ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ տնտեսական դատարանի վճիռ Քաղաքացիական գործ թիվ Տ2-180 |
Քաղաքացիական գործ թիվ 3-81(ՏԴ) |
Նախագահող դատավոր՝ Վ. Ասլանյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀՀ վճռաբեկ դատարանը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Հ. Մանուկյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Ա. Մկրտումյանի | |
|
Վ. Աբելյանի | |
|
Ս. Սարգսյանի | |
|
Դ. Ավետիսյանի | |
Հ. Ղուկասյանի | ||
|
Ս. Օհանյանի |
2008 թվականի փետրվարի 29-ին
դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքը ՀՀ տնտեսական դատարանի 11.10.2007 թվականի վճռի դեմ` ըստ հայցի ՀՀ Գլխավոր դատախազության (այսուհետ` Դատախազություն) ընդդեմ «Զարյա» արտադրական կոոպերատիվի (այսուհետ` Կոոպերատիվ)՝ 7.936.500 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան՝ Դատախազությունը պահանջել է Ընկերությունից բռնագանձել 7.936.500 ՀՀ դրամ որպես չվճարված հարկային և պարտադիր վճարման ենթակա այլ գումարների գծով պարտավորության և դրանց նկատմամբ հաշվարկված տույժի գումար:
ՀՀ տնտեսական դատարանի (այսուհետ՝ Տնտեսական դատարան) 11.10.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն: Վճռվել է Կոոպերատիվից հօգուտ պետության բռնագանձել 48.900 ՀՀ դրամ որպես շահութահարկի գումար, 215.100 ՀՀ դրամ որպես պարտադիր սոցիալական ապահովագրության գումար և դրա չվճարելու հետևանքով հաշվարկված տույժեր: Հայցապահանջի մնացած մասը մերժվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.
Տնտեսական դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի պահանջները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Տնտեսական դատարանը Կոոպերատիվի հարկային պարտավորությունների վերաբերյալ հակասական տվյալներ պարունակող ապացույցների ներկայացումը դիտել է որպես գործին մասնակցող անձի՝ իր պահանջների հիմքում ընկած հանգամանքների հիմնավորման պարտականության ոչ պատշաճ իրականացում:
Բացի այդ, Տնտեսական դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չհետազոտելով քննված քաղաքացիական գործի երկու տեղեկանքները և ստուգման ակտը, անտեսել է այն հանգամանքը, որ դրանցում արտացոլված պետական տուրքի հիմնական պարտավորության և հաշվարկված տույժերի գումարի միջև եղած տարբերությունն էական չէ: Տնտեսական դատարանը տվյալ ապացույցների լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ հետազոտությամբ պետք է պարզեր ներկայացված ապացույցներում արտացոլված գումարների տարբերության պատճառը:
Վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Տնտեսական դատարանի 11.10.2007 թվականի վճիռը և գործն ուղարկել նոր քննության:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1) 15.12.2006 թվականի ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության (այսուհետ՝ Ծառայություն) երկու տեղեկանքների համաձայն՝ Կոոպերատիվի պարտքը պետությանը պետական տուրքի գծով կազմում է 7.672.500 ՀՀ դրամ:
2) Ծառայության 13.11.2008 թվականի ստուգման ակտի 11-րդ կետի համաձայն՝ Կոոպերատիվը 30.06.2004 թվականին ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարությունից ստացել է լիցենզիա, որի համար սահմանված պետական տուրքը 2001, 2002, 2003 թվականների համար չի վճարվել, ինչի արդյունքում հաշվարկված տույժը կազմել է 7.462.000 ՀՀ դրամ:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի առաջին մասի համաձայն՝ դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:
Վերոգրյալից հետևում է, որ դատարանը յուրաքանչյուր ապացույց հետազոտում է նախ՝ գործին դրա վերաբերելիության, օրենքով նման ապացույցի թույլատրելիության, արժանահավատության, իսկ վերաբերելի բոլոր ապացույցները միասին՝ որոշակի փաստ (փաստեր) հաստատելու համար բավարարության տեսանկյունից:
Դատարանը յուրաքանչյուր ապացույցի վերաբերելիությունը և թույլատրելիությունը ստուգելուց հետո պարտավոր է ստուգել նաև տվյալ ապացույցի արժանահավատությունը, և ապացույցների միջև հակասության դեպքում մերժել իր կարծիքով ոչ արժանահավատ ապացույցը՝ հիմնավորելով տվյալ մերժումը, իսկ փաստը հաստատել արժանահավատ ապացույցի հիման վրա:
Մինչդեռ, սույն քաղաքացիական գործով Տնտեսական դատարանը ներկայացված ապացույցներում հակասության առկայության հիման վրա, մերժելով փաստի հաստատումը, ըստ էության ոչ արժանահավատ է համարել նաև հնարավոր արժանահավատ ապացույցը: Այսինքն՝ Տնտեսական դատարանը ներկայացված ապացույցները չի գնահատել դրանց արժանահավատության տեսանկյունից, ինչը հանգեցրել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի առաջին մասի խախտման:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով վերանայվող դատական ակտը բեկանելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ տնտեսական դատարանի 11.10.2007 թվականի վճիռը և գործն ուղարկել Հյուսիսային քաղաքացիական դատարան՝ նոր քննության:
2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Հ. Մանուկյան |
Դատավորներ` |
Ա. Մկրտումյան |
|
Վ. Աբելյան |
|
Ս. Սարգսյան |
|
Դ. Ավետիսյան |
|
Հ. Ղուկասյան |
|
Ս. Օհանյան |