Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (25.12.2007-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2008.01.29/5(595)
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
25.12.2007
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
25.12.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.12.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական
վերաքննիչ դատարանի վճիռ

Քաղաքացիական գործ թիվ 07-2727

Քաղաքացիական գործ թիվ 3-1928(ՎԴ)
2007թ.

Նախագահող դատավոր՝ Ն. Հովսեփյան
Դատավորներ՝ Լ. Սոսյան, Կ. Հակոբյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ`

Ա. Մկրտումյանի

մասնակցությամբ դատավորներ`

Վ. Աբելյանի

 

Ս. Անտոնյանի

 

Ս. Գյուրջյանի

 

Է. Հայրիյանի

 

Ս. Սարգսյանի

 

2007 թվականի դեկտեմբերի 25-ին

 

դռնբաց դատական նիստում, քննելով Ա.Ղարագյոզյանի վճռաբեկ բողոքը ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 09.08.2007 թվականի վճռի դեմ՝ քաղաքացիական գործով ըստ հայցի Աշոտ Ղարագյոզյանի ընդդեմ Սոֆիա Չավուշյանի, Անահիտ Մարկոսյանի և Տիգրան Չավուշյանի` պարտապանների բաժինն առանձնացնելու և դրա վրա բռնագանձում տարածելու, Սոֆիա Չավուշյանից և Անահիտ Մարկոսյանից 3.359 ԱՄՆ դոլար` որպես չվճարված 14.000 ԱՄՆ դոլարի նկատմամբ հաշվարկված տոկոսներ, բռնագանձելու և բռնագանձումը պատասխանողների ընդհանուր սեփականության ներքո գտնվող Երևանի Գաջեգործների 2-րդ փողոցի թիվ 16 տան` Սոֆիա Չավուշյանի և Անահիտ Մարկոսյանի բաժնի վրա տարածելու պահանջի մասին, 

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը. 

 

Դիմելով դատարան` Աշոտ Ղարագյոզյանը պահանջել է առանձնացնել պատասխանողներ Սոֆիա Չավուշյանի և Անահիտ Մարկոսյանի բաժինը և ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի օրինական ուժի մեջ մտած 30.08.2005 թվականի վճռով որոշված 14.000 ԱՄՆ դոլարի բռնագանձումը տարածել այդ բաժնի վրա:

Գործի քննության ընթացքում հայցվորը ավելացրել է հայցապահանջի չափը, պահանջել նաև Սոֆիա Չավուշյանից և Անահիտ Մարկոսյանից բռնագանձել 3.359 ԱՄՆ դոլար` որպես չվճարված 14.000 ԱՄՆ դոլարի նկատմամբ հաշվարկված տոկոսներ, բռնագանձումը տարածելով պատասխանողների ընդհանուր սեփականության ներքո գտնվող Երևանի Գաջեգործների 2-րդ փողոցի թիվ 16 տան` Սոֆիա Չավուշյանի և Անահիտ Մարկոսյանի բաժնի վրա:

Էրեբունի և Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի 11.06.2007 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 09.08.2007 թվականի վճռով հայցը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Աշոտ Ղարագյոզյանը:

Վճռաբեկ բողոքին պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

1) Դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածը, որը պետք է կիրառեր և կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 417-րդ հոդվածը, որը չպետք է կիրառեր:

Բողոք բերած անձը բողոքի սույն հիմքերը պատճառաբանել է հետևյալ փաստարկով.

Գործի քննությամբ պարզվել է, որ ընդհանուր սեփականության ներքո գտնվող գույքից պատասխանողներ Սոֆիա Չավուշյանի և Անահիտ Մարկոսյանի բաժինն առանձնացնել հնարավոր չէ, իսկ պատասխանող Տիգրան Չավուշյանը հրաժարվել է պարտապանների բաժինը գնելուց: Հետևաբար, Վերաքննիչ դատարանը պետք է կիրառեր ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածի 2-րդ մասը, որի համաձայն` եթե բաժինը բնեղենով առանձնացնել անհնար է կամ դրա դեմ առարկում են բաժնային կամ համատեղ սեփականության մնացած մասնակիցները, պարտատերն իրավունք ունի ընդհանուր սեփականության մնացած մասնակիցներից պահանջել շուկայական գնով գնելու պարտապանի բաժինը` պարտքը մարելու համար: Ընդհանուր սեփականության մնացած մասնակիցների կողմից պարտապանի բաժինը ձեռք բերելուց հրաժարվելու դեպքում պարտատերն իրավունք ունի պահանջելու բռնագանձումը տարածել ընդհանուր սեփականության իրավունքում պարտապանի բաժնի վրա` սույն oրենսգրքի 197-րդ հոդվածին համապատասխան: Իսկ նույն օրենսգրքի 197-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` ընդհանուր գույքը բաժանելու կամ դրանից սույն հոդվածի 3-5-րդ կետերում սահմանված կանոններով բաժին առանձնացնելու ակնհայտ աննպատակահարմարության դեպքում դատարանն իրավունք ունի վճիռ կայացնել գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին` ստացված գումարը հետագայում բաշխելով ընդհանուր սեփականության մասնակիցների միջև` նրանց բաժիններին համաչափ: Փաստորեն, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածը չկիրառվելու արդյունքում ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի օրինական ուժի մեջ մտած 30.08.2005 թվականի վճռի կատարումն ընդհանրապես դառնում է անհնար:

ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով որոշված գումարի նկատմամբ հաշվարկված ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսները բռնագանձելու պահանջը մերժելիս` Վերաքննիչ դատարանը կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 417-րդ հոդվածը, պատճառաբանելով, որ պատասխանողները ձեռնարկել են միջոցներ իրենց պարտավորությունները հայցվորի հանդեպ կատարելու ուղղությամբ, սակայն հայցվորը խոչընդոտել է պատասխանողների կողմից բնակարանը վաճառելուն և պարտավորությունները կատարելուն, ուստի պարտապանները ճանաչվում են անմեղ: Մինչդեռ, Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ նախավճարի պայմանագրով հայցվորն իր ընտանիքով տեղափոխվել է պատասխանողների բնակարան վերջիններիս համաձայնությամբ: Բացի այդ, բնակարանում բնակվելու փաստը չի հիմնավորում գումարի վճարման պարտավորությունները կատարելուն խոչընդոտելու հանգամանքը:

2) Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը բողոքի սույն հիմքը պատճառաբանել է հետևյալ փաստարկով:

ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման Երևանի բաժնի հարկադիր կատարողի 18.09.2006 թվականի որոշմամբ ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա տրված կատարողական թերթով հարուցված կատարողական վարույթն ավարտվել է` Երևանի Գաջեգործների 2-րդ փողոցի թիվ 16 տունը Սոֆիա Չավուշյանի, Անահիտ Մարկոսյանի և Տիգրան Չավուշյանի ընդհանուր սեփականության ներքո գտնվելու պատճառաբանությամբ, և բաժանմունքի պետի 19.09.2006 թվականի գրությամբ հայցվորին առաջարկվել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածի հիմքով դիմել դատարան, ինչն արվել է հայցվորի կողմից: Մինչդեռ, Վերաքննիչ դատարանի կողմից նշված որոշումը և գրությունը չեն գնահատվել, որով խախտվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի պահանջները:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 09.08.2007 թվականի վճիռը և փոփոխել այն:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 30.08.2005 թվականի օրինական ուժի մեջ մտած վճռով որոշվել է Սոֆիա Չավուշյանից և Անահիտ Մարկոսյանից հօգուտ Աշոտ Ղարագյոզյանի բռնագանձել 14.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ (գ.թ.5):

2) ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման Երևանի բաժնի հարկադիր կատարողի 18.09.2006 թվականի որոշմամբ ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա տրված կատարողական թերթով հարուցված կատարողական վարույթն ավարտվել է` Երևանի Գաջեգործների 2-րդ փողոցի թիվ 16 տունը Սոֆիա Չավուշյանի, Անահիտ Մարկոսյանի և Տիգրան Չավուշյանի ընդհանուր սեփականության ներքո գտնվելու պատճառաբանությամբ (գ.թ.8):

3) ՀՀ արդարադատության նախարարության հարկադիր կատարման Երևանի բաժնի Էրեբունի և Նուբարաշեն բաժանմունքի պետի 19.09.2006 թվականի գրությամբ հայցվորին առաջարկվել է պարտապանների բաժինն առանձնացնելու և դրա վրա բռնագանձում տարածելու համար ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածի հիմքով դիմել դատարան (գ.թ.7):

4) ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 28.04.2007 թվականի գրությամբ ներկայացված եզրակացության համաձայն` Երևանի Գաջեգործների 2-րդ փողոց թիվ 16 հասցեի գույքից Սոֆիա Չավուշյանի և Անահիտ Մարկոսյանի բաժինն առանձնացնելու դեպքում առանձնացվող տարածքները կկորցնեն իրենց նշանակությունը (գ.թ.28):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ՝

1) բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի օրինական ուժի մեջ մտած 30.08.2005 թվականի վճռով որոշվել է Սոֆիա Չավուշյանից և Անահիտ Մարկոսյանից հօգուտ Աշոտ Ղարագյոզյանի բռնագանձել 14.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: Նշված վճռի հիման վրա տրված կատարողական թերթով հարուցված կատարողական վարույթը ՀՀ արդարադատության նախարարության հարկադիր կատարման Երևանի բաժնի հարկադիր կատարողի 18.09.2006 թվականի որոշմամբ ավարտվել է` Երևանի Գաջեգործների 2-րդ փողոցի թիվ 16 տունը Սոֆիա Չավուշյանի, Անահիտ Մարկոսյանի և Տիգրան Չավուշյանի ընդհանուր սեփականության ներքո գտնվելու պատճառաբանությամբ: Նույն բաժնի Էրեբունի և Նուբարաշեն բաժանմունքի պետի 19.09.2006 թվականի գրության հիման վրա հայցվորը դիմել է դատարան` պահանջելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն Սոֆիա Չավուշյանի, Անահիտ Մարկոսյանի և Տիգրան Չավուշյանի ընդհանուր սեփականության ներքո գտնվող գույքից առանձնացնել Սոֆիա Չավուշյանի և Անահիտ Մարկոսյանի բաժինը և բռնագանձումը տարածել այդ բաժնի վրա: Էրեբունի և Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի 01.12.2006 թվականի որոշման հիման վրա իրականացված փորձաքննության արդյունքում ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 28.04.2007 թվականի գրությամբ ներկայացված եզրակացության համաձայն` Երևանի Գաջեգործների 2-րդ փողոց թիվ 16 հասցեի գույքից Սոֆիա Չավուշյանի և Անահիտ Մարկոսյանի բաժինն առանձնացնելու դեպքում առանձնացվող տարածքները կկորցնեն իրենց նշանակությունը:

Վերաքննիչ դատարանի կողմից Սոֆիա Չավուշյանի և Անահիտ Մարկոսյանի բաժինն առանձնացնելու և այդ բաժնի վրա բռնագանձում տարածելու հայցվորի պահանջը մերժվել է նշված եզրակացության հիման վրա` առանց որևէ իրավական նորմի վկայակոչման:

