Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (12.12.2007-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2007.12.26/66.1
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
12.12.2007
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
12.12.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.12.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ տնտեսական դատարանի վճիռ
Քաղաքացիական գործ թիվ Տ-1333

Քաղաքացիական գործ թիվ 3-1597(ՎԴ)
2007 թ.

Նախագահող դատավոր՝ Ն.Տավարացյան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Ա. Մկրտումյանի

մասնակցությամբ դատավորներ

Ս. Անտոնյանի

Վ. Աբելյանի

Է. Հայրիյանի

Ս. Սարգսյանի

 

2007 թվականի դեկտեմբերի 12-ին

 

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքը ՀՀ տնտեսական դատարանի 26.03.2007 թվականի վճռի դեմ` ըստ հայցի ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության (այսուհետ՝ Ծառայություն) ընդդեմ «Յունիբանկ» ՓԲԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն)՝ գումարի բռնագանձման պահանջով և ըստ Ընկերության հակընդդեմ հայցի՝ Ծառայության 12.05.2003 թվականի ակտն անվավեր ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1.Գործի դատավարական նախապատմությունը.

 

Դիմելով դատարան՝ Ծառայությունը պահանջել է բռնագանձել Ընկերությունից 31.965.000 ՀՀ դրամ որպես պետական տուրքի չվճարված մասով պարտավորություն և 624.360 ՀՀ դրամ՝ որպես հայցադիմումը ներկայացնելու համար վճարված պետական տուրքի գումար:

Հակընդդեմ հայցով դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է անվավեր ճանաչել Ծառայության 12.05.2003 թվականի թիվ 116660 ակտի 8-րդ կետը:

ՀՀ տնտեսական դատարանի (այսուհետ՝ Դատարան) 26.03.2007 թվականի վճռով հայցը մերժվել է, հակընդդեմ հայցը՝ բավարարվել:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը:

Վճռաբեկ բողոքին պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով՝

Դատարանը սխալ է մեկնաբանել «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի առաջին մասը, 14-րդ հոդվածի 2-րդ մասը, «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածը, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի առաջին մասի 25-րդ կետը, «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» 25.12.2003 թվականի օրենքի 3-րդ և 4-րդ հոդվածները, «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի առաջին մասը, 33-րդ հոդվածը, կիրառել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 7-րդ մասը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածը, որոնք չպետք է կիրառեր, չի կիրառել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 94-րդ հոդվածի 4-րդ մասը, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածը, 32-րդ հոդվածը, ինչպես նաև ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 19.02.2002 թվականի «Բանկերի և օտարերկրյա բանկերի գրանցումն ու լիցենզավորումը, մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գրանցում» Կանոնակարգ 1-ը (նոր խմբագրությամբ) հաստատելու մասին թիվ 49 հրամանով հաստատված «Կանոնակարգ-1»-ի 4-րդ կանոնի 5-րդ կետը, որոնք պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

«Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի առաջին մասի և 14-րդ հոդվածի 2-րդ մասի համեմատական վերլուծությունից կարելի է եզրակացնել, որ բանկի մասնաճյուղն իրավաբանական անձ չէ, հետևաբար մասնաճյուղին գործունեության առանձին տեսակներով զբաղվելու համար չի կարող տրվել լիցենզիա այն պատճառով, որ բանկի մասնաճյուղը, լինելով իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող առանձնացված ստորաբաժանում, իրականացնում է բանկային գործառնություններ բանկի անունից, իրավունքներ ու պարտականություններ է ձեռք բերում ոչ թե իր այլ՝ այն ստեղծած բանկի համար և վերջինս է պատասխանատու մասնաճյուղի պարտավորություններով:

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի առաջին մասի 25-րդ կետը որոշակի պարտավորություններ է սահմանում իրավահարաբերության կողմերի համար, այն է՝ այլ վայրերում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու համար՝ տարեկան տվյալ լիցենզիայի տրման համար սահմանված պետական տուրքի դրույքաչափի 50 տոկոսի չափով պետական տուրքի վճարում: Այս առումով «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի առաջին մասի, 14-րդ հոդվածի 2-րդ մասի և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի առաջին մասի 25-րդ կետի միջև հակասություններ և տարընթերցումներ առկա չեն:

Բացի այդ, «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» 25.12.2003 թվականի օրենքի 3-րդ հոդվածով օրենքի 43-րդ հոդվածի երկրորդ մասի աղյուսակում՝ 6-րդ բաժնի առաջին կետի 10-րդ սյունակից հանվել է «Վ» տառը: Իսկ նույն օրենքի 48-րդ հոդվածը լրացվել է հետևյալ խմբագրությամբ «Օրենքի 43-րդ հոդվածի երկրորդ մասի 6-րդ բաժնի առաջին կետով սահմանված բանկային գործունեության մասով վայրի պահանջի վերացման դրույթը տարածվում է 2003 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա»: Այսինքն, օրենքի վերոնշյալ դրույթը սույն քաղաքացիական գործով կիրառելի չէ, քանի որ Ընկերության նկատմամբ պետական տուրքի հիմնական գումարի վճարման պարտավորությունը հաշվարկվել է 01.01.2002 թվականից մինչև 01.01.2003 թվականը:

Ընկերությանը տրված բանկային գործունեության լիցենզիայում գործունեության իրականացման վայր նշված չէ, հետևաբար բանկն իրավասու է բանկային գործունեություն իրականացնել Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում:

«Բանկերի և օտարերկրյա բանկերի գրանցումն ու լիցենզավորումը, մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գրանցում» Կանոնակարգ 1-ը (նոր խմբագրությամբ) հաստատելու մասին թիվ 49 հրամանով հաստատված «Կանոնակարգ-1»-ի 4-րդ կանոնի 5-րդ կետի կիրառման ենթակա լինելու վերաբերյալ վճռաբեկ բողոք բերած անձը որևէ հիմնավորում չի նշել:

Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 26.03.2007 թվականի վճիռը և գործն ուղարկել նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) Ծառայությունը Ընկերությունում 09.10.2001 թվականից մինչև 01.02.2003 թվականն ընկած ժամանակաշրջանի բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգման արդյունքում 12.05.2003 թվականի թիվ 116660 ակտի (այսուհետ` Ակտ) 8-րդ կետով Ընկերությանն առաջադրել է 7.470.000 ՀՀ դրամ պետական տուրքի գծով լրացուցիչ պարտավորություն:

2) Ակտի 8-րդ կետի համաձայն՝ Ընկերությունը, խախտելով «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 25-րդ կետը, այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու համար 3 մասնաճյուղերի համար չի վճարել պետական տուրք բանկային գործունեության լիցենզիայի համար սահմանված տարեկան պետական տուրքի 50 տոկոսի չափով: Ակտով հաշվարկվել է նաև տույժ՝ պետական տուրքի վճարման ժամկետանց օրերի համար:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ, վճռաբեկ բողոքը հիմնավոր չէ հետևյալ պատճառաբանությամբ.

Ծառայության կողմից խախտումը հայտնաբերելու պահին գործող «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 25-րդ կետի համաձայն. «Լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելու նպատակով լիցենզիաներ, արտոնագրեր, (թույլտվություններ) տալու համար պետական տուրքը գանձվում է. … 25) այլ վայրերում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու համար` տարեկան տվյալ լիցենզիայի տրման համար սահմանված պետական տուրքի դրույքաչափի 50 տոկոսի չափով:»:

Վճռաբեկ բողոքի հիմքում վկայակոչված են տարբեր օրենքներ (հոդվածներ), որոնք բողոք բերած անձը վկայակոչում է որպես դատարանի կողմից սխալ կիրառված կամ կիրառման ենթակա նորմեր, սակայն բողոքի հիմքում բարձրացված իրավական հարցին պատասխանելու համար Վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքի հիմքի շրջանակներում պետք է քննարկման առարկա դարձնի հետևյալ իրավական հարցը. Արդյոք մասնաճյուղի միջոցով բանկային գործունեության իրականացումը «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 25-րդ կետի իմաստով համարվում է այլ վայրում իրականացվող գործունեություն և առաջացնում նույն կետով նախատեսված պետական տուրքի վճարման պարտավորություն:

«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 86-րդ հոդվածի առաջին մասի համաձայն՝ իրավական ակտը մեկնաբանվում է դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությամբ՝ հաշվի առնելով օրենքի պահանջները:

«Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի առաջին կետի համաձայն՝ բանկն իրավաբանական անձ է, որն իրավունք ունի սույն օրենքով սահմանված կարգով տրված լիցենզիայի հիման վրա իրականացնել բանկային գործունեություն: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ բանկի մասնաճյուղը բանկի՝ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող և բանկի գտնվելու վայրից դուրս գտնվող առանձնացված ստորաբաժանումն է, որը գործում է բանկի կողմից տրված լիազորությունների սահմաններում և նրա անունից բանկային գործունեություն և (կամ) նույն օրենքով նախատեսված ֆինանսական գործառնություններ է իրականացնում:

Նույն օրենքի 23-րդ հոդվածի առաջին մասի համաձայն՝ բանկային գործունեության լիցենզիան Կենտրոնական բանկի կողմից տրվող բանկային գործունեություն իրականացնելու թույլտվությունը հավաստող փաստաթուղթ է:

«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի առաջին մասի համաձայն՝ լիցենզիան պետք է բովանդակի գործունեության իրականացման վայրը, որը նշվում է, եթե նշված օրենքի համաձայն՝ լիցենզավորման ենթակա տվյալ գործունեությունը պետք է իրականացվի միայն լիցենզիայում նշված վայրում:

«Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ բանկային գործունեության լիցենզիայի համարը, տալու ամսաթիվը, լիցենզավորված բանկի, օտարերկրյա բանկի մասնաճյուղի լրիվ ֆիրմային անվանումը և գրանցման համարը:

Վերոնշյալ հոդվածների համադրումից հետևում է, որ բանկային գործունեության լիցենզիայում չի նշվում համապատասխան լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման որևէ կոնկրետ վայր, հետևաբար բանկը ստանալով բանկային գործունեության լիցենզիա իրավասու է բանկային գործունեություն իրականացնել Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում:

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 25-րդ կետը կարգավորում է այն հարաբերությունները, երբ յուրաքանչյուր վայրում լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելիս հարկավոր է ստանալ նոր լիցենզիա: Օրենքի վերոնշյալ նորմը նպատակ է հետապնդում խրախուսելու ձեռնարկատիրական գործունեության զարգացումը և դրա իրականացումը մեկից ավելի վայրերում, որի դեպքում չնայած որ անձը չի ազատվում լիզենզիա ստանալու պարտավորությունից, սակայն այն տրամադրելիս պարտավորվում է վճարել ոչ թե համապատասխան լիցենզիայի համար նախատեսված պետական տուրքի ամբողջ գումարը, այլ այդ գումարի 50 տոկոսը: Այսինքն, հոդվածն ունի խրախուսող նշանակություն:

Հետևաբար, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 25-րդ կետից հետևում է, որ այն վերաբերում է այն դեպքերին, երբ.

1. անձի կողմից օրենքով սահմանված կարգով ստացած լիցենզիայի հիման վրա իրականացվում է լիցենզավորման ենթակա գործունեություն, և

2. նույն անձը ցանկանում է լիցենզավորման ենթակա նույն գործունեությունն իրականացնել մեկ այլ վայրում, որի համար նա պետք է ստանա նոր լիցենզիա:

«Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ տարածքում գործող բանկերի ՀՀ տարածքում ստեղծվող մասնաճյուղերը գրանցվում են Կենտրոնական բանկի կողմից՝ ներկայացնելով օրենքով սահմանված փաստաթղթեր: Կենտրոնական բանկը գրանցման մասին որոշում ընդունելուց հետո գրանցում է մասնաճյուղը, որի արդյունքում մասնաճյուղին տրվում է գրանցման վկայական:

Վերոնշյալից հետևում է, որ բանկի մասնաճյուղերը գործում են Կենտրոնական բանկի կողմից տրված գրանցման վկայականների հիման վրա, իսկ բանկի մասնաճյուղի գործունեության համար լիցենզիա ստանալու անհրաժեշտություն որևէ իրավական ակտով նախատեսված չէ:

Հետևաբար, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 25-րդ կետը կարգավորում է այն դեպքերը, երբ յուրաքանչյուր վայրում լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելիս հարկավոր է ստանալ նոր լիցենզիա, Վճռաբեկ դատարանը արձանագրում է, որ այդ հոդվածով բանկի կողմից մասնաճյուղի միջոցով բանկային գործունեության իրականացման համար պետական տուրքի գծով պարտավորություններ չեն առաջանում:

Բացի այդ, Վճռաբեկ դատարանն անհիմն է համարում «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի երկրորդ մասի աղյուսակի 6-րդ բաժնի առաջին կետի կիրառման անհրաժեշտության վերաբերյալ փաստարկը, հետևյալ պատճառաբանությամբ.

«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի երկրորդ մասի աղյուսակում՝ 6-րդ բաժնի առաջին կետի 10-րդ սյունակում նշված է «Վ» տառը:

Նույն հոդվածի 11-րդ կետի համաձայն՝ միայն նույն հոդվածի աղյուսակի 10-րդ սյունակում «Վ» տառով նշված գործունեության տեսակներով զբաղվող լիցենզավորված անձինք են պարտավոր լիցենզավորման ենթակա գործունեությունն իրականացնել միայն լիցենզիայում նշված վայրում: Իսկ նույն օրենքի 33-րդ հոդվածի 8-րդ կետի համաձայն՝ եթե նույն օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 10-րդ սյունակում նշված է «Վ» տառը, ապա յուրաքնչյուր վայրում գործունեություն իրականացնելու համար տրվում է առանձին լիցենզիա:

Վերոնշյալ հոդվածներից հետևում է, որ «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածում «Վ» տառով նշվում են գործունեության այն տեսակները, որոնց իրականացման համար տրվող լիցենզիայում նշված է այդ գործունեության իրականացման թույլատրելի վայրը, իսկ այլ վայրում նույն գործունեությամբ զբաղվելու դեպքում անհրաժեշտ է ստանալ նոր լիցենզիա:

Սակայն, չնայած այն հանգամանքի, որ մինչև «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» 25.12.2003 թվականի օրենքի ընդունումը «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի աղյուսակում բանկային գործունեության սյունակում նշված էր «Վ» տառը, այն կիրառելի չէ, քանի որ բանկային գործունեության լիցենզիայում նշված չէ համապատասխան գործունեության իրականացման կոնկրետ վայր, իսկ մասնաճյուղի միջոցով բանկային գործունեության իրականացման դեպքում նոր լիցենզիա չի պահանջվում:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը մերժել: ՀՀ տնտեսական դատարանի 26.03.2007 թվականի վճիռը թողնել օրինական ուժի մեջ:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող՝

Ա. Մկրտումյան

Դատավորներ՝

Ս. Անտոնյան

 

Վ. Աբելյան

 

Է. Հայրիյան

 

Ս. Սարգսյան