Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-730
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (22.01.2008-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2008.02.06/8(598) Հոդ.116
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
22.01.2008
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
22.01.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.01.2008

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

Քաղ. Երևան

22 հունվարի 2008 թ.

 

2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 16-ԻՆ ՎԱՐՇԱՎԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՆՑԱՎՈՐ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԼՎԱՑՄԱՆ, ՀԵՏԱԽՈՒԶՄԱՆ, ԱՌԳՐԱՎՄԱՆ ՈՒ ԲՌՆԱԳՐԱՎՄԱՆ ԵՎ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՍԻՆ ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ (ԿԻՑ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ) ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի (զեկուցող), Վ. Հովհաննիսյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետի, 101 հոդվածի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72 հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2005 թվականի մայիսի 16-ին Վարշավայում ստորագրված` Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների լվացման, հետախուզման, առգրավման ու բռնագրավման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիայում (կից հայտարարություններով) ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի` սահմանադրական դատարանում 03.12.2007 թ. մուտքագրված դիմումը:

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ` ՀՀ արդարադատության նախարար Գ. Դանիելյանի գրավոր բացատրությունները, հետազոտելով կոնվենցիան (կից հայտարարություններով) (այսուհետ՝ կոնվենցիա) և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Կոնվենցիան ստորագրվել է 2005 թ. մայիսի 16-ին Վարշավայում` հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների լվացման, հետախուզման, առգրավման ու բռնագրավման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի նպատակով: Հայաստանի Հանրապետությունը կոնվենցիան ստորագրել է 2005 թ. նոյեմբերի 17-ին:

2007 թ. նոյեմբերի 21-ի դրությամբ կոնվենցիան ստորագրել է 27 պետություն, վավերացրել` 4 պետություն:

Կոնվենցիայի նպատակն է խորացնել այդ ոլորտում պետությունների միջև համագործակցությունը, ստեղծել մի շարք արդյունավետ և լրացուցիչ մեխանիզմներ փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարն ուժեղացնելու բնագավառում, հստակեցնել ու կատարելագործել «Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների լվացման, հետախուզման, առգրավման և բռնագրավման մասին» 1990 թվականի նոյեմբերի 8-ի եվրոպական կոնվենցիայով նախատեսված մեխանիզմները` հաշվի առնելով, որ ահաբեկչությունը կարող է ֆինանսավորվել ոչ միայն հանցավոր ճանապարհով ստացված և լվացված փողերով, այլ նաև օրինական գործունեությունից ստացված եկամուտներով:

 

2. Կոնվենցիայով Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է.

● ձեռնարկել այնպիսի օրենսդրական կամ այլ միջոցներ, որոնք հնարավորություն կտան կիրառել կոնվենցիայով ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի նպատակով սահմանված դրույթները,

● երաշխավորել, որ կարող է հետախուզել, հետապնդել, հայտնաբերել, սառեցնել, առգրավել և բռնագրավել օրինական կամ հանցավոր ծագում ունեցող այնպիսի գույքը, որը նախատեսված է եղել կամ որևիցե ձևով օգտագործվել է, մասնակիորեն կամ ամբողջությամբ, ահաբեկչության ֆինանսավորման նպատակներով, ինչպես նաև նշված հանցանքից ստացված եկամուտները, և այդ ուղղությամբ ապահովել հնարավոր առավելագույն համագործակցություն կոնվենցիայի մյուս մասնակիցների հետ (հոդված 2, կետ 2),

● ձեռնարկել այնպիսի օրենսդրական կամ այլ միջոցներ, որոնք հնարավորություն են տալիս իրականացնել գործիքների և եկամուտների, ինչպես նաև այդ եկամուտներին և լվացման ենթարկված գույքին համարժեք գույքի բռնագրավում (հոդված 3, կետ 1),

● ձեռնարկել այնպիսի օրենսդրական կամ այլ միջոցներ, որոնք հնարավորություն կտան ՀՀ օրենսդրությամբ ծանր հանցագործություն համարվող մեկ կամ մի քանի արարք կատարած անձանցից պահանջել, որպեսզի նրանք ներկայացնեն բռնագրավման ենթակա եկամուտների կամ գույքի ծագման վերաբերյալ տեղեկություններ, եթե նման պահանջը համապատասխանում է ՀՀ օրենսդրության սկզբունքներին (հոդված 3, կետ 4),

● ընդունել այնպիսի օրենսդրական և այլ միջոցներ, որոնք կարող են անհրաժեշտ լինել արագորեն հայտնաբերելու, որոնելու, սառեցնելու կամ առգրավելու կոնվենցիայի 3-րդ հոդվածով նախատեսված՝ բռնագրավման ենթակա գույքը, որպեսզի, մասնավորապես, առավել հեշտ լինի իրականացնել հետագա բռնագրավումը (հոդված 4),

● ընդունել այնպիսի օրենսդրական և այլ միջոցներ, որոնք կարող են անհրաժեշտ լինել ապահովելու, որպեսզի սառեցման, առգրավման և բռնագրավման միջոցառումները ներառեն նաև այնպիսի գույք, որն ստացվել է եկամուտների փոխակերպման արդյունքում, օրինական աղբյուրներից ստացված գույքը` համախառն եկամուտների գնահատված արժեքի չափով, այն շահույթը կամ շահը՝ եկամուտներին հավասարաչափ ձևով և չափով, որն ստացվել է եկամուտներից, եկամուտների փոխակերպման արդյունքում ստացված գույքից կամ այն գույքից, որին խառնվել են հանցագործությունից ստացված եկամուտները` այդ եկամուտների գնահատված արժեքի չափով (հոդված 5),

● ձեռնարկել այնպիսի օրենսդրական և այլ միջոցներ, որոնցով հնարավոր կլինի ապահովել, որ կոնվենցիայի 4-րդ և 5-րդ հոդվածներին համապատասխան սառեցված կամ առգրավված գույքը պատշաճ կերպով տնօրինվի (հոդված 6),

● ընդունել այնպիսի օրենսդրական կամ այլ միջոցներ, որոնցով ՀՀ դատարանները կամ այլ իրավասու մարմինները կստանան լիազորություններ պահանջելու բանկային, ֆինանսական կամ առևտրային փաստաթղթերի տրամադրում կամ առգրավում` կոնվենցիայի 3-րդ, 4-րդ և 5-րդ հոդվածներով սահմանված գործողություններն իրականացնելու նպատակով, ինչպես նաև չհրաժարվել կոնվենցիայի 7-րդ հոդվածի դրույթներով սահմանված գործողություններն իրականացնելուց` բանկային գաղտնիքի պատճառաբանությամբ (հոդված 7, կետ 1),

● չխախտելով կոնվենցիայի 7-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված դրույթները` ընդունել այնպիսի օրենսդրական կամ այլ միջոցներ, որոնք կարող են անհրաժեշտ լինել, որպեսզի պարզվի, թե արդյոք ֆիզիկական կամ իրավաբանական անձը հանդիսանում է ՀՀ տարածքում գտնվող որևիցե բանկում բացված ցանկացած տեսակի` մեկ կամ մի քանի հաշիվների օգտագործողը կամ շահառու սեփականատերը, իսկ հանդիսանալու դեպքում՝ ձեռք բերի նույնականացված հաշիվների բոլոր տվյալները, ձեռք բերի այն սահմանված բանկային հաշիվների և բանկային գործարքների վերաբերյալ մանրամասները, որոնք իրականացվել են որոշակի ժամանակահատվածում, մեկ կամ մի քանի որոշակի հաշիվների միջոցով` ներառյալ այդ հաշիվներին փոխանցումներ կատարած և դրանցից փոխանցումներ ստացած այլ հաշիվների վերաբերյալ մանրամասները, մոնիտորինգի ենթարկի որոշակի ժամանակահատվածում մեկ կամ մի քանի նույնականացված հաշիվների միջոցով իրականացվող բանկային գործարքները, ինչպես նաև ապահովի, որ բանկերն իրենց շահագրգիռ հաճախորդների կամ երրորդ անձանց համար չբացահայտեն կոնվենցիայի հոդված 7, կետ 2-ի «ա», «բ» և «գ» ենթակետերի համաձայն տեղեկատվություն որոնելու կամ ձեռք բերելու, ինչպես նաև հետաքննություն իրականացնելու փաստը (հոդված 7, կետ 2),

● քննարկել նաև բանկ չհանդիսացող ֆինանսական հաստատություններում բացված հաշիվների վրա կոնվենցիայի հոդված 7, կետ 2, մաս 1-ի դրույթը տարածելու հարցը (հոդված 7, կետ 2),

● քննարկել այնպիսի օրենսդրական կամ այլ միջոցներ ընդունելու հնարավորությունը, որոնք թույլ կտան կիրառել եկամուտների հայտնաբերումը և հետապնդումը, ինչպես նաև համապատասխան ապացույցների հավաքագրումը հեշտացնող հատուկ քննչական միջոցներ, որոնցից են դիտարկումը, հեռահաղորդակցության գաղտնալսումը, մուտքը համակարգչային համակարգեր և որոշակի փաստաթղթեր ներկայացնելու պահանջը (հոդված 7, կետ 3),

● ընդունել այնպիսի օրենսդրական կամ այլ միջոցներ, որոնցով հնարավոր կլինի ապահովել, որպեսզի այն շահագրգիռ կողմերը, որոնց առնչությամբ կիրառվել են կոնվենցիայի 3-րդ, 4-րդ, 5-րդ հոդվածներով և III բաժնի այլ համապատասխան դրույթներով սահմանված միջոցները, ունենան իրենց իրավունքների պաշտպանության արդյունավետ իրավամիջոցներ (հոդված 8),

● ընդունել այնպիսի օրենսդրական կամ այլ միջոցներ, որոնցով հնարավոր կլինի ՀՀ օրենսդրության ներքո իբրև հանցատեսակ սահմանել դիտավորությամբ կատարված հետևյալ գործողությունները՝ գույքի փոխարկումը կամ փոխանակումը, եթե հայտնի է այդ գույքի եկամուտ հանդիսանալու փաստը` գույքի անօրինական ծագումը թաքցնելու կամ քողարկելու, ինչպես նաև նախորդող հանցատեսակի կատարման մեջ ներգրավված անձին իրավական հետևանքներից խուսափելու հարցում աջակցելու նպատակով, գույքի իրական բնույթի, աղբյուրի, գտնվելու վայրի, օտարման, փոխադրման, գույքի նկատմամբ որևիցե իրավունքի կամ սեփականատիրության թաքցնելը կամ քողարկելը, եթե հայտնի է այդ գույքի եկամուտ հանդիսանալու փաստը, ինչպես նաև ՀՀ սահմանադրական սկզբունքներին և իրավական համակարգի հիմնական հասկացություններին համապատասխան՝ գույքի ձեռքբերումը, տիրապետումը կամ օգտագործումը` եթե ստանալու պահին հայտնի է եղել այդ գույքի եկամուտ հանդիսանալու փաստը, և կոնվենցիայի 9-րդ հոդվածով սահմանված հանցանքներին կամ դրանց իրականացման փորձին մասնակցելը, միանալը կամ հանցավոր համաձայնության գալը, ինչպես նաև այդ հանցանքների իրականացմանն աջակցելը, դրդելը, նպաստելը կամ խորհրդակցելը (հոդված 9, կետ 1),

● ապահովել, որպեսզի փողերի լվացման համար նախորդող հանդիսացող հանցանքները ներառեն այն արարքները, որոնք տեղի են ունեցել մեկ այլ պետությունում, որտեղ դրանք հանցանք են համարվում, և կհամարվեին նախորդող հանցանք, եթե կատարված լինեին ՀՀ-ում (հոդված 9, կետ 7),

● ընդունել այնպիսի օրենսդրական կամ այլ միջոցներ, որոնք կապահովեն, որ իրավաբանական անձինք պատասխանատվություն կրեն կոնվենցիայով սահմանված` փողերի լվացման քրեական հանցանքների համար, որոնք, ի շահ այդ անձանց, կատարվել են տվյալ իրավաբանական անձի կազմում առաջատար դիրք զբաղեցնող ֆիզիկական անձի կողմից, որը գործել է ինքնուրույն կամ իբրև իրավաբանական անձի մարմնի անդամ` օգտագործելով հետևյալը՝ իրավաբանական անձը ներկայացնելու իրավասությունը, կամ իրավաբանական անձի անունից որոշումներ կայացնելու իրավասությունը, կամ իրավաբանական անձի կազմում հսկողություն իրականացնելու իրավասությունը, ինչպես նաև կատարվել են վերը նշված հանցանքներում այդպիսի ֆիզիկական անձին՝ իբրև հանցակից կամ սադրիչ ներգրավելու նպատակով (հոդված 10, կետ 1),

● կոնվենցիայի հոդված 10, կետ 1-ում նշված դեպքերի հետ մեկտեղ ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ, ապահովելու համար, որ իրավաբանական անձը պատասխանատվություն կրի այն դեպքերում, երբ կոնվենցիայի հոդված 10, կետ 1-ում սահմանված հսկողության կամ վերահսկողության բացակայությունը հնարավոր է դարձրել վերոհիշյալ կետով սահմանված քրեական հանցանքների կատարումն ի շահ տվյալ իրավաբանական անձի, վերջինիս իրավասության տակ գտնվող ֆիզիկական անձի կողմից (հոդված 10, կետ 2),

● ապահովել, որպեսզի կոնվենցիայի 10-րդ հոդվածով նախատեսված պատասխանատվությունը կրող իրավաբանական անձինք ենթարկվեն արդյունավետ, համարժեք և տարհամոզիչ քրեական կամ ոչ քրեական պատժամիջոցների, ներառյալ դրամական պատժամիջոցները (հոդված 10, կետ 4),

● ընդունել այնպիսի օրենսդրական կամ այլ միջոցներ, որոնք հնարավորություն կտան պատժամիջոց սահմանելիս հաշվի առնել կոնվենցիայի այլ Կողմի` ֆիզիկական կամ իրավաբանական անձի նկատմամբ կոնվենցիայով սահմանված հանցանքների համար կայացրած դատավճիռները (հոդված 11),

● ընդունել այնպիսի օրենսդրական կամ այլ միջոցներ, որոնք կարող են անհրաժեշտ լինել կոնվենցիայով սահմանված Ֆինանսական հետախուզության մարմին (այսուհետ՝ ՖՀՄ) ստեղծելու համար (հոդված 12, կետ 1),

● ընդունել այնպիսի օրենսդրական կամ այլ միջոցներ, որոնք կարող են անհրաժեշտ լինել, որպեսզի ՖՀՄ-ն հնարավորություն ունենա ուղղակի կամ անուղղակի ձևով, պատշաճ ժամանակին ձեռք բերելու այն ֆինանսական, վարչական և իրավական տեղեկատվությունը, որն անհրաժեշտ է իրեն իր գործառույթները, մասնավորապես, կասկածելի գործարքների վերաբերյալ հաշվետվությունների վերլուծությունն իրականացնելու համար (հոդված 12, կետ 2),

● ընդունել այնպիսի օրենսդրական կամ այլ միջոցներ, որոնք կարող են անհրաժեշտ լինել փողերի լվացման կանխարգելմանն ուղղված՝ կարգավորման, վերահսկման կամ մոնիտորինգի համընդհանուր ներքին համակարգ հաստատելու համար, ինչպես նաև հաշվի առնել կիրառվող միջազգային չափանիշները` ներառելով, մասնավորապես, փողերի լվացման դեմ պայքարի ֆինանսական միջոցառումների հատուկ հանձնախմբի (FATF) ընդունած առաջարկները (հոդված 13, կետ 1),

● ձեռնարկել այնպիսի օրենսդրական կամ այլ միջոցներ, որոնք թույլ կտան ՖՀՄ-ին կամ, համապատասխան դեպքերում, որևիցե այլ լիազորված իշխանության կամ մարմնի, երբ կասկած է առաջանում փողերի լվացման հետ տվյալ գործարքի առնչության վերաբերյալ, ձեռք առնել շտապ գործողություններ, որպեսզի գործարքը ժամանակավորապես դադարեցվի կամ կասեցվի՝ այն վերլուծելու և կասկածը հաստատելու նպատակով (հոդված 14),

● ելնելով գործիքների և եկամուտների բռնագրավմանն ուղղված հետաքննության և դատական վարույթների նպատակներից՝ հնարավորության դեպքում առավելագույն չափով համագործակցել կոնվենցիայի մյուս Կողմերի հետ (հոդված 15, կետ 1),

● ընդունել այնպիսի օրենսդրական կամ այլ միջոցներ, որոնք հնարավորություն կտան կոնվենցիայի IV բաժնով նախատեսված պայմանների ներքո կատարել հետևյալ հարցումները՝ եկամուտներ կամ գործիք հանդիսացող գույքի որոշակի միավորների բռնագրավման վերաբերյալ, ինչպես նաև եկամուտների այնպիսի բռնագրավման վերաբերյալ, որը բաղկացած է եկամուտների արժեքին համապատասխան գումար վճարելու պահանջից, և հետաքննության ընթացքում աջակցության և նախնական միջոցների վերաբերյալ՝ վերը նշված բռնագրավման տեսակներից որևէ մեկը հետագայում իրականացնելու նպատակով (հոդված 15, կետ 2),

● ընդունել այնպիսի օրենսդրական կամ այլ միջոցներ, որոնք կարող են անհրաժեշտ լինել, որպեսզի եկամուտներ և գործիքներ հայտնաբերելու, որոնելու, սառեցնելու կամ առգրավելու նպատակով կոնվենցիայի այլ Կողմերի ներկայացրած հարցումներին տրվի այնքան առաջնայնություն, որքան տրվում է ներքին ընթացակարգերի շրջանակներում կատարվող հարցումներին (հոդված 15, կետ 4):

 

3. Հայաստանի Հանրապետությունը կոնվենցիայի 3-րդ հոդվածի 2-րդ կետի, 17-րդ հոդվածի 5-րդ կետի, 24-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն նախատեսում է կատարել հայտարարություններ, համաձայն որոնց` Հայաստանի Հանրապետությունը կոնվենցիայի 3-րդ հոդվածի 1-ին կետը և 17-րդ հոդվածը կիրառելու է միայն կոնվենցիային կից հավելվածում նշված հանցագործությունների նկատմամբ, իսկ կոնվենցիայի 24-րդ հոդվածի 2-րդ կետը կիրառելու է միայն ՀՀ սահմանադրական սկզբունքների և իրավական համակարգի հիմնական հասկացությունների համաձայն: Հայտարարություններով նախատեսվում է նաև, որ կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն ՀՀ ներկայացվող հարցումները և այդպիսի հարցումներին առնչվող փաստաթղթերը պետք է ուղեկցվեն անգլերենով կատարված թարգմանությամբ, իսկ, կոնվենցիայի 42-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան, կոնվենցիայի 7-րդ բաժնի համաձայն ՀՀ կողմից տրամադրված տեղեկությունները կամ ապացույցները չեն կարող առանց ՀՀ-ի նախնական համաձայնության հայցող կողմի իրավասու մարմինների կողմից օգտագործվել կամ փոխանցվել այլ քննության կամ վարույթի համար, բացի հարցման մեջ նշվածից:

 

4. Կոնվենցիայով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները բխում են միջազգային փոխշահավետ համագործակցության հաստատման վերաբերյալ ՀՀ Սահմանադրության 9 հոդվածում ամրագրված սկզբունքներից:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետով, 102 հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. 2005 թվականի մայիսի 16-ին Վարշավայում ստորագրված` «Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների լվացման, հետախուզման, առգրավման ու բռնագրավման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիայում (կից հայտարարություններով) ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Նախագահող

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


22 հունվարի 2008 թ.
ՍԴՈ-730

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան