«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
11 մարտի 2008 թ.
Պետական գրանցման թիվ 05008078
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
12 փետրվարի 2008 թ. |
|
թիվ 44-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՍԱՀՄԱՆԱՉԱՓԵՐԸ, ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ, ՀԱՇՎԱՐԿՈՒՄ ՄԱՍՆԱԿՑՈՂ ՏԱՐՐԵՐԻ ԿԱԶՄԸ, ՍԱՀՄԱՆՎԱԾ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՉԱՓԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 4/02-Ը ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասը և «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետը, 71-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը և 3-րդ մասը, 72-րդ և 73-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Ներդրումային ընկերությունների հիմնական տնտեսական նորմատիվները, դրանց սահմանաչափերը, հաշվարկման կարգը, հաշվարկում մասնակցող տարրերի կազմը, սահմանված տնտեսական նորմատիվների խախտումների չափը» կանոնակարգ 4/02-ը` համաձայն հավելվածի (կցվում է):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2008 թվականի ապրիլի 1-ից, բացառությամբ սույն որոշմամբ հաստատված «Ներդրումային ընկերությունների հիմնական տնտեսական նորմատիվները, դրանց սահմանաչափերը, հաշվարկման կարգը, հաշվարկում մասնակցող տարրերի կազմը, սահմանված տնտեսական նորմատիվների խախտումների չափը» կանոնակարգ 4/02-ի 2-րդ գլխի 3-րդ կետի, որն ուժի մեջ է մտնում 2009 թվականի հունվարի 1-ից:
3. 2008 թվականի հունիսի 30-ից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի ««Մասնագիտացված անձանց գործունեության տնտեսական նորմատիվները, դրանց սահմանաչափերը, հաշվարկման կարգը և հաշվարկում օգտագործվող մեծությունների կազմը» կանոնակարգ 42-ը հաստատելու մասին» թիվ 145-Ն որոշումը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
|
Հավելված |
Հաստատված է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի փետրվարի 12-ի թիվ 44-Ն որոշմամբ |
ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 4/02
ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՍԱՀՄԱՆԱՉԱՓԵՐԸ, ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ, ՀԱՇՎԱՐԿՈՒՄ ՄԱՍՆԱԿՑՈՂ ՏԱՐՐԵՐԻ ԿԱԶՄԸ, ՍԱՀՄԱՆՎԱԾ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՉԱՓԸ
Գ Լ ՈՒ Խ 1
ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ
Սույն կանոնակարգը սահմանում է ներդրումային ընկերությունների գործունեության պարտադիր տնտեսական նորմատիվները (այսուհետ` նորմատիվ), դրանց սահմանաչափերը, հաշվարկման կարգը, հաշվարկում մասնակցող տարրերի կազմը և սահմանված տնտեսական նորմատիվների խախտումների չափը:
Գ Լ ՈՒ Խ 2
ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՍԱՀՄԱՆԱՉԱՓԵՐԸ
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը ներդրումային ընկերությունների համար սահմանում է ներդրումային ընկերությունների կանոնադրական կապիտալի և ընդհանուր կապիտալի նվազագույն չափերի նորմատիվը:
2. Ներդրումային ընկերության ընդհանուր կապիտալի նվազագույն չափը սահմանվում է.
1) 20 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամ, եթե ներդրումային ընկերությունը չի տիրապետում հաճախորդի միջոցներին (արժեթղթերին և (կամ) դրամական միջոցներին) և իրավունք ունի իրականացնել հաճախորդներից արժեթղթերով գործարքների կատարման հանձնարարականների ընդունում և հաղորդում,
2) 100 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամ, եթե ներդրումային ընկերությունն իրավունք ունի իրականացնել «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասի 2-ից 6-րդ կետերում նշված ներդրումային ծառայությունները և 26-րդ հոդվածի 1-ին կետում նշված ոչ հիմնական ծառայությունը,
3) 150 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամ, եթե ներդրումային ընկերությունն իր կանոնադրության համաձայն իրավունք ունի իրականացնել վարկային կազմակերպության գործունեություն,
3. Ներդրումային ընկերության կանոնադրական կապիտալի նվազագույն չափը սահմանվում է սույն գլխի 2-րդ կետով սահմանված ընդհանուր կապիտալի նվազագույն չափին համապատասխան:
4. Ներդրումային ընկերությունը տիրապետում է հաճախորդի միջոցներին (արժեթղթերին և (կամ) դրամական միջոցներին), եթե այդ ընկերությունը հաճախորդի միջոցները պահում է իր հաշվում կամ փաստացի հնարավորություն ունի տիրապետել դրանք:
5. Մեկից ավելի գործունեությունների իրականացման դեպքում ներդրումային ընկերության նկատմամբ կիրառվում է դրանցից յուրաքանչյուրի համար սահմանված նորմատիվի այն սահմանաչափը, որն ավելի խիստ է:
Գ Լ ՈՒ Խ 3
ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՀԱՇՎԱՐԿՈՒՄ ՄԱՍՆԱԿՑՈՂ ՏԱՐՐԵՐԻ ԿԱԶՄԸ
6. Ներդրումային ընկերության ընդհանուր կապիտալը նրա հիմնական (առաջնային) և լրացուցիչ (երկրորդային) կապիտալների հանրագումարն է՝ համապատասխան նվազեցումները կատարելուց հետո: Ընդ որում, ընդհանուր կապիտալի մեծությունը հաշվարկելիս լրացուցիչ կապիտալը հիմնական կապիտալի հաշվարկում ընդգրկվում է հիմնական կապիտալի (սույն կանոնակարգի 8-րդ կետի համաձայն կատարվող նվազեցումները հաշվի առած) առավելագույնը 50%-ի չափով:
7. Ներդրումային ընկերության հիմնական կապիտալը հետևյալ տարրերի հանրագումարի և հիմնական կապիտալի մեծությունից նվազեցվող տարրերի տարբերությունն է՝
1) վճարված կանոնադրական կապիտալ, ներառյալ բաժնետոմսերի հավելավճար,
2) չբաշխված շահույթ,
3) գլխավոր պահուստ:
8. Հիմնական կապիտալի մեծությունից նվազեցվող տարրերն են.
1) ոչ նյութական ակտիվների (այդ թվում՝ շահագործումից դուրս) հաշվեկշռային արժեքը (բացառությամբ ներդրումային ընկերության կողմից ներդրումային ծառայությունների ընթացքում օգտագործվող համակարգչային ծրագրերի և դրանց օգտագործման իրավունքների վճարումների),
2) ներդրումային ընկերության կողմից հետ գնված կամ ձեռք բերված սեփական բաժնետոմսերի կամ բաժնեմասերի գումարը,
3) բանկի, վարկային կազմակերպության կամ այլ ներդրումային ընկերության կանոնադրական կապիտալներում իրականացված ներդրումների հաշվեկշռային արժեքը, բացառությամբ, եթե այդ ներդրումը կատարվել է առևտրական նպատակներով այնպիսի բաժնային արժեթղթերում, որոնք «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հրապարակային առաջարկի առարկա են կամ թույլատրվել են կարգավորվող շուկայում (այդ թվում՝ ֆոնդային բորսայում) առևտրին,
4) ներդրումային ընկերության սեփականությունը հանդիսացող և ներդրումային ծառայությունների համար չօգտագործվող նյութական ակտիվների (հիմնական միջոցների և այլ նյութական ակտիվների, այդ թվում՝ գրավի տնօրինման արդյունքում կամ այլ պահանջներից առաջացած սեփականացված ակտիվների, շահագործումից դուրս այլ հիմնական միջոցների, ինչպես նաև ներդրումային ծառայությունների համար չօգտագործվող հիմնական միջոցների վրա կատարված կապիտալ ներդրումների) հաշվեկշռային արժեքը` այդ ակտիվները օրենքով սահմանված կարգով ներդրումային ընկերության սեփականությունը համարվելու օրվանից վեց ամիս հետո,
5) ներդրումային ընկերության սեփականությունը հանդիսացող և ներդրումային ծառայությունների համար օգտագործվող այն նյութական ակտիվների (ներառյալ այդ ակտիվների վրա կատարված կապիտալ ներդրումների) հաշվեկշռային արժեքը, որոնց որևէ մասը վարձակալությամբ կամ անհատույց օգտագործման իրավունքով տրվել է այլ անձանց,
6) ներդրումային ընկերության սեփականությունը հանդիսացող և ներդրումային ծառայությունների համար օգտագործվող նյութական ակտիվների հաշվեկշռային արժեքը (հիմնական միջոցների, այդ թվում՝ անշարժ գույքի (շենքերի և շինությունների), այլ հիմնական միջոցների, ինչպես նաև ներդրումային ծառայությունների համար օգտագործվող հիմնական միջոցների վրա կատարված կապիտալ ներդրումների) սույն կանոնակարգի 7-րդ կետի 1-ից 3-րդ ենթակետերում նշված մեծությունների հանրագումարի 25 տոկոսը գերազանցող գումարի չափով,
7) ներդրումային ընկերության վարձակալած հիմնական միջոցի բարելավմանն ուղղված կապիտալ ներդրումների հաշվեկշռային մնացորդը,
8) այլ անձանց (բացառությամբ սույն գլխի 8-րդ կետի 3-րդ ենթակետում նշված անձանց) կանոնադրական կապիտալներում իրականացված ներդրումների հաշվեկշռային արժեքը, բացառությամբ՝
ա. այն արժեթղթերի, որոնք «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հրապարակային առաջարկի առարկա են կամ թույլատրվել են կարգավորվող շուկայում (այդ թվում՝ ֆոնդային բորսայում) առևտրին, կամ
բ. այն օտարերկրյա արժեթղթերի, որոնք Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված օտարերկրյա պետությունների ցանկում ընդգրկված որևէ պետությունում թույլատրված են հրապարակային առաջարկին (վաճառքին) և (կամ) առևտրին՝ տվյալ պետության արժեթղթերի օրենսդրությամբ սահմանված կարգով, կամ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված՝ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գործող կարգավորվող շուկաների ցանկում ընդգրկված որևէ կարգավորվող շուկայում թույլատրված են առևտրին՝ տվյալ կարգավորվող շուկայի կանոններով սահմանված կարգով,
9) ներդրումային ընկերության հետ փոխկապակցված անձանց տրամադրված փոխառությունները (այդ թվում` պարտատոմսերը և պարտքային այլ արժեթղթերը) և ցանկացած այլ գումարները, նրանց նկատմամբ այլ պահանջները, բացառությամբ՝ նրանց նկատմամբ ներդրումային ծառայությունների շրջանակում մատուցած ծառայությունների պայմանագրերից բխող դեբիտորական պարտքերի, փոխկապակցված բանկերում բանկային հաշիվների և ավանդների,
10) ցանկացած անձի (բացառությամբ սույն գլխի 8-րդ կետի 9-րդ ենթակետում նշված անձանց) տրամադրված փոխառություններ (այդ թվում` պարտատոմսերի և պարտքային այլ արժեթղթերի միջոցով) և այլ գումարներ, ինչպես նաև ցանկացած անձի պարտավորությունների կատարումն ապահովող այլ միջոցներ, բացառությամբ՝
ա. ներդրումային ծառայությունների շրջանակում մատուցած ծառայությունների պայմանագրերից բխող դեբիտորական պարտքերի,
բ. բանկերին և վարկային կազմակերպություններին տրամադրված միջոցների,
գ. այն արժեթղթերի, որոնք «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հրապարակային առաջարկի առարկա են կամ թույլատրվել են կարգավորվող շուկայում (այդ թվում՝ ֆոնդային բորսայում) առևտրին, կամ
դ. այն օտարերկրյա արժեթղթերի, որոնք Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված օտարերկրյա պետությունների ցանկում ընդգրկված որևէ պետությունում թույլատրված են հրապարակային առաջարկին (վաճառքին) և (կամ) առևտրին՝ տվյալ պետության արժեթղթերի օրենսդրությամբ սահմանված կարգով, կամ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված՝ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գործող կարգավորվող շուկաների ցանկում ընդգրկված որևէ կարգավորվող շուկայում թույլատրված են առևտրին՝ տվյալ կարգավորվող շուկայի կանոններով սահմանված կարգով,
11) հիմնական կապիտալի հաշվարկից նվազեցվող՝ ներդրումային ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող ֆինանսական ակտիվների վերաչափումից ստացված օգուտը,
12) աշխատակիցներին տրված առհաշիվ գումարներ, կանխավճարներ և ցանկացած այլ գումարներ, որոնք գերազանցում են ընդհանուր կապիտալի 2 տոկոսը,
13) ապրանքների, աշխատանքների, ծառայությունների ձեռքբերման համար կատարված կանխավճարներ կամ առհաշիվ տրված գումարներ այլ անձանց, որոնք գերազանցում են ընդհանուր կապիտալի 2 տոկոսը,
14) 30 օրից ավելի ժամկետանց, վերանայված պայմաններով կամ վերաֆինանսավորված ստացվելիք ցանկացած գումարները, որոնք չեն հանդիսանում ներդրումային ծառայությունների շրջանակում մատուցած ծառայությունների պայմանագրերից բխող դեբիտորական պարտավորություններ: Վերանայված պայմաններով ակտիվներն այն ակտիվներն են, որոնք պայմանագրի համաձայն վերաֆինանսավորվել են, կամ որոնց մարման ժամկետները կամ այլ պայմանները վերանայվել (վերաձևակերպվել) են, գումարները փոխանցվել են ակտիվային (վարկային) նոր գործիքներին, կամ պայմանները վերանայվել են այլ կերպ: Վերաֆինանսավորված ակտիվներն այն ակտիվներն են, որոնց մարումն իրականացվել է նոր ստանձնած պարտավորությունների աղբյուրների հաշվին:
9. Լրացուցիչ կապիտալը բաղկացած է հիմնական կապիտալի հաշվարկից չնվազեցվող ակտիվների վերագնահատման (վերաչափման) պահուստներից:
10. Սույն կանոնակարգի իմաստով՝ ներդրումային ծառայությունների մատուցման համար օգտագործվող նյութական ակտիվներ են այն ակտիվները, որոնք ներդրումային ընկերության կողմից օգտագործվում են «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ներդրումային ծառայություններ մատուցելու համար: Ընդ որում, ներդրումային ծառայությունների համար օգտագործվող սեփական շենքեր և շինություններ (անշարժ գույք) են համարվում այն նյութական ակտիվները, որտեղ ներդրումային ընկերությունները և (կամ) նրա մասնաճյուղերը մատուցում են «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ներդրումային ծառայություններ, ինչպես նաև այն շենքերը և շինությունները, որոնք զբաղեցված են ներդրումային ընկերությունների ներկայացուցչությունների կողմից:
11. Ներդրումային ընկերությունը պետք է յուրաքանչյուր ամսվա միջին օրական հաշվարկով (ամսվա ընթացքում ընդհանուր կապիտալի օրական մեծությունների հանրագումարը հարաբերած ամսվա տվյալ օրերի թվին) ապահովի ընդհանուր կապիտալի նվազագույն մեծությունը:
Գ Լ ՈՒ Խ 4
ՍԱՀՄԱՆՎԱԾ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՉԱՓԸ, ՈՐԻ ԴԵՊՔՈՒՄ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆ ԿԱՐՈՂ Է ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉՎԵԼ
12. Ներդրումային ծառայությունների մատուցման լիցենզիան ուժը կորցրած ճանաչելը, որպես պատասխանատվության միջոց, կարող է կիրառվել տնտեսական նորմատիվների սահմանված չափերից 10 և ավելի տոկոս նվազման դեպքում՝ յուրաքանչյուր նորմատիվի համար:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|