ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
Քաղ. Երևան |
1 ապրիլի 2008 թ. |
1999 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՕԶՈՆԱՅԻՆ ՇԵՐՏԸ ՔԱՅՔԱՅՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ՄԱՍԻՆ ՄՈՆՐԵԱԼԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵԿԻՆՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի (զեկուցող), Ֆ. Թոխյանի, Վ. Հովհաննիսյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետի, 101 հոդվածի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72 հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «1999 թվականի դեկտեմբերի 3-ին ստորագրված՝ Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին Մոնրեալի արձանագրության պեկինյան փոփոխության մեջ ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը՝ մուտքագրված 2008 թվականի մարտի 11-ին:
Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ բնապահպանության նախարար Ա. Հարությունյանի գրավոր բացատրությունները, հետազոտելով արձանագրության պեկինյան փոփոխությունը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.
1. Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին Մոնրեալի արձանագրության պեկինյան փոփոխությունն ստորագրվել է 1999 թվականի դեկտեմբերի 3-ին, ուժի մեջ է մտել 2002 թվականի փետրվարի 25-ին: Օզոնային շերտի պահպանության մասին 1985 թ. Վիեննայի կոնվենցիային և Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին 1987 թ. Մոնրեալի արձանագրությանը Հայաստանի Հանրապետությունը միացել է 1999 թվականին, իսկ Մոնրեալի արձանագրության 1990 թ. լոնդոնյան և 1992 թ. կոպենհագենյան փոփոխություններին` 2003 թվականին:
2. Պեկինյան փոփոխությունը, ի հավելումն Մոնրեալի արձանագրությամբ և լոնդոնյան ու կոպենհագենյան փոփոխություններով նախատեսված վերահսկվող նյութերի, ընդլայնում է դրանց ցանկը, նախատեսում է վերահսկվող նյութերի նոր խմբեր և հստակեցնում դրանց օգտագործման ու արտանետումների կառավարումը (հավելվածներ Ա և Գ):
3. Պեկինյան փոփոխությամբ Կողմերը պարտավորվում են, մասնավորապես.
- 2004 թվականի հունվարի 1-ից սկսած` սահմանված ժամանակացույցին համապատասխան Ա և Գ հավելվածների 1-ին խմբերով նախատեսված վերահսկվող նյութերի (քլորֆտորածխածինների կամ դրանց խառնուրդների` ֆրեոնների) սպառման և արտադրության ծավալը չգերազանցել տարեկան 2,8%-ը (որոշ դեպքերում` մինչև 15%-ը),
- 2002 թվականի հունվարի 1-ից սկսած` սահմանված ժամանակացույցին համապատասխան Գ հավելվածի 3-րդ խմբով նախատեսված վերահսկվող նյութերի (բրոմքլորմեթանի) սպառման և արտադրության ծավալը չգերազանցել տարեկան 0%-ը,
- 2004 թվականի հունվարի 1-ից սկսած արգելել Գ հավելվածի 1-ին և 3-րդ խմբերով նախատեսված վերահսկվող նյութերի (հիդրոքլորֆտորածխածինների) ներմուծումը կամ արտահանումը Մոնրեալի արձանագրության կոպենհագենյան և պեկինյան փոփոխությունների կողմ չհանդիսացող երկրներից,
- Քարտուղարությանը ներկայացնել հաշվետվություն վերահսկվող նյութերի արտադրության, ներմուծման և արտահանման վիճակագրական տվյալների վերաբերյալ:
4. Հայաստանի Հանրապետության համար վերը նշված պարտավորություններն սկսելու են գործել ՀՀ-ի համար Մոնրեալի արձանագրության պեկինյան փոփոխության ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարվա ընթացքում:
5. Մոնրեալի արձանագրության պեկինյան փոփոխությամբ Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները բխում են ՀՀ միջազգային իրավական մյուս պարտավորություններից և ՀՀ Սահմանադրությանը համապատասխան (հոդվածներ 3, 10, 42 և այլն) կոչված են ըստ միջազգային իրավունքի սկզբունքների ու նորմերի ապահովելու մարդկանց կոլեկտիվ իրավունքների պաշտպանությունը, շրջակա միջավայրի պահպանությունը և վերականգնումը, բնական պաշարների ողջամիտ օգտագործումը և այլն:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետով, 102 հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 72 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.
1. 1999 թվականի դեկտեմբերի 3-ին ստորագրված՝ Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին Մոնրեալի արձանագրության պեկինյան փոփոխության մեջ ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
Նախագահող |
Գ. Հարությունյան |
|
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|