ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 դեկտեմբերի 2007 թվականի N 1491-Ն
ՕԴԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻՆ ԱՌՆՉՎՈՂ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԻ ՊԱՐԶԵՑՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 57-րդ հոդվածի 4-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել օդային փոխադրումներին առնչվող ընթացակարգերի պարզեցման ազգային կոմիտեի կանոնադրությունը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
|
Հավելված |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՕԴԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻՆ ԱՌՆՉՎՈՂ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԻ ՊԱՐԶԵՑՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Օդային փոխադրումներին առնչվող ընթացակարգերի պարզեցման ազգային կոմիտեն (այսուհետ` ազգային կոմիտե) օդային փոխադրումներին առնչվող ընթացակարգերի ուսումնասիրման և դրանց պարզեցման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարությանը, Հայաստանի Հանրապետության հանրապետական գործադիր մարմիններին առաջարկություններ ներկայացնող մարմին է:
2. Ազգային կոմիտեն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ԻԿԱՕ) փաստաթղթերով, սույն կանոնադրությամբ և այլ իրավական ակտերով` գործելով Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորություններին համապատասխան:
3. Ազգային կոմիտեի կանոնադրությունը մշակվել է միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին կոնվենցիայի «Ընթացակարգերի պարզեցում» N 9 հավելվածի դրույթներին համապատասխան:
II. ԱԶԳԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
4. Ազգային կոմիտեի հիմնական խնդիրներն ու գործառույթներն են`
1) օդային փոխադրումներին առնչվող ընթացակարգերի պարզեցման ազգային ծրագրի մշակումը, դրա մեջ փոփոխությունների ու լրացումների կատարման նախապատրաստումը և Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնելը.
2) օդային փոխադրումներին առնչվող մաքսային և այլ ընթացակարգերի հետ կապված քաղաքականությանը վերաբերող հարցերի ուսումնասիրությունը.
3) սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն, Հայաստանի Հանրապետության վարչապետին և Հայաստանի Հանրապետության համապատասխան հանրապետական գործադիր մարմիններ օդային փոխադրումներին առնչվող ընթացակարգերի պարզեցմանն ուղղված առաջարկություններ ներկայացնելը.
4) սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարությանը, Հայաստանի Հանրապետության համապատասխան հանրապետական գործադիր մարմիններին և այլ կազմակերպություններին օդային փոխադրումների մասին տեղեկատվության պարբերաբար տրամադրումը.
5) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի օդանավակայաններում օդային փոխադրումների ընթացակարգերի ուսումնասիրությունների իրականացումը:
III. ԱԶԳԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻ ԿԱԶՄԸ, ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
5. Ազգային կոմիտեի կազմը հաստատում և փոփոխում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Ազգային կոմիտեն բաղկացած է նախագահից և անդամներից:
6. Ազգային կոմիտեն գլխավորում է նախագահը, որը միաժամանակ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետն է:
7. Ազգային կոմիտեի նախագահը`
1) ղեկավարում է ազգային կոմիտեի գործունեությունը.
2) նշանակում է ազգային կոմիտեի նիստի անցկացման վայրը, օրը և հաստատում օրակարգը.
3) հրավիրում և վարում է ազգային կոմիտեի նիստերը.
4) ներկայացնում է ազգային կոմիտեն այլ մարմինների և կազմակերպությունների հետ հարաբերություններում:
8. Ազգային կոմիտեն իր գործունեությունն իրականացնում է նիստերի միջոցով:
9. Ազգային կոմիտեի նիստերը գումարվում են ազգային կոմիտեի նախագահի կամ անդամների 1/3-ի նախաձեռնությամբ` ըստ անհրաժեշտության, բայց առնվազն յուրաքանչյուր տարին մեկ անգամ: Ազգային կոմիտեի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է ազգային կոմիտեի անդամների առնվազն 2/3-ը:
10. Ազգային կոմիտեի նիստերը վարում է ազգային կոմիտեի նախագահը կամ, նրա հանձնարարությամբ, կարող է վարել ազգային կոմիտեի անդամներից մեկը:
11. Ազգային կոմիտեի նիստի օրակարգը կազմում է ազգային կոմիտեի քարտուղարը` ազգային կոմիտեի անդամների ներկայացրած հարցերի հիման վրա:
12. Ազգային կոմիտեի նիստի օրակարգի նախագիծը և դրան վերաբերող մյուս անհրաժեշտ նյութերը հանձնվում են ազգային կոմիտեի անդամներին` ոչ ուշ, քան նիստից 3 աշխատանքային օր առաջ:
13. Ազգային կոմիտեի անդամները նիստից 2 օր առաջ կարող են ներկայացնել առաջարկություններ կամ նոր հարցեր` նիստի օրակարգում ընդգրկելու համար:
14. Ազգային կոմիտեի որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ: Որոշումը համարվում է ընդունված, եթե կողմ է քվեարկել նիստին ներկա անդամների 2/3-ը: Ազգային կոմիտեի որոշումներն ստորագրում է ազգային կոմիտեի նախագահը: Եթե ազգային կոմիտեի որևէ անդամ ընդունված որոշման վերաբերյալ ունի այլ կարծիք, ապա, նրա ցանկությամբ, այն գրավոր կցվում է ազգային կոմիտեի որոշմանը:
15. Ազգային կոմիտեի նախագահի հրավերով` ազգային կոմիտեի նիստին կարող են մասնակցել այլ անձինք` խորհրդակցական ձայնի իրավունքով:
16. Ազգային կոմիտեի նիստերն արձանագրվում են: Ազգային կոմիտեի նիստերի արձանագրություններն ստորագրում են տվյալ նիստը վարողը և քարտուղարը: Ազգային կոմիտեի նիստերի արձանագրություններում նշվում են`
1) նիստի անցկացման վայրը և տարեթիվը.
2) նիստի մասնակիցների մասին տեղեկությունները.
3) նիստի օրակարգը.
4) նիստում կատարված քննարկումների մասին տեղեկությունները.
5) նիստում ընդունված որոշումների և առաջարկությունների մասին տեղեկությունները:
17. Ազգային կոմիտեի քարտուղարը նշանակվում է ազգային կոմիտեի նախագահի կողմից` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության աշխատակազմի աշխատողների թվից: Ազգային կոմիտեի քարտուղարը կազմում է նիստերի արձանագրությունները և ազգային կոմիտեի անդամների միջև համակարգում տեղեկատվության փոխանակումը:
18. Ազգային կոմիտեի անդամն իրավունք ունի`
1) նախապես ծանոթանալու ազգային կոմիտեի քննարկմանը ներկայացվող հարցերին և փաստաթղթերին.
2) ծանոթանալու ազգային կոմիտեի նիստերի արձանագրություններին.
3) ելույթ ունենալու ազգային կոմիտեի նիստում.
4) ազգային կոմիտեի նիստում ներկայացնելու առաջարկություններ.
5) կազմակերպելու ազգային կոմիտեի քննարկմանն իր կողմից ներկայացվող հարցերի նախապատրաստումը:
19. Ազգային կոմիտեի անդամը պարտավոր է`
1) մասնակցել ազգային կոմիտեի աշխատանքներին.
2) իր իրավասության սահմաններում ապահովել ազգային կոմիտեի և ազգային կոմիտեի նախագահի կողմից իրեն արված առաջարկությունների կատարումը` իր կողմից ներկայացված բնագավառի գործառույթների շրջանակում.
3) ապահովել աշխատանքային գործունեության ընթացքում իրեն հայտնի դարձած առևտրային, պետական և ծառայողական կամ այլ գաղտնիքի պահպանությունը:
20. Ազգային կոմիտեի աշխատանքների կազմակերպական, տեխնիկական, տեղեկատվական և վերլուծական ապահովումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը:
21. Ազգային կոմիտեն ապահովում է իր աշխատանքների լուսաբանումը և հրապարակայնությունը:
22. Ազգային կոմիտեի անդամներն ազգային կոմիտեի աշխատանքներին մասնակցելու համար չեն վարձատրվում:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |