ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ տնտեսական դատարանի վճիռ |
Քաղաքացիական գործ թիվ 3-1698(ՏԴ) |
Նախագահող դատավոր՝ | Վ.Ասլանյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ա. Մկրտումյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Վ. Աբելյանի | |
Ս. Անտոնյանի | ||
|
Է. Հայրիյանի | |
Ս. Սարգսյանի |
2007 թվականի դեկտեմբերի 12-ին
դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքը ՀՀ տնտեսական դատարանի 12.07.2007 թվականի վճռի դեմ՝ ըստ Արարատ Գինոսյանի դիմումի ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի Գուգարքի տարածաշրջանային մաքսատան (այսուհետ՝ Կոմիտե)՝ վարչական տույժ նշանակելու մասին որոշումը վերացնելու պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան՝ Արարատ Գինոսյանը պահանջել է վերացնել Կոմիտեի վարչական տույժ նշանակելու մասին 02.05.2007 թվականի թիվ 03/2007 որոշումը:
ՀՀ տնտեսական դատարանի (այսուհետ՝ Տնտեսական դատարան) 12.07.2007 թվականի վճռով դիմումը բավարարվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը։
Վճռաբեկ բողոքին պատասխան է ներկայացրել Արարատ Գինոսյանը:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Տնտեսական դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ մաքսային օրենսգրքի 2-րդ հոդվածի 1-ին մասի «ը» կետը, 189-րդ և 199-րդ հոդվածների 1-ին մասերը, կիրառել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 247-րդ հոդվածի 1-ին մասը, որը չպետք է կիրառեր և չի կիրառել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 2-րդ գլուխը, 12-րդ և 37-րդ հոդվածները, որոնք պետք է կիրառեր:
Վճռաբեկ բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Հիմնավոր չէ Տնտեսական դատարանի այն պնդումը, որ հետադարձ արտահանման պարտավորությամբ էքսկավատորը Հայաստանի Հանրապետություն է ներմուծել «Լոռի Ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ն (այսուհետ՝ Ընկերություն) և ոչ թե՝ դիմումատուն և վերջինիս կողմից չի կատարվել այն իրավախախտումը, որի համար պատասխանողի որոշմամբ նա ենթարկվել է վարչական պատասխանատվության:
Տնտեսական դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 2-րդ գլխի դրույթների պահանջների և ՀՀ մաքսային օրենսգրքի համաձայն՝ իրավաբանական անձը չի հանդիսանում վարչական զանցանքի սուբյեկտ: Հետևաբար, Արարատ Գինոսյանը ՀՀ մաքսային օրենսգրքի 199-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված զանցանքի սուբյեկտ է:
Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Տնտեսական դատարանի 12.07.2007 թվականի վճիռը և գործն ուղարկել նոր քննության:
2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմքերը և փաստարկները.
Վճռաբեկ բողոքում նշված չէ որևէ հիմնավորում այն մասին, թե ինչու պետք է կիրառվեն Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 12-րդ հոդվածը և ՀՀ մաքսային օրենսգրքի 37-րդ հոդվածը, կիրառելի են արդյոք դրանք սույն գործի նկատմամբ և ինչ հիմքով, ինչպես է Տնտեսական դատարանը մեկնաբանել ՀՀ մաքսային օրենսգրքի 198-րդ հոդվածը և ՀՀ մաքսային օրենսգրքի 199-րդ հոդվածի 1-ին մասը և ինչպես պետք է այն մեկնաբանվեր:
Ընկերության լիազորված անձ Արտակ Գինոսյանը, հանդիսանալով հայտարարագրման ներկայացնող սուբյեկտ, կազմել է հայտարարագիր, այն վավերացրել իր ստորագրությամբ և Ընկերության կնիքով, հետևաբար, ոչ թե դիմումատուն, այլ Ընկերությունն է պատասխանատու ներկայացված տեղեկությունների իսկության և արժանահավատության համար:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1) 09.07.2004 թվականին տրված թիվ 03Ա064949 իրավաբանական անձի պետական գրանցման վկայականի 26.09.2005 թվականի թիվ 003 ներդիրի համաձայն՝ Ընկերության գլխավոր տնօրենն է Արարատ Գինոսյանը:
2) Մաքսային կանոնների խախտման վերաբերյալ 18.04.2007 թվականի թիվ 0033622 արձանագրության համաձայն՝ Արարատ Գինոսյանը 21.03.2007 թվականին Ընկերության կողմից «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով Հայաստանի Հանրապետության տարածք է ներմուծել «Ամկոդոր-702E» մակնիշի էքսկավատոր: Ներմուծման համար հայտարարատուի խնդրարկած ժամկետը լրացել է 28.03.2007 թվականին, սակայն ապրանքը չի վերահայտարարագրվել կամ չի հանձնվել մաքսային մարմինների պատասխանատու պահպանությանը:
3) 02.05.2007 թվականի թիվ 03/2007 որոշմամբ Արարատ Գինոսյանը տուգանվել է ներկրված ապրանքի մաքսային արժեքի 10 տոկոսի չափով:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
Վարչական իրավախախտման հասկացությունը սահմանված է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 9-րդ հոդվածում, որի համաձայն վարչական իրավախախտում (զանցանք) է համարվում պետական կամ հասարակական կարգի, սեփականության, քաղաքացիների իրավունքների և ազատությունների, կառավարման սահմանված կարգի դեմ ոտնձգող հակաիրավական, մեղավոր (դիտավորյալ կամ անզգույշ) այնպիսի գործողությունը կամ անգործությունը, որի համար օրենսդրությամբ նախատեսված է վարչական պատասխանատվություն:
Նշված հասկացության սահմանումից հետևում են վարչական իրավախախտման հետևյալ հատկանիշները՝
հակահասարակական բնույթը,
հակաիրավական բնույթը,
մեղավորությունը,
արարքի պատժելիությունը:
Նշված հատկանիշներից սույն գործի հետ կապված անհրաժեշտ է առանձնացնել մեղավորության հատկանիշը, այսինքն` արարքի սուբյեկտիվ կողմը, որի հիմնական հատկանիշը՝ մեղքն է, անձի հոգեբանական վերաբերմունքը կատարված արարքի նկատմամբ: Այդ հոգեբանական վերաբերմունքը կարող է դրսևորվել երկու ձևով՝ դիտավորությամբ և անզգուշությամբ:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 10-րդ և 11-րդ հոդվածները սահմանում են համապատասխանաբար դիտավորությամբ և անզգուշությամբ արարքներ կատարելու առանձնահատկությունները: Այդ երկու հոդվածների բովանդակության վերլուծությունից հետևում է, որ վարչական պատասխանատվության կարող են ենթարկվել միայն ֆիզիկական անձինք:
Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ իրավաբանական անձը չի կարող համարվել վարչական իրավախախտման սուբյեկտ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի իմաստով և ենթարկվել պատասխանատվության Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով սահմանված կարգով (տես՝ Աշխատանքի պետական տեսչության Վայոց Ձորի մարզի տարածքային կենտրոն ընդդեմ «Թովմասյան Համլետ» ՍՊ ընկերության՝ վարչական տուգանքի գումարը բռնագանձելու պահանջի մասին, 28.09.2006 թվականի քաղաքացիական գործ թիվ 3-1787):
Սույն քաղաքացիական գործով, Արարատ Գինոսյանը, հանդիսանալով իրավաբանական անձի գլխավոր տնօրենը, իր գործողությունների՝ այն է՝ մաքսային հայտարարագիր ներկայացնելու, ապրանքի վերահայտարարագրման ժամկետ նշելու և այդ ժամկետում ապրանքը չվերահայտարարագրելու կամ պատասխանատու պահառության չհանձնելու արդյունքում, որպես ֆիզիկական անձ կատարել է զանցանք, որի արդյունքում ենթարկվել է վարչական պատասխանատվության:
Ինչ վերաբերում է վճռաբեկ բողոքի պատասխանի այն փաստարկին, որ հայտարարատուն չի հանդիսանում ՀՀ մաքսային օրենսգրքի 189-րդ հոդվածի 2-րդ մասի իմաստով «պաշտոնատար անձ», ապա Վճռաբեկ դատարանն այս հարցին ևս անդրադարձել է իր նախորդ որոշմամբ, որում պաշտոնատար անձը բնորոշվել է որպես կազմակերպչական ու կառավարչական (ղեկավար) գործառույթներ իրականացնող անձ (մանրամասն իրավական հիմնավորումները տե՜ս ըստ ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության Կոտայքի մարզային կենտրոնի հայցի ընդդեմ Սեդա Ադամյան՝ վարչական տուգանքը բռնագանձելու պահանջով թիվ 3-690/ՎԴ քաղաքացիական գործով 30.03.2007 թվականի որոշումը):
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 226-րդ հոդվածի համաձայն, Տնտեսական դատարանի վճիռը բեկանելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ տնտեսական դատարանի 12.07.2007 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան՝ այլ կազմով նոր քննության:
2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Ա. Մկրտումյան | |
Դատավորներ` |
Վ. Աբելյան | |
Ս. Անտոնյան | ||
|
Է. Հայրիյան | |
|
Ս. Սարգսյան |