Գլխավոր տեղեկություն
Համար
N 432
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (17.05.2001-15.04.2002)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1999.07.16/19(85)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
10.06.1999
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
10.06.1999
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
10.06.1999
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.06.1999

040.0432.10.06.99

 

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան

10 հունիսի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 հունիսի 1999 թվականի N 432
քաղ. Երևան 

 

ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՀԱՏԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել աղետի գոտու բնակավայրերում բնակարանների արտահերթ հատկացման կարգը (կցվում է):

2. Ուժը կորցրած ճանաչել Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի և Արհեստակցական միությունների հայկական հանրապետական խորհրդի 1989 թվականի հուլիսի 25-ի «Երկրաշարժից տուժած քաղաքացիներին Հայկական ԽՍՀ բնակավայրերում հաշվառման վերցնելու և բնակարան հատկացնելու կարգի մասին» N 371, Հայկական ԽՍՀ Միությունների խորհրդի և Արհեստակցական միությունների հայկական հանրապետական խորհրդի 1990 թվականի փետրվարի 23-ի «Հայկական ԽՍՀ երկրաշարժից տուժած բնակավայրերում քաղաքացիների հատկացման կարգի մասին ժամանակավոր կանոնադրության մեջ փոփոխություններ մտցնելու մասին» N 90 և Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի մարտի 7-ի «ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի և ՀԱՄԽ-ի 1990 թվականի փետրվարի 23-ի N 90 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 147 որոշումները:

21. 2001 թվականի համար աղետի գոտու բնակավայրերում արտահերթ բնակարան ստանալու իրավունք ունեցող հաշվառման վերցված քաղաքացիների ցուցակների ճշգրտման գործընթացը` Գյումրի և Սպիտակ քաղաքների համար, ավարտել մինչև 2001 թվականի մայիսի 20-ը:

(21 կետը լրաց. 17.05.01 N 433)

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի հունիսի 10-ից:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Վ. Սարգսյան

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 1999 թ.
հունիսի 10-ի N 432 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

աղետի գոտու բնակավայրերում քաղաքացիներին բնակարանների արտահերթ հատկացման

 

I. Աղետի գոտու բնակավայրերում բնակարան արտահերթ ստանալու իրավունք ունեցող քաղաքացիների հաշվառումը

 

1. Սույն կարգով կարգավորվում է աղետի գոտու բնակավայրերում բնակարան արտահերթ ստանալու իրավունք ունեցող քաղաքացիների հաշվառման, նրանց հաշվառումից հանելու և այդ բնակարանները վարձակալության հանձնելու (հատկացնելու) կարգը:

2. Բնակարան արտահերթ ստանալու իրավունք ունեն այն քաղաքացիները և նրանց ընտանիքի անդամները, որոնց կացարանները (բնակարանը, բնակելի տունը, տան մի մասը) երկրաշարժի հետևանքով քանդվել կամ բնակվելու համար դարձել են ոչ պիտանի:

3. Աղետի գոտու բնակավայրերում բնակարան արտահերթ ստանալու իրավունք ունեցող քաղաքացիների հաշվառումն իրականացնում է նրանց մշտական բնակավայրի համայնքի ղեկավարը:

4. Բնակարան ստանալու համար քաղաքացիները դիմումները ներկայացնում են ըստ բնակության վայրի` համայնքի ղեկավարին:

Դիմումի մեջ նշվում են ընտանիքի անդամների, այդ թվում` ժամանակավոր բացակայողների թիվը, ժամանակավոր բնակության հասցեն: Անհրաժեշտության դեպքում դիմումին կցվում է նաև տեղեկանք լրացուցիչ բնակտարածությունից օգտվելու իրավունքի մասին:

Դիմումները գրանցվում են դիմումների գրանցման մատյանում` համաձայն սույն կարգի N 1 հավելվածի:

5. Քաղաքացիների դիմումների հաշվառումը վարում է համայնքի ղեկավարի աշխատակազմի համապատասխան բաժինը կամ աշխատողը:

6. Դիմումում նշված տեղեկությունները և դիմում ներկայացրած քաղաքացիների բնակարանային պայմաններն ստուգում է համայնքի ղեկավարի կողմից ստեղծված բնակարանային հարցերի հանձնաժողովը:

Ստուգման արդյունքներով կազմվում է ակտ` համաձայն սույն կարգի N 2 հավելվածի:

7. Քաղաքացիների դիմումներն անհրաժեշտ փաստաթղթերի հետ միասին մեկամսյա ժամկետում քննության են առնվում համայնքի ղեկավարի կողմից (անհրաժեշտության դեպքում` դիմողի ներկայությամբ) և դրա վերաբերյալ ընդունվում է որոշում` հաշվի առնելով բնակարանային հարցերի հանձնաժողովի կարծիքը:

Հաշվառման վերցված քաղաքացիները, ինչպես նաև այն քաղաքացիները, որոնց մերժել են, մեկշաբաթյա ժամկետում այդ մասին գրավոր իրազեկվում են:

Համայնքի ղեկավարի որոշման հետ չհամաձայնելու դեպքում քաղաքացիները կարող են այն բողոքարկել դատարան:

Հրապարակայնությունն ապահովելու նպատակով հաստատված ցուցակները փակցվում են տեսանելի տեղերում:

8. Հաշվառման վերցված քաղաքացիների ցուցակները ենթակա են ճշգրտման մինչև յուրաքանչյուր տարվա մարտի 1-ը և մեկամսյա ժամկետում հաստատվում են համայնքի ղեկավարի կողմից:

9. Հաշվառման վերցվածների ազգանունները` գրանցվում են բնակարանի կարիք ունեցող քաղաքացիների հաշվառման մատյանում` համաձայն սույն կարգի N 3 հավելվածի: Հաշվառման մատյանը պետք է համարակալված, ժապավենավորված և ստորագրված լինի համայնքի ղեկավարի կողմից: Հաշվառման մատյանը կնքված համայնքի ղեկավարի աշխատակազմի կնիքով, պահվում է որպես խիստ հաշվառման փաստաթուղթ և դրանում ուղղումներ կատարել չի թույլատրվում:

10. Հաշվառման վերցված յուրաքանչյուր քաղաքացու համար կազմվում է հաշվառման գործ, որի մեջ պահվում են անհրաժեշտ փաստաթղթերը: Փաստաթղթերի ցուցակն ստորագրում է հաշվառման վերցված քաղաքացին: Քաղաքացիների հաշվառման գործերի համարները պետք է համընկնեն հաշվառման մատյանում նրանց ազգանունների դիմաց նշված համարներին:

11. Եթե հաշվառման մեջ գտնվող քաղաքացին մշտական բնակության է մեկնել այլ վայր, մահացել է կամ այլ հիմքերով կորցրել է հաշվառման մեջ մնալու իրավունքը, ապա նրա հետ միասին հաշվառման վերցված նրա ընտանիքի անդամների համար պահպանվում է հաշվառման մեջ գտնվելու իրավունքը, եթե չեն վերացել տվյալ ընտանիքը բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող համարվելու հիմքերը:

12. Քաղաքացիները հաշվառումից հանվում են, եթե`

ա) հաշվառման վերցված անձանց բնակարանային պայմանները բարելավվել են, որի կապակցությամբ վերացել են հաշվառման մեջ գտնվելու հիմքերը.

բ) հաշվառման վերցված անձինք մշտական բնակության են փոխադրվել այլ բնակավայր.

