040.0240.14.03.02
«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
14 մարտի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 մարտի 2002 թվականի N 240
քաղ. Երևան
«ՈՌՈԳՈՒՄ-ՋՐԱՌ» ԵՎ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԸ ՇԱՀԱԳՈՐԾՈՂ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՏԱԿԱՐԱՐՎՈՂ ՈՌՈԳՄԱՆ ՋՐԻ ՍԱԿԱԳՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 22.05.03 N 636-Ա)
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել՝
ա) «Ոռոգում-ջրառ» փակ բաժնետիրական ընկերության կողմից ոռոգման համակարգերը շահագործող փակ բաժնետիրական ընկերություններին և ջրօգտագործողների ընկերություններին ու ջրօգտագործողների ընկերությունների միություններին ինքնահոս եղանակով մատակարարվող մեկ խոր. մետր ոռոգման ջրի (գլխամասերում և ջրթափ կետերում) միջինացված սակագինը (ներառյալ ավելացված արժեքի հարկը)՝ 70 լումա, իսկ մեխանիկական եղանակով մատակարարվող մեկ խոր. մետր ոռոգման ջրի համար (ներառյալ ավելացված արժեքի հարկը)՝ 1 դրամ 20 լումա.
բ) ոռոգման համակարգերը շահագործող փակ բաժնետիրական ընկերությունների կողմից (երրորդ կարգի ջրանցքների գլխամասերում, խորքային և ինքնաշատրվանող հորերով) ջրօգտագործողների միավորումներին մատակարարվող մեկ խոր. մետր ոռոգման ջրի միջինացված սակագինը (ներառյալ ավելացված արժեքի հարկը)՝ 4 դրամ 20 լումա, իսկ ջրօգտագործողների միավորումների մեջ չներառված ջուր սպառողներին՝ նշված սակագնին ավելացված նաև մեկ խոր. մետր ջրի հաշվով ներտնտեսային ոռոգման ցանցերի շահագործման ծախսերը և կորուստները (ներառյալ ավելացված արժեքի հարկը).
գ) «Ոռոգում-ջրառ» փակ բաժնետիրական ընկերության կողմից անմիջապես ջուր սպառողների կոոպերատիվներին մատակարարվող մեկ խոր. մետր ոռոգման ջրի սակագինը՝ 4 դրամ 20 լումա (ներառյալ ավելացված արժեքի հարկը), իսկ ջրօգտագործողների միավորումների մեջ չներառված ջուր սպառողներին՝ սույն որոշման 1-ին կետի «բ» ենթակետով սահմանված կարգով.
դ) Հայաստանի Հանրապետության այլ ջրօգտագործողներին «Ոռոգում-ջրառ» և ոռոգման համակարգերը շահագործող փակ բաժնետիրական ընկերությունների կողմից (երրորդ կարգի ջրանցքների գլխամասերում) մատակարարվող մեկ խոր. մետր ոռոգման ջրի համար՝ 6 դրամ 65 լումա (ներառյալ ավելացված արժեքի հարկը).
ե) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության և Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի համակարգերի գիտահետազոտական ինստիտուտներին, սերմնաբուծական և պետական ընկերություններին (տնտեսություններին) ու այգեգործների սպառողական կոոպերատիվների հայկական հանրապետական միության կազմի մեջ մտնող և այլ այգեգործական ընկերություններին, Երևանի քաղաքային և թաղային նշանակության կանաչ տարածքներն սպասարկող ջրօգտագործողներին մատակարարվող մեկ խոր. մետր ոռոգման ջրի սակագինը՝ 4 դրամ 20 լումա (ներառյալ ավելացված արժեքի հարկը)։
(1-ին կետը փոփ., լրաց. 22.05.03 N 636-Ա)
2. «Ոռոգում-ջրառ» և ոռոգման համակարգերը շահագործող փակ բաժնետիրական ընկերությունների կողմից 2002 թվականին մատակարարվող (բացի խորքային հորերով) մեկ խոր. մետր ոռոգման ջրի հաշվարկային արժեքի և միջինացված սակագնի արժեքային տարբերությունը, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 17-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի համակարգի ջրային տնտեսության ընկերությունների գործունեության և կառավարման բարելավման ծրագրի, 2001-2005 թվականների ֆինանսական հոսքերի և դրանց իրականացման միջոցառումների մասին» N 440 որոշման 1-ին կետով հաստատված ոռոգման համակարգի ֆինանսական հոսքերի կանխատեսումների հաշվարկի, փոխհատուցվում է Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեով նախատեսված սուբսիդիայի շրջանակներում։
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեին՝ ոռոգման համակարգերը շահագործող փակ բաժնետիրական ընկերությունների կողմից 2002 թվականին խորքային հորերով մատակարարվող մեկ խոր. մետր ոռոգման ջրի հաշվարկային արժեքի և սույն որոշման 1-ին կետի «բ» ենթակետով սահմանված միջինացված սակագնի տարբերության հետևանքով առաջացած ճեղքվածքը փակելու նպատակով փնտրել վարկային միջոցներից, դրամաշնորհներից ու այլ ֆինանսական աղբյուրներից նշված ընկերությունների աշխատանքային կապիտալը համալրելու հնարավորություն՝ ծախսված էլեկտրաէներգիայի արժեքը վճարելու համար։
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեին՝ ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 17-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի համակարգի ջրային տնտեսության ընկերությունների գործունեության և կառավարման բարելավման ծրագրի, 2001-2005 թվականների ֆինանսական հոսքերի և դրանց իրականացման միջոցառումների մասին» N 440 որոշման 10-րդ կետի «ա» ենթակետի, հաշվի առնելով ոռոգման համակարգերի 2001 թվականի տարեկան ու 2002 թվականի իննամսյա ֆինանսատնտեսական ցուցանիշները և դրանք համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ, մինչև 2002 թվականի հոկտեմբերի 1-ը ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության կառավարություն ոռոգման համակարգերի 2001-2005 թվականների ֆինանսական առողջացման ծրագրում փոփոխություններ կատարելու վերաբերյալ։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի մարտի 14-ից, իսկ որոշման 1-ին կետով սահմանված սակագները գործում են մինչև Հայաստանի Հանրապետության բնական մենաշնորհների կարգավորման հանձնաժողովի կողմից «Ոռոգում-ջրառ» և ոռոգման համակարգերը շահագործող փակ բաժնետիրական ընկերությունների կողմից մատակարարվող ոռոգման ջրի նոր սակագների սահմանումը։
(5-րդ կետը խմբ. 22.05.03 N 636-Ա)
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
22.05.2003, N 636-Ա | 26.06.2003, N 240 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|