Գլխավոր տեղեկություն
Համար
N 388-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (08.02.2008-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2008.01.29/3(277) Հոդ.19
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
27.11.2007
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
03.12.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.02.2008

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

28 դեկտեմբերի 2007 թ.

Պետական գրանցման թիվ 05007483

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

27 նոյեմբերի 2007 թ.

ք. Երևան

 N 388-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 29-Ի ԹԻՎ 386-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը և հաշվի առնելով հանցավոր ճանապարհով ձեռքբերված միջոցների շրջանառության և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի կատարելագործման անհրաժեշտությունը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի հուլիսի 29-ի ««Արժութային արժեքների փոխադրման, առաքման, ներմուծման, արտահանման և հայտարարագրման» կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 1998 թվականի օգոստոսի 26-ի թիվ 173 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 386-Ն որոշմամբ հաստատված «Արժութային արժեքների փոխադրման, առաքման, ներմուծման, արտահանման և հայտարարագրման» կարգում (այսուհետ Կարգ) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.

1) Կարգի 2-րդ գլուխը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 

«Գ Լ ՈՒ Խ  2

 

ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՈՒՄԸ, ԱՌԱՔՈՒՄԸ, ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ ԵՎ ՆԵՐՄՈՒԾՈՒՄԸ

 

2.1. Ֆիզիկական և իրավաբանական անձինք (բացառությամբ բանկերի, վարկային կազմակերպությունների և ինկասացիոն կազմակերպությունների) իրավունք ունեն առանց որևէ փաստաթղթի առկայության, բացառությամբ օրենսդրությամբ նախատեսված դեպքերի, Հայաստանի Հանրապետությունից արտահանել մինչև 5 միլիոն կանխիկ ՀՀ դրամ և համարժեք կանխիկ արտարժույթ (հաշվարկվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից հայտարարված՝ արժութային շուկայում տվյալ օրվա համար ձևավորված միջին փոխարժեքների հիման վրա, իսկ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տվյալ արտարժույթի նկատմամբ փոխարժեք հայտարարված չլինելու դեպքում այն հաշվարկվում է հիմք ընդունելով տվյալ օրվա տվյալ արժույթի փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ և Հայաստանի Հանրապետության դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ)` արտահայտված թղթադրամների և մետաղադրամների տեսքով, ինչպես նաև վճարային արժեթղթեր: Uույն կետում նշված գումարը գերազանցելու դեպքում Հայաստանի Հանրապետության դրամի և արտարժույթի արտահանումն իրականացվում է անկանխիկ եղանակով, իսկ վճարային արժեթղթերի արտահանումը՝ գրավոր մաքսային հայտարարագրի լրացմամբ:

2.2. Ֆիզիկական, իրավաբանական անձինք (բացառությամբ բանկերի, վարկային կազմակերպությունների և ինկասացիոն կազմակերպությունների) և անհատ ձեռնարկատերերը իրավունք ունեն առանց գրավոր մաքսային հայտարարագիր լրացնելու, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, Հայաստանի Հանրապետություն ներմուծել մինչև 15 հազար եվրոյին համարժեք կանխիկ դրամ (հաշվարկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից հայտարարված՝ արժութային շուկայում տվյալ օրվա համար ձևավորված միջին փոխարժեքների հիման վրա, իսկ ՀՀ կենտրոնական բանկի կողմից տվյալ արտարժույթի նկատմամբ փոխարժեք հայտարարված չլինելու դեպքում այն հաշվարկվում է հիմք ընդունելով տվյալ օրվա տվյալ արժույթի փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ և ՀՀ դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ)` արտահայտված թղթադրամների և մետաղադրամների տեսքով, ինչպես նաև վճարային արժեթղթեր: Uույն կետում նշված արժեքը գերազանցելու դեպքում նշված արժութային արժեքների ներմուծումը ենթակա է մաքսային հայտարարագրման:

2.3. Սույն կարգի 2.1 և 2.2 կետերով սահմանված՝ գրավոր մաքսային հայտարարագրում լրացման ենթակա տեղեկություններն են՝

1) Ուղևորի (բեռնային կամ փոստային փոխադրումների դեպքում՝ առաքողի) անունը, ազգանունը կամ անվանումը, որը լրացվում է՝

ա. ֆիզիկական անձանց դեպքում՝ անձնագրում կամ անձը հաստատող այլ արժանահավատ փաստաթղթում առկա տեղեկատվության հիման վրա.

բ. իրավաբանական անձանց դեպքում՝ կանոնադրության կամ այլ արժանահավատ փաստաթղթում առկա տեղեկատվության հիման վրա:

2) Ուղևորի (բեռնային կամ փոստային փոխադրումների դեպքում՝ առաքողի) քաղաքացիությունը, որը լրացվում է միայն ֆիզիկական անձանց առկայության դեպքում՝ անձնագրում կամ անձը հաստատող այլ արժանահավատ փաստաթղթում առկա տեղեկատվության հիման վրա:

3) Ուղևորի (բեռնային կամ փոստային փոխադրումների դեպքում՝ առաքողի) անձնագրային տվյալները, որը լրացվում է միայն ֆիզիկական անձանց առկայության դեպքում և ներառում է անձնագրում կամ անձը հաստատող այլ արժանահավատ փաստաթղթում առկա հետևյալ տեղեկությունները՝

ա. անձնագրի սերիան (առկայության դեպքում) և համարը.

բ. անձնագրի տրման տարին, ամիսն ու ամսաթիվը.

գ. անձնագրի վավերականության ժամկետը.

դ. անձնագիրը տված իրավասու մարմինը:

4) Ուղևորի (բեռնային կամ փոստային փոխադրումների դեպքում՝ առաքողի) ծննդյան ամիսը, ամսաթիվը, տարեթիվը և վայրը, որը լրացվում է միայն ֆիզիկական անձանց առկայության դեպքում՝ անձնագրում կամ անձը հաստատող այլ արժանահավատ փաստաթղթում առկա տեղեկատվության հիման վրա:

5) Ուղևորի (բեռնային կամ փոստային փոխադրումների դեպքում՝ առաքողի) բնակության (գտնվելու) վայրը, որը լրացվում է.

ա. ֆիզիկական անձանց դեպքում՝ անձնագրում կամ անձը հաստատող այլ արժանահավատ փաստաթղթում առկա տեղեկատվության հիման վրա.

բ. իրավաբանական անձանց դեպքում՝ կանոնադրության կամ այլ արժանահավատ փաստաթղթում առկա տեղեկատվության հիման վրա:

6) Ներմուծվող սույն կարգի 2.2 կետում նշված արժութային արժեքների կամ արտահանվող վճարային արժեթղթերի տեսակը, որը ներառում է հետևյալ տեղեկատվական դաշտերից առնվազն մեկը՝

ա. «Կանխիկ դրամ (նշելով արժույթը)». այս դաշտը նշվում է, եթե ներմուծվող արժութային արժեքները ներառում են կանխիկ դրամ: Այս դեպքում նշվում է նաև կանխիկ դրամի արժույթը:

բ. «Վճարային արժեթղթեր (նշելով տեսակը)». այս դաշտը նշվում է, եթե ներմուծվում կամ արտահանվում է սահմանաչափից ավելի գումարով արժեթուղթ: Այս դեպքում նշվում է նաև արժեթղթի տեսակը, արժույթը, որով արտահայտված է, համարը, թողարկողը:

7) Ներմուծվող սույն կարգի 2.2 կետում նշված արժութային արժեքների կամ արտահանվող վճարային արժեթղթերի գումարը, որի դեպքում նշվում է փոխադրվող արժութային արժեքների հանրագումարային արժեքը՝ դրամական գնահատմամբ: Կանխիկ դրամի ներմուծման դեպքում գումարը նշվում է ներմուծվող արժույթով:

8) Սույն կարգի 2.2 կետում նշված արժութային արժեքների ներմուծման դեպքում՝ երկիրը, որտեղից ներմուծվում են արժութային արժեքները: Այստեղ նշվում է այն երկիրը, որտեղից ժամանում է այն անձը, բեռը կամ փոստը, ով ներմուծում (որտեղով ներմուծվում) է հայտարարագրման ենթակա արժութային արժեքները: Սույն կարգի 2.2 կետում նշված արժութային արժեքների տարանցիկ փոխադրման դեպքում նշվում է արտահանման երկիրը:

9) Հայտարարագրի լրացման տարին, ամիսը, ամսաթիվը, որտեղ նշվում է այն տարին, ամիսը, ամսաթիվը, երբ փաստացի լրացվել է հայտարարագիրը:

10) Ուղևորի (բեռնային կամ փոստային փոխադրումների դեպքում՝ առաքողի) ստորագրությունը, որտեղ նշվում է այն անձի ստորագրությունը, ով փոխադրում է (իրավաբանական անձի դեպքում՝ ում անունից լիազորված է փոխադրելու) հայտարարագրման ենթակա արժութային արժեքները և ով լրացնում է հայտարարագիրը:

2.4. Սույն կարգի 2.1 և 2.2 կետերով սահմանված գումարը գերազանցող արժութային արժեքներ արտահանելը կամ ներմուծելը առանց գրավոր մաքսային հայտարարագիր լրացնելու, կամ 2.3 կետով սահմանված հայտարարագրման ենթակա տեղեկությունները թերի լրացնելը կամ կեղծելը հանգեցնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պատասխանատվության:»:

2) Կարգի 3.1 կետում «վարկային կազմակերպությունների» բառերից հետո լրացնել «ինկասացիոն կազմակերպությունների» բառերը:

 

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի նախագահ

Տ. Սարգսյան

 

2007 թ. դեկտեմբերի 3

Երևան