ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ քաղաքացիական վերաքննիչ |
Քաղաքացիական գործ թիվ 3-1669(ՎԴ) |
Նախագահող դատավոր՝ | Վ.Ավանեսյան |
Դատավորներ՝ | Գ.Մատինյան Դ.Խաչատրյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ա. Մկրտումյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Վ. Աբելյանի | |
Ս. Անտոնյանի | ||
|
Է. Հայրիյանի | |
Ս. Սարգսյանի |
2007 թվականի դեկտեմբերի 12-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Մ.Ներսիսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 30.07.2007 թվականի վճռի դեմ՝ ըստ Մարինա Ներսիսյանի հայցի ընդդեմ Մյասնիկ Սահակյանի՝ առուվաճառքի պայմանագրի կնքման և այն նոտարական վավերացման ներկայացնելուն հարկադրելու պահանջի մասին քաղաքացիական գործով,
Պ Ա Ր Զ Ե Ց
1.գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան՝ հայցվորը պահանջել է պարտավորեցնել պատասխանողին կնքելու Արթիկ քաղաքի Գորկու փողոցում գտնվող խանութի առուվաճառքի պայմանագիր և այն ներկայացնել նոտարական վավերացման ու պետական գրանցման:
Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի 15.05.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 30.07.2007 թվականի վճռով հայցը մերժվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Մարինա Ներսիսյանը:
Վճռաբեկ բողոքին պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.
Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի պահանջները, կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 445-րդ հոդվածը, որը չպետք է կիրառեր և չի կիրառել նույն օրենսգրքի 300-րդ հոդվածը, որը պետք է կիրառեր:
Բողոք բերած անձը բողոքի սույն հիմքը պատճառաբանել է հետևյալ փաստարկով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 300-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, եթե կողմերից մեկը լրիվ կամ մասնակի կատարել է նոտարական վավերացում պահանջող գործարքը, իսկ մյուս կողմը խուսափում է գործարքի նոտարական վավերացումից, դատարանն իրավունք ունի, գործարքը կատարած կողմի պահանջով, այն վավեր ճանաչել: Այդ դեպքում գործարքի նոտարական վավերացում չի պահանջվում: Պատասխանող Մ.Սահակյանի և Վ.Հոլիկյանի միջև կնքված 10.06.2004 թվականի առուվաճառքին փոխարինող ստացականով, ինչպես նաև Շիրակի մարզի դատախազությունում Մ.Սահակյանի կողմից 10.07.2006 թվականին տրված բացատրությամբ հաստատված է այն հանգամանքը, որ կողմերը փաստացի կատարել են նոտարական վավերացում պահանջող գործարքի պայմանները` Մ.Սահակյանը Վ.Հոլիկյանից ստացել է առուվաճառքի առարկա հանդիսացող Արթիկ քաղաքի գորկու փողոցում գտնվող շենք-շինության արժեքը` 6.000 ԱՄՆ դոլար և շենք-շինությունը հանձնել նրան, որտեղ Վ.Հոլիկյանի կողմից կատարվել են շուրջ 30.000 ԱՄՆ դոլար գումարի վերակառուցումներ: Այսինքն, առկա է ինչպես գույքի արժեքի փոխանցումը, այնպես էլ գույքի հանձնումը, ավելին, դրան հաջորդել է գույքի բարելավումը: Սակայն նշված փաստերի առկայության պայմաններում դրանք ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի կողմից պատշաճորեն չեն գնահատվել, ինչի արդյունքում դատարանը կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի՝ նախնական պայմանագրին վերաբերող 445-րդ հոդվածը, որը չպետք է կիրառեր:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 30.07.2007 թվականի վճիռը և օրինական ուժ տալ Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի 15.05.2007 վճռին:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1) Շիրակի մարզի դատախազությունում 10.07.2006 թվականին տրված բացատրությամբ պատասխանող Մ.Սահակյանը հայտնել է, որ 2004 թվականին վիճելի շինությունը 6.000 ԱՄՆ դոլար գումարով վաճառել է Վ.Հոլիկյանին՝ խոստանալով վերջինիս անունով կատարել անհրաժեշտ ձևակերպումները, որի կապակցությամբ Վ.Հոլիկյանին տվել է ստացական, սակայն խոստացված ժամկետում շինության առուվաճառքի պայմանագիրը չի կնքել:
2) Նույն բացատրությամբ պատասխանողն ընդունել է, որ Վ.Հոլիկյանին 10.06.2004 թվականի ստացականը տրվել է ի ապահոովումն գործարքի կայացման և շինությունը Վ.Հոլիկյանի անվամբ ձևակերպելու:
3) Նոտարական կարգով վավերացված 19.06.2006 թվականի ստացականով Վ.Հոլիկյանը Մ.Սահակյանի կողմից 10.06.2004 թվականին տրված ստացականում նշված բոլոր իրավունքներն ու պարտականությունները փոխանցել է Մ.Ներսիսյանին:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքը պետք է բավարարել հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի համաձայն՝դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և oբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 300-րդ հոդվածի համաձայն՝ եթե կողմերից մեկը լրիվ կամ մասնակի կատարել է նոտարական վավերացում պահանջող գործարքը, իսկ մյուս կողմը խուսափում է գործարքի նոտարական վավերացումից, դատարանն իրավունք ունի, գործարքը կատարած կողմի պահանջով, այն վավեր ճանաչել: Այդ դեպքում գործարքի հետագա նոտարական վավերացում չի պահանջվում:
Սույն գործի փաստերի համաձայն, 10.07.2006 թվականին Շիրակի մարզի դատախազությունում տրված բացատրությամբ պատասխանող Մ.Սահակյանն ընդունել է, որ վիճելի շինությունը 2004 թվականի հունիս ամսին 6.000 ԱՄՆ դոլար գումարով վաճառել է Վ.Հոլիկյանին և պարտավորվել է շինությունը ձևակերպել վերջինիս անվամբ, որի կապակցությամբ Վ.Հոլիկյանին տվել է ստացական, իսկ Վ.Հոլիկյանը վիճելի շինության նկատմամբ իր պահանջի իրավունքը զիջել է Մ.Ներսիսյանին:
Վերոգրյալի հիման վրա Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանը նկատի ունենալով, որ շինության համար կողմերի միջև համաձայնեցված գումարը հայցվորի իրավանախորդը վճարել է, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 300-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներով, հայցը բավարարել է:
ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանը՝ ի խախտումն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի պահանջների, չի գնահատել Շիրակի մարզի դատախազությունում պատասխանող Մ.Սահակյանի կողմից 10.07.2006 թվականին տրված բացատրությունը, որով ըստ էության պատասխանողն ընդունել է, որ վիճելի շինությունը 6.000 ԱՄՆ դոլար գումարով վաճառել է Վ.Հոլիկյանին՝ խոստանալով վերջինիս անունով կատարել անհրաժեշտ ձևակերպումները, որի կապակցությամբ Վ.Հոլիկյանին տվել է ստացական, սակայն խոստացված ժամկետում շինության առուվաճառքի պայմանագիրը չի կնքել: ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի կողմից չի գնահատվել նաև այն հանգամանքը, որ նույն բացատրությամբ պատասխանողն ընդունել է նաև, որ Վ.Հոլիկյանին 10.06.2004 թվականի ստացականը տրվել է ի ապահովումն գործարքի կայացման և շինությունը Վ.Հոլիկյանի անվամբ ձևակերպելու:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նշված դատավարական իրավունքի նորմի խախտման հետևանքով ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանը սխալ եզրահանգման է եկել և պատասխանողի կողմից հայցվորին տրված ստացականը վերլուծելով որպես նախնական պայմանագիր, դրա նկատմամբ կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 445-րդ հոդվածը, որը չպետք է կիրառեր, և հայցը մերժել է՝ գործին տալով սխալ լուծում:
Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-րդ հոդվածի առաջին մասի 6-րդ կետով սահմանված առաջին ատյանի դատական ակտին օրինական ուժ տալու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք:
Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով ամրագրված` անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար, գործի քննության անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից:
Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 30.07.2007 թվականի վճիռը պետք է բեկանել և օրինական ուժ տալ սույն գործով Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի 15.05.2007 թվականին կայացված վճռին, որը պատճառաբանված է և հիմնավոր:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 30.07.2007 թվականի վճիռը և օրինական ուժ տալ Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի 15.05.2007 թվականի վճռին:
2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:
ՆԱԽԱԳԱՀՈՂ` |
Ա. Մկրտումյան | |
ԴԱՏԱՎՈՐՆԵՐ` |
Վ. Աբելյան | |
Ս. Անտոնյան | ||
|
Է. Հայրիյան | |
|
Ս. Սարգսյան |