Գլխավոր տեղեկություն
Համար
N 34
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (17.07.1997-08.02.1999)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1997.02.20/2
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
29.01.1997
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.01.1997
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
29.01.1997
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.03.1997
Ուժը կորցնելու ամսաթիվ
08.01.2003

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
29 հունվարի 1997 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 հունվարի 1997 թ. N 34
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաստատել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կանոնադրությունը (կցվում է):

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Ա. Սարգսյան

 

Հաստատված է
ՀՀ վարչապետի 1997 թվականի
հունվարի 29-ի N 34 որոշմամբ

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը (այսուհետև` նախարարություն) Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի մեջ մտնող պետական կառավարման մարմին է:

2. Նախարարությունն իր գործունեությունն իրականացնում է ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ, ինչպես նաև միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերով, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով և սույն կանոնադրությամբ:

3. Նախարարությունն իրավաբանական անձ է, ունի Հայաստանի Հանրապետության պետական զինանշանի պատկերով և իր անվամբ կնիք:

 

II. Նախարարության խնդիրներն ու գործառույթները

 

4. Նախարարությունը հետևում է պետական կառավարման, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից Հայաստանի Հանրապետության միասնական արտաքին քաղաքական գծի ապահովմանը, համակարգում և իրականացնում է ընդհանուր հսկողություն միջազգային հարաբերությունների բնագավառում նրանց գործունեության նկատմամբ:

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում նախարարությունը կարող է պետական կառավարման մարմիններից պահանջել և ստանալ իր առջև դրված խնդիրների իրականացման համար անհրաժեշտ արտաքին հարաբերություններին առնչվող փաստաթղթեր և տեղեկատվություն:

5. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության և Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերի և կարգադրությունների, Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումների հիման վրա նախարարությունն ընդունում է արտաքին հարաբերությունների ոլորտին վերաբերող հրահանգներ ու կանոններ, այլ գերատեսչական ակտեր, որոնց կատարումը պարտադիր է պետական կառավարման մյուս հանրապետական, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների, ինչպես նաև քաղաքացիների համար:

6. Իրականացնելով Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները, ապահովելով օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ հարաբերություններում պետական շահերի պաշտպանությունը, նախարարությունը`

ա) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան իրականացնում է Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության գլխավոր ուղղություններն օտարերկրյա պետության, պետությունների խմբի կամ միության, աշխարհի առանձին տարածաշրջանների կամ միջազգային կազմակերպությունների հետ, գնահատական տալիս այդ հարաբերություններին, համապատասխան առաջարկություններ ու եզրակացություններ ներկայացնում Հայաստանի Հանրապետության Նախագահին կամ Հայաստանի Հանրապետության կառավարություն.

բ) անմիջականորեն մասնակցում է Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունների մշակմանը` ելնելով Հայաստանի Հանրապետության պետական շահերից.

գ) միջպետական հարաբերություններին առնչվող հարցերով իրականացնում է կապը Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների հետ.

դ) պաշտպանում է Հայաստանի Հանրապետության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետական և ոչ պետական մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների և առանձին քաղաքացիների օրինական շահերը, հիմնական իրավունքներն ու ազատություններն արտասահմանում` նրանց ցույց տալով քաղաքական, իրավական և այլ օգնություն.

ե) Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության հիմնադրույթների վերաբերյալ պաշտոնական տեղեկատվություն է հրապարակում ինչպես Հայաստանի Հանրապետությունում, այնպես էլ արտասահմանում.

զ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնատար անձանց և պաշտոնական պատվիրակությունների արտասահման մեկնելու, ինչպես նաև օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան պաշտոնատար անձանց ու պատվիրակությունների` Հայաստանի Հանրապետություն նախատեսվող այցելությունների կազմակերպումը.

է) ապահովում է Հայաստանի Հանրապետության միասնական դիվանագիտական արարողակարգի կատարումը, համաձայնեցված ծրագրի ու աշխատակարգի իրականացումն այլ պետությունների կամ միջազգային կազմակերպությունների հետ:

7. Նախարարությունը համակարգում է Հայաստանի Հանրապետության իրավասու պետական մարմինների` միջազգային պայմանագրերի կնքման, վավերացման և չեղյալ հայտարարման հետ կապված գործունեությունը` առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

8. Իրականացնում է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի կատարման ընդհանուր հսկողություն:

9. Նախարարությունը Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մյուս շահագրգիռ մարմինների հետ համատեղ Հայաստանի Հանրապետության Նախագահին կամ Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում առաջարկություններ միջազգային կազմակերպություններին Հայաստանի Հանրապետության անդամակցության վերաբերյալ:

10. Նախարարությունը Հայաստանի Հանրապետության Նախագահին է ներկայացնում առաջարկություններ օտարերկրյա պետությունների ճանաչման և դիվանագիտական հարաբերությունների հաստատման վերաբերյալ:

11. Նախարարությունը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի բնագրերի ավանդապահը, եթե այդ պայմանագրերով այլ բան չի նախատեսված:

12. Նախարարությունը նույնականացնում է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի հայերեն և օտար լեզվով տեքստերը:

13. Նախարարությունն իրականացնում է հյուպատոսական գործունեություն` համաձայն Հայաստանի Հանրապետության օրենսդրության և միջազգային պայմանագրերի:

14. Նախարարությունը, որպես լիազորված պետական կառավարման մարմին, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տիրապետում, օգտագործում և տնօրինում է օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների գույքը:

15. Նախարարությունն ապահովում է արտաքին պաշտոնական կապի գաղտնիության պահպանումն ու դիվանագիտական և հյուպատոսական փոստի առաքումն ու ստացումը:

16. Նախարարությունը Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական շահերի պաշտպանության նպատակով համագործակցում է նաև միջազգային ոչ կառավարական կազմակերպությունների հետ:

17. Նախարարությունը համակարգում է սփյուռքահայության հետ հարաբերությունները, մասնավորապես`

ա) իրականացնում է սփյուռքահայ կազմակերպությունների հետ Հայաստանի Հանրապետության պաշտոնական հարաբերությունները և համապատասխան առաջարկություններ ու եզրակացություններ ներկայացնում Հայաստանի Հանրապետության Նախագահին և Հայաստանի Հանրապետության կառավարություն.

բ) համակարգում և համաձայնեցնում է սփյուռքահայ կազմակերպությունների ու անհատների հետ Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մյուս հանրապետական, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների գործունեությունը ֆինանսատնտեսական, առևտրական, սոցիալ-մշակութային, գիտական և այլ բնագավառներում.

գ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բանակցություններ է վարում և պայմանագրեր կնքում սփյուռքահայ կազմակերպությունների պաշտոնական ներկայացուցիչների հետ: Նախապես քննարկում և համաձայնեցնում է սփյուռքահայ կազմակերպությունների և Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մյուս հանրապետական, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների միջև ստորագրվելիք պայմանագրերի նախագծերը.

դ) Հայաստանի Հանրապետության դիվանագիտական և այլ ներկայացուցչությունների միջոցով իրականացնում է կապը սփյուռքահայ կազմակերպությունների և Հայաստանի Հանրապետության պետական մարմինների միջև:

18. Նախարարությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովում է իր պատրաստած ժողովածուների, տեղեկագրերի, պարբերական հրատարակությունների, ինչպես նաև այլ պարբերականների և իր արխիվային նյութերի հրատարակումն ու տարածումը:

19. Նախարարությունն ինքնուրույն կամ շահագրգիռ այլ մարմինների հետ համատեղ միջազգային հրատապ հիմնահարցերի շուրջ կազմակերպում է միջազգային խորհրդակցություններ և սեմինարներ:

20. Նախարարությունը մասնակցում է դիվանագիտական կադրերի պատրաստմանն ու վերապատրաստմանը ինչպես հանրապետությունում, այնպես էլ արտասահմանում: Այդ նպատակով նախարարության համակարգում ստեղծված է դիվանագիտական ակադեմիա:

21. Արտաքին հարաբերությունների բնագավառում կատարում է այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

III. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը, նախարարի տեղակալները և գլխավոր քարտուղարը

 

22. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը (այսուհետև` նախարար) նախարարության ղեկավարն է: Նախարարին պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում Հայաստանի Հանրապետության Նախագահը` Հայաստանի Հանրապետության վարչապետի առաջարկությամբ: Նախարարը ղեկավարում է նախարարության աշխատանքը և պատասխանատվություն կրում նրա առջև դրված խնդիրների կատարման համար:

23. Նախարարը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով`

ա) անմիջականորեն մասնակցում է Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունների մշակմանը.

բ) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նստաշրջաններում, Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի նիստերին հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության և միջազգային դրության վերաբերյալ հաշվետվություններով ու հաղորդումներով.

գ) բանակցություններ է վարում և ստորագրում Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերը.

դ) իր իրավասության սահմաններում կամ Հայաստանի Հանրապետության Նախագահի և Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարությամբ ստորագրում է արտաքին քաղաքական ոլորտին վերաբերող փաստաթղթեր.

ե) ղեկավարում է օտարերկրյա պետություններում և միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության դեսպանությունների և ներկայացուցչությունների աշխատանքը.

զ) Հայաստանի Հանրապետության Նախագահին է ներկայացնում օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դեսպանների, ինչպես նաև միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչների թեկնածությունները.

է) մասնակցում է Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից օտարերկրյա պետությունների բարձրաստիճան ներկայացուցիչների հետ վարվող բանակցություններին.

ը) ընդունում է օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցիչների ղեկավարներին.

թ) իր ստորագրությամբ ամրագրում է Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից ստորագրվող օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դեսպանների, միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչների հավատարմագրերը, հետկանչագրերը, համաձայնագրերի վավերագրերը.

ժ) Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններում նշանակում է գործերի հավատարմատարներ.

ժա) օտարերկրյա պետություններում նշանակում է Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսներ, հյուպատոսներ ու պատվո հյուպատոսներ և նրանց տալիս համապատասխան արտոնագրեր.

ժբ) Հայաստանի Հանրապետության Նախագահին է ներկայացնում առաջարկություններ բարձրագույն դիվանագիտական աստիճաններ շնորհելու և դրանցից զրկելու վերաբերյալ: Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով շնորհում է դիվանագիտական աստիճաններ և զրկում դրանցից.

ժգ) հաստատում է օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության և հյուպատոսական ներկայացուցչությունների, միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչությունների կառուցվածքն ու դրանց հաստիքացուցակը, ինչպես նաև սահմանում է դրանցում աշխատողների պաշտոնային դրույքաչափերը.

ժդ) իր իրավասության սահմաններում աշխատանքի է նշանակում և աշխատանքից ազատում նախարարության կենտրոնական ապարատի ու օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների աշխատակիցներին.

ժե) հաստատում է նախարարության աշխատակիցների ներքին կարգապահության կանոնները.

ժզ) ղեկավարում է նախարարության կոլեգիան.

ժէ) հաստատում է միջազգային խորհրդաժողովներին, արտաքին հարաբերություններին առնչվող հիմնահարցերին նվիրված խորհրդակցություններին մասնակցող նախարարությունների պատվիրակությունների կազմը.

ժը) հաստատում է նախարարության տարեկան հաշվետվությունը և այն ներկայացնում Հայաստանի Հանրապետության Նախագահին ու Հայաստանի Հանրապետության կառավարություն.

ժթ) իրականացնում է նախարարության կադրային քաղաքականությունը.

ի) տնօրինում է նախարարության ֆինանսական և այլ միջոցները:

(23-րդ կետը լրաց. 24.06.97 N 261)

24. Նախարարն ունի տեղակալներ, այդ թվում` մեկ առաջին տեղակալ, որոնց պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում Հայաստանի Հանրապետության Նախագահը` Հայաստանի Հանրապետության վարչապետի ներկայացմամբ:

25. Նախարարի տեղակալները`

ա) վերահսկում են արտաքին քաղաքական գործունեության որոշակի ուղղություններ.

բ) նախարարի հաստատած պարտականությունների բաշխման համաձայն վերահսկում և համակարգում են նախարարության համապատասխան վարչությունների և բաժինների աշխատանքները:

Նախարարության գլխավոր քարտուղարին պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում Հայաստանի Հանրապետության վարչապետը` նախարարի ներկայացմամբ:

26. Գլխավոր քարտուղարը`

ա) կազմակերպում և վերահսկում է նախարարության գլխավոր քարտուղարության գործունեությունը.

բ) նախապատրաստում է նախարարության կոլեգիայի նիստերը, նախարարության մշտական և ժամանակավոր մարմինների խորհրդակցությունները, կազմակերպում է դրանց արձանագրությունների վարումը և ձևակերպումը.

գ) իրականացնում է նախարարության ֆինանսական և տնտեսական գործունեության ղեկավարումը.

դ) ղեկավարում է նախարարության տեխնիկական ստորաբաժանումների և ծառայությունների փոխհամաձայնեցված աշխատանքները: Նախարարության գլխավոր քարտուղարի իրավունքներն ու պարտականությունները սահմանում է նախարարը:

 

IV. Նախարարության կոլեգիան

 

27. Կոլեգիան նախարարության խորհրդակցական մարմինն է և կազմված է նախարարից, նախարարի տեղակալներից, գլխավոր քարտուղարից ու որոշ կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներից: Կոլեգիայի նիստերի ընթացքում հարցերի քննարկման կոլեգիալության սկզբունքը զուգորդվում է ընդունված որոշումների կատարման համար պաշտոնատար անձանց միանձնյա պատասխանատվության հետ:

28. Կոլեգիայի նախագահը նախարարն է:

29. Կոլեգիայի կազմը հաստատվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ, որը վավերացնում է Հայաստանի Հանրապետության Նախագահը:

30. Կոլեգիան քննարկում է`

ա) արտաքին քաղաքականության գործնական իրականացման հարցերը.

բ) նախարարության կարևորագույն հրամանների և հրահանգների նախագծերը.

գ) կադրերի ընտրության և տեղաբաշխման հարցերը.

դ) ընդունված որոշումների կատարման վերահսկման հարցերը.

ե) նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների, ինչպես նաև օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների ղեկավարների հաշվետվություններն ու դրանց վերաբերյալ ընդունում որոշումներ:

31. Կոլեգիայի որոշումները կենսագործվում են նախարարի հրամաններով:

32. Նախարարի և կոլեգիայի միջև տարաձայնություններ ծագելու դեպքում նախարարը իրականացնում է իր որոշումը` այդ տարաձայնությունների մասին զեկուցելով Հայաստանի Հանրապետության Նախագահին կամ Հայաստանի Հանրապետության վարչապետին:

 

V. Նախարարության կենտրոնական ապարատը

 

 33. Նախարարությունը բաղկացած է կենտրոնական ապարատից ու օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններից և հյուպատոսական հիմնարկներից:

34. Նախարարության կենտրոնական ապարատի կազմի մեջ մտնում են տարածաշրջանային և գործառնական ստորաբաժանումները, որոնց իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են այդ ստորաբաժանումների կանոնադրություններով, որոնք հաստատում է նախարարը:

 

VI. Օտարերկրյա պետություններում և միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունները և հյուպատոսական հիմնարկները

 

 35. Օտարերկրյա պետություններում և միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունները նախարարության համակարգի բաղկացուցիչ մասն են, որոնց գործունեությունը կարգավորվում է «Արտասահմանում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և այլ նորմատիվ ակտերով:

36. Օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության հյուպատոսական հիմնարկները պաշտպանում են Հայաստանի Հանրապետության իրավական և տնտեսական, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և իրավաբանական անձանց շահերը: Հայաստանի Հանրապետության հյուպատոսական հիմնարկները նախարարության բաղկացուցիչ մասն են, որոնց գործունեությունը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

(կանոնադրությունը լրաց. 24.06.97 N 261)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
28.12.2002, N 797-Ն 08.01.2003, N 34
28.01.1999, N 46 08.02.1999, N 34
24.06.1997, N 261 17.07.1997, N 34
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան