Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (01.02.2008-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2008.03.05/14(604)
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
01.02.2008
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
01.02.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.02.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ քաղաքացիական վերաքննիչ

դատարանի վճիռ

Քաղաքացիական գործ թիվ 07-3695

Քաղաքացիական գործ թիվ 3-35(ՎԴ)
2008 թ.

Նախագահող դատավոր՝ Տ. Սահակյան
Դատավորներ՝ Ն. Հովսեփյան Մ. Ասատրյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ`

Հ. Մանուկյանի

մասնակցությամբ դատավորներ`

Ա. Մկրտումյանի

 

Վ. Աբելյանի

 

Ս. Սարգսյանի

 

Դ. Ավետիսյանի

Հ. Ղուկասյանի

 

Ս. Օհանյանի

                                                                                                     

 2008 թվականի փետրվարի 1-ին,

 

դռնբաց դատական նիստում, քննելով Գևորգ Բաուերի վճռաբեկ բողոքը ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 30.11.2007 թվականի վճռի դեմ՝ ըստ հայցի Թամարա Բաուերի ընդդեմ Գևորգ Բաուերի և Երևանի «Կենտրոն» տարածքային նոտարական գրասենյակի՝ նվիրատվության պայմանագիրն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջների մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 

Դիմելով դատարան՝ հայցվորը խնդրել է անվավեր ճանաչել իր և Գևորգ Բաուերի միջև 17.07.2006 թվականին կնքված Երևանի Գյուլբենկյան փողոցի 39ա շենքի թիվ 53 բնակարանի 3/4 մասի նվիրատվության պայմանագիրը և բնակարանի 3/4-րդ մասի նկատմամբ Գևորգ Բաուերի անվամբ սեփականության իրավունքի գրանցումը:

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի 07.09.2007 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 30.11.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Գևորգ Բաուերը:

Վճռաբեկ բողոքին պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

1) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ, 48-րդ, 51-րդ և 53-րդ հոդվածները, 130-րդ հոդվածի 3-րդ մասի, 218-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի պահանջները որի արդյունքում սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի2 306-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի գնահատել գործում առկա ապացույցները և անտեսել, որ գործում առկա չեն հայցվորի պահանջը բավարարելու համար օրենսդրությամբ սահմանված թույլատրելի և վերաբերելի ապացույցներ, իսկ հայցվորի՝ առանց որևէ ապացույցների, պնդումը, որ իրականում չի ցանկացել բնակարանի նվիրատվություն կատարել, հայցը բավարարելու հիմք չէ:

Վերաքննիչ դատարանը հաստատված համարելով, որ բնակարանի նվիրատվության պայմանագիրը կնքվել է գույքահարկի և կոմունալ վճարումների վճարման նպատակահարմարության պատրվակով, և որ պայմանագիրը կնքելիս հայցվորի կամահայտնությունը վիճելի բնակարանի իր բաժինը պատասխանողին նվիրելը չի եղել, վճռում չի նշել այն ապացույցները, որոնց վրա հիմնված են Վերաքննիչ դատարանի հետևություններն այդ հանգամանքների մասին:

Վերաքննիչ դատարանը պատճառաբանել է, որ կողմերի միջև կնքված գործարքն առոչինչ է և դրա նկատմամբ պետք է կիրառվեն ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված անվավերության հետևանքներ, որը հաստատելու համար վկայակոչել է Վճռաբեկ դատարանի 05.09.2007 թվականի թիվ 3-1258 (ՏԴ) որոշումը: Սակայն Վերաքննիչ դատարանը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 306-րդ հոդվածի իմաստով սխալ է մեկնաբանել Վճռաբեկ դատարանի նշված որոշումը, քանի որ այդ որոշմամբ ամրագրված է գործարքը կնքած երկու կողմերի կամքի արտահայտության առկայությունը՝ կնքված գործարքը շինծու դիտելու համար: Մինչդեռ, սույն գործում Գևորգ Բաուերը ցանկացել և ընդունել է նվիրատվության գույքը, այն գրանցել է իր անվամբ, մուծել գույքահարկ, գործարքի նկատմամբ նրա կամքը խաթարված չէ: Շինծու գործարքի մեկնաբանությանը Վճռաբեկ դատարանն առավել հանգամանալի անդրադարձ է կատարել 18.05.2007 թվականի թիվ 3-793 (ՎԴ) որոշմամբ:

2) Վերաքննիչ դատարանը կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 600-րդ հոդվածը, որը չպետք է կիրառեր, որի արդյունքում խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածը, 87-րդ, 131-րդ և 215-րդ հոդվածները, ինչպես նաև 32-րդ հոդվածի 1-ին կետի պահանջները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 600-րդ հոդվածի դրույթները սույն գործի նկատմամբ կիրառելի չեն, քանի որ վեճի առարկա բնակարանի մասը նվիրատվության պայմանագրով դեռևս 17.07.2006 թվականին նվեր է տրվել, որից հետո Գևորգ Բաուերն այն օրենքով սահմանված կարգով 19.07.2006 թվականին գրանցել և ստացել է սեփականության իրավունքի վկայական: Հետևաբար, կողմերի միջև վեճ չկա ապագայում որևէ գույք նվեր տալու խոստումից հրաժարվելու խնդրի վերաբերյալ:

Բացի այդ, Թամարա Բաուերը հայցը հիմնավորելու համար ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 600-րդ հոդվածի 1-ին կետի դրույթները չի վկայակոչել: Հետևաբար, Վերաքննիչ դատարանը, խախտելով օրենսդրության պահանջները, հայցի հիմքը մասնակի փոխել է, որի իրավունքը չուներ:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 30.11.2007 թվականի վճիռը և օրինական ուժ տալ Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի 07.09.2007 թվականի վճռին:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը. 

             

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) Նոտարական կարգով վավերացված 17.07.2006 թվականի պայմանագրով Թամարա Բաուերը Երևանի Գյուլբենկյան փողոցի 39ա շենքի թիվ 53 բնակարանի իրեն պատկանող 3/4 մասը նվիրել է որդուն՝ Գևորգ Բաուերին:

2) Նվիրատվության պայմանագիրը գրանցվել է պետական մարմնում և 19.07.2006 թվականին Գևորգ Բաուերին տրվել է անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման թիվ 2184599 վկայականը:

 

4. ՀՀ վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

    

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում` ՀՀ վճռաբեկ դատարանը գտնում է, որ՝

1) բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 306-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ շինծու գործարքը, այսինքն՝ մեկ այլ գործարքի քողարկման նպատակով կնքված գործարքն առոչինչ է:

Վերոնշյալ հոդվածից հետևում է, որ գրավոր գործարքների նկատմամբ շինծու լինելու հիմքով առոչինչ գործարքի անվավերության հետևանքների կիրառման համար անհրաժեշտ է ապացուցել, որ՝

1. գործարքն իրականում կնքվել է ոչ այն ստորագրած անձանց միջև, կամ

2. այն ստորագրած անձանց կամքը չի համապատասխանում պայմանագրում շարադրվածին (տես, օրինակ` Հասմիկ Բլուրցյան, երրորդ անձինք Տիգրան Թերզյան և Գոհար Գզողյան ընդդեմ Շահեն Բաբայանի՝ Վահե Այվազյանի, Գառնիկ և Գոհար Փանոսյանների, 18.05.2007 Քաղ. գործ թիվ 3-793 (ՎԴ) (անշարժ գույքի առուվաճառքի գործարքն անվավեր ճանաչելու և բնակարանից վտարելու պահանջներով)):

Այսինքն՝ շինծու գործարքն առկա է այն դեպքում, երբ կողմերի միջև իրականում ծագում են իրավահարաբերություններ, սակայն դրանք իրենց բնույթով այլ են, քան այն իրավահարաբերությունները, որոնք կողմերը ցանկանում են ներկայացնել երրորդ անձանց:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի համաձայն՝ դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

Վճռաբեկ դատարանն իր որոշումներում անդրադարձել է դատական ակտերի իրավական հիմնավորվածության հարցին (տես, օրինակ` «Քնար-88» ՍՊԸ ընդդեմ ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության, 21.12.2006թ. Քաղ. գործ թիվ 3-2504/ՏԴ (գումար բռնագանձելու պահանջով)):

Սակայն կարևորելով սույն բողոքի հիմքում ընկած իրավական հարցադրումը` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում կրկին անդրադառնալ նշված հարցին:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 132-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ վճռի պատճառաբանական մասում պետք է նշվեն դատարանի կողմից պարզված գործի հանգամանքները, ապացույցները, որոնց վրա հիմնված են դատարանի հետևությունները, այս կամ այն ապացույցները մերժելու փաստարկները, ինչպես նաև այն օրենքները և այլ իրավական ակտերը, որոնցով ղեկավարվել է դատարանը վճիռ կայացնելիս:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ յուրաքանչյուր դեպքում դատարանը պարտավոր է տալ վճռի թե´ փաստական և թե´ իրավական հիմնավորումը:

Վճռի իրավական հիմնավորումը կայանում է հաստատված փաստերի և իրավահարաբերությունների նկատմամբ նյութական իրավունքի համապատասխան նորմի կամ նորմերի ընտրության և կիրառման մեջ, այն նորմի (նորմերի), որի հիման վրա դատարանը եզրակացություն է անում վիճելի իրավահարաբերության առկայության կամ բացակայության մասին:

Վճռում ոչ միայն պետք է ցույց տալ նորմատիվ ակտի այս կամ այն հոդվածը, որում ամրագրված է կիրառման ենթակա նորմը, այլ պետք է պատճառաբանվի, թե հատկապես ինչու պետք է կիրառվի հենց այդ նորմը:

Սույն քաղաքացիական գործով Վերաքննիչ դատարանը հաստատված է համարել վեճի առարկա նվիրատվության պայմանագրի շինծու լինելու հանգամանքը՝ վճռի հիմքում դնելով այն հանգամանքը, որ պայմանագիրը կնքվել է գույքահարկի և կոմունալ այլ վճարումների վճարման նպատակահարմարության պատրվակով:

Հիմք ընդունելով վերոնշյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ հանգամանքը նվիրատվության պայմանագիրը շինծու ճանաչելու հիմք չէ, քանի որ տվյալ դեպքում խոսքը գնում է ոչ թե այլ գործարք քողարկելու մասին, այլ պարտավորությունների կատարման (գույքահարկի և կոմունալ այլ վճարումների վճարում) նպատակահարմարության մասին, ինչն իրականացվել է կողմերի փոխադարձ համաձայնությամբ:

Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրել, որ Վերաքննիչ դատարանի վճիռը զուրկ է իրավական հիմնավորումից, և այս առումով այն չի կարող լինել օրինական, համոզիչ, ինչպես նաև հեղինակավոր.

2) բողոքը երկրորդ հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի համաձայն՝ դատարանը քաղաքացիական գործը հարուցում է միայն հայցի կամ դիմումի հիման վրա: Սույն քաղաքացիական գործի քննության ժամանակ գործող նույն օրենսգրքի 32-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հայցվորն իրավունք ունի մինչև դատարանի կողմից վճիռ կայացնելը փոխել հայցի հիմքը կամ առարկան, ավելացնել կամ նվազեցնել հայցային պահանջների չափը կամ հրաժարվել հայցից: Սույն քաղաքացիական գործի քննության ժամանակ գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 215-րդ հոդվածի համաձայն՝ վերաքննիչ դատարանում գործը քննվում է առաջին ատյանի դատարանում գործի քննության կանոններով, բացառությամբ նաև հայցի հիմքը կամ առարկան փոխելու, հայցային պահանջների չափը փոփոխելու մասին կանոնների:

Վերաքննիչ դատարանը, անտեսելով վերը նշված օրինադրույթների պահանջները, կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 600-րդ հոդվածը, որը վերաբերում է ապագայում նվիրառուին գույք կամ իրավունք փոխանցելու կամ նվիրառուին գույքային պարտականությունից ազատելու խոստում պարունակող պայմանագիրը կատարելուց հրաժարվելու նվիրատուի իրավունքին: Մինչդեռ, սույն վեճը վերաբերում է նոտարական կարգով վավերացված 17.07.2006 թվականի նվիրատվության պայմանագիրն անվավեր ճանաչելուն և անվավերության հետևանքներ կիրառելուն:

Հիմք ընդունելով վերոնշյալը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 600-րդ հոդվածի դրույթները սույն գործով կիրառելի չեն:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքերի առկայությունը բավարար է, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների համաձայն, Վերաքննիչ դատարանի վճիռը բեկանելու համար:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի առաջին մասի 6-րդ կետով սահմանված՝ առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: ՀՀ վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է ՀՀ Սահմանադրության և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի վերը նշված հոդվածներով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412 -րդ հոդվածներով՝ ՀՀ վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 30.11.2007 թվականի վճիռը և օրինական ուժ տալ Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի 07.09.2007 թվականի վճռին:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող՝

Հ. Մանուկյան

Դատավորներ՝

Ա. Մկրտումյան

Վ. Աբելյան

 

Ս. Սարգսյան

 

Դ. Ավետիսյան

Հ. Ղուկասյան
  Ս. Օհանյան