Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (01.02.2008-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2008.03.05/14(604)
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
01.02.2008
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
01.02.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.02.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի վճիռ

Քաղաքացիական գործ թիվ 07-2699/2007թ.

Քաղաքացիական գործ թիվ 3-90(ՎԴ)
2008 թ.

Նախագահող դատավոր՝ Գ. Մատինյան

Դատավորներ՝ Վ. Ավանեսյան Դ. Խաչատրյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ`

Հ. Մանուկյանի

մասնակցությամբ դատավորներ`

Ա. Մկրտումյանի

 

Վ. Աբելյանի

 

Ս. Սարգսյանի

 

Դ. Ավետիսյանի

Հ. Ղուկասյանի

 

Ս. Օհանյանի

 

2008 թվականի փետրվարի 1-ին,

 

դռնբաց դատական նիստում, քննելով Լարիսա Օվսյաննիկովայի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 17.09.2007 թվականի վճռի դեմ՝ ըստ հայցի Արմեն, Աստղիկ, Սամվել, Տիգրան Ավետիսյանների ընդդեմ «Դվին Կոնցեռն» ՓԲԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն), Լարիսա Օվսյաննիկովայի, Շենգավիթի նոտարական տարածքի նոտար Անահիտ Բադիրյանի՝ պայմանագրով նախատեսված պարտավորությունները կատարելուն հարկադրելու, Ընկերության և Լարիսա Օվսյաննիկովայի միջև 09.08.2006 թվականին կնքված առուվաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչելու պահանջների մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 

Դիմելով դատարան` Արմեն, Աստղիկ, Սամվել, Տիգրան Ավետիսյանները պահանջել են պարտավորեցնել Ընկերությանը կատարելու 21.03.1996 թվականին կնքված թիվ 2 պայմանագրով ստանձնած պարտավորությունները, ինչպես նաև անվավեր ճանաչել 09.08.2006 թվականին Ընկերության և Լարիսա Օվսյաննիկովայի միջև կնքված առուվաճառքի պայմանագիրը:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը 04.06.2007 թվականի վճռով հայցը բավարարել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 17.09.2007 թվականի վճռով հայցը բավարարել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Լարիսա Օվսյաննիկովան:

Վճռաբեկ բողոքին պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորմամբ.

1) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև 227-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով սահմանված դատաքննությանը մասնակից դարձվելու անձի իրավունքը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը գործը քննել է պատասխանողի բացակայությամբ, առանց 04.09.2007 թվականի դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով ծանուցելու:

Վերաքննիչ դատարանը Լարիսա Օվսյաննիկովային ուղղված ծանուցագրերը ուղարկել է բնակարանի առուվաճառքի պայմանագրում մատնանշված՝ Ռուսաստանի Դաշնության, Կեմերովո քաղաքի Լենինգրադյան պողոտա 36 շենքի թիվ 164 բնակարանի հասցեով:

Այնինչ, դեռ առաջին ատյանում դատաքննության ժամանակ Ռուսաստանի Դաշնության Կեմերովո քաղաքի Լենինյան շրջանային դատարանի 28.02.2007 թվականի թիվ 3189 գրությունից արդեն իսկ պարզվել էր, որ մատնանշված հասցեում Լարիսա Օվսյաննիկովան չի բնակվում և տվյալ հասցեով բնակվող Յուլիա Վիկտորովնա Կիմլաևայի ունեցած տեղեկության համաձայն` Լարիսա Օվսյաննիկովան տեղափոխվել է Մոսկվա քաղաք: Անձնագրային տվյալների համաձայն` Լարիսա Օվսյաննիկովան 22.06.2007 թվականին հաշվառվել է ՌԴ Մոսկվայի մարզի Աբբակումովո գյուղի Ստրոիտելեյ 7 հասցեում:

2) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 131-րդ և 53-րդ հոդվածները, չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 172-րդ հոդվածի 2-րդ մասը, 275-րդ հոդվածի 1-ին մասը, 273-րդ հոդվածը, ՀՀ Սահմանադրության 8-րդ հոդվածը, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 11-րդ արձանագրության 1-ին հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը չի նշել և հիմնավորել, թե ո՞ր ապացույցի հիման վրա է եզրահանգել, որ հայցվորի և Ընկերության միջև կնքված պայմանագրում նկարագրված 81,5 քմ ընդհանուր մակերեսով բնակարանը նույնն է ինչ Լարիսա Օվսյաննիկովային պատկանող 102,5 քմ ընդհանուր մակերեսով բնակարանը:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանը Ընկերության և Լարիսա Օվսյաննիկովայի միջև կնքված պայմանագիրն անվավեր է ճանաչել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 315-րդ հոդվածի հիման վրա: Մինչդեռ հայցադիմումի լրացումից և հայցվորի բացատրություններից ակնհայտ է, որ Լարիսա Օվսյաննիկովան չգիտեր և չէր կարող իմանալ Ընկերության կողմից վիճելի բնակարանի առուվաճառքի պայմանագիրը կնքելու լիազորությունների սահմանափակումների մասին:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 17.09.2007 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան՝ այլ կազմով նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը. 

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) Ռուսաստանի Դաշնության Կեմերովո քաղաքի Լենինյան շրջանային դատարանի 28.02.2007 թվականի գրության համաձայն՝ դատական հանձնարարության կարգով Լարիսա Օվսյաննիկովային ծանուցագիր հանձնել հնարավոր չի եղել, քանի որ վերջինս հանձնարարության մեջ նշված հասցեում չի բնակվել:

2) 04.09.2007 թվականի դատական նիստի ժամանակի և վայրի մասին Լարիսա Օվսյաննիկովային պատշաճ ձևով տեղեկացնելու վերաբերյալ գործում որևէ ապացույց առկա չէ: Վերաքննիչ դատարանը գործը քննել է նրա բացակայությամբ:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.  

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ՝

1) բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.                

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գործին մասնակցող անձինք դատական ծանուցագրերով տեղեկացվում են դատական նիստի կամ առանձին դատավարական գործողություններ կատարելու ժամանակի և վայրի մասին: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ ծանուցագիրն ուղարկվում է պատվիրված նամակով՝ հանձնման մասին ծանուցմամբ կամ հաղորդագրության ձևակերպումն ապահովող կապի այլ միջոցների օգտագործմամբ կամ հանձնվում է ստացականով (այսուհետ՝ պատշաճ ձևով): Սա ենթադրում է գործին մասնակցող անձանց դատական նիստի ժամանակի և վայրի մասին իրազեկելու կապակցությամբ դատարանի ակտիվ գործողություններ, որոնք պետք է իրականացվեն միայն վկայակոչված հոդվածով նախատեսված միջոցների և եղանակների օգտագործմամբ: Ընդ որում, անկախ ծանուցման եղանակից, ծանուցումը պետք է լինի այնպիսին, որով հնարավոր է ապացուցել գործին մասնակցող անձին (անձանց) դատական նիստի մասին տեղեկացնելու փաստը:

Սույն գործի փաստերի համաձայն՝ Վերաքննիչ դատարանը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, Լարիսա Օվսյաննիկովային պատշաճ ձևով չի տեղեկացրել դատական նիստի ժամանակի և վայրի մասին, գործը քննել է նրա բացակայությամբ ու վճիռ կայացրել: Քաղաքացիական գործում առկա չէ 04.09.2007 թվականի դատական նիստի ժամանակի և վայրի մասին Լարիսա Օվսյաննիկովային ուղարկված դատական ծանուցագիր, կամ վերջինիս պատշաճ ծանուցելու վերաբերյալ որևէ այլ ապացույց:

Վճռաբեկ դատարանն իր նախկին որոշումներում անդրադարձել և գնահատման առարկա է դարձրել այն դեպքերը, երբ դատարանը գործը քննել է գործին մասնակցող անձանցից որևէ մեկի բացակայությամբ: Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածը և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը, արձանագրել է կողմերի իրավահավասարության և մրցակցության դատավարական սկզբունքների խախտում և, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, բեկանել է դատական ակտը (իրավական հիմնավորումները տե՜ս Շենգավիթի թաղապետարան ընդդեմ Ալվինա և Լիանա Կազկոներ, Արամ, Ֆրունզ և Նարեկ Մարկոսյաններ, 21.12.2006թ., քաղաքացիական գործ թիվ 3-2236/Ա (բնակելի տարածության օգտագործման իրավունքը փոխհատուցմամբ դադարեցնելու պահանջով) Վճռաբեկ դատարանի որոշումների ընտրանի, հատոր առաջին, էջ 473-476):

Վերը նշվածի հիման վրա Վճռաբեկ դատարանը նպատակահարմար չի համարում կրկին անդրադառնալ նշված իրավական հարցի գնահատականին:

2) Վճռաբեկ բողոքի երկրորդ հիմքին Վճռաբեկ դատարանը չի անդրադառնում, քանի որ Վերաքննիչ դատարանը գործը քննել և վճիռ է կայացրել բողոք բերած անձի իրավունքների խախտմամբ, որի հետևանքով բողոք բերած անձի իրավական հիմնավորումները չեն հանդիսացել ստորադաս դատարանի քննության առարկա, հետևաբար, դրանք չեն քննարկվում Վճռաբեկ դատարանի կողմից:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի առաջին հիմքի առկայությունը բավարար է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն, Վերաքննիչ դատարանի վճիռը բեկանելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412 -րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 17.09.2007 թվականի վճիռը և գործն ուղարկել Երևանի քաղաքացիական դատարան` նոր քննության:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող՝

Հ. Մանուկյան

Դատավորներ՝

Ա. Մկրտումյան

Վ. Աբելյան

 

Ս. Սարգսյան

 

Դ. Ավետիսյան

Հ. Ղուկասյան
  Ս. Օհանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան