ նրա մոտ հայտնաբերվել են ձախ նախաբազկի ստորին երրորդականի ու դաստակի թիկնային մակերեսի շրջանների ծակած-կտրած վերքեր՝ նախաբազկի մկանների, առաջին մատի երկար ու կարճ տարածիչ ջլերի, զատիչ ջլի և ճաճանչային նյարդի թիկնային ճյուղի վնասումներով: Սակայն նախաքննության մարմնի կողմից չի պարզվել, թե դանակի քանի հարվածի հետևանքով են պատճառվել այդ վնասվածքները:

Բ) Ս.Հունիկյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի կիրառմամբ պատիժ նշանակելով՝ դատարանը խախտել է ՀՀ քրեական օրենսգրքի 61-րդ հոդվածով սահմանված պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքները.

8. Բողոք բերող անձը գտնում է, որ Ս.Հունիկյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի կիրառմամբ պատիժ նշանակելիս առաջին ատյանի դատարանը նրա պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանք է դիտել տուժողին պատճառած նյութական վնասի հատուցումը, հանցագործության բացահայտմանն աջակցելը և տուժողի հետ հաշտվելը: Դատարանը որևէ ծանրացնող հանգամանք չի մատնանշել՝ անտեսելով, որ նա հանցագործությունը կատարել է ալկոհոլի ազդեցության տակ, ինչը ՀՀ քրեական օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետի համաձայն՝ պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանք է: Բացի այդ, դատարանը չի հիմնավորել, թե ինչպես դեպքի վայրից փախուստի դիմած, հետախուզման մեջ գտնվող և դեպքից միայն 10 օր հետո ոստիկանության աշխատակիցների կողմից հայտնաբերված և բերման ենթարկված Ս.Հունիկյանը կարող էր աջակցել հանցագործության բացահայտմանը:

ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածը կիրառելիս դատարանը դատավճռի պատճառաբանական մասում պետք է ուղղակիորեն մատնացույց աներ, թե ամբաստանյալի պատասխանատվությունը մեղմացնող կոնկրետ որ հանգամանքներն է համարում բացառիկ և ինչ հիմնավորմամբ, որպիսիք բացակայում են թե առաջին ատյանի և թե վերաքննիչ դատարանների դատավճիռներում: Նման պայմաններում նշանակված պատիժը չի համապատասխանում Ս.Հունիկյանի կատարած արարքի բնույթին ու հասարակական վտանգավորության աստիճանին և չի կարող ծառայել քրեական օրենքով ամրագրված պատժի նպատակների իրագործմանը:

Փաստորեն, պատիժ նշանակելիս դատարանները խախտել են ինչպես ՀՀ քրեական օրենսգրքի 61-րդ հոդվածով սահմանված պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքները, այնպես էլ ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածով սահմանված օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ նշանակելու սկզբունքը:

9. Ելնելով վերոգրյալից՝ բողոք բերող անձը պահանջել է բեկանել Սամվել Հունիկյանի վերաբերյալ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի 2007 թվականի հոկտեմբերի 17-ի և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի 2007 թվականի նոյեմբերի 29-ի դատավճիռները, քրեական գործն ուղարկել Երևանի քրեական դատարան՝ նոր քննության՝ Ս.Հունիկյանին մեղսագրված արարքը ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածով վերաորակելու և նրա նկատմամբ հոդվածի սանկցիայի սահմաններում, առանց ՀՀ քրեական օրենսգքրի 64-րդ հոդվածի կիրառման, ազատազրկման ձևով պատիժ նշանակելու համար:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

 

10. Բողոքում նշված հիմքերի սահմաններում վերլուծելով գործի նյութերը՝ Վճռաբեկ դատարանը գտավ, որ Սամվել Հունիկյանի վերաբերյալ Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի 2007 թվականի հոկտեմբերի 17-ի և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի 2007 թվականի նոյեմբերի 29-ի դատավճիռները պետք է բեկանել և քրեական գործն ուղարկել Երևանի քրեական դատարան՝ նոր քննության հետևյալ պատճառաբանությամբ.

Ա) ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասի կիրառումը.

11. ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասը նախատեսում է քրեական պատասխանատվություն սպանության՝ ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելու հանցափորձի համար: ՀՀ քրեական օրենսգրքի 34-րդ հոդվածի համաձայն՝ հանցափորձ է համարվում ուղղակի դիտավորությամբ կատարված այն գործողությունը (անգործությունը), որն անմիջականորեն ուղղված է հանցանք կատարելուն, եթե հանցագործությունն ավարտին չի հասցվել անձի կամքից անկախ հանգամանքներով:

Սպանության փորձը կարող է կատարվել միայն ուղղակի դիտավորությամբ, երբ հանցավորը գիտակցել է իր գործողության (անգործության)՝ հանրության համար վտանգավոր բնույթը, նախատեսել է մեկ ուրիշի մահը վրա հասնելու հնարավորությունը կամ անխուսափելիությունը և ցանկացել է դրանց առաջանալը, սակայն մահացու հետևանքը վրա չի հասել նրա կամքից անկախ պատճառներով (զոհի ակտիվ դիմադրությունը, այլ անձանց միջամտությունը, տուժողին ժամանակին բժշկական օգնություն ցույց տալը և այլն):

12. Հանցավորի դիտավորության ուղղվածության մասին հարցը լուծելիս անհրաժեշտ է ելնել հանցագործության բոլոր հանգամանքների համակցությունից և հաշվի առնել, մասնավորապես, հանցագործության եղանակը և գործիքը, մարմնական վնասվածքների քանակը, բնույթը և տեղակայումը (օրինակ՝ մարդու կենսականորեն կարևոր օրգանների վնասումը), ինչպես նաև հանցավորի և տուժողի վարքագիծը հանցագործությանը նախորդող և հաջորդող պահերին, նրանց փոխհարաբերությունները, հանցավորի կողմից հանցավոր գործողությունների դադարեցման պատճառները և այլն:

13. Ինչպես երևում է գործի նյութերից, վիճաբանության և կռվի նախաձեռնողը եղել է հարբած վիճակում գտնված Սամվել Հունիկյանը, որը 9 սմ երկարությամբ շեղբ ունեցող 19 սմ երկարությամբ դանակով երկու հարված է հասցրել տուժողի կենսականորեն կարևոր օրգանին՝ կրծքավանդակի ձախ կեսի շրջանին: Առողջությանը ծանր վնաս պատճառած ծակած-կտրած վերքերի ձևով վնասվածքները թափանցող են, վնասել են թոքն ու բրոնխը և վտանգավոր են կյանքի համար: Տուժող Շիրազ Սոսեյանին ուղղված դանակի հարվածներից մեկը դիպել է Կարապետ Բաբլոյանին, որն այդ պահին, գրկելով տուժողին, փորձել է մի կողմ տանել: Հարվածի հետևանքով Կարապետ Բաբլոյանի առողջությանը պատճառվել է միջին ծանրության վնաս: Ծանր մարմնական վնասվածքներ ստացած Շ.Սոսեյանը դանակի հետագա հարվածներից փրկվելու համար փախել է դեպքի վայրից և այնտեղ գտնված ամուսիններ Մանվել Լևոնյանի ու Իզաբելլա Մանուկյանի ավտոմեքենայով շտապ տեղափոխվել է հիվանդանոց: Դեպքից հետո Սամվել Հունիկյանը դիմել է փախուստի և նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Նա հայտնաբերվել և ձերբակալվել է ոստիկանության աշխատակիցների ջանքերով:

14. Հետքաբանական և քրեագիտական համալիր փորձաքննության 2007 թվականի օգոստոսի 9-ի հ. 1296 եզրակացության համաձայն՝ Շ.Սոսեյանի վերնաշապիկի առջևի կենտրոնական ձախ հատվածում հայտնաբերվել են թեք դիրքերով կտորի թափանցող երեք վնասվածքներ:

Սակայն նախաքննության մարմինը և դատարանները, առանց հաշվի առնելու գործի փաստական հանգամանքները և հանցավորի դիտավորության ուղղվածության վերաբերյալ տվյալները, Ս.Հունիկյանի արարքը որակել են ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով, որով էլ նա դատապարտվել է:

