Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-742
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (01.04.2008-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2008.04.16/23(613) Հոդ.334
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
01.04.2008
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
01.04.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.04.2008

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

Քաղ. Երևան

1 ապրիլի 2008 թ.

2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 25-ԻՆ ՅԱԼԹԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ (ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ) ԵՎ ՆԵՐՔԻՆ ԶՈՐՔԵՐԻ ՀԱՄԱՐ ԿԱԴՐԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի, Վ. Հովհաննիսյանի, Զ. Ղուկասյանի (զեկուցող), Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետի, 101 հոդվածի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72 հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց` «2007 թվականի մայիսի 25-ին Յալթայում ստորագրված` Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների ներքին գործերի մարմինների (ոստիկանության) և ներքին զորքերի համար կադրերի պատրաստման մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան:

Ուսումնասիրելով գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ` ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետ Հ. Հարությունյանի գրավոր բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

1. Քննության առարկա համաձայնագիրն Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների կողմից ստորագրվել է 2007 թ. մայիսի 25-ին, Յալթայում՝ նպատակ ունենալով ապահովելու Կողմերի ներքին գործերի մարմինների (ոստիկանության) և ներքին զորքերի համար կադրերի պատրաստման բարձր մակարդակ, որը կպատասխանի ժամանակակից աշխարհի մարտահրավերներին և սպառնալիքներին:

Կողմերը կադրերի պատրաստման գործում համագործակցությունն իրականացնում են իրենց իրավասու մարմինների միջոցով, սույն համաձայնագրին համապատասխան, պահպանելով ազգային օրենսդրությունը և այն միջազգային պայմանագրերը, որոնց մասնակից են իրենք:

2. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը, փոխադարձության սկզբունքով, մասնավորապես պարտավորվում է.

- կադրերի պատրաստման գործում համագործակցությունն իրականացնել իրավասու մարմինների միջոցով, որոնց ցանկը որոշվում է յուրաքանչյուր Կողմի կողմից և փոխանցվում ավանդապահին,

- մեկ ամսվա ընթացքում գրավոր ծանուցել ավանդապահին իրավասու մարմինների ցանկի մեջ փոփոխությունների մասին,

- կադրերի պատրաստումն իրականացնել ընդունող Կողմի ուսումնական հաստատությունների ուսումնական պլաններով և ծրագրերով՝ հետևելով այն սահմանափակումներին, որոնք կապված են ընդունող Կողմի գաղտնի տեղեկատվության և սահմանափակ տարածման ծառայողական տեղեկատվության, գաղտնիության պայմանակարգի ապահովման հետ,

- որպես ընդունող Կողմ՝ ուսումնական գործընթացը կուրսանտների/ ունկնդիրների հետ համատեղ և առանձին կազմակերպել ռուսաց լեզվով,

- կադրերի պատրաստումն իրականացնել վճարովի հիմունքներով կամ ՀՀ կողմից սահմանվող քվոտաներով՝ արտոնյալ կամ անվճար հիմունքով, ինչպես նաև կատարել արտոնյալ հիմունքով կադրերի պատրաստման ժամանակ ուսուցման ծախսերը:

3. Համաձայնագիրը չի շոշափում Կողմերի այն իրավունքներն ու պարտավորությունները, որոնք բխում են նրանց կողմից կնքված այլ միջազգային պայմանագրերից:

4. Համաձայնագիրը նախատեսում է վերջինիս դրույթների մեկնաբանման կամ կիրառման հետ կապված վեճերի լուծման, տեղեկատվության փոխանակման, ինչպես նաև ուժի մեջ մտնելու և գործողության դադարեցման կարգն ու ժամկետները:

Համաձայնագրի դրույթները համահունչ են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 9 հոդվածին, ինչպես նաև կարևոր իրավական երաշխիք են ստեղծում ՀՀ Սահմանադրության 39 հոդվածում ամրագրված իրավունքի իրացման համար:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետով, 102 հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 72 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

1. 2007 թվականի մայիսի 25-ին Յալթայում ստորագրված` Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների ներքին գործերի մարմինների (ոստիկանության) և ներքին զորքերի համար կադրերի պատրաստման մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

 

Նախագահող

Գ. Հարությունյան


1 ապրիլի 2008 թ.
ՍԴՈ-742

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան