Գլխավոր տեղեկություն
Համար
N 984-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (10.04.2008-31.05.2014)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.08.02/41(496) Հոդ.899
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
16.06.2006
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
15.07.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
24.07.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.08.2006

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

24 հուլիսի 2006 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 հունիսի 2006 թվականի N 984-Ն

 

ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԳՈՐԾԱԶՈՒՐԿՆԵՐԻՆ ԵՎ ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 10-Ի N 431 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Բնակչության զբաղվածության և գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի 17-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել ձեռնարկատիրական գործունեության պետական գրանցման համար գործազուրկներին և հաշմանդամներին ֆինանսական աջակցություն տրամադրելու կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մեկամսյա ժամկետում հաստատել գործազուրկի, հաշմանդամի և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության տարածքային կենտրոնի տնօրենի միջև կնքվող ձեռնարկատիրական գործունեության պետական գրանցման համար ֆինանսական աջակցություն տրամադրելու մասին պայմանագրի, ֆինանսավորման մասին հայտ-պահանջագրի օրինակելի ձևերը և գործազուրկին, հաշմանդամին` ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու համար ֆինանսական աջակցություն տրամադրելու մասին տարածքային կենտրոնի տնօրենի որոշման ձևաթուղթը:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 10-ի «Ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու և աշխատատեղեր ստեղծելու նպատակով գործազուրկներին անհրաժեշտ միջոցներ տրամադրելու կարգի ու պայմանների մասին» N 431 որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ
     

Ա. Մարգարյան


2006 թ. հուլիսի 15
Երևան

 


 

Հավելված
ՀՀ կառավարության 2006 թվականի
հունիսի 16-ի N 984-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԳՈՐԾԱԶՈՒՐԿՆԵՐԻՆ ԵՎ ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության (այսուհետ` գործակալություն) զբաղվածության մարզային և տարածքային կենտրոնների (այսուհետ` տարածքային կենտրոն) կողմից գործազուրկին և հաշմանդամին (այսուհետ` անձ) ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու համար անհատույց ֆինանսական աջակցություն տրամադրելու (այսուհետ` ֆինանսական աջակցության ծրագիր) հետ կապված հարաբերությունները և նպատակ ունի խրախուսելու անձին սեփական գործ սկսելու և նոր աշխատատեղեր ստեղծելու հարցում:

(1-ին կետը լրաց. 27.03.08 N 284-Ն)

2. Անձը ֆինանսական աջակցության ծրագրում կարող է ընդգրկվել մեկ անգամ:

3. Տարածքային կենտրոնի կողմից անձին ֆինանսական աջակցության ծրագրով տրամադրվող ֆինանսական միջոցներն օգտագործվում են անձի` որպես անհատ ձեռնարկատիրոջ կամ նրա կողմից հիմնադրվող առևտրային կազմակերպության պետական գրանցման համար:

4. Ֆինանսական աջակցության ծրագիրը ֆինանսավորվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:

(4-րդ կետը փոփ. 27.03.08 N 284-Ն)

 

II. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

5. Ֆինանսական աջակցության ծրագրի իրականացման նպատակով տարածքային կենտրոնը`

ա) յուրաքանչյուր տարվա մինչև հունվարի 20-ը «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով զանգվածային լրատվության միջոցներով հրապարակում է տեղեկատվություն տվյալ տարվա ընթացքում իրականացվող ֆինանսական աջակցության ծրագրի մասին` նշելով ֆինանսական աջակցության ծրագրի նպատակը, ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու համար անհատ ձեռնարկատիրոջ կամ առևտրային կազմակերպության պետական գրանցման համար տրամադրվող գումարի չափը, ֆինանսական աջակցության ծրագրում ընդգրկվելու պայմանները և գործարար ծրագրի գնահատման` սույն կարգի 8-րդ կետում նշված չափորոշիչները.

բ) անձին տրամադրում է խորհրդատվություն` աշխատաշուկայում տիրող իրավիճակի և ֆինանսական աջակցության ծրագրում ընդգրկվելու համար տարածքային կենտրոն ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի վերաբերյալ.

գ) ֆինանսական աջակցության ծրագրում ընդգրկվելու ցանկություն ունեցող անձանց համար կարող է կազմակերպել ձեռնարկատիրական գործունեության կազմակերպմանն ուղղված մասնագիտական ուսուցում:

6. Անձը ֆինանսական աջակցության ծրագրում ընդգրկվելու համար տարածքային կենտրոն է ներկայացնում գործարար ծրագիր՝ 2 օրինակից: Գործարար ծրագիրը պետք է ներառի`

ա) ընդհանուր բաժին (այս բաժնում նշվում են գործարար ծրագրի նպատակը, խնդիրները և նոր ստեղծվող տնտեսվարող սուբյեկտի գործունեության կազմակերպական-իրավական ձևը).

բ) գործունեության տեսակը (այս բաժնում նշվում են արտադրվող ապրանքների անվանացանկը և (կամ) կատարվող աշխատանքների տեսակները և (կամ) մատուցվող ծառայությունների անվանումները).

գ) ապրանքների, աշխատանքների և ծառայությունների իրացման շուկան (այս բաժնում նշվում են ապրանքների իրացման, աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման տեղը, ծավալը).

դ) տեղեկություններ մրցակիցների մասին (այս բաժնում նշվում է մրցակիցների մասին ընդհանուր տեղեկատվություն).

ե) ռիսկերի կանխատեսումը (այս բաժնում նշվում են հնարավոր ռիսկերը և դրանց կանխարգելումը).

զ) գործարար ծրագրի ֆինանսական նկարագիրը (այս բաժնում նշվում են գործարար ծրագրի իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների չափը, ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու համար անհատ ձեռնարկատիրոջ կամ առևտրային կազմակերպության պետական գրանցման համար տրամադրվող գումարի չափը և սեփական ներդրումների չափը` կցելով այն հիմնավորող փաստաթղթերը):

7. Տարածքային կենտրոնը սույն կարգի 6-րդ կետում նշված գործարար ծրագիրը 3 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է տարածքային համաձայնեցման կոմիտե (այսուհետ` համաձայնեցման կոմիտե)` քննարկման:

8. Համաձայնեցման կոմիտեն 7-օրյա ժամկետում քննարկում ու գնահատում է գործարար ծրագիրը և այն ֆինանսավորելու նպատակահարմարության մասին եզրակացություն է ներկայացնում տարածքային կենտրոն` հիմք ընդունելով գնահատման հետևյալ չափորոշիչները`

ա) գործունեության ուղղվածության համապատասխանությունը տվյալ համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրին.

բ) թողարկվող արտադրանքի կամ մատուցվող ծառայության սպառման շուկայի հիմնավորվածությունը.

գ) գործարար ծրագրով նախատեսված գործունեության զարգացման և ընդլայնման տնտեսագիտական հիմնավորումը.

դ) գործարար ծրագրում անձի կողմից կատարվող ներդրումների չափը, տեսակը, ձևը և ծախսերի հիմնավորումը:

9. Համաձայնեցման կոմիտեն գործարար ծրագիրը գնահատում է «բավարար» կամ «անբավարար»՝ հաշվի առնելով սույն կարգի 8-րդ կետում նշված չափորոշիչները:

10. Համաձայնեցման կոմիտեն գործարար ծրագրի վերաբերյալ տալիս է բացասական եզրակացություն, եթե սույն կարգի 8-րդ կետում նշված չափորոշիչներից որևէ մեկով գործարար ծրագիրը գնահատվել է «անբավարար»:

11. Գործարար ծրագրի բացասական եզրակացության դեպքում համաձայնեցման կոմիտեն 3 աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին գրավոր տեղեկացնում է տարածքային կենտրոնին` նշելով մերժման հիմքերը:

12. Տարածքային կենտրոնը համաձայնեցման կոմիտեի բացասական եզրակացությամբ գործարար ծրագիրը` կից գրությամբ, 3 աշխատանքային օրվա ընթացքում ուղարկում է անձին` նշելով մերժման հիմքերը:

13. Համաձայնեցման կոմիտեն գործարար ծրագրի մասին տալիս է դրական եզրակացություն, եթե սույն կարգի 8-րդ կետում նշված բոլոր չափորոշիչներով գործարար ծրագիրը գնահատվել է «բավարար»:

14. Համաձայնեցման կոմիտեի դրական եզրակացությամբ գործարար ծրագիրը եռօրյա ժամկետում ներկայացվում է տարածքային կենտրոն:

15. Տարածքային կենտրոնի տնօրենը համաձայնեցման կոմիտեի դրական եզրակացությամբ գործարար ծրագիրն ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում կայացնում է որոշում անձին ֆինանսական աջակցություն տրամադրելու վերաբերյալ և անձի հետ կնքում է ձեռնարկատիրական գործունեության պետական գրանցման համար ֆինանսական աջակցություն տրամադրելու մասին պայմանագիր:

 

III. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՆՁԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

 

16. Ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու համար անձին անհատ ձեռնարկատեր կամ առևտրային կազմակերպություն գրանցելու համար տրվում են ֆինանսական միջոցներ`

ա) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պետական տուրքի վճարման նպատակով անհատ ձեռնարկատեր գրանցվելու համար՝ բազային տուրքի եռապատիկի չափով, իսկ առևտրային կազմակերպություն գրանցվելու համար` բազային տուրքի 12-ապատիկի չափով.

բ) ֆիրմային անվանումը գրանցելու նպատակով պետական տուրքի վճարման համար` բազային տուրքի 6-ապատիկի չափով.

գ) կնիք ձեռք բերելու համար` կնիք պատրաստող պետական մասնագիտացված կազմակերպության կողմից սահմանված գների սանդղակի նվազագույն գնի չափով:

17. Տարածքային կենտրոնը սույն կարգի 15-րդ կետում նշված որոշման պատճենի հիման վրա կազմում է ձեռնարկատիրական գործունեության պետական գրանցման նպատակով անձին ֆինանսական աջակցություն տրամադրելու համար անհրաժեշտ գումարի ֆինանսավորման մասին հայտ-պահանջագիրը (այսուհետ` ֆինանսավորման հայտ-պահանջագիր), որը կից գրությամբ, 3 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է գործակալության պետին:

18. Գործակալությունը տարածքային կենտրոնից ստացված ֆինանսավորման մասին հայտ-պահանջագիրը 3 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացնում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայություն (այսուհետ` ծառայություն):

(18-րդ կետը փոփ. 27.03.08 N 284-Ն)

19. Ծառայությունը գործակալությունից ֆինանսավորման մասին հայտ-պահանջագիրն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում զբաղվածության պետական նպատակային ծրագրերի իրականացման համար Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տեղական գանձապետական բաժնում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի (այսուհետ՝ աշխատակազմ) անվամբ բացված արտաբյուջետային միջոցների բանկային հաշվին է փոխանցում ֆինանսավորման մասին հայտ-պահանջագրով նախատեսված գումարը:

(19-րդ կետը փոփ. 27.03.08 N 284-Ն)

20. Աշխատակազմը սույն կարգի 19-րդ կետում նշված գումարն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում փոխանցում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության համապատասխան տեղական գանձապետական բաժիններում աշխատակազմի անվամբ բացված արտաբյուջետային միջոցների բանկային հաշիվներին:

21. Սույն կարգի 20-րդ կետում նշված գումարն ստացվելուց հետո այն 5 աշխատանքային օրվա ընթացքում փոխանցվում է`

ա) Հայաստանի Հանրապետության պետական բյուջե` սույն կարգի 16-րդ կետի «ա» և «բ» ենթակետերում նշված նպատակով` պետական տուրքերի վճարման համար.

բ) կնիք պատրաստող պետական մասնագիտացված կազմակերպության հաշվին` սույն կարգի 16-րդ կետի «գ» ենթակետում նշված նպատակով` կնիք ձեռք բերելու համար:

Տարածքային կենտրոնը կատարված վճարման փոխանցումների մասին տեղեկացնում է գործազուրկին, հաշմանդամին` հանձնելով նրան համապատասխան վճարումների փոխանցագրերը:

22. Անձը սույն կարգի 15-րդ կետում նշված պայմանագրով սահմանված ժամկետներում տարածքային կենտրոն է ներկայացնում անհատ ձեռնարկատիրոջ կամ իր կողմից հիմնադրված առևտրային կազմակերպության պետական գրանցման վկայականի պատճենը:

 

IV. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐՈՒՄ  ԸՆԴԳՐԿՎԱԾ ԱՆՁԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԱՌՈՒՄԻՑ ՀԱՆՈՒՄԸ

 

23. Տարածքային կենտրոնը ֆինանսական աջակցության ծրագրում ընդգրկված անձի հաշվառումն իրականացնում է գրանցամատյանում՝ նշելով`

ա) անձի անունը, ազգանունը և հայրանունը.

բ) հաշվառման քարտի համարը.

գ) առևտրային կազմակերպության անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, պետական գրանցման համարը.

դ) անհատ ձեռնարկատիրոջ վկայականի համարը.

ե) գործունեության իրականացման վայրը.

զ) աշխատողների թիվը.

է) անձին տրամադրված ֆինանսական միջոցների չափը:

24. Որպես անհատ ձեռնարկատեր գրանցվելուն կամ առևտրային կազմակերպության պետական գրանցմանը հաջորդող օրվանից, տարածքային կենտրոնը դադարեցնում է գործազրկության նպաստի վճարումը, գործազուրկի կարգավիճակը և անձը` որպես աշխատանք փնտրող, հանվում են հաշվառումից:

25. Սույն կարգի պահանջների խախտմամբ տրամադրված, ինչպես նաև ոչ նպատակային օգտագործված ֆինանսական միջոցները ենթակա են վերադարձման՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

V. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

26. Տարածքային կենտրոնը յուրաքանչյուր ամիս գործակալության պետին է ներկայացնում հաշվետվություն ֆինանսավորված գործարար ծրագրերի թվի, տրամադրված ֆինանսական միջոցների չափի և իրականացվող գործարար ծրագրերի մասին:

27. Գործակալությունն ամփոփում է տարածքային կենտրոններից ստացված հաշվետվությունները և յուրաքանչյուր եռամսյակ ներկայացնում ամփոփ հաշվետվություն Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
     
Մ. Թոփուզյան