Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (25.07.2008-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2008.11.05/66(656)
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
25.07.2008
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
25.07.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.07.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Վերաքննիչ քաղաքացիական

դատարանի վճիռ

Քաղաքացիական գործ թիվ 07-3309

Քաղաքացիական գործ թիվ 3-328(ՎԴ)
2008 թ.

Նախագահող դատավոր՝ Ա. Խառատյան  

Դատավորներ՝ Վ. Ավանեսյան 

                   Կ. Չիլինգարյան

 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

 

նախագահությամբ

Ա. Մկրտումյանի

 

մասնակցությամբ դատավորներ

Վ. Աբելյանի

 

 

Ս. Սարգսյանի

 

 

 Դ. Ավետիսյանի 

 

 

 Հ. Ղուկասյանի

 

 

Ս. Օհանյանի

 

2008 թվականի հուլիսի 25-ին

 

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքը Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.02.2008 թվականի վճռի դեմ՝ ըստ հայցի Երևան քաղաքի դատախազության ընդդեմ Միսակ Ավետիսյանի` 242.906 դրամ բռնագանձելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 

Դիմելով դատարան` Երևան քաղաքի դատախազությունը պահանջել է բռնագանձել Մ.Ավետիսյանից 242.906 դրամ:

Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 31.07.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է:

Վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 05.02.2008 թվականի վճռով հայցը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով:

Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ, 1072-րդ հոդվածները, որոնք պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Հայցը մերժելիս` Վերաքննիչ դատարանը պատճառաբանել է, որ իրականացված բուժումը չի հիմնավորում պետության կողմից քաղաքացու առողջությունը վերականգնելու համար ծախսված հավելյալ գումարներ տրամադրելու փաստը: Վերաքննիչ դատարանի նման պատճառաբանությունը հիմնավոր չէ, քանի որ տվյալ դեպքում պետական բյուջեից համապատասխան գումարը ծախսվել է Մ.Ավետիսյանի հանցավոր արարքի հետևանքով քաղաքացու առողջությանը պատճառված վնասը վերականգնելու համար` անհետաձգելի բժշկական օգնություն ցույց տալու ձևով: Մինչդեռ, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ և 1072-րդ հոդվածների հիման վրա այդ վնասը պետք է հատուցվեր Մ.Ավետիսյանի կողմից: Հետևաբար, Մ.Ավետիսյանը պարտավոր էր հատուցել իր կողմից հանցագործության հետևանքով պատճառված վնասի համար ՀՀ պետական միջոցներից ծախսված գումարները:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 05.02.2008 թվականի վճիռը և գործն ուղարկել նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի քննչական վարչության ՃՏՀ քննության բաժնի 15.05.2007 թվականի որոշմամբ Մ.Ավետիսյանի կողմից Գ. Մարտիրոսյանին վրաերթի ենթարկելու փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին մասի հիման վրա հարուցված քրեական գործի վարույթը կարճվել է` տուժողի հետ հաշտվելու հիմքով:

2) Գ. Մարտիրոսյանին պետական պատվերի շրջանակներում ցուցաբերվել է անհետաձգելի բուժօգնություն, որի ընդհանուր ծախսը կազմել է 242.906 դրամ:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ՝ վճռաբեկ բողոքը անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքի հիմքում բարձրացված իրավական հարցին պատասխանելու համար վճռաբեկ բողոքի շրջանակներում պետք է քննարկման առարկա դարձվի հետևյալ հարցադրումը.

Արդյո՞ք պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության շրջանակներում կատարված ծախսերը ենթակա են փոխհատուցման պետությանը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1048-րդ հոդվածի առաջին մասի համաձայն՝ առանց շահագրգիռ անձի հանձնարարության, նրա այլ ցուցումի կամ նախապես տրված համաձայնության, գործողությունները, որոնք նպատակ են հետապնդել կանխել այդ անձին կամ նրա գույքին պատճառվելիք վնասը, կատարել նրա պարտավորությունները կամ պաշտպանել նրա այլ օրինաչափ շահերը (ի շահ ուրիշի գործողություններ), պետք է կատարվեն գործի հանգամանքների համար անհրաժեշտ հոգատարությամբ և շրջահայացությամբ` ելնելով շահագրգիռ անձի ակնհայտ օգուտից կամ շահից ու նրա իրական կամ հավանական մտադրություններից: Նույն օրենսգրքի 1052-րդ հոդվածի առաջին մասի համաձայն՝ նույն գլխով նախատեսված կանոններին համապատասխան ի շահ ուրիշի գործած անձի կատարած անհրաժեշտ ծախսերը և կրած իրական վնասը հատուցվում է շահագրգիռ անձի կողմից: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1048-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ առանց հանձնարարության, ի շահ ուրիշի գործողությունների վերաբերյալ կանոնները չեն կիրառվում պետական և տեղական ինքնակառավարման մարմինների` ի շահ ուրիշ անձանց կատարած գործողությունների նկատմամբ, որոնց համար նման գործողություններ կատարելն իրենց գործունեության նպատակներից մեկն է:

Այսպիսով, ի շահ ուրիշի գործած անձի կատարած անհրաժեշտ ծախսերը և կրած իրական վնասը ենթակա են հատուցման, բացի այն ծախսերից, որոնք առաջացել են պետական մարմնի կամ տեղական ինքնակառավարման մարմնի կողմից իրենց գործունեության նպատակներից ելնելով ի շահ այլ անձի կատարված նույնատիպ գործողություններից:

ՀՀ Սահմանադրության 38-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անվճար հիմնական բժշկական ծառայություններ ստանալու իրավունք:

«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն՝ բժշկական օգնության և սպասարկման հիմնական տեսակ է առաջնային բժշկական օգնությունը` որպես յուրաքանչյուր մարդու համար անվճար, առավել մատչելի մեթոդների և տեխնոլոգիաների վրա հիմնված բժշկական օգնության և սպասարկման տեսակ, որը երաշխավորվում է պետության կողմից:

Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ պետական պատվերի շրջանակներում անվճար բժշկական օգնության տրամադրումը իրենից ներկայացնում է պետական մարմինների կողմից իրենց սահմանադրական առաքելության շրջանակներում ի շահ ուրիշի կատարված գործողություն, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նման բժշկական օգնության շրջանակներում տրամադրվող գումարները պետությանը վերադարձման ենթակա չեն:

Հետևաբար, հաշվի առնելով այն հնագամանքը, որ Մ.Ավետիսյանի կողմից Գ.Մարտիրոսյանին վրաերթի ենթարկելու արդյունքում պետությունը որևէ վնաս չի կրել, Վճռաբեկ դատարանը արձանագրում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ և 1072-րդ հոդվածները սույն քաղաքացիական գործով կիրառելի չեն:

Ինչ վերաբերում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1074-րդ հոդվածին, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն սույն քաղաքացիական գործով կիրառելի չէ հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1074 հոդվածի համաձայն՝ այլ անձի (աշխատողի` ծառայողական, պաշտոնեական կամ այլ աշխատանքային պարտականությունները կատարելիս, տրանսպորտային միջոցներ վարելիս և այլն) պատճառած վնասը հատուցած անձը հետադարձ պահանջի (ռեգրեսի) իրավունք ունի այդ անձի նկատմամբ` իր վճարած հատուցման չափով, եթե այլ չափ սահմանված չէ օրենքով:

Այսպիսով, անձը ստանում է ռեգրեսի իրավունք այն դեպքերում, երբ նա աշխատանքային կամ այլ իրավահարաբերությունների (աշխատանքային, հանձնարարության կամ այլ պայմանագրի) ուժով պարտավորություն է կրում վնասը հասցրած անձի գործողությունների համար: Մինչդեռ, սույն քաղաքացիական գործով պետության կողմից անհետաձգելի բժշկական օգնության ցուցաբերումը պայմանավորվում է ոչ թե վնաս հասցրած անձի հետ աշխատանքային կամ այլ իրավահարաբերությունների առկայությամբ, այլև նման օգնության ցուցաբերումը սոցիալական և առողջապահական քաղաքականության բնագավառում պետության սահմանադրական պարտականությունն է: Այսինքն, պետական պատվերի շրջանակներում կատարված ծախսերը փոխհատուցելու ռեգրեսի իրավունք պետության մոտ չի կարող ծագել:

Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240 հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջով, որի համաձայն այն դեպքում, երբ դատարանի կայացրած գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտը թերի պատճառաբանված է, ապա Վճռաբեկ դատարանը պատճառաբանում է անփոփոխ թողնված դատական ակտը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի վճիռը պետք է թողնել օրինական ուժի մեջ:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412 -րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը մերժել: Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.02.2008 թվականի վճիռը թողնել օրինական ուժի մեջ:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Ա. Մկրտումյան

Դատավորներ`

Վ. Աբելյան

 

Ս. Սարգսյան

 

Դ. Ավետիսյան

Հ. Ղուկասյան

 

Ս. Օհանյան