Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (25.12.2007-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2008.01.29/5(595)
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
25.12.2007
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
25.12.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.12.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ քաղաքացիական վերաքննիչ
դատարանի վճիռ
Քաղաքացիական գործ թիվ 07-1893

Քաղաքացիական գործ թիվ 3-1810(ՎԴ)
2007 թ.

Նախագահող դատավոր՝ Ա. Թումանյան
Դատավորներ` Տ. Սահակյան, Ն. Հովսեփյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ`

Ա. Մկրտումյանի

մասնակցությամբ դատավորներ`

Վ. Աբելյանի

Ս. Անտոնյանի

 

Է. Հայրիյանի

 

Ս. Սարգսյանի

 

Ս. Գյուրջյանի

 

2007 թվականի դեկտեմբերի 25-ին

 

դռնբաց դատական նիստում, քննելով Արծրուն Հովհաննիսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 06.06.2007 թվականի վճռի դեմ` ըստ Արծրուն Հովհաննիսյանի հայցի ընդդեմ Մարգարիտ Հակոբյանի՝ ընդհանուր սեփականության ներքո գտնվող գույքից բաժինն առանձնացնելու, ինչպես նաև ըստ Մարգարիտ Հակոբյանի հակընդդեմ հայցի ընդդեմ Արծրուն Հովհաննիսյանի և ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Արաբկիրի տարածքային ստորաբաժանման (այսուհետ՝ Կադաստր)՝ հողամասն առանձնացնելու պահանջների մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 

Դիմելով դատարան՝ Արծրուն Հովհաննիսյանը պահանջել է առանձնացնել Երևանի, Նաիրի Զարյան փողոցի թիվ 29 տան իրեն պատկանող մասից Մարգարիտ Հակոբյանին պատկանող 16,9 քմ բնակելի և 9,8 քմ օժանդակ սենյակները, ինչպես նաև փաստացի օգտագործվող տարածքները:

Հակընդդեմ հայցով դիմելով դատարան՝ Մարգարիտ Հակոբյանը պահանջել է վերը նշված հասցեի հողամասի իր բաժինն առանձնացնել Արծրուն Հովհաննիսյանի բաժնից:

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի 05.03.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն:

ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն: Վճռվել է Երևանի, Նաիրի Զարյան փողոցի թիվ 29 տան՝ Մարգարիտ Հակոբյանին սեփականության իրավունքով պատկանող շինության բաժինը՝ 16,9 քմ բնակելի և 9,8 քմ օժանդակ սենյակները, առանձնացնել որպես Մարգարիտ Հակոբյանի սեփականություն, իսկ նրանցով ծանրաբեռնված 52,8 քմ հողամասը թողնել կողմերի ընդհանուր համատեղ սեփականություն: Մնացած 432,2 քմ հողամասը որպես հայցվոր Արծրուն Հովհաննիսյանի սեփականություն առանձնացնելու պահանջի մասով հայցը՝ մերժել:

Հակընդդեմ հայցը բավարարել: Ճանաչել Մարգարիտ Հակոբյանի սեփականության իրավունքը Երևանի, Նաիրի Զարյան փողոցի թիվ 29 տանը պատկանող հողամասի 1/4-րդ մասի նկատմամբ: Մարգարիտ Հակոբյանին պատկանող հողամասի 1/4-րդ մասն առանձնացնել ըստ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի կողմից տրված եզրակացության թիվ 3 հավելվածի, այն է՝ հավելվածում գծանշված 92,4 քմ մակերեսով հողամասը հատկացնել Մարգարիտ Հակոբյանին որպես սեփականություն, իսկ մնացած հողամասը թողնել Արծրուն Հովհաննիսյանին:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Արծրուն Հովհաննիսյանը:

Վճռաբեկ բողոքին պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով՝

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 51-րդ հոդվածը, 53-րդ հոդվածի 1-ին մասը և 218-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետը, որի արդյունքում չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասը, 189-րդ հոդվածի 2-րդ մասը, 196-րդ հոդվածի 2-րդ մասը, 197-րդ հոդվածի 3-րդ մասը, 202-րդ հոդվածի 1-ին և 8-րդ մասերը, ՀՀ Սահմանադրության 8-րդ հոդվածը, Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 1-ին հավելվածի 1-ին հոդվածը, որոնք պետք է կիրառեր, կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 199-րդ հոդվածի 1-ին մասը, որը չպետք է կիրառեր և սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 209-րդ հոդվածի 1-ին մասը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Երևանի, Նաիրի Զարյան փողոցի թիվ 29 հասցեի տան երկու սենյակների առուվաճառքի պայմանագրից բխող իրավունքները պետական գրանցման չեն ենթարկվել, ուստի տվյալ պայմանագրից չէին կարող իրավունքներ ծագել:

Վերաքննիչ դատարանը սխալ մեկնաբանելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 209-րդ հոդվածի 1-ին մասը հանգել է սխալ եզրակացության այն մասին, որ Երևանի, Նաիրի Զարյան թիվ 29 տանը պատկանող օրինական 485 քմ հողամասը 1/4-րդ մասով դարձել է Մարգարիտ Հակոբյանի սեփականությունը:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի հետազոտել թիվ 4339 սեփականության վկայագիրը, հարկերի և տուրքերի վճարման անդորրագրերը, 10.06.1973 թվականի շենքի վաճառքի պայմանագիրը, Կադաստրի Արաբկիրի տարածքային ստորաբաժանման 31.03.2006 թվականի թիվ 822ա պատասխանը, ինչպես նաև վճռում չի նշել այն փաստարկները, որոնցով մերժել է վերոհիշյալ ապացույցները:

Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 06.06.2007 թվականի վճռի՝ հայցը մերժելու և հակընդդեմ հայցը բավարարելու մասերը և գործն այդ մասերով ուղարկել նույն դատարան՝ այլ կազմով նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) 14.06.1973 թվականին կնքված պայմանագրի (այսուհետ՝ Պայմանագիր) համաձայն՝ Արծրուն Հովհաննիսյանն իրեն պատկանող շենքի 1/4-րդ մասը, այն է՝ 16,9 քմ մակերեսով մեկ բնակելի և 9,8 քմ մակերեսով մեկ օժանդակ սենյակները վաճառել է Մարգարիտ Հակոբյանին:

Գործի նյութերում բացակայում է Պայմանագրից բխող իրավունքները պետական գրանցման ենթարկելու մասին որևէ ապացույց:

2) Կադաստրի թիվ 4339 սեփականության վկայագրի համաձայն՝ Երևանի, Նաիրի Զարյան փողոցի թիվ 29 տան 101,3 քմ բնակելի, 70 քմ օժանդակ և 62,4 քմ այլ մակերեսները պատկանում են Արծրուն Հովհաննիսյանին:

3) Կադաստրի Արաբկիրի տարածքային ստորաբաժանման 31.03.2006 թվականի թիվ 822ա գրության համաձայն՝ Երևանի, Նաիրի Զարյան 29 տան հողամասի մակերեսն ըստ կադաստրային գործի 1260 քմ է:

Նշված տան օրինական հողամասի մակերեսը 485 քմ է, իսկ անօրինական հողմասինը՝ 87 քմ: Օրինական հողամասից Արծրուն Հովհաննիսյանն օգտագործում է 432.2 քմ: Մարգարիտ Հակոբյանն օգտագործում է 87 քմ անօրինական հողամաս: Արծրուն Հովհաննիսյանը և Մարգարիտ Հակոբյանը համատեղ օգտագործում են 52.8 քմ մակերեսով օրինական հողամաս:

4) Հարկային վճարների ընդունման թիվ 893124, 799072, 799788, 0586544, 640114, 507905, 512507 անդորրագրերի համաձայն՝ Արծրուն Հովհաննիսյանը Երևանի, Նաիրի Զարյան 29 հասցեի հողմասի համար վճարել է հողի հարկ:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է մասնակիորեն՝ հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը և այլ գույքային իրավունքները, այդ իրավունքների սահմանափակումները, դրանց ծագումը, փոխանցումն ու դադարումը ենթակա են պետական գրանցման, իսկ 301-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անշարժ գույքի հետ կատարվող գործարքներից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ այն դեպքերում, երբ գույքի նկատմամբ իրավունքը ենթակա է պետական գրանցման, ձեռք բերողի սեփականության իրավունքը ծագում է դրա գրանցման պահից:

Այսինքն, անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրից գույքի նկատմամբ սեփականության իրավունք ծագում է տվյալ իրավունքը գրանցելու փաստով:

14.06.1973 թվականին կողմերի միջև կնքված Պայմանագրից, որի համաձայն՝ Արծրուն Հովհաննիսյանն իրեն պատկանող շենքի 1/4-րդ մասը, այն է՝ 16,9 քմ մակերեսով մեկ բնակելի և 9,8 քմ մակերեսով մեկ օժանդակ սենյակները վաճառել է Մարգարիտ Հակոբյանին, բխող իրավունքները պետական գրանցման ենթարկելու մասին որևէ ապացույց գործի նյութերում առկա չէ:

Մինչդեռ, Վերաքննիչ դատարանը, անտեսելով այն հանգամանքը, որ Պայմանագրից իրավունքներ չեն ծագել, քանի որ դրանք պետական գրանցման չեն ենթարկվել, վիճելի անշարժ գույքի նկատմամբ ճանաչել է Մարգարիտ Հակոբյանի սեփականության իրավունքը:

ՀՀ Վճռաբեկ դատարանն իր որոշումներում անդրադարձել է դատական ակտերի իրավական հիմնավորվածության հարցին (տես օրինակ` «Քնար-88» ՍՊԸ ընդդեմ ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության, 21.12.2006 թ. Քաղ. գործ թիվ 3-2504/ՏԴ, (գումար բռնագանձելու պահանջով)):

Վճռաբեկ դատարանը նշել է, որ յուրաքանչյուր դեպքում դատարանը պարտավոր է տալ վճռի թե´ փաստական, և թե´ իրավական հիմնավորումը: Ըստ Վճռաբեկ դատարանի վերոհիշյալ որոշման, վճռի իրավական հիմնավորումը կայանում է հաստատված փաստերի և իրավահարաբերությունների նկատմամբ նյութական իրավունքի համապատասխան նորմի կամ նորմերի ընտրության և կիրառման մեջ, այն նորմի (նորմերի), որի հիման վրա դատարանը եզրակացություն է անում վիճելի իրավահարաբերության առկայության կամ բացակայության մասին:

Վճռում ոչ միայն պետք է ցույց տալ նորմատիվ ակտի այս կամ այն հոդվածը, որում ամրագրված է կիրառման ենթակա նորմը, այլ պետք է պատճառաբանվի, թե հատկապես ինչու պետք է կիրառվի հենց այդ նորմը:

Վճռի իրավական հիմնավորումը բնութագրում է ինչպես դատարանի, այնպես էլ նրա վճռի իրավակիրառ գործառույթը, ընդգծում դատական գործունեության և դատական վճռի օրինականությունը:

Մինչդեռ, Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի հետազոտել թիվ 4339 սեփականության վկայագիրը, հողի հարկի վճարման անդորրագրերը, 10.06.1973 թվականի շենքի վաճառքի պայմանագիրը, Կադաստրի Արաբկիրի տարածքային ստորաբաժանման 31.03.2006 թվականի թիվ 822ա պատասխանը, իսկ վճռում չի նշվել, թե ինչի հիման վրա է Վերաքննիչ դատարանը հանգել Մարգարիտ Հակոբյանի՝ Երևանի, Նաիրի Զարյան թիվ 29 տան մի մասի սեփականատեր լինելու հետևության:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանը ծագած իրավահարաբերության նկատմամբ կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 209-րդ հոդվածը, որը, Պայմանագրից իրավունքներ և պարտականություններ ծագած չլինելու պայմաններում կիրառելի չէ:

Ինչ վերաբերում է սույն իրավահարաբերության նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 189-րդ, 197-րդ և 199-րդ հոդվածների կիրառության հարցին, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վիճելի գույքի նկատմամբ ընդհանուր սեփականության բացակայության պայմաններում դրա նկատմամբ ընդհանուր սեփականության իրավահարաբերությունները կարգավորող նորմերը կիրառելի չեն:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը, Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 226-րդ և 227-րդ հոդվածների հիմքով Վերաքննիչ դատարանի վճիռը բեկանելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 06.06.2007 թվականի վճռի՝ հայցը մերժելու և հակընդդեմ հայցը բավարարելու մասերը և գործն այդ մասերով ուղարկել նույն դատարան՝ այլ կազմով նոր քննության:

2. Վճռաբեկ բողոքի համար սահմանված պետական տուրքը վճարելու հարցին անդրադառնալ գործի նոր քննության ժամանակ:

3. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող՝

Ա. Մկրտումյան

Դատավորներ՝

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

 

Է. Հայրիյան

 

Ս. Սարգսյան

 

Ս. Գյուրջյան