Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (01.02.2008-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2008.03.05/14(604)
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
01.02.2008
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
01.02.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.02.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Երևանի Ավան և Նոր Նորք համայնքների

առաջին ատյանի դատարանի վճիռ

Քաղաքացիական գործ թիվ 2-3193

Քաղաքացիական գործ թիվ 3-130(Ա) 
2008 թ.

Նախագահող դատավոր՝ Ս. Ուզունյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ`

Հ. Մանուկյանի

մասնակցությամբ դատավորներ`

Ա. Մկրտումյանի

 

Վ. Աբելյանի

 

Ս. Սարգսյանի

 

Դ. Ավետիսյանի

Հ. Ղուկասյանի

 

Ս. Օհանյանի

 

2008 թվականի փետրվարի 1-ին,


 դռնբաց դատական նիստում, քննելով Միխայիլ Լատիշևիչի վճռաբեկ բողոքը Երևանի Ավան և Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանի 20.01.2006 թվականի դեմ՝ ըստ հայցի Միխայիլ Լատիշևիչի ընդդեմ Օնիկ Հունանյանի` գումար բռնագանձելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 

Դիմելով դատարան` Միխայիլ Լատիշևիչը պահանջել է Օնիկ Հունանյանից բռնագանձել 700 գերմանական մարկին և 24.100 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ:

Երևանի Ավան և Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանի (այսուհետ` Դատարան) 20.01.2006 թվականի վճռով հայցը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Միխայիլ Լատիշևիչը:

Վճռաբեկ բողոքին պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով: Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ, 53-րդ, 130-րդ, 132-րդ հոդվածները, որի արդյունքում, չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի2 345-րդ, 347-րդ 877-րդ, 878-րդ և 880-րդ հոդվածները, որոնք պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Դատարանը լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ հետազոտությամբ չի գնահատել քաղաքացիական գործում առկա Օնիկ Հունանյանի կողմից Միխայիլ Լատիշևիչին 16.500 և 5.000 ԱՄՆ դոլար գումար վերադարձնելու պարտավորագրերը և հաստատել է միայն օրինական ուժի մեջ մտած դատավճռով հաստատված հանգամանքը:

Մինչդեռ, դատավճռով հաստատված գումարը վերցնելու հանգամանքը չէր կարող բացառել Օնիկ Հունանյանի և Միխայիլ Լատիշևիչի միջև նաև այլ պարտավորության առկայության փաստը, քանի որ քրեական գործը քննվել և դատավճիռ է կայացվել Օնիկ Հունանյանի կողմից Միխայիլ Լատիշևիչից խաբեությամբ միայն 8.000 ԱՄՆ դոլար հափշտակելու կապակցությամբ, իսկ Օնիկ Հունանյանի կողմից Միխայիլ Լատիշևիչից վերցված և ստացականներով երաշխավորված 16.500 և 5.000 ԱՄՆ դոլար գումարների մասով որևէ հարց չի քննարկվել:

Այսպիսով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 3-րդ մասը Դատարանի կողմից չէր կարող և չպետք է հիմք ընդունվեր 16500 և 5000 ԱՄՆ դոլար գումարների չափով պարտավորության առկայությունը հաստատելու կամ հերքելու համար:

Դատարանը հաստատված չի համարել կողմերի միջև փոխառության պայմանագրից բխող պարտավորության առկայությունը, ինչի արդյունքում տվյալ իրավահարաբերության նկատմամբ չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի պարտավորական իրավահարաբերությունները կարգավորող ընդհանուր՝ 345-րդ, 347-րդ հոդվածները և փոխառության պայմանագրի բխող իրավահարաբերությունները կարգավորող 877-րդ, 878-րդ և 880-րդ հոդվածները, որոնք պետք է կիրառեր:

Բացի այդ, Դատարանի վճռում նշված չէ իրավական այն նորմը, որի համաձայն պարտավորության առկայությունը կարելի է հաստատել միայն օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 20.01.2006 թվականի վճիռը, և այն փոփոխել` Միխայիլ Լատիշևիչի հայցը մասնակի` 21.500 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի չափով բավարարել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) 25.09.1998 թվականի ստացականի համաձայն` Օնիկ Հունանյանի պարտքը Միխայիլ Լատիշևիչին կազմել է 16.500 ԱՄՆ դոլար:

2) 06.02.1999 թվականի պարտավորագրով Օնիկ Հունանյանը պարտավորվել է Միխայիլ Լատիշևիչին վերադարձնել 5.000 ԱՄՆ դոլար:

3) Երևանի Ավան և Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանի օրինական ուժի մեջ մտած 25.06.2005 թվականի դատավճռով հաստատվել է, որ Օնիկ Հունանյանը Միխայիլ Լատիշևիչից խաբեությամբ հափշտակել է 8.000 ԱՄՆ դոլար, և որոշվել է Օնիկ Հունանյանից հօգուտ Միխայիլ Լատիշևիչի բռնագանձել 8.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

Վճռաբեկ դատարանն իր որոշումներում անդրադարձել է դատական ակտերի իրավական հիմնավորվածության հարցին (տես օրինակ` «Քնար-88» ՍՊԸ ընդդեմ ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության, 21.12.2006թ. Քաղ. գործ թիվ 3-2504/ՏԴ, (գումար բռնագանձելու պահանջով)):

Վճռաբեկ դատարանը նշել է, որ յուրաքանչյուր դեպքում դատարանը պարտավոր է տալ վճռի թե՜ փաստական, և թե՜ իրավական հիմնավորումը: Ըստ Վճռաբեկ դատարանի վերոհիշյալ որոշման, վճռի իրավական հիմնավորումը կայանում է հաստատված փաստերի և իրավահարաբերությունների նկատմամբ նյութական իրավունքի համապատասխան նորմի կամ նորմերի ընտրության և կիրառման մեջ, այն նորմի (նորմերի), որի հիման վրա դատարանն եզրակացություն է անում վիճելի իրավահարաբերության առկայության կամ բացակայության մասին:

Վճռում ոչ միայն պետք է ցույց տալ նորմատիվ ակտի այս կամ այն հոդվածը, որում ամրագրված է կիրառման ենթակա նորմը, այլ պետք է պատճառաբանվի, թե հատկապես ինչու պետք է կիրառվի հենց այդ նորմը:

Վճռի իրավական հիմնավորումը բնութագրում է ինչպես դատարանի, այնպես էլ նրա վճռի իրավակիրառ գործառույթը, ընդգծում դատական գործունեության և դատական վճռի օրինականությունը:

Մինչդեռ, Դատարանի վճռում նշված չեն և ոչ մի օրենք կամ այլ իրավական ակտ, որոնցով ղեկավարվել է դատարանը վեճը լուծելիս:

Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրել, որ Դատարանի վճիռը զուրկ է իրավական հիմնավորումից, և այս առումով այն չի կարող լինել օրինական, համոզիչ, ինչպես նաև հեղինակավոր:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի համաձայն՝ դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և oբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

Սույն քաղաքացիական գործով հայցի մերժման հիմքում դրվել է այն հանգամանքը, որ քրեական գործով օրինական ուժի մեջ մտած դատավճռով հիմնավորվել է միայն խաբեության եղանակով 8000 ԱՄՆ դոլար տիրանալու հանգամանքը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ քրեական գործով օրինական ուժի մեջ մտած դատավճիռը պարտադիր է դատարանի համար միայն այն փաստերով, ըստ որոնց հաստատված են որոշակի գործողություններ և դրանք կատարած անձինք:

Մինչդեռ, սույն քաղքացիական գործով Դատարանը ըստ էության կիրառելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածը, անտեսել է այն հանգամանքը, որ քրեական գործով գնահատման առարկա չեն դարձվել սույն հայցապահանջի հիմքում դրված 25.09.1998 թվականի ստացականը և 06.02.1999 թվականի պարտավորագիրը: Բացի այդ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ դատավճռով հաստատված գումարը Օնիկ Հունանյանի կողմից վերցնելու հանգամանքը չէր կարող բացառել Օնիկ Հունանյանի և Միխայիլ Լատիշևիչի միջև նաև այլ պարտավորության առկայության փաստը:

Հետևաբար, սույն քաղաքացիական գործի շրջանակներում դատարանը պետք է որոշեր հայցապահանջի հիմնավորվածության հարցը գնահատման առարկա դարձնելով ներկայացված 25.09.1998 թվականի ստացականը և 06.02.1999 թվականի պարտավորագիրը:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի առաջին հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարություն օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով վերանայվող դատական ակտը բեկանելու համար:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործը պետք է ուղարկել նոր քննության՝ հայցապահանջի հիմնավորվածությունը և պարտավորության իրական չափը պարզելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել Երևանի Ավան և Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանի 20.01.2006 թվականի վճիռը և գործն ուղարկել Երևանի քաղաքացիական դատարան` նոր քննության:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող՝

Հ. Մանուկյան

Դատավորներ՝

Ա. Մկրտումյան

Վ. Աբելյան

 

Ս. Սարգսյան

 

Դ. Ավետիսյան

Հ. Ղուկասյան
  Ս. Օհանյան