Այսպես, նախաքննության մարմնի և դատարանների կողմից հաստատված է համարվել, որ դատապարտյալ Ս.Հունիկյանը տուժող Շ.Սոսեյանի կրծքավանդակի ձախ կեսի շրջանին դանակով հարվածել է երկու անգամ: Սակայն այս հետևությունը չի բխում գործի օբյեկտիվ տվյալներից: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածով նախատեսված գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման սկզբունքի խախտման արդյունքում անտեսվել է այն փաստը, որ հետքաբանական և քրեագիտական համալիր փորձաքննությամբ տուժողի վերնաշապիկի առջևի կենտրոնական ձախ հատվածում հայտնաբերվել են թեք դիրքով կտորի թափանցող երեք վնասվածքներ (գ.թ.120-122): Ս.Հունիկյանի դիտավորության ուղղվածության հարցը լուծելիս ոչ միայն քննության առարկա չի դարձել և չի գնահատվել տուժողի վերնաշապիկի կտորի թափանցող երրորդ վնասվածքի առկայության հարցը, այլև Շ.Սոսեյանին ուղղված, սակայն Կ.Բաբլոյանին դիպած և միջին ծանրության մարմնական վնասվածք պատճառած դանակի հարվածը:

15. Բացի այդ, Կ.Բաբլոյանի դատաբժշկական փորձաքննության 2007 թվականի հուլիսի 12-ի թիվ 1053 եզրակացության համաձայն՝ տուժողի մոտ հայտնաբերվել են ձախ նախաբազկի ստորին երրորդականի ու դաստակի թիկնային մակերեսի շրջանների ծակած-կտրած վերքեր՝ նախաբազկի մկանների, առաջին մատի երկար ու կարճ տարածիչ ջլերի, զատիչ ջլերի և ճաճանչային նյարդի թիկնային ճյուղի վնասումներով: Այս ուղղությամբ նույնպես պատշաճ քննություն չի կատարվել և չի պարզվել, թե Կ.Բաբլոյանը դանակի քանի հարված է ստացել, ինչպիսին է մարմնական վնասվածքների պատճառման մեխանիզմը:

Պատշաճ գնահատման չի արժանացել նաև այն հանգամանքը, որ դատապարտյալ Ս.Հունիկյանը հանցագործությունը մինչև վերջ չի հասցրել իր կամքից անկախ պատճառներով, այն է՝ կռվին միջամտել և դատապարտյալին խանգարել է հարվածել Կ.Բաբլոյանը, ծանր վնասվածքներ ստացած տուժող Շ.Սոսեյանը դանակի հետագա հարվածներից խուսափելու համար դիմել է փախուստի, դեպքին ականատես Մ.Լևոնյանն ու Խ.Մանուկյանը դանակահարվածին ավտոմեքենայով շտապ հասցրել են հիվանդանոց, որտեղ տուժողը վիրահատվել է:

16. Նախաքննության մարմինը և դատարանները, խախտելով ապացույցների գնահատումն ամրագրած ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի պահանջները, պատշաճ գնահատման չեն ենթարկել Ս.Հունիկյանի արարքի ճիշտ որակման համար էական նշանակություն ունեցող վերը նշված հանգամանքները: Ուստի դատարանի հետևություններն այն մասին, որ դատապարտյալը կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն, չի կարելի ճանաչել հիմնավորված:

17. Փաստորեն սույն գործի քննության ընթացքում թույլ է տրվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ, 127-րդ հոդվածների պահանջների խախտում, ինչը քրեադատավարական օրենքի էական խախտում է (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 406-րդ և 398-րդ հոդվածներ), ազդել է գործով ճիշտ որոշում կայացնելու վրա և դատավճիռները բեկանելու հիմք է:

Նոր դատական քննությամբ անհրաժեշտ է վերը շարադրված հարցերի շուրջ կատարել բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի պահանջներից ելնելով՝ պատշաճ գնահատման ենթարկել գործում եղած ապացույցները և հանգել համապատասխան հետևության:

Բ) ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի կիրառումը.

18. ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի բովանդակությունից երևում է, որ օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ նշանակելու համար անհրաժեշտ է հետևյալ երկու պայմաններից առնվազն մեկը՝

1. Գործի բացառիկ հանգամանքները.

2. Խմբակային հանցագործության մասնակցի կողմից խմբի կատարած հանցանքը բացահայտելուն ակտիվորեն աջակցելը:

Նշված հոդվածի համաձայն՝ բացառիկ հանգամանքները կապված են հանցանքի շարժառիթների ու նպատակների, հանցավորի դերի, հանցանքը կատարելիս ու դրանից հետո նրա վարքագծի հետ: Այդպիսիք կարող են լինել նաև այլ հանգամանքներ, որոնք էականորեն նվազեցնում են հանցանքի՝ հանրության համար վտանգավորության աստիճանը: Ընդ որում, կարևորը ոչ թե պատիժը մեղմացնող տվյալների քանակն է, այլ այն, թե ինչքանով են դրանք էականորեն ազդել պատժի՝ հանրության համար վտանգավորության աստիճանի նվազեցման վրա: Պատիժը մեղմացնելու բացառիկ հիմքին հավասարազոր է խմբակային հանցագործության մասնակցի կողմից խմբի կատարած հանցանքը բացահայտելուն ակտիվորեն աջակցելը, որը պատիժը մեղմացնելու հարցում ունի նույն դերը, ինչ գործի բացառիկ հանգամանքն է: Նշված հարցերի հետ կապված Վճռաբեկ դատարանն իր իրավական դիրքորոշումն արտահայտել է նաև Պ.Բայրամյանի (2007 թվականի հունիս) և Հ.Հաբեշյանի (2007 թվականի օգոստոս) վերաբերյալ գործերով:

19. Գործի նյութերից երևում է, որ Ս.Հունիկյանին մեղսագրված արարքը դասվում է ծանր հանցագործությունների շարքը: Գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, նա է եղել վիճաբանության և կռվի նախաձեռնողը, դանակի մի քանի հարված է հասցրել տուժողի կենսականորեն կարևոր օրգանին՝ պատճառելով առողջությանը ծանր վնաս՝ կյանքին վտանգ սպառնացող:

Այս պայմաններում առաջին ատյանի և վերաքննիչ դատարանները Ս.Հունիկյանի նկատմամբ պատիժ նշանակելիս խախտել են պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքներն ամրագրած ՀՀ քրեական օրենսգրքի 61-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը, որի համաձայն՝ պատժի տեսակն ու չափը որոշվում են հանցագործության՝ հանրության համար վտանգավորության աստիճանով և բնույթով, հանցավորի անձը բնութագրող տվյալներով, այդ թվում՝ պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքներով:

20. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 107-րդ հոդվածում թվարկված են յուրաքանչյուր քրեական գործով ապացուցման ենթակա փաստական հանգամանքները: Այդ հոդվածի 5-րդ կետի համաձայն՝ քրեական օրենքով նախատեսված պատասխանատվությունը մեղմացնող կամ խստացնող հանգամանքները հաստատվում են միայն ապացույցների հիման վրա:

ՀՀ քրեական օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետի համաձայն՝ պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանք է հանցանքն ալկոհոլի ազդեցության տակ կատարելը: Նույն հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ դատարանը, ելնելով հանցագործության բնույթից, կարող է ծանրացնող չհամարել այս հոդվածի 14-րդ կետում մատնանշված հանգամանքը:

21. Գործի նյութերից երևում է, որ դատապարտյալ Ս.Հունիկյանը Շ.Սոսեյանի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս է պատճառել՝ գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ: Այս հանգամանքը հիմնավորվում է վկաներ Լևոն Մանվելյանի (գ/թ 76-78, 165-167), Իզաբելլա Մանուկյանի (գ/թ 73-75,167-169), տուժող Շիրազ Սոսեյանի (գ/թ 40-42,172-174), ինչպես նաև դատապարտյալ Սամվել Հունիկյանի (գ/թ 90-93) ցուցմունքներով:

Չնայած այս փաստական հանգամանքների առկայությանը՝ ինչպես առաջին ատյանի, այնպես էլ վերաքննիչ դատարանները դատավճիռներում նշել են, որ ամբաստանյալի պատիժն ու պատասխանատվությունը ծանրացնող հանգամանքներ չկան (գ/թ 182,204): Եվ դա այն դեպքում, երբ անձի կյանքի և առողջության դեմ ուղղված հանցագործությունների բացարձակ մեծամասնությունը կատարվում է ալկոհոլի ազդեցության տակ, ընդ որում, որպես կանոն, այդ վիճակը նպաստում է նման հանցանքների կատարմանը:

Ս.Հունիկյանի կողմից ալկոհոլի ազդեցության տակ Շ.Սոսեյանի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելը ծանրացնող չհամարելու որևէ հիմնավորում դատարանները չեն բերել:

22. Հակառակ դրան՝ առաջին ատյանի դատարանը, առանց որևէ ապացույցի, որպես Ս.Հունիկյանի պատասխանատվությունը մեղմացնող հանգամանք նշել է ՀՀ քրեական օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով նախատեսված հանցագործությունը բացահայտելուն աջակցելը: Հանցագործությունը բացահայտելուն աջակցելը կարող է արտահայտվել նախաքննության մարմնին և դատարանին այնպիսի տեղեկություններ հաղորդելով, որոնք նրանց համար հետաքրքրություն են ներկայացնում և վերջիններիս մինչ այդ անհայտ են եղել (հանցավորը մատնանշում է հանցագործության գործիքի գտնվելու տեղը, ներկայացնում է իրեղեն ապացույցներ, օգնում է քննչական փորձարարությունների կազմակերպմանն ու անցկացմանը և այլն): Սույն գործով դատարանը չի հիմնավորել, թե դեպքի վայրից փախուստի դիմած, հետախուզման մեջ գտնվող և դեպքից միայն 10 օր անց ոստիկանության աշխատակիցների ջանքերով հայտնաբերված մեղադրյալ Ս.Հունիկյանն ինչպես է աջակցել հանցագործության բացահայտմանը, մանավանդ որ, ինչպես երևում է նախաքննության ընթացքում նրա տված ցուցմունքներից, վերջինս հարբած լինելու պատճառով չի կարողացել անգամ մտաբերել իր և տուժողի միջև ծագած վիճաբանության պատճառը, դեպքի մյուս մանրամասները:

Չբերելով հանցագործությունը բացահայտելուն աջակցելը հիմնավորող ոչ մի ապացույց՝ առաջին ատյանի դատարանն այն համարել է Ս.Հունիկյանի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանք, որը տուժողին պատճառած նյութական վնասի հատուցման և տուժողի հետ հաշտվելու հետ միասին դիտել է «որպես բացառիկ մեղմացուցիչ հանգամանքներ», որոնց առկայության պայմաններում Ս.Հունիկյանի նկատմամբ կիրառելի է համարել ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածը:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հանցագործությունը բացահայտելուն աջակցելը, որը դիտվել է «որպես բացառիկ մեղմացուցիչ հանգամանք», արհեստածին է, քանի որ գործի նյութերում այդ հանգամանքը հիմնավորող ոչ մի փաստական տվյալ չկա:

Իր հերթին վերաքննիչ դատարանը, անտեսելով այդ ակնհայտ փաստը, դատավճռում նշել է, որ առաջին ատյանի դատարանը բավարար չափով հաշվի է առել Ս.Հունիկյանի պատիժն ու պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքները (գ/թ 204):

Միաժամանակ դատարանների կողմից անտեսվել է պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող, գործի տվյաներով լիովին հաստատված՝ ալկոհոլի ազդեցության տակ հանցանք կատարելու հանգամանքը:

23. Փաստորեն ինչպես առաջին ատյանի, այնպես էլ վերաքննիչ դատարանները հանցագործությունը բացահայտելուն աջակցելու և պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայության մասին իրենց հետևությունները չեն հիմնավորել և չեն պատճառաբանել, որով թույլ են տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի պահանջների խախտում:

Բացի այդ, անհիմն կերպով Ս.Հունիկյանին վերագրելով ՀՀ քրեական օրենսգրքի 62-րդ հոդվածի 9-րդ կետով սահմանված պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքը՝ հանցագործությունը բացահայտելուն աջակցելը և ծանրացնող չհամարելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետով սահմանված պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքը՝ հանցանքն ալկոհոլի ազդեցության տակ կատարելը, դատարանները թույլ են տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածով նախատեսված քրեական օրենքի ոչ ճիշտ կիրառում. կիրառել են քրեական օրենքի այն հոդվածը, որը ենթակա չէր կիրառման և չեն կիրառել այն հոդվածը, որը ենթակա էր կիրառման:

24. Ինչ վերաբերում է դատարանների կողմից բացառիկ ճանաչված հանգամանքներին՝ տուժողին պատճառած նյութական վնասը հատուցելուն և տուժողի հետ հաշտվելուն, ապա դրանք չեն վկայում այն հասարակական վտանգավորության բացակայության մասին, որը բնորոշ է Ս.Հունիկյանի կատարած հանցագործությանը: Դրանք էականորեն չեն նվազեցնում դատապարտյալի կատարած արարքների՝ հանրության համար վտանգավորության աստիճանը և Ս.Հունիկյանի նկատմամբ օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ նշանակելու օբյեկտիվ հիմք չեն:

Փաստորեն, հաշվի չառնելով գործի վերը նշված հանգամանքները, Ս.Հունիկյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի կիրառմամբ նշանակվել է պատիժ, որն անարդարացի է ակնհայտ մեղմ լինելու պատճառով, չի համապատասխանում նրա կատարած հանցագործության ծանրությանը և դատապարտյալի անձին:

25. Արհեստածին մեղմացնող հանգամանքը՝ հանցագործությունը բացահայտելուն աջակցելը, բացառիկ հանգամանք համարելով, իսկ ալկոհոլի ազդեցության տակ հանցանք կատարելը ծանրացնող չհամարելով և դրանց արդյունքում Ս.Հունիկյանի նկատմամբ ակնհայտ մեղմ պատիժ նշանակելով՝ դատարաններն արդարադատություն իրականացնելիս թույլ են տվել նյութական իրավունքի ակնհայտ և կոպիտ խախտում:

26. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատարանները սխալ հետևության են հանգել Ս.Հունիկյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի կիրառմամբ օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ նշանակելու միջոցով ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով սահմանված պատժի նպատակներին՝ սոցիալական արդարության վերականգնմանը, պատժի ենթարկված անձի ուղղմանը և հանցագործությունների կանխմանը հասնելու հնարավորության մասին:

Դատարանը Ս.Հունիկյանի նկատմամբ պատիժ է նշանակել ՀՀ քրեական օրենսգրքի Ընդհանուր մասի նորմերի՝ 5-րդ, 10-րդ և 61-րդ հոդվածներով սահմանված օրինականության, արդարության, պատասխանատվության անհատականացման և պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքների խախտմամբ, որը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածով նախատեսված քրեական օրենքի ոչ ճիշտ կիրառում է և հանգեցրել է նույն օրենսգրքի 358-րդ հոդվածի պահանջներին չհամապատասխանող անօրինական և չհիմնավորված դատավճռի կայացմանը:

27. Վերը նշված նյութական և դատավարական իրավունքի խախտումները, որոնք ազդել են պատժի մասով գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ, 398-րդ և 406-րդ հոդվածների հիման վրա, առաջին ատյանի դատարանի դատավճիռը բեկանելու հիմք են: Ուստի, անհրաժեշտ է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 2-րդ կետի հիման վրա պատիժը մեղմ լինելու պատճառաբանությամբ բեկանել Ս.Հունիկյանի վերաբերյալ դատական ակտերը և գործն ուղարկել Երևանի քրեական դատարան՝ նոր քննության:

28. Օրինական ուժի մեջ մտած դատավճիռը բեկանելը պայմանավորված է այն բանով, որ գործի նախորդ դատական քննության ընթացքում թույլ են տրվել նյութական և դատավարական իրավունքի այնպիսի խախտումներ, որոնք համապատասխանում են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի 6-րդ կետում և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի թիվ 7-րդ Արձանագրության 4-րդ հոդվածի 2-րդ մասում նշված չափանիշներին: Սույն գործով քրեական օրենքի ոչ ճիշտ կիրառումը, երբ ակնհայտ մեղմ պատիժ է նշանակվել դատապարտյալի նկատմամբ և չարդարացված բարելավվել է նրա վիճակը, հանգեցրել է դատական սխալի, որի արդյունքում կայացված որոշումը չի համապատասխանում արդարության պահանջներին:

Նշված դատական սխալը, որն ազդել է գործի արդյունքի վրա, խաթարում է արդարադատության բուն էությունը, դատավճռի՝ որպես արդարադատության ակտի իմաստը, խախտում է սահմանադրորեն պաշտպանվող շահերի անհրաժեշտ հավասարակշռությունը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել:

Սամվել Գրիգորի Հունիկյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի 2007 թվականի հոկտեմբերի 17-ի դատավճիռը և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի 2007 թվականի նոյեմբերի 29-ի դատավճիռը բեկանել և գործն ուղարկել Երևանի քրեական դատարան՝ նոր քննության:

Սամվել Հունիկյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը թողնել անփոփոխ:

2. Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Հ. Մանուկյան

Դատավորներ`

Դ. Ավետիսյան

 

Հ. Ղուկասյան

 

Ս. Օհանյան

 

Ա. Մկրտումյան

 

Վ. Աբելյան

 

Ս. Սարգսյան