Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (12.12.2007-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2007.12.26/66.1
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
12.12.2007
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
12.12.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.12.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ տնտեսական դատարանի վճիռ

Քաղաքացիական գործ թիվ Տ-2014

Քաղաքացիական գործ թիվ 3-1628(ՏԴ)
2007 թ.

Նախագահող դատավոր՝ Ա.Բարսեղյան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Ա. Մկրտումյանի

մասնակցությամբ դատավորներ

Ս. Անտոնյանի

Վ. Աբելյանի

Է. Հայրիյանի

Ս. Սարգսյանի

 

2007 թվականի դեկտեմբերի 12-ին

 

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության (այսուհետ` Ծառայություն) վճռաբեկ բողոքը ՀՀ տնտեսական դատարանի 14.08.2007 թվականի վճռի դեմ՝ ըստ Ծառայության հայցի ընդդեմ անհատ ձեռնարկատեր Արայիկ Դալլաքյանի` գումար բռնագանձելու և ըստ ձեռնարկատիրոջ հակընդդեմ դիմումի` 23.08.2006 թվականի թիվ 1013502 ստուգման ակտի 8-րդ կետն անվավեր ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 

Դիմելով դատարան՝ Ծառայության Մաշտոցի հարկային տեսչությունը պահանջել է բռնագանձել Արայիկ Դալլաքյանից 6.304.100 ՀՀ դրամ:

Հակընդդեմ դիմումով Արայիկ Դալլաքյանը պահանջել է անվավեր ճանաչել 23.08.2006 թվականի թիվ 1013502 ստուգման ակտի 8-րդ կետը:

ՀՀ տնտեսական դատարանի (այսուհետ՝ Դատարան) 14.08.2007 թվականի վճռով հայցը մերժվել է, իսկ հակընդդեմ դիմումը` բավարարվել:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ծառայությունը:

Վճռաբեկ բողոքին պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Դատարանը խախտել է «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածը, սխալ է մեկնաբանել «Պարզեցված հարկի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ կետը, չի կիրառել «Պարզեցված հարկի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ կետի Ա ենթակետի և 5-րդ հոդվածները, ինչպես նաև կիրառել է «Պարզեցված հարկի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին կետը, որը չպետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել են հետևյալ փաստարկներով.

Արայիկ Դալլաքյանը 2005 թվականի ընթացքում ունեցել է 81.520.600 ՀՀ դրամ իրացման շրջանառություն առանց ԱԱՀ-ի, սակայն 19.01.2006 թվականին Մաշտոցի հարկային տեսչությանը պարզեցված հարկ վճարող հանդիսանալու համար ներկայացրել է հայտարարագիր, որով հայտարարել է, որ ձեռնարկատիրական գործունեության բոլոր տեսակների մասով` 2005 թվականի ընթացքում մատակարարած ապրանքների, կատարված աշխատանքների և մատուցված ծառայությունների իրացման շրջանառությունը, առանց ԱԱՀ-ի չի գերազանցել 50 մլն. ՀՀ դրամը:

«Պարզեցված հարկի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ կետի ա ենթակետի համաձայն` նախատեսվող սահմանված չափի վերաբերյալ ոչ ճիշտ տեղեկություններ ներառելու դեպքում հարկ վճարողներից գանձվում է տուգանք` սահմանաչափը գերազանցող մասի 20 տոկոսի չափով:

Դատարանի կողմից «Պարզեցված հարկի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին կետի պահանջների չկիրառելը հիմնավորվել է նրանով, որ նշված հոդվածի համաձայն` նույն օրենքի 4-րդ հոդվածի սահմանված պայմաններին բավարարող պարզեցված հարկ վճարողներն այդպիսիք են համարվում իրենց կողմից հաշվառված հարկային մարմնին ներկայացված հայտարարագրով, սակայն ներկայացված հայտարարագիրն անօրինաչափ է` իրացման շրջանառությունը սահմանված չափը գերազանցելու հետևանքով:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել ՀՀ տնտեսական դատարանի 14.08.2007 թվականի վճիռը և գործն ուղարկել նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) Արայիկ Դալլաքյանը 19.01.2006 թվականին հարկային տեսչություն է ներկայացրել ֆիզիկական անձի տարեկան եկամուտների հայտարարագիր, որով 2005 թվականի իրացման շրջանառության գումար է ցույց տրվել 81.520.573 ՀՀ դրամ:

2) 19.01.2006 թվականին Արայիկ Դալլաքյանը ներկայացրել է եկամուտների տարեկան հայտարարագիր և միաժամանակ դիմում է ներկայացրել պարզվեցված հարկ վճարող համարվելու վերաբերյալ:

3) 28.02.2006 թվականին Արայիկ Դալլաքյանը նույն տեսչություն դիմում է ներկայացրել ընդհանուր կարգով հարկվելու և իրեն պարզեցված հարկ վճարող չհամարելու վերաբերյալ:

4) Հարկային տեսչության կողմից Արայիկ Դալլաքյանի մոտ կատարվել է ստուգում և արձանագրվել խախտում պարզեցված հարկի մասով:

 

4.Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

«Պարզեցված հարկի մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` օրենք) 4-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում պարզեցված հարկ վճարող են համարվում իրենց հաշվառման վայրի հարկային մարմիններին սույն oրենքով սահմանված ժամկետներում և կարգով հայտարարագիր ներկայացրած և սույն հոդվածի 2-րդ կետով սահմանված պայմանները բավարարող առևտրային կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը և նոտարները, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ կետում նշվածների:

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ պարզեցված հարկ վճարողներ կարող են համարվել անձինք, որոնց կողմից նախորդ տարվա ընթացքում ձեռնարկատիրական գործունեության բոլոր տեսակների մասով մատակարարված ապրանքների և մատուցված ծառայությունների իրացման շրջանառության ընդհանուր գումարը չի գերազանցել 50 մլն դրամը: Իսկ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` սույն oրենքի 4-րդ հոդվածով սահմանված պայմաններին բավարարող պարզեցված հարկ վճարողներն այդպիսիք համարվելու համար իրենց հաշվառման հարկային մարմին են ներկայացնում Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության սահմանած ձևով հայտարարագիր:

Այդ դեպքում հարկ վճարողը համարվում է պարզեցված հարկ վճարող ձեռնարկատիրական գործունեության բոլոր տեսակների մասով, բացառությամբ այն տեսակների, որոնք հարկվում են հաստատագրված վճարներով:

Վերոնշյալից հետևում է, որ պարզեցված հարկ վճարող համարվելու համար հայտարարագիր ներկայացնելուց առաջ հարկատուն ինքուրույն է որոշում «Պարզեցված հարկի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի չափանիշներին համապատասխանության հարցը:

Օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետի համաձայն` պարզեցված հարկ վճարողները նույն oրենքի 5 հոդվածի 1-ին կետով նախատեսվող հայտարարագրի մեջ նույն oրենքի 4-րդ հոդվածի` 2-րդ կետով նախատեսվող սահմանաչափի վերաբերյալ ոչ ճիշտ տեղեկություններ ներառելու դեպքում վճարում են տուգանք` սահմանաչափը գերազանցող մասի 20 տոկոսի չափով:

Սույն քաղաքացիական գործի փաստերի համաձայն, Արայիկ Դալլաքյանը 19.01.2006 թվականին հարկային տեսչություն է ներկայացրել ֆիզիկական անձի տարեկան եկամուտների հայտարարագիր, որով 2005 թվականի իրացման շրջանառության գումար է ցույց տրվել 81.520.573 ՀՀ դրամ: Միաժամանակ, դիմում է ներկայացրել պարզվեցված հարկ վճարող համարվելու վերաբերյալ:

28.02.2006 թվականի դիմումի հիման վրա Արայիկ Դալլաքյանը դադարել է պարզեցված հարկ վճարող լինելուց 28.02.2006 թվականից, հետևաբար` նույն տարվա առաջին եռամսյակում ձեռնարկատերը պարզեցված հարկ վճարող է ճանաչվել օրենքի խախտմամբ:

Հիմք ընդունելով վերոնշյալը Վճռաբեկ դատարանը գտնում է որ հիմնավոր են վճռաբեկ բողոք բերած անձի պատճառաբանությունները «Պարզեցված հարկի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետի խախտման վերաբերյալ, քանի որ գործում առկա նյութերով ապացուցվում է, որ Արայիկ Դալլաքյանը 19.01.2006 թվականի հայտարարագրում ներառել է ոչ ճիշտ տեղեկություններ:

Այսպիսով, բողոքի հիմքի հիմնավոր լինելը Վճռաբեկ դատարանը բավարար է համարում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 226-րդ հոդվածի ուժով Դատարանի վճիռը բեկանելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ տնտեսական դատարանի 14.08.2007 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող՝

Ա. Մկրտումյան

Դատավորներ՝

Ս. Անտոնյան

 

Վ. Աբելյան

 

Է. Հայրիյան

 

Ս. Սարգսյան