Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-749
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (08.04.2008-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2008.04.16/23(613) Հոդ.341
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
08.04.2008
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
08.04.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.04.2008

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

Քաղ. Երևան

8 ապրիլի 2008 թ.

2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 23-ԻՆ ՄԱՆԻԼԱՅՈՒՄ ԵՎ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ՄՇՏԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Վ. Հովհաննիսյանի, Զ. Ղուկասյանի (զեկուցող), Հ. Նազարյանի, Վ. Պողոսյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետի, 101 հոդվածի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72 հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2008 թվականի հունվարի 23-ին Մանիլայում և 2008 թվականի հունվարի 30-ին Երևանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Ասիական զարգացման բանկի միջև Ասիական զարգացման բանկի մշտական առաքելության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան:

Ուսումնասիրելով գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ` ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ Դ. Ավետիսյանի գրավոր բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

Քննարկվող համաձայնագիրը նպատակ ունի Հայաստանի Հանրապետությունում արդյունավետ իրականացնել ԱԶԲ-ի գործառնությունները:

ԱԶԲ-ն ունի իրավաբանական անձի կարգավիճակ և, մասնավորապես, իրավասու է.

ա) կնքել պայմանագրեր,

բ) ձեռք բերել և տնօրինել անշարժ և շարժական գույք,

գ) սկսել դատական վարույթներ:

Համաձայն Կանոնադրության 37 հոդվածի 2-րդ կետի՝ ԱԶԲ-ն կարող է Հայաստանի Հանրապետությունում ստեղծել Մշտական առաքելություն՝ Հայաստանի Հանրապետությունում ԱԶԲ-ի գործունեության արդյունավետ իրականացմանն օժանդակելու նպատակով:

Մշտական առաքելությունը կգլխավորի Մշտական ներկայացուցիչը, իսկ աշխատակազմում կընդգրկվեն այլ աշխատակիցներ, որոնք կարող են նշանակվել ԱԶԲ-ի կողմից:

Համաձայն սույն համաձայնագրի 2-րդ բաժնի դրույթների՝ ԱԶԲ-ն կարող է գնելու միջոցով կամ այլ կերպ ձեռք բերել հող և այլ անշարժ գույք, որոնք կարող են պահանջվել Մշտական առաքելության նստավայրի նպատակների, ինչպես նաև Մշտական առաքելության պաշտոնյաների և աշխատակազմի ու նրանց ընտանիքների բնակության համար:

Համաձայն Կանոնադրության 50 հոդվածի դրույթների` ԱԶԲ-ն և նրա ողջ սեփականությունն անձեռնմխելի են դատական ցանկացած հետապնդումից: Անձեռնմխելի են նաև ԱԶԲ-ի արխիվները՝ անկախ գտնվելու վայրից:

Մշտական առաքելության նստավայրում պետք է գործեն Հայաստանի Հանրապետության օրենքները, և Հայաստանի Հանրապետության դատարանները պետք է իրավազորություն ունենան Մշտական առաքելության նստավայրում կատարված գործողությունների նկատմամբ:

Ըստ համաձայնագրի` Հայաստանի Հանրապետությունը կրում է մի շարք պարտավորություններ, մասնավորապես.

1. ԱԶԲ-ի կամ Մշտական առաքելության խնդրանքով Հայաստանի Հանրապետության պատկան մարմինները պետք է տրամադրեն ոստիկանության բավարար թվով աշխատակիցներ՝ Մշտական առաքելության նստավայրում օրենքի և կարգ ու կանոնի պահպանման և օրինախախտներին այնտեղից հեռացնելու համար:

2. Կառավարությունը պետք է ԱԶԲ-ին աջակցի ապահովել ծառայություններ, որոնք պահանջվում են Մշտական առաքելության նստավայրը պահպանելու համար այնպիսի պայմաններում, որոնք հարմար են Մշտական առաքելության գործառույթների արդյունավետ իրականացման համար:

3. Կառավարությունը խնդրանքի դեպքում պետք է աջակցի ԱԶԲ-ին` Մշտական առաքելության պաշտոնյաներին և Մշտական առաքելության աշխատակազմին և նրանց ընտանիքներին հարմար բնակարաններով ապահովելու համար:

4. ԱԶԲ-ի հրավիրած հանդիպումների ժամանակ կառավարությունը պարտավոր է ապահովել, որ ոչ մի խոչընդոտ չհարուցվի քննարկումների և որոշումների կայացման լիարժեք ազատության հարցում:

5. Կառավարությունը պետք է իր դեսպանություններին, դիվանագիտական ներկայացուցչություններին, հյուպատոսություններին և Հայաստանի Հանրապետության շահերը ներկայացնող ցանկացած այլ գրասենյակի ընդհանուր հրահանգներ տա՝ հարկ եղած դեպքում մուտքի թույլտվություններ տրամադրել սույն համաձայնագրի 27-րդ բաժնում նշված անձանց առանց հապաղման կամ որևէ վարձի վճարման` չպահանջելով նրանց ներկայությունը՝ որպես կանոն:

6. Մշտական առաքելության պաշտոնյաները և աշխատակազմը, նրանց ընտանիքները և տնային աշխատակազմի անդամները պետք է ազատված լինեն Հայաստանի Հանրապետությունում զինվորական ծառայության պարտավորություններից: Այդ ազատումը չպետք է տարածվի Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վրա:

7. Այն բոլոր դեպքերում, երբ սույն համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության իշխանությունների համար սահմանում է այլ պարտավորություններ, քան կառավարությունը, կառավարությունը պետք է ապահովի այդ պարտավորությունների կատարումը:

Կառավարությունը և ԱԶԲ-ն կարող են մտնել այնպիսի լրացուցիչ պայմանագրային հարաբերությունների մեջ, եթե դրանք կարող են անհրաժեշտ լինել սույն համաձայնագրի շրջանակներում:

Համաձայնագրի դրույթները համահունչ են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 9 հոդվածին, ինչպես նաև կարևոր իրավական երաշխիք են ստեղծում ՀՀ Սահմանադրության 39 հոդվածում ամրագրված իրավունքի իրացման համար:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետով, 102 հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 72 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

1. 2008 թվականի հունվարի 23-ին Մանիլայում և 2008 թվականի հունվարի 30-ին Երևանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Ասիական զարգացման բանկի միջև Ասիական զարգացման բանկի մշտական առաքելության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Նախագահող

Գ. Հարությունյան


8 ապրիլի 2008 թ.
ՍԴՈ-749