Գլխավոր տեղեկություն
Տիպ
Արձանագրություն
Ակտի տիպ
Base act (01.02.2012-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԱԳՆՊՏ 2012.12.28/14(22)
Ընդունող մարմին
Հայաստանի Հանրապետություն
Ընդունման ամսաթիվ
18.05.2011
Ստորագրման ամսաթիվ
18.05.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.02.2012

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

Հայաստանի Հանրապետության Կառավարության և Բելառուսի Հանրապետության Կառավարության միջև «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Բելառուսի Հանրապետության Կառավարության միջև օդային հաղորդակցության մասին» 1995 թվականի նոյեմբերի 16-ին ստորագրված համաձայնագրում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

 

Հայաստանի Հանրապետության Կառավարությունը և Բելառուսի Հանրապետության Կառավարությունը (այսուհետ` Պայմանավորվող կողմեր),

Հայաստանի Հանրապետության Կառավարության և Բելառուսի Հանրապետության Կառավարության միջև օդային հաղորդակցության մասին 1995 թվականի նոյեմբերի 16-ին ստորագրված համաձայնագրում (այսուհետ` Համաձայնագիր) փոփոխություններ և լրացումներ կատարելու նպատակով,

քաղաքացիական ավիացիայի բնագավառում փոխշահավետ համագործակցության հետագա ընդլայնման համար,

պայմանավորվեցին ներքոնշյալի շուրջ.

1. Համաձայնագրի 12-րդ հոդվածի 2-րդ կետից հանել հետևյալ նախադասությունը.

«Այդ գումարները չեն ենթարկվի որևէ հարկման` բացի փոխանակումներ և փոխանցումներ իրականացնելու համար բանկերի կողմից գանձվող ընդունված վճարումներից:»:

2. 12-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ կետով.

«4. Երկակի հարկումից խուսափելու համար Պայմանավորվող կողմերը պարտավորվում են չենթարկել ոչ մի հարկման մյուս Պայմանավորվող կողմի նշանակած ավիաձեռնարկությունների կողմից իրականացվող միջազգային փոխադրումների միջոցով օդանավերի շահագործումից ստացված եկամուտների և հասույթների գումարները:»:

3. 5-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետը «սույն Համաձայնագրով» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև անվտանգության չափանիշները» բառերով:

4. Համաձայնագիրը հավելել «Թռիչքների անվտանգություն» կոչվող 14.ա հոդվածով` հետևյալ բովանդակությամբ.

 

«Հոդված 14.ա. Թռիչքների անվտանգություն

 

1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ ցանկացած ժամանակ կարող է մյուս Պայմանավորվող կողմից խնդրել խորհրդակցությունների անցկացում` կապված մյուս Պայմանավորվող կողմի ընդունած թռիչքների անվտանգության չափանիշների հետ` թռիչքային անձնակազմի, օդանավի կամ դրա շահագործման առնչությամբ: Նման խորհրդակցությունները պետք է տեղի ունենան այդպիսի հարցումն ստանալու օրվանից երեսուն (30) օրվա ընթացքում:

2. Եթե նման խորհրդակցությունների անցկացման արդյունքում մի Պայմանավորվող կողմը հանգում է այն եզրակացության, որ մյուս Պայմանավորվող կողմը ցանկացած նման ոլորտում ոչ բավարար է պահպանում և կիրառում Կոնվենցիայի համաձայն տվյալ ժամանակահատվածի համար սահմանված թռիչքների անվտանգության նվազագույն չափանիշները, առաջին Պայմանավորվող կողմը պետք է ծանուցի մյուս Պայմանավորվող կողմին իր եզրակացությունների և այն միջոցների մասին, որ անհրաժեշտ են այդպիսի նվազագույն չափանիշների պահպանման համար, իսկ մյուս Պայմանավորվող կողմը պետք է ձեռնարկի անհրաժեշտ շտկող գործողություններ: Մյուս Պայմանավորվող կողմի կողմից 15 (տասնհինգ) կամ, պայմանավորվածության համաձայն, ավելի շատ օրերի ընթացքում համապատասխան գործողությունների չիրականացումը հիմք է հանդիսանում թռիչքների իրականացման իրավունքներից օգտվելու կասեցման վերաբերյալ 5-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետի կիրառման համար:

3. Կոնվենցիայի 16-րդ հոդվածի համաձայն` նաև սահմանվում է, որ մի Պայմանավորվող կողմի նշանակած ավիաձեռնարկության կամ ավիաձեռնարկությունների կողմից մյուս Պայմանավորվող կողմի տարածք կամ տարածքից երթուղիներով շահագործվող ցանկացած օդանավ այդ մյուս Պայմանավորվող կողմի տարածքում գտնվելու ժամանակ մյուս Պայմանավորվող կողմի լիազորված ներկայացուցիչների կողմից կարող է ենթարկվել տեսչական ստուգման (տեսչական ստուգում կայանատեղում)` պայմանով, որ դա չի հանգեցնի օդանավի անհիմն ուշացման: Չնայած Կոնվենցիայի 33-րդ հոդվածում նշված պարտավորություններին` նման տեսչական ստուգման նպատակն է ստուգել օդանավի փաստաթղթերի գործողության ժամկետները, թռիչքային անձնակազմի վկայականները, ինչպես նաև օդանավի և դրա սարքավորումների վիճակի համապատասխանությունը Կոնվենցիայի համաձայն սահմանված գործող չափանիշներին:

4. Եթե կայանատեղում տեսչական ցանկացած ստուգում կամ նման ստուգումների շարք լուրջ մտահոգություն են առաջացնում`

ա) օդանավի վիճակի կամ դրա շահագործման պայմանների անհամապատասխանությամբ` տվյալ ժամանակահատվածի համար Կոնվենցիայի համաձայն սահմանված նվազագույն չափանիշներին, կամ

բ) տվյալ ժամանակահատվածի համար Կոնվենցիայի համաձայն սահմանված թռիչքների անվտանգության չափանիշների ոչ բավարար արդյունավետ պահպանմամբ և կիրառմամբ,

ապա Կոնվենցիայի 33-րդ հոդվածի իրականացման նպատակների համար տեսչական ստուգումն իրականացնող Պայմանավորվող կողմն իրավունք ունի եզրակացնելու, որ այն պահանջները, որոնց համաձայն այդ օդանավին կամ դրա թռիչքային անձնակազմին հավաստագիր կամ լիցենզիաներ են տրվել կամ վավեր ճանաչվել, կամ դրա շահագործման նկատմամբ պահանջները չեն համապատասխանում տվյալ ժամանակահատվածի համար Կոնվենցիայի համաձայն սահմանված նվազագույն չափանիշներին:

5. Եթե, սույն հոդվածի 3-րդ կետի համաձայն, մի Պայմանավորվող կողմի ավիաձեռնարկության կողմից շահագործվող օդանավի` կայանատեղում տեսչական ստուգման անցկացումը մերժվել է տվյալ ավիաձեռնարկության ներկայացուցիչների կողմից, մյուս Պայմանավորվող կողմն իրավունք ունի հետևություն անելու, որ առկա է լուրջ մտահոգություն, ինչպես նշված է սույն հոդվածի 4-րդ կետում, և եզրակացություն տալ` այդ կետի համաձայն:

6. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ իրեն իրավունք է վերապահում կասեցնելու կամ փոփոխելու մյուս Պայմանավորվող կողմի ավիաձեռնարկության կողմից թռիչքների շահագործման համար թույլտվությունը, եթե կայանատեղում տեսչական ստուգման կամ մի շարք ստուգումների արդյունքում, օդանավի կայանատեղում տեսչական ստուգման անցկացման մերժման, խորհրդակցությունների կամ այլ միջոցառումների արդյունքում հանգում է օդային ուղու շահագործման անվտանգության ապահովման համար անհապաղ գործողությունների ձեռնարկման անհրաժեշտության վերաբերյալ եզրակացության:

7. Պայմանավորվող կողմերից մեկի կողմից, սույն հոդվածի 2-րդ կամ 6-րդ կետերի համաձայն, ցանկացած գործողություն դադարեցվելու է այն հիմքերի վերացումից անմիջապես հետո, որոնք նման գործողությունների ձեռնարկման հիմք են հանդիսացել:»:

Սույն Արձանագրությունն ուժի մեջ է մտնում հայտագրերից վերջինի ստացման օրվանից, որոնցով Պայմանավորվող կողմերը դիվանագիտական ուղիներով միմյանց կծանուցեն անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման վերաբերյալ:

Սույն Արձանագրությունը կնքվում է Համաձայնագրի գործողության ժամկետով:

Կատարված է Մինսկ քաղաքում 2011 թվականի մայիսի 18-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն և ռուսերեն, ընդ որում` բոլոր տեքստերը հավասարազոր են: Սույն Արձանագրության մեկնաբանության շուրջ տարաձայնություններ առաջանալու դեպքում գերակայությունը տրվում է ռուսերեն տեքստին:

 

Արձանագրությունն ուժի մեջ է մտել 2012 թ. փետրվարի 1-ին

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան