Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (23.05.2008-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2008.06.18/38(628)
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
23.05.2008
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
23.05.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.05.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Վերաքննիչ քաղաքացիական

դատարանի վճիռ

Քաղաքացիական գործ թիվ 07-3801

Քաղաքացիական գործ թիվ 3-308(ՎԴ)
2008 թ.

Նախագահող դատավոր՝ Դ. Խաչատրյան  

Դատավորներ՝ Վ. Ավանեսյան

               Գ. Մատինյան

 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Հ. Մանուկյանի

մասնակցությամբ դատավորներ

Ա. Մկրտումյանի

 

Վ. Աբելյանի

 

Ս. Սարգսյանի

 

Դ. Ավետիսյանի

Հ. Ղուկասյանի

 

Ս. Օհանյանի

 

2008 թվականի մայիսի 23-ին

 

դռնբաց դատական նիստում, քննելով Ս.Աղաբաբյանի վճռաբեկ բողոքը Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30.11.2007 թվականի վճռի դեմ՝ ըստ հայցի Էդիկ, Անահիտ, Անժելա, Գարիկ, Էթերա Աղաբաբյանների ընդդեմ Սերյոժա Աղաբաբյանի, Զարուհի Հարությունյանի, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Արտաշատի տարածքային ստորաբաժանման (այսուհետ` Կադաստր), Արտաշատի քաղաքապետարանի` անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցումը մասնակի անվավեր ճանաչելու և փոփոխության ենթարկելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 

Դիմելով դատարան` Էդիկ, Անահիտ, Անժելա, Գարիկ, Էթերա Աղաբաբյանները պահանջել են մասնակիորեն անվավեր ճանաչել Արտաշատի Ա.Խաչատրյան փողոցի թիվ 22 տան նկատմամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը` Զարուհի Հարությունյանին հանելով համասեփականատերերի կազմից, և նշված տան նկատմամբ կատարել Էդիկ, Անահիտ, Անժելա, Գարիկ, Էթերա Աղաբաբյանների համասեփականության իրավունքի պետական գրանցում:

Արարատի մարզի առաջին ատյանի դատարանի (այսուհետ` Դատարան) 07.09.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն:

Վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 30.11.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Սերյոժա Աղաբաբյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով:

1) Վերաքննիչ դատարանը կիրառել է նախկին ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 127-րդ հոդվածը, «Գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածը, որոնք չպետք է կիրառեր, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ, 218-րդ հոդվածների պահանջները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Նախկին ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 127-րդ հոդվածի համաձայն` կոլտնտեսային ծխի գույքը պատկանում է նրա անդամներին համատեղ սեփականության իրավունքով: Սույն գործում որևէ ապացույց առկա չէ այն մասին, որ վիճելի հասցեի բնակելի տունը հանդիսացել է կոլտնտեսային ծխի գույք, հետևաբար, նշված նորմը սույն գործով կիրառելի չէ: Նախկինում գործող «Գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածը վերաբերել է գյուղացիական տնտեսություններ վարելու և հողամասեր տրամադրելու կարգին, որը որևէ առնչություն չունի վիճելի բնակելի տան հետ, հետևաբար, նշված նորմը ևս կիրառելի չէ:

Բացի այդ, գործով հիմնավորվել է, որ դեռևս 1958 թվականից վիճելի բնակելի տունը սեփականության իրավունքով պատկանել է Սերյոժա Աղաբաբյանին, որպիսի հանգամանքը հիմնավորվել է բնակելի տան գույքաթերթերով և տեխնիկական անձնագրով: Էդիկ, Անահիտ, Անժելա, Գարիկ, Էթերա Աղաբաբյանները Սերյոժա Աղաբաբյանի հետ մասնակցել են միայն հողի սեփականաշնորհմանը, որից էլ հետագայում հրաժարվել են: Այսինքն` բնակելի տունը չի հանդիսացել սեփականաշնորհման օբյեկտ, հետևաբար, Էդիկ, Անահիտ, Անժելա, Գարիկ, Էթերա Աղաբաբյանները չէին կարող համարվել համասեփականատերեր:

Վերաքննիչ դատարանը խախտել է նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի պահանջը, այն է` չի կատարել գործում առկա ապացույցների բազմակողմանի, օբյեկտիվ հետազոտություն, ինչի արդյունքում հանգել է սխալ հետևության:

Վերաքննիչ դատարանը չի նշել նաև, թե որ ապացույցների հաստատման և որ ապացույցների հերքման արդյունքում է հանգել այդպիսի հետևության, այսինքն` Վերաքննիչ դատարանը չի տվել վճռի փաստական հիմնավորումը` խախտելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 218-րդ հոդվածի պահանջը:

2) Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածը, որը պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Հայցվորները պահանջել են Զարուհի Հարությունյանի մասով անվավեր ճանաչել բնակելի տան սեփականության իրավունքի գրանցման վկայականը, մինչդեռ դատարանը դուրս գալով հայցապահանջի շրջանակներից անվավեր է ճանաչել տան նկատմամբ Զարուհի Հարությունյանի սեփականության իրավունքի պետական գրանցումը:

Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 30.11.2007 թվականի վճռի՝ բնակելի տան սեփականության իրավունքի գրանցման վկայականն անվավեր ճանաչելու մասը և այդ մասով քաղաքացիական գործի վարույթը կարճել, իսկ մնացած մասով օրինական ուժ տալ Արարատի մարզի առաջին ատյանի դատարանի 07.09.2007 թվականի վճռին:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունի հետևյալ փաստը՝

1) 15.05.1966 թվականի առուվաճառքի պայմանագրի համաձայն` Գալուստ Բեգլարյանը իրեն պատկանող կիսակառույց տունը 1.500 խորհրդային ռուբլով վաճառել է Սերյոժա Աղաբաբյանին:

2) 1970 թվականի գույքաթերթի և 1986 թվականի բնակելի տան տեխնիկական անձնագրի համաձայն` վեճի առարկա բնակելի տունը սեփականության իրավունքով պատկանել է Սերյոժա Աղաբաբյանին:

3) Սույն քաղաքացիական գործով Դատարանում գործի քննության ընթացքում փոփոխվել է հայցապահանջը Զարուհի Հարությունյանի մասով բնակելի տան սեփականության իրավունքի գրանցման վկայականը անվավեր ճանաչելու մասով: Պահանջվել է անվավեր ճանաչել վեճի առարկա տան նկատմամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ.

1) Վճռաբեկ բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

Նախկին ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 127-րդ հոդվածի համաձայն` կոլտնտեսային ծխի գույքը պատկանում է նրա անդամներին համատեղ սեփականության իրավունքով:

Սույն քաղաքացիական գործի քննության ժամանակ գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 218-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի համաձայն՝ վճռի մեջ պետք է նշվեն վերաքննիչ դատարանի կողմից պարզված գործի հանգամանքները, ապացույցները, որոնց վրա հիմնված են վերաքննիչ դատարանի հետևություններն այդ հանգամանքների մասին, և փաստարկները, որոնցով վերաքննիչ դատարանը մերժում է այս կամ այն ապացույցները, ինչպես նաև այն օրենքները, ՀՀ միջազգային պայմանագրերը և այլ իրավական ակտերը, որոնցով ղեկավարվել է վերաքննիչ դատարանը վճիռ կայացնելիս:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ յուրաքանչյուր դեպքում դատարանը պարտավոր է տալ վճռի թե´ փաստական և թե´ իրավական հիմնավորումները:

Վճռի իրավական հիմնավորումը կայանում է հաստատված փաստերի և իրավահարաբերությունների նկատմամբ նյութական իրավունքի համապատասխան նորմի կամ նորմերի ընտրության և կիրառման մեջ, այն նորմի (նորմերի), որի հիման վրա դատարանը եզրակացություն է անում վիճելի իրավահարաբերության առկայության կամ բացակայության մասին:

Վճռում ոչ միայն պետք է ցույց տալ նորմատիվ ակտի այս կամ այն հոդվածը, որում ամրագրված է կիրառման ենթակա նորմը, այլ պետք է պատճառաբանվի, թե հատկապես ինչու պետք է կիրառվի հենց այդ նորմը:

Վճռի իրավական հիմնավորումը բնութագրում է ինչպես դատարանի, այնպես էլ նրա վճռի իրավակիրառ գործառույթը, ընդգծում դատական գործունեության և դատական վճռի օրինականությունը (տե´ս ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն ընդդեմ «Քնար-88» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության, քաղ. գործ թիվ 3-2504(ՏԴ) (գումար բռնագանձելու պահանջով)):

Մինչդեռ, սույն քաղաքացիական գործով Վերաքննիչ դատարանը հայցի բավարարման հիմքում դրել է այն հանգամանքը, որ վեճի առարկա գույքը կոլտնտեսային ծխի գույք է, սակայն չի հիմնավորել իր այդ եզրահանգումը:

Մասնավորապես, սույն քաղաքացիական գործում առկա չէ որևէ ապացույց այն մասին, որ վեճի առարկա գույքը կոլտնտեսային ծխի գույք է:

Սույն քաղաքացիական գործի փաստերի համաձայն՝ Սերյոժա Աղաբաբյանը որևէ կոլտնտեսության անդամ չի եղել, հետևաբար, նրան պատկանող գույքը չէր կարող համարվել կոլտնտեսային ծխի գույք: Հիմք ընդունելով վերոնշյալը Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վեճի առարկա գույքը չէր կարող պատկանել ընտանիքի բոլոր անդամներին նախկին ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 127-րդ հոդվածի հիմքով:

Դեռ ավելին, սույն քաղաքացիական գործով հիմնավորվում է այն հանգամանքը, որ վեճի առարկա գույքը սեփականության իրավունքով պատկանել է միայն Սերյոժա Աղաբաբյանին:

2) Վճռաբեկ բողոքը երկրորդ հիմքով անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի առաջին կետի համաձայն՝ դատարանը կարճում է գործի վարույթը, եթե վեճը ենթակա չէ դատարանում քննության:

Սույն քաղաքացիական գործով Դատարանում գործի քննության ընթացքում փոփոխվել է հայցապահանջը Զարուհի Հարությունյանի մասով բնակելի տան սեփականության իրավունքի գրանցման վկայականը անվավեր ճանաչելու մասով: Պահանջվել է անվավեր ճանաչել վեճի առարկա տան նկատմամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը:

Հիմք ընդունելով վերոգրյալը Վճռաբեկ դատարանը գտնում է, որ անհիմն է վճռաբեկ բողոքի սույն հիմքի փաստարկը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի առաջին կետի խախտման վերաբերյալ:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի առաջին հիմքի հիմնավոր լինելը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարություն օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով վերանայվող դատական ակտը բեկանելու համար:

Միաժամանակ, ՀՀ վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի առաջին մասի 6-րդ կետով սահմանված՝ առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու` ՀՀ վճռաբեկ դատարանի լիազորությունը, հետևյալ հիմնավորմամբ. «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Առաջին ատյանի դատարանի դատական ակտին ուժ տալու համար Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30.11.2007 թվականի վճիռը և օրինական ուժ տալ Արարատի մարզի առաջին ատյանի դատարանի 07.09.2007 թվականի վճռին:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Հ. Մանուկյան

Դատավորներ`

Ա. Մկրտումյան

 

Վ. Աբելյան

 

Ս. Սարգսյան

 

Դ. Ավետիսյան

 

Հ. Ղուկասյան

 

Ս. Օհանյան