Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (25.12.2007-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2008.01.29/5(595)
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
25.12.2007
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
25.12.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.12.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ տնտեսական դատարանի վճիռ

Քաղաքացիական գործ թիվ Տ-1862

Քաղաքացիական գործ թիվ 3-1919(ՏԴ)
2007թ.

Նախագահող դատավոր՝ Ա. Ղազարյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ`

Ա. Մկրտումյանի

մասնակցությամբ դատավորներ`

Ս. Անտոնյանի

 

Վ. Աբելյանի

 

Ս. Գյուրջյանի

 

Է. Հայրիյանի

 

Ս. Սարգսյանի

 

2007 թվականի դեկտեմբերի 25-ին

 

դռնբաց դատական նիստում, քննելով Երևանի քաղաքապետարանի (այսուհետ՝ Քաղաքապետարան) վճռաբեկ բողոքը ՀՀ տնտեսական դատարանի 07.11.2007 թվականի վճռի դեմ՝ ըստ Քաղաքապետարանի հայցի ընդդեմ «Լուվի» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն), երրորդ անձ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի (այսուհետ՝ Կադաստր)՝ հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման մասով սեփականության իրավունքի գրանցման վկայականն անվավեր ճանաչելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 

Դիմելով դատարան՝ Քաղաքապետարանը պահանջել է անվավեր ճանաչել 03.05.2006 թվականին Ընկերությանը տրված թիվ 2108998 անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականը՝ հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման մասով:

ՀՀ տնտեսական դատարանի (այսուհետ՝ Դատարան) 07.11.2007 թվականի վճռով հայցը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Քաղաքապետարանը:

Վճռաբեկ բողոքին պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածների պահանջները, որոնք պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի» մասին ՀՀ օրենքի 53-րդ հոդվածներից, ինչպես նաև «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 5-րդ մասից հետևում է, որ վարչական ակտն անշարժ գույքի գրանցամատյանի գրանցումն է, հետևաբար, սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականն անվավեր ճանաչելու վերաբերյալ հարցը ենթակա չէ դատարանում քննության:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է քաղաքացիական գործի վարույթը կարճել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 16.08.2006 թվականի թիվ 06-231-Ա հրամանով անվավեր են ճանաչվել վեճի առարկա հողամասի նկատմամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը և դրա հիման վրա 03.05.2006 թվականին Ընկերությանը տրված թիվ 2108998 վկայականը` հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման մասով:

2) Քաղաքապետարանը, դիմելով դատարան, պահանջել է հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման մասով անվավեր ճանաչել 03.05.2006 թվականին Ընկերությանը տրված թիվ 2108998 անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականը:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` դատարանը կարճում է գործի վարույթը, եթե վեճը ենթակա չէ դատարանում քննության: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն` դատական ակտերի վերանայման արդյունքում վճռաբեկ դատարանը կարճում է գործի վարույթն ամբողջովին կամ դրա մի մասը, եթե գործի վարույթը կարճելու հիմքերն ի հայտ են եկել ստորադաս դատարանում գործի քննության ժամանակ:

Վճռաբեկ դատարանն իր նախկինում կայացրած որոշումներում բազմիցս անդրադարձել է սեփականության իրավունքի գրանցման վկայականն անվավեր ճանաչելու հարցը դատարանում քննության ենթակա չլինելու և տվյալ մասով քաղաքացիական գործի վարույթը կարճելու հարցին (տե՜ս Սիսիանի քաղաքապետարանն ընդդեմ Շահեն Սարգսյանի, երրորդ անձինք ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ Սիսիանի ստորաբաժանում, Կորյուն Օհանյան, քաղ. գործ թիվ 3-1920/ՎԴ (2002 թվականի օգոստոսի 26-ին կնքված պայմանագիրը լուծելու, Շահեն Սարգսյանի և Կորյուն Օհանյանի միջև 11.09.2002 թվականին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը, ինչպես նաև Կորյուն Օհանյանին տրված սեփականության իրավունքի վկայականն անվավեր ճանաչելու պահանջներով)):

Վերը նշվածի հիման վրա Վճռաբեկ դատարանը նպատակահարմար չի համարում կրկին անդրադառնալ նշված իրավական հարցի գնահատականին:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Քաղաքացիական գործի վարույթը կարճել:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

ՆԱԽԱԳԱՀՈՂ`

Ա. Մկրտումյան

ԴԱՏԱՎՈՐՆԵՐ`

Ս. Անտոնյան

 

Վ. Աբելյան

 

Ս. Գյուրջյան

Է. Հայրիյան

 

Ս. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան