ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ Մալաթիա-Սեբաստիա համայնքի |
Քաղաքացիական գործ թիվ 3-1689(Ա) |
Նախագահող դատավոր՝ | Ռ.Թովմասյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ա. Մկրտումյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Վ. Աբելյանի | |
Ս. Անտոնյանի | ||
|
Է. Հայրիյանի | |
Ս. Սարգսյանի |
2007 թվականի դեկտեմբերի 12-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Անահիտ Խաչատրյանի վճռաբեկ բողոքը ՀՀ Մալաթիա-Սեբաստիա համայնքի առաջին ատյանի դատարանի 12.07.2005 թվականի վճռի դեմ` ըստ Սվետլանա Ժուլիկյանի հայցի ընդդեմ Անահիտ Խաչատրյանի` բնակելի տարածության նկատմամբ օգտագործման իրավունքը ճանաչելու պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1.Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան՝ Սվետլանա Ժուլիկյանը պահանջել է ճանաչել իր և երեխաների բնակելի տարածության օգտագործման իրավունքն Երևանի, Բաբաջանյան փողոցի 18-րդ շենքի թիվ 14 բնակարանի նկատմամբ:
ՀՀ Մալաթիա-Սեբաստիա համայնքի առաջին ատյանի դատարանի (այսուհետ՝ Դատարան) 12.07.2005 թվականի վճռով հայցը բավարարվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Անահիտ Խաչատրյանը:
Վճռաբեկ բողոքին պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածը, 78-րդ հոդվածը, 94-րդ հոդվածը, իրավահարաբերության ծագման պահին գործող 139-րդ հոդվածը, ՀՀ Սահմանադրության 18-րդ և 19-րդ հոդվածները, ինչպես նաև Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Դատարանը գործը քննել է Անահիտ Խաչատրյանի բացակայությամբ, առանց դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով ծանուցելու:
Գործում առկա չէ 12.07.2005 թվականի դատական նիստի ժամանակի և վայրի մասին Անահիտ Խաչատրյանին ուղարկված դատական ծանուցագիր կամ վերջինիս պատշաճ ծանուցելու վերաբերյալ որևէ այլ ապացույց: Ինչ վերաբերում է Հայաստանի Հանրապետությունից Անահիտ Խաչատրյանի ժամանակավորապես բացակայելու հանգամանքին և քաղաքացիական գործում առկա՝ Դատարանի կողմից Մալաթիա-Սեբաստիա համայնքի ղեկավարին ուղղված 07.07.2005 թվականի թիվ 2-4648 գրությանը, ապա այն չի կարող համարվել դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ծանուցելու ապացույց, քանի որ սույն քաղաքացիական գործով Դատարանի կողմից չի կատարվել ծանուցագիրը գործին մասնակցող անձի նշած հասցեով ուղարկելու պարտավորությունը, ինչի պայմաններում չէր կարող պարզված լինել ծանուցվող անձի՝ այդ հասցեում չգտնվելու հանգամանքը, հետևաբար, Դատարանի համար չէր կարող ծագել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված՝ համայնքի ղեկավարին ծանուցելու պարտականությունը:
Այսպիսով, վերոհիշյալ հոդվածով նախատեսված գործողությունը Դատարանն իրավասու էր իրականացնել միայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածով նախատեսված՝ գործին մասնակցող անձանց ծանուցելու հնարավորությունները սպառելուց հետո, հետևաբար, 07.07.2005 թվականի թիվ 2-4648 գրությունը չի կարող հանդիսանալ պատասխանողին պատշաճ ծանուցելու հանգամանքը հիմնավորող ապացույց:
Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 12.07.2005 թվականի վճիռը:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստը՝
12.07.2005 թվականի դատական նիստի ժամանակի և վայրի մասին Անահիտ Խաչատրյանին պատշաճ ձևով տեղեկացնելու վերաբերյալ գործում որևէ ապացույց առկա չէ, Դատարանը գործը քննել է նրա բացակայությամբ:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գործին մասնակցող անձինք դատական ծանուցագրերով տեղեկացվում են դատական նիստի կամ առանձին դատավարական գործողություններ կատարելու ժամանակի և վայրի մասին: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ ծանուցագիրն ուղարկվում է պատվիրված նամակով՝ հանձնման մասին ծանուցմամբ կամ հաղորդագրության ձևակերպումն ապահովող կապի այլ միջոցների օգտագործմամբ կամ հանձնվում է ստացականով:
Սա ենթադրում է գործին մասնակցող անձանց դատական նիստի ժամանակի և վայրի մասին իրազեկելու կապակցությամբ դատարանի ակտիվ գործողություններ, որոնք պետք է իրականացվեն միայն վկայակոչված հոդվածով նախատեսված միջոցների և եղանակների օգտագործմամբ: Ընդ որում, անկախ ծանուցման եղանակից, ծանուցումը պետք է լինի այնպիսին, որով հնարավոր է ապացուցել գործին մասնակցող անձին (անձանց) դատական նիստի մասին տեղեկացնելու փաստը:
Սույն գործի փաստերի համաձայն՝ Դատարանը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, Անահիտ Խաչատրյանին պատշաճ ձևով չի տեղեկացրել 12.07.2005 թվականի դատական նիստի ժամանակի և վայրի մասին, գործը քննել է նրա բացակայությամբ և կայացրել վճիռ: Քաղաքացիական գործում առկա չէ 12.07.2005 թվականի դատական նիստի ժամանակի և վայրի մասին Անահիտ Խաչատրյանին ուղարկված դատական ծանուցագիր, կամ վերջինիս պատշաճ ծանուցելու վերաբերյալ որևէ այլ ապացույց:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատական նիստի ժամանակի և վայրի մասին գործին մասնակցող անձանց իրազեկումը դատարանի պարտականությունն է, որի չպահպանումը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի իմաստով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի էական խախտում է: Այդ մասին Վճռաբեկ դատարանի մանրամասն դիրքորոշումն արտահայտվել է 26.10.2006 թվականի թիվ 2-2128(Ա) որոշմամբ (տես քաղաքացիական գործն ըստ «Հայկապ» բանկ ՓԲԸ-ի ժամանակավոր ադմինիստրացիայի ղեկավարի հայցի ընդդեմ Շահեն Բաբայանի՝ գումարի պահանջի մասին):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ դատարանի վճիռը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, եթե դատարանը գործը քննել է գործին մասնակցող անձանցից որևէ մեկի բացակայությամբ, որը պատշաճ ձևով չի տեղեկացվել նիստի ժամանակի և վայրի մասին:
Ինչ վերաբերում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի 1-ին մասի խախտման վերաբերյալ վճռաբեկ բողոքի փաստարկին, ապա այն նույնպես հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ծանուցագիրն ուղարկվում է գործին մասնակցող անձի նշած հասցեով, իսկ 94-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պատասխանողի փաստացի գտնվելու վայրն անհայտ լինելու դեպքում դատարանը գործը քննում է պատասխանողի վերջին հայտնի բնակության վայրի համայնքի ղեկավարի կամ նրա վերջին հայտնի աշխատավայրի տնօրինության կողմից ծանուցում ստանալու փաստը հավաստող մակագրությամբ հաղորդագրություն ստանալուց հետո:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի 1-ին մասից հետևում է, որ պատասխանողի վերջին հայտնի բնակության վայրի համայնքի ղեկավարին ծանուցում ուղարկելը, համայնքի կողմից դատական ծանուցագիրն ստանալը և այն ստանալու փաստը հավաստող մակագրությամբ դատարանի կողմից հաղորդագրություն ստանալը հանդիսանում է գործի քննությունը սկսելու համար նախապայման միայն այն դեպքում, երբ անհայտ է պատասխանողի փաստացի գտնվելու վայրը, այսինքն՝ երբ դատարանը պատշաճ կերպով կատարում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված՝ ծանուցագիրը գործին մասնակցող անձի նշած հասցեով ուղարկելու պարտավորությունը, որի արդյունքում պարզվում է, որ ծանուցվող անձն այդ հասցեում չի գտնվում: Մինչդեռ, սույն քաղաքացիական գործով դատարանի կողմից չի կատարվել ծանուցագիրը գործին մասնակցող անձի նշած հասցեով ուղարկելու պարտավորությունը, հետևաբար, վերջինիս համար դեռևս չի ծագել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված՝ համայնքի ղեկավարին կամ պատասխանողի վերջին հայտնի աշխատավայրի տնօրինությանը ծանուցելու պարտականությունը: Այսինքն՝ նշված հոդվածով նախատեսված գործողությունները դատարանն իրավասու է իրականացնել միայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածով նախատեսված՝ գործին մասնակցող անձանց ծանուցելու հնարավորությունները սպառելուց հետո միայն (տե՜ս՝ Գառնիկ Գևորգյան ընդդեմ Սուսաննա Մանուկյան, Լյուդմիլա Գարանցյան և Վանաձորի քաղաքապետարան, 01.08.2007 թվական, քաղաքացիական գործ թիվ 3-1324(Ա) (բնակության իրավունքը ճանաչելու պահանջի մասին)):
Քանի որ սույն գործի փաստերի համաձայն՝ Անահիտ Խաչատրյանը սույն քաղաքացիական գործում նշված հասցեով դատական նիստի ժամանակի և վայրի մասին չի ծանուցվել, ուստի ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածը Դատարանը չէր կարող կիրառել:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի ուժով Դատարանի վճիռը բեկանելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ Մալաթիա-Սեբաստիա համայնքի առաջին ատյանի դատարանի 12.07.2005 թվականի վճիռը և գործն ուղարկել ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարան՝ նոր քննության:
2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:
ՆԱԽԱԳԱՀՈՂ` |
Ա. Մկրտումյան | |
ԴԱՏԱՎՈՐՆԵՐ` |
Վ. Աբելյան | |
Ս. Անտոնյան | ||
|
Է. Հայրիյան | |
|
Ս. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|