ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 ապրիլի 2008 թվականի N 349-Ն
ՊԱՏՎԱՐՆԵՐԻ ԵՎ ԱՄԲԱՐՏԱԿՆԵՐԻ ՎՐԱՅՈՎ ԱՆՑՆՈՂ ՃԱՆԱՊԱՐՀԱՀԱՏՎԱԾՆԵՐԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Ավտոմոբիլային ճանապարհների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել պատվարների և ամբարտակների վրայով անցնող ճանապարհահատվածներից օգտվելու կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2008 թ. ապրիլի 15 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2008 թվականի ապրիլի 10-ի N 349-Ն որոշման
Կ Ա Ր Գ
ՊԱՏՎԱՐՆԵՐԻ ԵՎ ԱՄԲԱՐՏԱԿՆԵՐԻ ՎՐԱՅՈՎ ԱՆՑՆՈՂ ՃԱՆԱՊԱՐՀԱՀԱՏՎԱԾՆԵՐԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետությունում պատվարների և ամբարտակների (այսուհետ` պատվար) վրայով անցնող ճանապարհահատվածներից օգտվելու կարգը:
2. Պատվարների վրայով անցնող ճանապարհահատվածներից (այսուհետ` ճանապարհահատված) օգտվելը կարգավորվում է ճանապարհային երթևեկության և ավտոմոբիլային ճանապարհների պահպանման ու շահագործման կանոններին, սույն կարգին և այլ իրավական ակտերին համապատասխան:
3. Ճանապարհահատվածը և ջրամբարը տնօրինողների միջև կնքվում է համապատասխան պայմանագիր կամ ընդունվում է համապատասխան իրավական ակտ կոնկրետ ջրամբարի պատվարի վրայով անցնող ճանապարհահատվածից օգտվելու վերաբերյալ:
II. ՊԱՏՎԱՐՆԵՐԻ ՎՐԱՅՈՎ ԱՆՑՆՈՂ ՃԱՆԱՊԱՐՀԱՀԱՏՎԱԾՆԵՐԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ԿԱՐԳԸ
4. Ճանապարհահատվածը տնօրինողը պատասխանատու է միայն ճանապարհահատվածի հողային պաստառի տարածքում գտնվող ճանապարհային կառուցվածքի համար (ճանապարհային պատվածք, կողնակներ, ճանապարհային նշաններ, գծանշում):
5. Ճանապարհային և կլիմայական անբարենպաստ պայմանների դեպքում ճանապարհահատվածում երթևեկությունը կարող է ժամանակավորապես սահմանափակվել կամ դադարեցվել` ճանապարհահատվածը և ջրամբարը տնօրինողների ցուցումով:
6. Ճանապարհահատվածների բոլոր մուտքերն ու ելքերը պետք է ունենան կարծր ծածկույթ` գործող շինարարական նորմերին համապատասխան:
7. Ջրամբարը տնօրինողն իրավասու է ճանապարհահատվածը տնօրինող մարմնի հետ համաձայնեցված սահմանելու ճանապարհահատվածով անցնող տրանսպորտային միջոցների թույլատրելի բեռի քաշը, եզրաչափերը և արագությունները:
8. Ճանապարհահատվածներում թույլատրվում է միայն ջրամբարը տնօրինողի կողմից սահմանված նորմերը չգերազանցող տրանսպորտային միջոցների երթևեկությունը:
9. Արտակարգ իրավիճակների սպառնալիքի կամ առաջացման ժամանակ, ինչպես նաև շեպերի ամրակապման խախտման և նորոգման ու շինարարական աշխատանքների իրականացման դեպքում` ջրամբարը տնօրինողը տվյալ ճանապարհահատվածում կարող է դադարեցնել կամ սահմանափակել տրանսպորտային միջոցների երթևեկությունը` դրա մասին անհապաղ տեղյակ պահելով ճանապարհահատվածը տնօրինողին և ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնին:
10. Համաձայն միջազգային մակրոսեյսմիկ սանդղակի (1964 թվական)` 7 և ավելի բալ ուժգնությամբ երկրաշարժից հետո` պատվարի տեխնիկական զննման ժամանակահատվածում ճանապարհահատվածով երթևեկությունը դադարեցվում է ջրամբարը տնօրինողի ցուցումով` դրա մասին անհապաղ տեղյակ պահելով ճանապարհահատվածը տնօրինողին և ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնին:
11. Ճանապարհահատվածում երթևեկությունն իրականացվում է` առանց տրանսպորտային միջոցների կանգառի և կայանման:
12. Ճանապարհահատվածը վերականգնվում է կամ որևէ այլ շինարարական աշխատանք իրականացվում է` առանց պատվարների կառուցվածքների փոփոխության:
13. Ճանապարհը տնօրինողը ճանապարհահատվածով ծանրաքաշ և մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցների երթևեկությունը համաձայնեցնում է ջրամբարը տնօրինողի հետ:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |