Հայաստանի Հանրապետության կառավարություն
ո ր ո շ ու մ
17 հունվարի 2008 թվականի N 17-Ա
«ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ՀԱՄԱԿԱՐԳԸ ԿՈՆՑԵՍԻՈՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ կետի «ա», 67-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետերին և 68-րդ հոդվածի 7-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարել «Հայկական երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերությունը:
2. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստեղծել «Հայկական երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության լուծարման հանձնաժողով, որի կազմում ընդգրկել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ներկայացուցիչներին:
3. Լուծարման հանձնաժողովին`
1) «Հայկական երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության պարտատերերի հետ հաշվարկներն ավարտելուց հետո այդ ընկերության դեբիտորական պարտքերի ստացման ու այլ պահանջների իրավունքները վերապահել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը.
2) «Հայկական երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության պարտատերերի պահանջների բավարարումից հետո մնացած գույքը հանձնել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության տնօրինությանը.
3) «Հայկական երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության լուծարման գործընթացն ավարտել սույն որոշման 5-րդ կետում նշված պայմանագրով նախատեսված կոնցեսիոների կողմից երկաթուղային տրանսպորտի գործունեությունն սկսելու պահին:
4. Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հոկտեմբերի 18-ի «Հայկական երկաթուղու համակարգը կոնցեսիոն պայմանագրով փոխանցելու մրցույթի անցկացման կարգը հաստատելու և մրցութային հանձնաժողով ստեղծելու մասին» N 1323-Ն որոշմամբ ստեղծված մրցութային հանձնաժողովի 2008 թվականի հունվարի 16-ի նիստի արձանագրությունը` Հայկական երկաթուղու համակարգը կոնցեսիոն պայմանագրով փոխանցման մրցույթում հաղթող ճանաչել «Ռուսական երկաթուղիներ» բաց բաժնետիրական ընկերությանը:
5. Հայկական երկաթուղու համակարգը կոնցեսիոն պայմանագրով փոխանցել «Ռուսական երկաթուղիներ» բաց բաժնետիրական ընկերության կողմից Հայաստանի Հանրապետությունում ստեղծվող «Հարավ-Կովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերությանը:
6. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին` սույն որոշման ընդունման պահից մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել Հայկական երկաթուղու համակարգը կոնցեսիայով փոխանցման մասին պայմանագրի նախագիծը:
7. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին ու Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` ավարտել սույն որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետում նշված գույքի նկատմամբ գույքային իրավունքների պետական գրանցման աշխատանքները` «Հայկական երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին, մինչև Հայկական երկաթուղու համակարգը կոնցեսիայով փոխանցման պայմանագրով նախատեսված կոնցեսիոների կողմից երկաթուղային տրանսպորտի գործունեությունն սկսելու պահը:
8. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին`
1) «Հայկական երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերությանն ազատել Միջազգային զարգացման ընկերակցության և Հայաստանի Հանրապետության միջև 2000 թվականի հուլիսի 7-ին կնքված Զարգացման վարկի համաձայնագրի պայմաններին համապատասխան «Հայկական երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերությանը որպես ենթավարկ տրամադրված 12.6 մլն ԱՄՆ-ի դոլարի չափով վարկի պարտավորություններից.
2) Հայկական երկաթուղու համակարգը կոնցեսիայով փոխանցման մասին պայմանագրով նախատեսված կոնցեսիոն վճարները մուտքագրել Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:
9. Սահմանել, որ ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտի կազմակերպություններն օրենքով սահմանված դեպքերում և կարգով ունեն այլ անձանց պատկանող հողամասերի, դրանցում ամրակայված շենքերի և շինությունների սահմանափակ օգտագործման իրավունք (սերվիտուտ)` երկաթուղու պահպանման, սպասարկման և դրանց անվտանգության գոտիների և մուտքի իրավունքի համար։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ս. ՍԱՐԳՍՅԱՆ |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
22.05.2008, N 493-Ա | 30.05.2008, N 17-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|