Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (27.03.2008-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2008.04.30/25(615)
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
27.03.2008
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
27.03.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.03.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Վերաքննիչ քաղաքացիական

դատարանի վճիռ

Քաղաքացիական գործ թիվ 07-2916/2007թ.

Քաղաքացիական գործ թիվ 3-112 (ՎԴ)
2008թ.

Նախագահող դատավոր՝ Կ. Հակոբյան

Դատավորներ՝ Լ. Գրիգորյան

                   Լ. Սոսյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Հ. Մանուկյանի

մասնակցությամբ դատավորներ

Ա. Մկրտումյանի

 

Վ. Աբելյանի

 

Ս. Սարգսյանի

 

Դ. Ավետիսյանի

Հ. Ղուկասյանի

 

Ս. Օհանյանի

 

2008 թվականի մարտի 27-ին

 

դռնբաց դատական նիստում, քննելով Աշխեն Աբրահամյանի վճռաբեկ բողոքը Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.10.2007 թվականի վճռի դեմ՝ ըստ հայցի Աշխեն Աբրահամյանի ընդդեմ Հայաստանի Հանրապետության` ի դեմս ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության, Երևանի քաղաքապետարանի, Շենգավիթի թաղապետարանի` բնակարան հատկացնելու կամ համարժեք դրամական փոխհատուցում վճարելուն պարտավորեցնելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 

Դիմելով դատարան՝ հայցվորը պահանջել է պարտավորեցնել Երևանի Լենինյան շրջխորհրդի գործկոմի թիվ 24/15 որոշման 2-րդ կետի համաձայն իրեն հատկացնել Եղիշե Թադևոսյան փողոցի 12/2 շենքի թիվ 21 բնակարանին համարժեք մեկ սենյականոց այլ բնակարան կամ բնակարան գնելու համար հատկացնել համարժեք դրամական փոխհատուցում:

Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 09.10.2006 թվականի վճռով հայցը բավարարվել է:

Քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 23.02.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վճռաբեկ դատարանի 06.06.2007 թվականի որոշմամբ Քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 23.02.2007 թվականի վճիռը բեկանվել է և գործն ուղարկվել նույն դատարան այլ կազմով նոր քննության:

Վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 05.10.2007 թվականի վճռով հայցը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Աշխեն Աբրահամյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը,փաստարկները և պահանջը.

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով:

1) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 130-րդ հոդվածը, ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածով նախատեսված անձի սեփականության իրավունքը, չի կիրառել «ՀՀ պետական և համայնքային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին» ՀՀ օրենքի 3-րդ և 13-րդ հոդվածները, որոնք պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը մերժել է հայցադիմումը՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ համայնքը պատասխանատվություն չի կրում Հայաստանի Հանրապետության պարտավորությունների համար: Մինչդեռ Վերաքննիչ դատարանը գնահատման առարկա չի դարձել այն հանգամանքը, որ հայցադիմումը ներկայացվել է Հայաստանի Հանրապետության դեմ, որը Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության իրավահաջորդն է:

Վերաքննիչ դատարանի վճիռը խախտում է Աշխեն Աբրահամյանի՝ ՀՀ Սահմանադրության 31-րդ և Կոնվենցիայի առաջին արձանագրության առաջին հոդվածով երաշխավորված սեփականության անձեռնմխելիության իրավունքը:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 05.10.2007 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան՝ այլ կազմով քննելու համար:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) Սույն քաղաքացիական գործով Աշխեն Աբրահամյանը հայց է ներկայացրել ընդդեմ Հայաստանի Հանրապետության` ի դեմս ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության, Երևանի քաղաքապետարանի, Շենգավիթի թաղապետարանի` բնակարան հատկացնելու կամ փոխարժեքը վճարելուն պարտավորեցնելու պահանջի մասին:

2) 1988 թվականին մահացել են Աշխեն Աբրահամյանի ծնողները:

3) Երևանի Լենինյան շրջանային խորհրդի գործկոմի 20.10.1988 թվականի թիվ 24/15 որոշմամբ Եղիշե Թադևոսյան փողոց,12/2 շենքի թիվ 21 բնակարանը, որի վարձակալներն են հանդիսացել Աշխեն Աբրահամյանի ծնողները, հանձնվել է Լենինյան շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի տնօրինությանը, պայմանով, որ շրջխորհուրդը Աշխեն Աբրահամյանի չափահաս դառնալու օրը, նրան կհատկացնի նույնանման մեկսենյականոց այլ բնակարան:

4) Բնակարանը շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի որոշմամբ հատկացվել է այլ քաղաքացու, որը հետագայում սեփականաշնորհել է այն:

5) 02.11.2005 թվականին Աշխեն Աբրահամյանը դարձել է չափահաս:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.       

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

Սույն քաղաքացիական գործի քննության ժամանակ գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի համաձայն՝ դատարանը քաղաքացիական գործը հարուցում է միայն հայցի կամ դիմումի հիման վրա: Իսկ նույն օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն՝ դատարանը վճիռ կայացնելիս որոշում է հայցը լրիվ կամ մասնակի բավարարելու կամ այն մերժելու հարցը:

Այսինքն` վերը նշված հոդվածների իմաստով դատարանը պարտավոր է՝

- քաղաքացիական գործը հարուցել համապատասխան հայցի կամ դիմումի հիման վրա,

- քաղաքացիական գործը քննել այդ գործով ներկայացված հայցի շրջանակներում՝ անդրադառնալով և գնահատման առարկա դարձնելով հայցադիմումով ներկայացված բոլոր պահանջները:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 215-րդ հոդվածի համաձայն՝ վերաքննիչ դատարանում գործը քննվում է առաջին ատյանի դատարանում գործի քննության կանոններով, բացառությամբ հայցի հիմքը կամ առարկան փոխելու, հայցային պահանջների չափը փոփոխելու, հայցից հրաժարվելու (32-րդ հոդվածի 1-ին կետ) կանոնների:

Սույն քաղաքացիական գործով Աշխեն Աբրահամյանը հայց է ներկայացրել ընդդեմ Հայաստանի Հանրապետության` ի դեմս ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության, Երևանի քաղաքապետարանի, Շենգավիթի թաղապետարանի` բնակարան հատկացնելու կամ փոխարժեքը վճարելուն պարտավորեցնելու պահանջի մասին:

Հիմք ընդունելով վերոգրյալը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն քաղաքացիական գործով Վերաքննիչ դատարանը հայցապահանջի հիմնավորվածության հարցը որոշելու համար պետք է անդրադառնար և գնահատման դարձներ հետևյալ իրավական հարցերին.

1) Արդյո՞ք Երևանի Լենինյան շրջանային խորհրդի գործկոմի 20.10.1988 թվականի թիվ 24/15 որոշմամբ ծագել է Աշխեն Աբրահամյանի սեփականության իրավունքը:

2) Արդյո՞ք Հայաստանի Հանրապետությունը պատասխանատվություն է կրում Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության պարտավորությունների համար:

Մինչդեռ, Վերաքննիչ դատարանը, հայցապահանջի մերժման հիմքում դնելով այն հանգամանքը, որ համայնքը պատասխանատվություն չի կրում Հայաստանի Հանրապետության պարտավորությունների համար, հայցապահանջը քննել է մասնակիորեն. չի անդրադարձել և գնահատման առարկա չի դարձրել Հայաստանի Հանրապետության՝ ի դեմս ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության մոտ Աշխեն Աբրահամյանին բնակարան հատկացնելու պարտավորության առկայության հարցը: Բացի այդ, Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել նաև Երևանի Լենինյան շրջանային խորհրդի գործկոմի 20.10.1988 թվականի թիվ 24/15 որոշմամբ Աշխեն Աբրահամյանի սեփականության իրավունքի ծագման հարցին:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի համաձայն, Վերաքննիչ դատարանի վճիռը բեկանելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.10.2007 թվականի վճիռը և գործն ուղարկել` Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Հ. Մանուկյան

Դատավորներ`

Ա. Մկրտումյան

 

Վ. Աբելյան

 

Ս. Սարգսյան

 

Դ. Ավետիսյան

 

Հ. Ղուկասյան

 

Ս. Օհանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան