ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ տնտեսական դատարանի վճիռ Քաղաքացիական գործ թիվ Տ-1861/2007թ. |
Քաղաքացիական գործ թիվ 3-1920(ՏԴ) |
Դատավոր՝ Ա. Ղազարյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ` |
Ա. Մկրտումյանի | |
մասնակցությամբ դատավորներ` |
Է. Հայրիյանի | |
|
Վ. Աբելյանի | |
|
Ս. Անտոնյանի | |
|
Ս. Գյուրջյանի | |
|
Ս. Սարգսյանի |
2007 թվականի դեկտեմբերի 25-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Երևանի քաղաքապետի վճռաբեկ բողոքը ՀՀ տնտեսական դատարանի 07.11.2007 թվականի վճռի դեմ՝ ըստ հայցի Երևանի քաղաքապետարանի (այսուհետ՝ Քաղաքապետարան) ընդդեմ «Էներգացանցշին» ԲԲԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն), ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի (այսուհետ՝ Կադաստր)՝ սեփականության իրավունքի գրանցման վկայականը՝ հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման մասով, անվավեր ճանաչելու պահանջի մասին
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան՝ Քաղաքապետարանը պահանջել է անվավեր ճանաչել Ընկերությանը 14.06.2006 թվականին տրված թիվ 2204066 սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականը՝ Երևանի Դարաբաղի փող. թիվ 114 հասցեի 2.000քմ մակերեսով հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման մասով:
ՀՀ տնտեսական դատարանի (այսուհետ՝ Դատարան) 07.11.2007 թվականի վճռով հայցը մերժվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Քաղաքապետարանը:
Վճռաբեկ բողոքին պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածը, որը պետք է կիրառեր:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Վճռաբեկ դատարանի կողմից ընդունվել են մի շարք որոշումներ, որոնք վերաբերում են քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ և «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածներին: Մասնավորապես, 26.10.2006 թվականի թիվ 3-1920 քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանը կարճել է անշարժ գույքի սեփականության իրավունքի վկայականն անվավեր ճանաչելու հայցը: Փաստորեն, Դատարանի վճիռը հակասում է Վճռաբեկ դատարանի նախկինում կայացված որոշմանը:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 07.11.2007 թվականի վճիռը և քաղաքացիական գործի վարույթը կարճել:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
1) 14.06.2006 թվականին Կադաստրի կողմից «Էներգացանցշին» ԲԲԸ-ին տրվել է թիվ 2204066 սեփականության իրավունքի գրանցման վկայականը:
2) Սույն գործով ներկայացված հայցով պահանջվել է անվավեր ճանաչել Ընկերությանը տրված սեփականության իրավունքի պետական գրանցման վերը նշված վկայականը:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի համաձայն՝ դատարանը կարճում է գործի վարույթը, եթե վեճը ենթակա չէ դատարանում քննության:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-րդ հոդվածի համաձայն՝ դատական ակտերի վերանայման արդյունքում Վճռաբեկ դատարանը կարճում է գործի վարույթն ամբողջովին կամ դրա մի մասը, եթե գործի վարույթը կարճելու հիմքերն ի հայտ են եկել ստորադաս դատարանում գործի քննության ժամանակ:
Վճռաբեկ դատարանը նախկինում կայացված որոշումներում արդեն իսկ արտահայտել է դիրքորոշում, որի համաձայն՝ նման պահանջը ենթակա չէ դատարանում քննության, քանի որ անշարժ գույքի սեփականության կամ օգտագործման իրավունքի գրանցման վկայականն իրավունք առաջացնող վարչական ակտ չէ: «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի համաձայն՝ վարչական ակտն արտաքին ներգործություն ունեցող այն որոշումը, կարգադրությունը, հրամանը կամ այլ անհատական իրավական ակտն է, որը վարչական մարմինն ընդունել է հանրային իրավունքի բնագավառում կոնկրետ գործի կարգավորման նպատակով, և ուղղված է անձանց համար իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն, վերացնելուն կամ ճանաչելուն: «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` գույքի նկատմամբ իրավունքները համարվում են գրանցված` գրանցման մատյանում գրանցելու պահից: Հետևաբար, վարչական ակտը անշարժ գույքի գրանցամատյանի գրանցումն (գրառումն) է: Սեփականության իրավունքի գրանցման վկայականը սեփականության իրավունքի գրանցման մասին տեղեկություններ պարունակող փաստաթուղթ է և այդ փաստաթղթի անվավեր ճանաչելը չի հանգեցնում իրավական հետևանքների, քանի որ ուժի մեջ է մնում վարչական ակտը՝ անշարժ գույքի գրանցման մատյանի գրանցումը (տե´ս Վճռաբեկ դատարանի 26.10.2006 թվականի որոշումը՝ կայացված քաղաքացիական գործով ըստ Սիսիանի քաղաքապետարանի հայցի ընդդեմ Շահեն Սարգսյանի, երրորդ անձինք ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Սիսիանի ստորաբաժանման, Կորյուն Օհանյանի` 26.08.2002 թվականին կնքված պայմանագիրը լուծելու, Շահեն Սարգսյանի և Կորյուն Օհանյանի միջև 11.09.2002 թվականին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը, ինչպես նաև Կորյուն Օհանյանին տրված սեփականության իրավունքի վկայականն անվավեր ճանաչելու պահանջների մասին):
Այսպիսով, Վճռաբեկ դատարանը սույն բողոքի հիմքը հիմնավոր համարելով՝ դրա առկայությունը բավարար է դիտում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ և 236-րդ հոդվածների ուժով Դատարանի վճիռը բեկանելու և քաղաքացիական գործի վարույթը կարճելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ տնտեսական դատարանի 07.11.2007 թվականի վճիռը և քաղաքացիական գործի վարույթը կարճել:
2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:
ՆԱԽԱԳԱՀՈՂ` |
Ա. Մկրտումյան | |
ԴԱՏԱՎՈՐՆԵՐ` |
Է. Հայրիյան | |
|
Ս. Սարգսյան | |
|
Վ. Աբելյան | |
Ս. Անտոնյան | ||
|
Ս. Գյուրջյան |