Գլխավոր տեղեկություն
Համար
N 115-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (12.04.2008-03.04.2020)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2008.04.02/21(611) Հոդ.281
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
25.01.2008
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.02.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.04.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 հունվարի 2008 թվականի N 115-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՆՑԱՆԿԱԼԻ ՀԱՄԱՐՎՈՂ ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԲԱՆԿՈՒՄ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄՏՑՆԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 6-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել Հայաստանի Հանրապետության տարածքում անցանկալի համարվող օտարերկրացիների տվյալների բանկում տեղեկություններ մտցնելու և դրանից օգտվելու կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ս. Սարգսյան

 

2008 թ. փետրվարի 25

Երևան

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2008 թվականի

հունվարի 25-ի N 115-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՆՑԱՆԿԱԼԻ ՀԱՄԱՐՎՈՂ ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԲԱՆԿՈՒՄ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄՏՑՆԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ

 

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության տարածքում անցանկալի համարվող օտարերկրացիների տվյալների բանկում (այսուհետ` տվյալների բանկ) տեղեկություններ մտցնելու և դրանից օգտվելու կարգը:

2. Տվյալների բանկի ստեղծման նպատակն է Հայաստանի Հանրապետությունում օտարերկրացիների հաշվառման կենտրոնացված տեղեկատվական համակարգի ձևավորումը, տեղեկատվության ստացման, կուտակման և մշակման ապահովումը, ինչպես նաև համապատասխան շահագրգիռ մարմիններին անհրաժեշտ տվյալների տրամադրումը:

3. Հայաստանի Հանրապետության տարածքում օտարերկրացին համարվում է անցանկալի, և նրա մասին տեղեկությունները մուտքագրվում են տվյալների բանկ, եթե`

1) նա արտաքսվել է Հայաստանի Հանրապետության տարածքից կամ զրկվել է կացության կարգավիճակից, և արտաքսման կամ կացության կարգավիճակից զրկվելու մասին որոշումն ուժի մեջ մտնելու պահից չի անցել 3 տարի.

2) նա «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը խախտելու համար ենթարկվել է վարչական պատասխանատվության, և դրա մասին որոշման ընդունման պահից չի անցել մեկ տարի.

3) գոյություն ունեն հավաստի տվյալներ, որ նա իրականացնում է այնպիսի գործունեություն, մասնակցում, կազմակերպում կամ հանդիսանում է այնպիսի կազմակերպության անդամ, որի նպատակն է`

ա. Հայաստանի Հանրապետության պետական անվտանգությանը վնաս պատճառելը, սահմանադրական կարգը տապալելը, պաշտպանունակությունը թուլացնելը,

բ. ահաբեկչական գործունեություն իրականացնելը,

գ. սահմանով ապօրինաբար զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, ռադիոակտիվ նյութեր, թմրանյութեր, հոգեներգործուն նյութեր տեղափոխելը,

դ. մարդկանց առևտուր (թրաֆիքինգ) և (կամ) անօրինական սահմանահատումներ իրականացնելը.

4) նա տառապում է վարակիչ հիվանդությամբ, որն սպառնում է բնակչության առողջությանը` բացառությամբ «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետով նախատեսված դեպքերի.

5) նա մուտքի թույլտվություն հայցելիս ներկայացրել է իր մասին կեղծ տեղեկություններ կամ չի ներկայացրել անհրաժեշտ փաստաթղթեր (դրանք ներկայացնելու մասին կրկնակի պահանջից հետո), կամ գոյություն ունեն տվյալներ, որ նրա մուտքը կամ Հայաստանի Հանրապետությունում գտնվելն ունի այլ նպատակ, քան հայտարարվածը, կամ գոյություն ունեն նրա կողմից Հայաստանի Հանրապետության պետական անվտանգությանը կամ հասարակական կարգին այլ լուրջ և հիմնավոր սպառնալիքներ.

6) նա դատապարտվել է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություն կատարելու համար, և դատվածությունը սահմանված կարգով չի հանվել կամ մարվել.

7) նա աշխատանքի է անցել Հայաստանի Հանրապետությունում` առանց աշխատանքի թույլտվության:

4. Տվյալների բանկը վարում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմինը, որն էլ անհրաժեշտ տեղեկություններ է մուտքագրում տվյալների բանկ: Տվյալների բանկում տեղեկություններ մուտքագրելու նպատակով ազգային անվտանգության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմին տեղեկություններ են ներկայացնում Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմը, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմինը, ոստիկանության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմինը, արտաքին գործերի բնագավառում լիազորված պետական կառավարման մարմինը:

5. Սույն կարգի 3-րդ կետում նշված հիմքերի առկայության դեպքում` սույն կարգի 4-րդ կետում նշված մարմիններն անհապաղ տեղեկացնում են Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմնին` անհրաժեշտ տեղեկությունները տվյալների բանկ մուտքագրելու համար` նշելով օտարերկրացու անունը, ազգանունը (առկայության դեպքում` նաև երկրորդ կամ փոխված անունը, հայրանունը, օրիորդական կամ փոխված ազգանունը), ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, վայրը, քաղաքացիությունը, սեռը, բնակության երկիրը, զբաղմունքը և այն հիմքը, որով օտարերկրացին համարվում է Հայաստանի Հանրապետության տարածքում անցանկալի, ինչպես նաև կցվում է օտարերկրացու անձնագրի (առկայության դեպքում) պատճենը: Սույն կետով նախատեսված տեղեկությունները ներկայացվում են Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմնի կողմից սահմանված ձևին համապատասխան:

6. Տվյալների բանկից օգտվելու իրավունք ունեն`

1) Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմը, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմինը, ոստիկանության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմինը, արտաքին գործերի բնագավառում լիազորված պետական կառավարման մարմինը, սահմանային հսկողություն իրականացնող լիազոր մարմինը.

2) օրենքով նախատեսված դեպքերում` Հայաստանի Հանրապետության դատարանները, Հայաստանի Հանրապետության քրեական հետապնդում իրականացնող մարմինները:

7. Տվյալների բանկից օգտվելու համար` սույն կարգի 6-րդ կետում նշված մարմինները գրավոր հարցումներ են ներկայացնում Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմին, որը ոչ ուշ, քան 5 աշխատանքային օրվա ընթացքում պատասխանում է դրանց:

8. Անցանկալի համարվող օտարերկրացիների մասին տեղեկությունները տվյալների բանկից հանվում են սույն կարգի 3-րդ կետում նշված հիմքերը վերանալուց հետո անհապաղ` դրանք ներկայացրած մարմինների գրավոր միջնորդությունների հիման վրա:

9. Սույն կարգի 6-րդ կետի 1-ին ենթակետում նշված պետական մարմինների ղեկավարները հրամանով սահմանում են այն պաշտոնների ցանկը, որոնք զբաղեցնող անձինք իրավունք ունեն ստորագրելու գրավոր հարցումները: Հրամանի մեկ օրինակն ուղարկվում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմին:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
16.05.2024, N 714-Ն 18.05.2024, N 115-Ն
24.08.2023, N 1427-Ն 03.09.2023, N 115-Ն
26.03.2020, N 405-Ն 03.04.2020, N 115-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան