ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ տնտեսական դատարանի վճիռ Քաղաքացիական գործ թիվ Տ3-78 |
Քաղաքացիական գործ թիվ 3-1711(ՏԴ) |
Նախագահող դատավոր՝ | Կ. Բաղդասարյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ` |
Ա. Մկրտումյանի | |
մասնակցությամբ դատավորներ` |
Ս. Անտոնյանի | |
Վ. Աբելյանի | ||
Է. Հայրիյանի | ||
Ս. Սարգսյանի |
2007 թվականի դեկտեմբերի 12-ին
դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ գխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքը ՀՀ տնտեսական դատարանի 15.06.2007 թվականի վճռի դեմ՝ ըստ ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության (այսուհետ` Ծառայություն) հայցի ընդդեմ «Անդրանիկ-97» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն)` գումար բռնագանձելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան՝ Ծառայությունը պահանջել է Ընկերությունից բռնագանձել 4.151.982 ՀՀ դրամ:
ՀՀ տնտեսական դատարանի (այսուհետ՝ Դատարան) 15.06.2007 թվականի վճռով հայցը մերժվել է:
Սույն վճռաբեկ բողոքը ներկայացրել է ՀՀ գխավոր դատախազի տեղակալը:
Վճռաբեկ բողոքին պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Դատարանը կիրառել է ՀՀ քաղաքացաիական օրենսգրքի 335-րդ հոդվածը, որը չպետք է կիրառեր, և չի կիրառել ՀՀ քաղաքացաիական օրենսգրքի 347-րդ և 438-րդ հոդվածները և «Պետական գույքի մասնավորեցման 2001-2003 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածը, որոնք պետք է կիրառեր:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել են հետևյալ փաստարկներով.
«Պետական գույքի մասնավորեցման 2001-2003 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի համաձայն` օբյեկտի գնի չվճարված մասի վճարումներից ազատվում են մասնավորեցման նախորդ ծրագրերով մասնավորեցված և տարաժամկետ վճարման իրավունք ստացած սուբյեկտները, որոնք վճարել են օբյեկտի արժեքի 30 և ավելի տոկոսը և մինչև 2004 թվականի դեկտեմբերի 31-ը կվճարեն օբյեկտի արժեքի վճարված մասի 3 տոկոսի և օբյեկտի գնահատման պահին այդ օբյեկտի գտնվելու վայրում «փոքր» օբյեկտների համար սահմանված տարածագնահատման ուղղիչ գործակցի արտադրյալի և այդ արտադրյալի 3 տոկոսի հանրագումարի չափով գումար:
Դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ 1999 թվականի հոկտեմբերի 1-ին Ընկերության հետ սեփականաշնորհման պայմանագրում փոփոխությունները կնքելուց հետո, ընդունվել է «Պետական գույքի մասնավորեցման 2001-2003 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը, որով սահմանվել է կիրառել պետական գույքի մասնավորեցման տարաժամկետ վճարումներ և պարտավորության կատարման արտոնյալ ժամկետ է սահմանվել մինչև 2004 թվականի դեկտեմբերի 31-ը: Այսինքն, դատարանն անտեսել է, որ տվյալ դեպքում հայցային վաղեմության ընթացքը սկսվում է ոչ թե 2003 թվականի հոկտեմբերի 13-ից, այլ 2004 թվականի դեկտեմբերի 31-ից:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել ՀՀ տնտեսական դատարանի 15.06.2007 թվականի վճիռը և գործն ուղարկել նոր քննության:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1) 28.11.1997 թվականին Ընկերության հետ կնքվել է թիվ 5876 սեփականաշնորհման պայմանագիրը:
2) 01.10.1999 թվականին կնքվել է նշված սեփականաշնորհման պայմանագրի փոփոխությունը:
3) 18.01.2002 թվականին ընդունվել է ««Պետական գույքի մասնավորեցման 2001-2003 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը, որով պարտավորությունների կատարման արտոնյալ ժամկետ է սահմանվել մինչև 31.12.2004 թվականը:
4.Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ` բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 347-րդ հոդվածի համաձայն՝ պարտավորությունները պետք է կատարվեն պատշաճ՝ պարտավորության պայմաններին, օրենքին և այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան, իսկ նման պայմանների ու պահանջների բացակայության դեպքում՝ գործարար շրջանառության սովորույթներին կամ սովորաբար ներկայացվող այլ պահանջներին համապատասխան:
Նույն օրենսգրքի 438-րդ հոդվածի համաձայն՝ եթե պայմանագիրը կնքելուց հետո ընդունվել է օրենք, որը սահմանում է կողմերի համար պարտադիր այլ կանոններ, քան պայմանագիրը կնքելիս գործող կանոնները, ապա կնքված պայմանագրի պայմանները պահպանում են իրենց ուժը, բացի այն դեպքերից, երբ օրենքում սահմանված է, որ դրա գործողությունը տարածվում է նախկինում կնքված պայմանագրից ծագող հարաբերությունների վրա:
««Պետական գույքի մասնավորեցման 2001-2003 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ օբյեկտի գնի չվճարված մասի վճարումներից ազատվում են մասնավորեցման նախորդ ծրագրերով մասնավորեցված և տարաժամկետ վճարման իրավունք ստացած սուբյեկտները, որոնք վճարել են օբյեկտի արժեքի 30 և ավելի տոկոսը և մինչև 2004 թվականի դեկտեմբերի 31-ը կվճարեն օբյեկտի արժեքի վճարված մասի 3 տոկոսի և օբյեկտի գնահատման պահին այդ օբյեկտի գտնվելու վայրում «փոքր» օբյեկտների համար սահմանված տարածագնահատման ուղղիչ գործակցի արտադրյալի և այդ արտադրյալի 3 տոկոսի հանրագումարի չափով գումար:
Տվյալ դեպքում, Դատարանը կիրառել է ՀՀ քաղաքացաիական օրենսգրքի 335-րդ հոդվածը, պատճառաբանելով, որ հայցը կարող էր ներկայացվել 13.10.2003 թվականից մինչև 13.10.2006 թվականը, անտեսելով ինչպես վերը նշված դրույթները, այնպես էլ այն հանգամանքը, որ 28.11.1997 թվականի սեփականաշնորհման թիվ 5876 պայմանագիրը և նշված պայմանագրի 01.10.1999 թվականի փոփոխությունների կնքելուց հետո ընդունվել է «Պետական գույքի մասնավորեցման 1998-2000 թվականների ծրագրի մասին» և «Պետական գույքի մասնավորեցման 2001-2003 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքները, որոնցով սահմանվել են կողմերի համար պարտադիր այլ կանոններ, ինչպես նաև փոփոխվել են պարտավորության կատարման պայմանները, այն է՝ սահմանվել է կիրառել պետական գույքի մասնավորեցման տարաժամկետ վճարումներ և պարտավորության կատարման արտոնյալ ժամկետը սահմանվել է մինչև 31.12.2004 թվականը, այսինքն՝ տվյալ դեպքում հայցային վաղեմության ժամկետի սկիզբը պետք էր հաշվարկել 31.12.2004 թվականից:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքերի առկայությունը բավարար է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 226-րդ և 227-րդ հոդվածների համաձայն, Դատարանի վճիռը բեկանելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ տնտեսական դատարանի 15.06.2007 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:
2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող՝ |
Ա. Մկրտումյան |
Դատավորներ՝ |
Ս. Անտոնյան |
Վ. Աբելյան | |
Է. Հայրիյան | |
Ս. Սարգսյան |