Մինչդեռ, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` բաժնային կամ համատեղ սեփականության մասնակցի մոտ այլ գույքի անբավարարության դեպքում նրա պարտատերն իրավունք ունի ընդհանուր գույքից պարտապանի բաժինն առանձնացնելու պահանջ ներկայացնել` դրա վրա բռնագանձում տարածելու համար: Համաձայն նույն հոդվածի 2-րդ մասի` եթե բաժինը բնեղենով առանձնացնել անհնար է կամ դրա դեմ առարկում են բաժնային կամ համատեղ սեփականության մնացած մասնակիցները, պարտատերն իրավունք ունի ընդհանուր սեփականության մնացած մասնակիցներից պահանջել շուկայական գնով գնելու պարտապանի բաժինը` պարտքը մարելու համար: Ընդհանուր սեփականության մնացած մասնակիցների կողմից պարտապանի բաժինը ձեռք բերելուց հրաժարվելու դեպքում պարտատերն իրավունք ունի պահանջելու բռնագանձումը տարածել ընդհանուր սեփականության իրավունքում պարտապանի բաժնի վրա` սույն oրենսգրքի 197-րդ հոդվածին համապատասխան: Այսինքն` նկատի ունենալով, որ ըստ փորձագիտական եզրակացության Սոֆիա Չավուշյանի և Անահիտ Մարկոսյանի բաժինն առանձնացնելն աննպատակահարմար է, վիճելի իրավահարաբերության կարգավորման և լուծման համար պետք է կիրառվեր ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածի 2-րդ մասը: Մինչդեռ, Վերաքննիչ դատարանն ընդհանրապես չի անդրադարձել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածի կիրառելիության հարցին` արդյունքում անհնարին դարձնելով օրինական ուժի մեջ մտած վճռի կատարումը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 417-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պարտապանը պարտավորությունը չկատարելու և (կամ) անպատշաճ կատարելու համար պատասխանատու է մեղքի առկայության դեպքում, եթե այլ բան նախատեսված չէ oրենքով կամ պայմանագրով: Պարտապանը ճանաչվում է անմեղ, եթե ապացուցում է, որ ինքը պարտավորությունը պատշաճ կատարելու համար ձեռնարկել է իրենից կախված բոլոր միջոցները: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` մեղքի բացակայությունն ապացուցում է պարտավորությունը խախտած անձը: Նշված նորմի պահանջներին համապատասխան տվյալ դեպքում պարտավորությունները չկատարելու համար մեղքի բացակայությունն ապացուցելու պարտականությունը կրում են պատասխանողները: Մինչդեռ, պատասխանողների կողմից չի ներկայացվել (գործում առկա չէ) որևէ պատշաճ ապացույց, որի հիման վրա հնարավոր է եզրակացնել, որ 14.000 ԱՄՆ դոլարի վճարման պարտավորությունների չկատարման համար պատասխանողների մեղքը բացակայում է:

ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի օրինական ուժի մեջ մտած 30.08.2005 թվականի վճռով որոշված 14.000 ԱՄՆ դոլարի վճարման պարտավորությունները չկատարելով` Սոֆիա Չավուշյանը և Անահիտ Մարկոսյանը թույլ են տվել վճարման կետանց, ուստի հայցվորը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի հիմքով պահանջել է բռնագանձել նաև նշված գումարի նկատմամբ հաշվարկված տոկոսները: Հայցվորի և նրա ընտանիքի անդամների Երևանի Գաջեգործների 2-րդ փողոց թիվ 16 հասցեում բնակվելու փաստը որևէ կապ չունի պատասխանողների պարտականությունների կատարման հետ: Ուստի, սույն դեպքում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 417-րդ հոդվածը կիրառելի չէ:

2) Բողոքը երկրորդ հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի համաձայն՝ դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և oբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ: Մինչդեռ, Վերաքննիչ դատարանը` ի խախտումը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի պահանջների, գործի լուծման համար էական նշանակություն ունեցող ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման Երևանի բաժնի հարկադիր կատարողի 18.09.2006 թվականի որոշումը, ինչպես նաև նույն բաժնի Էրեբունի և Նուբարաշեն բաժանմունքի պետի 19.09.2006 թվականի գրությունը չի գնահատել:

Այսպիսով, բողոքում նշված հիմքերի առկայությունը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 226-րդ և 227-րդ հոդվածների համաձայն՝ ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի վճիռը բեկանելու բավարար հիմք է:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 09.08.2007 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան` այլ կազմով նոր քննության:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

ՆԱԽԱԳԱՀՈՂ`

Ա. Մկրտումյան

ԴԱՏԱՎՈՐՆԵՐ`

Վ. Աբելյան

 

Ս. Անտոնյան

 

Ս. Գյուրջյան

 

Է. Հայրիյան

 

Ս. Սարգսյան