գ) բնակարանային պայմանների բարելավման կարիք ունենալու մասին ներկայացվել են իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ:

Քաղաքացիներին հաշվառումից հանում է համապատասխան համայնքի ղեկավարը:

Քաղաքացիները հրավիրվում են այն նիստին, որտեղ քննարկվում է նրանց հաշվառումից հանելու հարցը: Առանց հարգելի պատճառների նիստին քաղաքացիների չներկայանալը հարցի լուծման համար խոչընդոտ չի հանդիսանում:

Ընդունված որոշման մասին քաղաքացիներին հայտնվում է գրավոր:

 

II. Աղետի գոտու բնակավայրերում քաղաքացիներին բնակարանների արտահերթ հատկացման կարգը

 

13. Բնակարանը հատկացվում է հաստատված ցուցակներին համապատասխան:

14. Կառուցվող տներում բնակարանները քաղաքացիներին բաշխվում են մինչև բնակելի տան հարդարման աշխատանքներն սկսելը, որպեսզի նրանք հնարավորություն ունենան իրենց ցանկությամբ ու իրենց հաշվին կատարել բարելավված հարդարում և տեղակայեն անհրաժեշտ սարքավորումներ:

15. Բնակարանները բաշխելիս սոցիալական արդարությունն ու հրապարակայնությունն ապահովելու նպատակով`

ա) համայնքի ղեկավարն ստեղծում է բնակարանային հարցերի հանձնաժողով, որի կազմի մեջ մտնում են համայնքի ղեկավարը (հանձնաժողովի նախագահ), համայնքի ավագանու անդամներ, համապատասխան մարզպետարանի բնակարանային և առողջապահական մարմինների ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Բնակարանների հատկացման հարցերը լուծելիս հաշվի են առնվում նշված հանձնաժողովների առաջարկությունները.

բ) քաղաքացիներին բնակարան հատկացնելու մասին որոշումները հրապարակվում են տեղական մամուլում:

16. Բնակելի տարածությունները քաղաքացիներին հատկացվում են սույն կետով սահմանված նորմաների սահմաններում, սակայն վարձակալի և նրա ընտանիքի անդամների կողմից նախկինում զբաղեցրած սենյակների թվից ոչ ավելի:

Բնակելի տարածությունը հատկացվում է`

մեկսենյականոց բնակարանը` միևնույն սեռի կամ տարբեր սեռի երկու մարդուց բաղկացած ընտանիքին, եթե երեխան ինը տարեկանից փոքր է, ինչպես նաև ամուսիններին.

երկուսենյականոց բնակարանը` ինը տարեկանից մեծ տարբեր սեռի երկու մարդուց (բացի ամուսիններից) և երեք մարդուց բաղկացած ընտանիքին.

երեքսենյականոց բնակարանը` չորս-հինգ մարդուց բաղկացած ընտանիքին.

չորսսենյականոց բնակարանը` վեց-յոթ մարդուց բաղկացած ընտանիքին:

Քաղաքացիների առանձին կատեգորիաների բնակելի տարածության նորմաներից ավելի, լրացուցիչ բնակելի տարածություն հատկացվում է մեկ սենյակի կամ տասը քառակուսի մետրի չափով: Որոշ քրոնիկ հիվանդությունների ծանր տեսակներով տառապող քաղաքացիներին, ինչպես նաև այն քաղաքացիներին, որոնք այդ տարածությունն անհրաժեշտ է կատարած աշխատանքի պայմաններից ու բնույթից ելնելով, լրացուցիչ բնակելի տարածության չափը կարող է մեծացվել:

Լրացուցիչ բնակելի տարածության հատկացման կարգն ու պայմանները և այն ստանալու իրավունք ունեցող քաղաքացիների ցանկը սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

17. Մինչև բնակելի տարածություն հատկացնելու մասին որոշման ընդունումը բնակարանային հարցերի հանձնաժողովը նորից ստուգում է քաղաքացիների բնակարանային պայմանները և նրանց ներկայացրած փաստաթղթերը:

Բնակարան ստացող քաղաքացին և նրա ընտանիքի բոլոր չափահաս անդամները պարտավոր են տալ գրավոր պարտավորություն հատկացված բնակելի տարածությունում բնակեցումից հետո պետական ժամանակավոր կացարանը տասն օրվա ընթացքում նրանց կողմից ազատելու կամ իրեն պատկանող ժամանակավոր կացարանը քանդելու և հողամասն ազատելու մասին: Նման պարտավորություն ստանձնած քաղաքացու ստորագրությունը վավերացնում է համայնքի ղեկավարը:

18. Աղետի գոտու բնակավայրերում արտահերթ բնակելի տարածությունները հատկացվում են հետևյալ հերթականությամբ`

ա) երկրաշարժի հետևանքով 1-ին խմբի հաշմանդամ դարձած անձանց.

բ) երկրորդ համաշխարհային պատերազմի 1-ին խմբի հաշմանդամներին և սահմանված կարգով նրանց հավասարեցված անձանց.

գ) մանկությունից հաշմանդամ ունեցող ընտանիքներին.

դ) զինծառայողներից 1-ին խմբի հաշմանդամներին.

ե) աշխատանքի 1-ին խմբի հաշմանդամներին.

զ) երկրաշարժի հետևանքով լրիվ որբացած անչափահասներին.

է) կերակրողներից մեկին կորցրած` անչափահաս երեխա ունեցող, ինչպես նաև երեք և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքներին.

ը) միայնակ ծերերին.

թ) միայնակ մայրերին.

ժ) որբ երեխա որդեգրած անձանց.

ժա) երկրաշարժի հետևանքով 2-րդ խմբի հաշմանդամ դարձած անձանց.

ժբ) երկրորդ համաշխարհային պատերազմի 2-րդ խմբի հաշմանդամներին և սահմանված կարգով նրանց հավասարեցված անձանց.

ժգ) աշխատանքի 2-րդ խմբի հաշմանդամներին.

ժդ) զինծառայողներից 2-րդ խմբի հաշմանդամներին.

ժե) երկրաշարժի հետևանքով զոհ ունեցող ընտանիքներին.

ժզ) որոշ ծանր քրոնիկ այն հիվանդություններով տառապող անձանց, որոնք թվարկված են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված հիվանդությունների ցանկում.

ժէ) «Հերոսուհի մայր» կոչմանն արժանացած մայրերին.

ժը) Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զոհված ռազմիկների ընտանիքներին.

ժթ) երկրորդ համաշխարհային պատերազմում զոհված կամ անհայտ կորած ռազմիկների (պարտիզանների) և սահմանված կարգով նրանց հավասարեցված անձանց ընտանիքներին.

ի) երկրորդ համաշխարհային պատերազմի 3-րդ խմբի հաշմանդամներին և սահմանված կարգով նրանց հավասարեցված անձանց.

իա) պետական կամ հասարակական պարտականությունները կատարելիս կամ արտադրության մեջ դժբախտ պատահարի հետևանքով զոհված անձանց ընտանիքներին.

 իբ) սահմանված կարգով հաստատված ցուցակի համաձայն աշխատանքի վնասակար պայմաններով աշխատանքում 10 և ավելի տարի բարեխղճորեն աշխատած բանվորներին ու ծառայողներին.

իգ) ԽՍՀՄ և Հայաստանի ազգային հերոսներին.

իդ) փառքի, աշխատանքային փառքի, «ԽՍՀՄ զինված ուժերում հայրենիքին ծառայելու համար» բոլոր երեք աստիճանի շքանշաններով պարգևատրված անձանց.

իե) Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ խեղման կամ հիվանդության հետևանքով հաշմանդամ ճանաչված ռազմիկներին.

իզ) քաղաքացիական և երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանում ու այլ մարտական գործողությունների ժամանակ գործող բանակի կազմում գտնված անձանց, քաղաքացիական ու երկրորդ համաշխարհային պատերազմների պարտիզաններին, ինչպես նաև մարտական գործողություններին մասնակցած մյուս անձանց.

