Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (25.12.2007-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2008.01.29/5(595)
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
25.12.2007
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
25.12.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.12.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ քաղաքացիական վերաքննիչ
դատարանի վճիռ
Քաղաքացիական գործ թիվ 07-2719

Քաղաքացիական գործ թիվ 3-1818(ՎԴ)
2007 թ.

Նախագահող դատավոր՝ Տ. Սահակյան
Դատավորներ` Ն. Հովսեփյան, Մ. Ասատրյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ`

Ա. Մկրտումյանի

մասնակցությամբ դատավորներ`

Վ. Աբելյանի

Ս. Անտոնյանի

 

Ս. Գյուրջյանի

 

Է. Հայրիյանի

 

Ս. Սարգսյանի

 

2007 թվականի դեկտեմբերի 25-ին

 

դռնբաց դատական նիստում, քննելով Ռ.Շիրբակյանի վճռաբեկ բողոքը ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 09.10.2007 թվականի վճռի դեմ՝ քաղաքացիական գործով ըստ հայցի Նովելա Գևորգյանի ընդդեմ Ռուզաննա Շիրբակյանի՝ սեփականության իրավունքի խախտումները վերացնելու պահանջի մասին, և ըստ Ռուզաննա Շիրբակյանի հակընդդեմ հայցի՝ 20.09.2005 թվականին կնքված առուվաճառքի պայմանագիրը՝ որպես շինծու գործարք, անվավեր ճանաչելու պահանջի մասին

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 

Դիմելով դատարան՝ հայցվորը պահանջել է ազատել պատասխանողի ապօրինի տիրապետությունից սեփականության իրավունքով պատկանող՝ Երևանի Բրյուսովի փողոցի 23 շենքի թիվ 34 բնակարանը, պարտավորեցնել այնտեղից դուրս բերել բնակարանում առկա իրերը:

Հակընդդեմ հայցով պատասխանողը պահանջել է անվավեր ճանաչել 20.09.2005 թվականին կնքված բնակարանի առուվաճառքի պայմանագիրը՝ որպես շինծու գործարք:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 03.05.2007 թվականի վճռով հայցը մերժվել է, իսկ հակընդդեմ հայցը՝ բավարարվել:

ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 09.10.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է, իսկ հակընդդեմ հայցը՝ մերժվել:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել պատասխանող Ռ.Շիրբակյանը:

Վճռաբեկ բողոքին պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

1) Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ և 218-րդ հոդվածների պահանջները, ինչի արդյունքում չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 306-րդ հոդվածը, որը պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը բողոքի սույն հիմքը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Պատասխանողի կողմից դատարան են ներկայացվել վիճելի բնակարանի մի քանի առուվաճառքի պայմանագրեր, ըստ որոնց` բնակարանը մի քանի անգամ վաճառվել և վերավաճառվել է հայցվորի և պատասխանողի ընտանիքի անդամների միջև: Այս բոլոր առուվաճառքի պայմանագրերը կնքվել են միայն ի ապահովումն հայցվորի կողմից պատասխանողին տրված վարկերի վերադարձման: Այսինքն` հայցվորը հանդիսանալով տոկոսով փոխառության գումարներ տրամադրող անձ, որպիսի հանգամանքը հիմնավորվում է նաև հայցվորի և այլ անձանց միջև կնքված գրավի պայմանագրով, մի քանի անգամ պատասխանողին տրամադրել է տոկոսով գումարներ, և ի ապահովումն գումարի վերադարձման, ամեն անգամ կնքվել են նույն բնակարանի առուվաճառքի պայմանագրեր: Յուրաքնաչյուր անգամ պատասխանողի կողմից այդ գումարները վերադարձվելուց հետո վիճելի բնակարանը առուվաճառքի միջոցով վերագրանցվել է: Մինչդեռ, հետագայում հրաժարվելով կատարված առուվաճառքի գործարքը` որպես վարկի վերադարձման ապահովման միջոց ընդունելուց, հայցվորը պնդել է, որ այն ընդամենը սովորական առուվաճառքի պայմանագիր է, որով հայցվորը ձեռք է բերել վիճելի բնակարանը:

Դատարանն ի խախտումն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի, հիշատակված պայմանագրերը, ինչպես նաև գործով ձեռքբերված այլ ապացույցները, օբյեկտիվ չի գնահատել:

2) Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ և 94-րդ հոդվածների պահանջները:

Բողոք բերած անձը բողոքի սույն հիմքը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով:

Գործը քննվել է պատասխանողի բացակայությամբ, որը տեղեկացված չի եղել դատական նիստի ժամանակի և վայրի մասին: Գործում առկա չէ որևէ պատշաճ ապացույց առ այն, որ դատարանը պատասխանողին տեղեկացրել է դատական նիստի ժամանակի և վայրի մասին: Գործի քննությանը չմասնակցելով` պատասխանողը զրկվել է իր իրավունքները պաշտպանելու, բացատրություններ, փաստարկներ և ապացույցներ ներկայացնելու հնարավորությունից: Գործը պատասխանողի բացակայությամբ քննվելու արդյունքում խախտվել է վերջինիս` ՀՀ Սահմանադրությամբ և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայով երաշխավորված արդար դատաքննության իրավունքը:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 09.10.2007 թվականի վճիռը և օրինական ուժ տալ Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 03.05.2007 թվականի վճռին:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) 30.07.2003 թվականին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրով Երևանի Բրյուսովի 23 շենքի թիվ 34 բնակարանը Կ.Շիրբակյանը վաճառել է Մ.Ավետիսյանին (գ. թ.24):

2) 06.10.2004 թվականին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրով նույն բնակարանը Մ.Ավետիսյանը վաճառել է հայցվորի ամուսնուն` Հ. Ջեհիզյանին (գ. թ.25):

3) 12.08.2005 թվականին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրով վիճելի բնակարանը Հ.Ջեհիզյանը վաճառել է Ռ.Շիրբակյանին (գ. թ.22):

4) 20.09.2005 թվականին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրով վիճելի բնակարանը Ռ.Շիրբակյանը վաճառել է Ն.Գևորգյանին (գ. թ.10):

5) Ն.Գևորգյանի և Ռուզաննա ու Եվգենյա Պողոսյանների միջև 30.06.2004 թվականին կնքված գրավի պայմանագրի համաձայն` Ն.Գևորգյանից մեկ տարի ժամկետով ստացված փոխառության վերադարձման ապահովման համար գրավադրվել է Պողոսյաններին պատկանող բնակարանը (գ. թ.23):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ՝

1) Բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի համաձայն՝ դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և oբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

Համաձայն նույն օրենսգրքի 218-րդ հովածի 2-րդ մասի 4-րդ կետի` վերաքննիչ դատարանի վճռի մեջ պետք է նշվեն վերաքննիչ դատարանի կողմից պարզված գործի հանգամանքները, ապացույցները, որոնց վրա հիմնված են վերաքննիչ դատարանի հետևություններն այդ հանգամանքների մասին, և փաստարկները, որոնցով վերաքննիչ դատարանը մերժում է այս կամ այն ապացույցները, ինչպես նաև այն օրենքները, ՀՀ միջազգային պայմանագրերը և այլ իրավական ակտերը, որոնցով ղեկավարվել է վերաքննիչ դատարանը վճիռ կայացնելիս:

Սույն գործով դատարան են ներկայացվել հետևյալ ապացույցները`

- Ն.Գևորգյանի և Ռուզաննա ու Եվգենյա Պողոսյանների միջև 30.06.2004 թվականին կնքված գրավի պայմանագիրը, համաձայն որի՝ Ն.Գևորգյանից մեկ տարի ժամկետով ստացված փոխառության վերադարձման ապահովման համար գրավադրվել է Պողոսյաններին պատկանող բնակարանը: Սույն ապացույցով պատասխանողը փորձել է հիմնավորել իր փաստարկն առ այն, որ հայցվորը փոխառությամբ գումարներ է տրամադրում քաղաքացիներին:

- Մ.Կպրյանի հայտարարությունը, համաձայն որի՝ վերջինիս միջոցով Ռ.Շիրբակյանը Ն.Գևորգյանին փոխանցել է 5.000 ԱՄՆ դոլար գումար, ինչպես նաև 2006 թվականի հոկտեմբեր-2007 թվականի հունվար ամիսների համար 1.250-ական ԱՄՆ դոլար գումար:

- 1.250 ԱՄՆ դոլարի վճարման 23.10.2006 թվականի և 24.11.2006 թվականի երկու հաշիվներ (գ.թ.20-21), որոնցով պատասխանողը փորձել է հիմնավորել իր փաստարկն առ այն, որ վիճելի բնակարանի կապակցությամբ 20.09.2005 թվականին առուվաճառքի պայմանագրի կնքումից հետո հայցվորին «Թրավել+Մ» ՍՊԸ-ի միջնորդությամբ վճարվել են փոխառությամբ վերցված գումարի տոկոսներ:

- Կ.Շիրբակյանի և Մ.Ավետիսյանի միջև Երևան քաղաքի Բրյուսովի 23 շենքի թիվ 34 բնակարանի առուվաճառքի 30.07.2003 թվականի, Մ.Ավետիսյանի և Հ.Ջեհիզյանի միջև նույն բնակարանի առուվաճառքի 06.10.2004 թվականի, Հ.Ջեհիզյանի և Ռ.Շիրբակյանի միջև նույն բնակարանի առուվաճառքի 12.08.2005 թվականի և Ռ.Շիրբակյանի ու Ն.Գևորգյանի միջև նույն բնակարանի առուվաճառքի 20.09.2005 թվականի պայմանագրերը: Սույն պայմանագրերով պատասխանողը փորձել է հիմնավորել իր փաստարկն առ այն, որ հայցվորի կողմից տարբեր ժամանակահատվածներում պատասխանողին փոխառությամբ գումարներ են տրամադրվել: Փոխադարձ համաձայնությամբ գրավի պայմանագրի փոխարեն յուրաքանչյուր անգամ փոխառության վերադարձման ապահովման համար կնքվել է վիճելի բնակարանի առուվաճառքի պայմանագիր, որով սեփականության իրավունքը փոխանցվել է հայցվորին (նրա ընտանիքի անդամներից որևէ մեկին), և յուրաքանչյուր անգամ փոխառության գումարները վերադարձվելուց հետո նշված բնակարանի սեփականության իրավունքը մեկ այլ առուվաճառքի պայմանագրի կնքման միջոցով փոխանցվել է պատասխանողին:

Փաստորեն, սույն գործով 30.07.2003 թվականից մինչև 20.09.2005 թվականն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքի Բրյուսովի փողոցի 23 շենքի թիվ 34 վիճելի բնակարանը չորս անգամ դարձել է առուվաճառքի առարկա, ընդ որում՝ հայցվորի և պատասխանողի ընտանիքի անդամների միջև, բնակարանի առուվաճառքի 20.09.2005 թվականի պայմանագրի կնքումից հետո հայցվորը ստացել է գումարներ, որպիսի հանգամանքները Վերաքննիչ դատարանի կողմից հաշվի չեն առնվել, իսկ վերը թվարկված ապացույցների հաստատման կամ հերքման վերաբերյալ վճռում որևէ պատճառաբանություն չի նշվել: Մինչդեռ, Դատարանը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 218-րդ հոդվածի տրամաբանությամբ պարտավոր է տալ վճռի փաստական հիմնավորումը, այսինքն՝ ինչ ապացույցների վերլուծության և գնահատման արդյունքում է պատասխանողի պահանջը անհիմն համարել: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը պատշաճ չի գնահատել գործում առկա այն ապացույցները, որոնցով հնարավոր կլիներ պարզել կողմերի իրական կամքը վիճելի բնակարանի առուվաճառքի պայմանագրերի, մասնավորապես` 20.09.2005 թվականի առուվաճառքի պայմանագրի կնքման հարցում, ինչպես նաև այն, թե իրականում ու՞մ կողմից և ինչու՞ են 20.09.2005 թվականի առուվաճառքի պայմանագրի կնքումից հետո հայցվորին գումարներ փոխանցվել:

Նշված պատճառաբանությամբ հիմնավոր են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ և 218-րդ հոդվածների պահանջների խախտման, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 306-րդ հոդվածի կիրառելիության վերաբերյալ բողոքում նշված պատճառաբանությունները:

Այսպիսով, վճռաբեկ բողոքում նշված փաստարկները հիմնավոր համարելով, Վճռաբեկ դատարանը դրանց առկայությունը դիտում է որպես բավարար հիմք ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 226-րդ և 227-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի վճիռը բեկանելու համար, որի պայմաններում վճռաբեկ բողոքի մյուս փաստարկներին Վճռաբեկ դատարանը չի անդրադառնում:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 09.10.2007 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան՝ այլ կազմով նոր քննության:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող՝

Ա. Մկրտումյան

Դատավորներ՝

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

 

Ս. Գյուրջյան

 

Է. Հայրիյան

 

Ս. Սարգսյան