իէ) այն քաղաքացիներին, որոնք նախկինում նշանակվել են միութենական և հանրապետական նշանակության անհատական կենսաթոշակներ.

իը) ընտանիքներին` երկվորյակներ ծնվելու դեպքում.

իթ) արտադրության ոլորտում 15 և ավելի տարի աշխատած բանվորներին ու ծառայողներին.

լ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքերում:

Այն ընտանիքներին, որոնց վրա տարածվում են սույն կետի «ժը», «ժթ» և «իա» ենթակետերի գործողությունները, անդամների թվին են դասվում զոհվածի կամ անհայտ կորածի խնամքի տակ գտնվող անձինք, որոնց այդ կապակցությամբ կենսաթոշակ է վճարվում, ծնողները, ամուսինը, որը նորից չի ամուսնացել` անկախ նրա կենսաթոշակ ստանալուց, զավակները, որոնք իրենց ընտանիքները չունեն կամ թեև ունեն իրենց ընտանիքները, բայց հաշմանդամ են դարձել մինչև չափահաս դառնալը, ինչպես նաև իրենց ընտանիքներն ունեցող զավակները, որոնց երկու ծնողները զոհվել են կամ անհայտ կորել, կամ ունեցել են մեկ ծնող, որը զոհվել է կամ անհայտ կորել:

19. Բնակտարածություն արտահերթ ստանալու իրավունք տրվում է այն ընտանիքին, որի կազմում հաշվառման պահին եղել է այդ արտոնությունից օգտվող անձ, անկախ նրանից, թե ընտանիքի անդամներից ով է դիմել հաշվառման վերցնելու համար:

Սույն կետի գործողությունը չի տարածվում անչափահաս երեխաներ ունեցող այն ընտանիքների վրա, որտեղ հաշվառման պահին հաշվառված անչափահաս երեխաները մինչև բնակարանի հատկացումը դարձել են չափահաս և կազմել իրենց ընտանիքները:

20. Բնակելի տարածություն ստանալու հերթականությունը կարող է փոխադրվել ավելի ուշ ժամկետների այն քաղաքացու նկատմամբ, որը`

ա) հրաժարվել է սույն կարգի պահանջներին համապատասխան հատկացված բնակելի տարածություն ստանալուց.

բ) անհրաժեշտ փաստաթղթեր չի ներկայացրել բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող քաղաքացիների ցուցակների ամենամսյա ճշգրտման ժամանակ.

գ) բնակարան հատկացնելիս հրաժարվել է հանձնել պետական սեփականություն հանդիսացող ժամանակավոր կացարանը (տնակը) կամ հրաժարվել է քանդել իրեն պատկանող ժամանակավոր կացարանը.

դ) բնակարանի հատկացման պահին նրա ընտանիքի անդամները բացակայել են բնակավայրից.

ե) զրկված է ծնողական իրավունքներից:

Նշված քաղաքացիների նկատմամբ բնակելի տարածություն ստանալու հերթականությունն ավելի ուշ ժամկետների փոխադրելու մասին որոշումները կայացնում է համայնքի ղեկավարը` հաշվի առնելով բնակարանային հարցերի հանձնաժողովի կարծիքը:

21. Բնակելի շենքի օրդերը տրվում է միայն այն դեպքում, երբ առկա է տունը շահագործման ընդունելու մասին պետական կամ տեղական ինքնակառավարման համապատասխան մարմնի կողմից հաստատված ակտը:

Օրդերի հանձնումն իրականացվում է սահմանված կարգով:

22. Սույն կարգի համաձայն բնակարաններ հատկացվում են`

 ա) Գյումրիի այն քաղաքացիներին, որոնք սույն կարգի համաձայն բնակարան արտահերթ ստանալու իրավունք ունեցել են մինչև 1994 թվականի հունիսի 1-ը.

բ) աղետի գոտու այլ բնակավայրերում այն քաղաքացիներին, որոնք սույն կարգի համաձայն արտահերթ բնակարան ստանալու իրավունք ունեցել են մինչև 1999 թվականի հունվարի 1-ը:

23. Սույն կարգի համաձայն կազմված բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող քաղաքացիների ցուցակների պատճենները մինչև 2001 թվականի հունիսի 1-ը ուղարկվում են Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարություն:

(23-րդ կետը փոփ. 17.05.01 N 433)

 

 

Հավելված N 1
աղետի գոտու բնակավայրերում քաղաքացիներին բնակարանների արտահերթ հատկացման կարգի

 

Գ Ր Ա Ն Ց Մ Ա Ն  Մ Ա Տ Յ Ա Ն

 

բնակարան արտահերթ ստանալու իրավունք ունեցող քաղաքացիներին` հաշվառման վերցնելու մասին դիմումների

______________________________________________________________

(համայնքի անվանումը, դրա ղեկավարի ազգանունը, անունը)

____________________________________________________________________

 

____________________________________________________________________

 

Ազգանունը, անունը, հայրանունը

Հասցեն

Դիմումն ստացվելու ամսաթիվը, տարեթիվը

Ծանոթագրություն

 

Հավելված N 2
աղետի գոտու բնակավայրերում քաղաքացիներին բնակարանների արտահերթ հատկացման կարգի

 

Ա Կ Տ  

 

բնակարանային պայմանների ստուգման

_______________________________________________________________

(ազգանունը, անունը, հայրանունը)

Ժամանակավոր բնակության տեղը___________________________________________

 

1. Հանձնաժողովը, կազմված __________անձից,

 __ ____199 թ. ստուգեց բնակարանային պայմանները և պարզեց`

 

ա) ժամանակավորապես զբաղեցրած շենքի նկարագրությունը________________________

բ) բնակտարածությունը, որտեղ ժամանակավորապես բնակվում է քաղաքացին, ում այն պատկանում է, և հասցեն_______________________________________________________

_________________________________________________________

գ) տվյալ շենքում ժամանակավորապես բնակվող ընտանիքի կազմը

 

(ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան թիվը)

(վարձակալի հետ ազգակցական կապը)

(երբվանից է բնակվում տվյալ բնակարանում)

 

2. Ստուգման ընթացքում դիմողի ընտանիքի մասին հայտնաբերված լրացուցիչ
տեղեկությունները________________________________________________
(երկրաշարժի հետևանքով փլված կամ բնակության համար ոչ

___________________________________________________________

պիտանի դարձած բնակարանի, զոհվածների կամ հաշմանդամ դարձած ընտանիքի

___________________________________________________________

անդամների մասին և այլն)

 

3. Հանձնաժողովի եզրակացությունը ____________________________________ _____________________________________________________________

 

 Հանձնաժողովի անդամների ստորագրությունները

 

Հավելված N 3
աղետի գոտու բնակավայրերում քաղաքացիներին բնակարանների արտահերթ հատկացման կարգի

 

Հ Ա Շ Վ Ա Ռ Մ Ա Ն  Մ Ա Տ Յ Ա Ն

 

բնակարան արտահերթ ստանալու իրավունք ունեցող քաղաքացիների

__________________________________________________________________

(համայնքի անվանումը)

 

Ազգանունը, անունը, հայրանունը Տվյալ բնակարանում բնակվելու ժամկետը  Նախկինում զբաղեցրած սենյակների թիվը Ընտանիքի կազմը  Ժամանակավորապես զբաղեցրած բնակելի տարածության նկարագրությունը Հաշվառման վերցնելու մասին որոշման համարը, ամսաթիվը, տարեթիվը Նշումներ բնակելի տարածություն հատկացնելու մասին Ծանոթագրություն

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան