Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-739
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.03.2008-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2008.03.19/16(606) Հոդ.231
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
11.03.2008
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
11.03.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.03.2008

 ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

Քաղ. Երևան

11 մարտի 2008 թ.

 

2007 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 13-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԱՌԱՆՑ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԳՏՆՎՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԵՏԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Վ. Հովհաննիսյանի (նախագահող), Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի (զեկուցող), Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի,

մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Գ. Ղարիբջանյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետի, 101 հոդվածի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72 հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2007 թվականի նոյեմբերի 13-ին Երևանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Բուլղարիայի Հանրապետության կառավարության միջև առանց թույլտվության գտնվող անձանց հետընդունման մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի դիմումն է ՀՀ սահմանադրական դատարան:

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

1. Համաձայնագիրն ստորագրվել է 2007թ. նոյեմբերի 13-ին` Երևանում: Համաձայնագրի հիմնական նպատակն է ապահովել մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների պաշտպանությունը: Համաձայնագրի բաղկացուցիչ մաս է կազմում տասնհինգ հավելված:

2. Համաձայնագիրը կարգավորում է սեփական քաղաքացիներին, երրորդ երկրների քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց հետ ընդունելու կարգն ու պայմանները, հետ ընդունելու դիմումի ձևը, դիմումի ժամկետները, ժամկետները երկարաձգելու կարգը, դիմումին պատասխան տալու ժամկետները, անձանց տեղափոխման հարցերը:

3. Սույն համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.

ա) որպես հայցվող կողմ հետ ընդունել հայցող կողմի տարածքում առանց թույլտվության գտնվող անձին, եթե հավաստի փաստերով ենթադրվում է, որ այդ անձը ՀՀ քաղաքացի է,

բ) հնարավորինս շուտ, բայց ոչ ուշ, քան հայցի դրական պատասխանից հետո 15 օրվա ընթացքում հետ ընդունելու ենթակա անձին տրամադրել վերադարձի համար պահանջվող փաստաթուղթ, որը վավերական կլինի առնվազն 30 օր,

գ) որպես հայցվող կողմ հետ ընդունել հայցող կողմի դիմումով և նրա տարածքում առանց թույլտվության գտնվող երրորդ երկրի քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց, եթե հավաստի փաստերով ենթադրվում է, որ այդ անձն ունեցել է հայցող կողմի վավերական կացության թույլտվություն կամ այլ քան տարանցիկ մուտքի արտոնագիր,

դ) եթե համաձայնագրի հավելվածներում սահմանված քաղաքացիությունը հավաստող փաստաթղթեր չեն կարող ներկայացվել և քաղաքացիությունը չի հաստատվում, ապա նշանակել ներկայացուցիչ` արտերկրյա դեսպանությունից կամ հյուպատոսությունից, տվյալ անձի հետ հարցազրույց անցկացնելու համար,

ե) որպես հայցող կողմ երրորդ երկրի քաղաքացու և քաղաքացիություն չունեցող անձի` Հայաստանի Հանրապետությունում առանց թույլտվության բնակության հայտնաբերման դեպքում հետ ընդունելու դիմումը հայցվող կողմի իրավասու մարմիններին ներկայացնել նշված անձի հայտնաբերումից հետո վեց ամսվա ընթացքում,

զ) հետ ընդունելու դիմումի մերժման դեպքում տեղեկացնել մյուս կողմին մերժման պատճառների մասին, ապահովել, որպեսզի հետ ընդունելու վերաբերյալ հայցի պատասխանը համապատասխանի համաձայնագրի հավելվածում սահմանված կարգին,

է) հնարավորինս շուտ, բայց ոչ ուշ, քան մեկ ամսվա ընթացքում պատասխանել տարանցման դիմումին, և եթե տարանցումն իրականացվում է օդային ճանապարհով, հետ ընդունվող անձին և հնարավոր ուղեկցողներին ազատել տարանցիկ վիզա ստանալու պարտականությունից, տարանցման դիմումի մերժման դեպքում նշել մերժման պատճառները,

ը) թույլատրել երրորդ երկրի քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց տարանցում ՀՀ տարածքով, եթե հետ ընդունելը վերջնակետ հանդիսացող պետության կողմից երաշխավորված է: Գործադրել ջանքեր այդ անձանց տարանցումն իրականացնել միայն այն դեպքերում, երբ այդ անձինք չեն կարող անմիջապես վերադարձվել վերջնակետ հանդիսացող երկիր,

թ) կրել հետ ընդունելու հետ կապված փոխադրման բոլոր ծախսերը մինչև մյուս պետության սահման, ինչպես նաև վերադարձի հետ կապված բոլոր ծախսերը:

4. Սույն համաձայնագիրը նախատեսում է նաև փորձագետների հանձնախմբի ստեղծում, որը պետք է վերահսկի համաձայնագրի իրականացումը:

5. Համաձայնագիրը սահմանում է նաև այն կասեցնելու, ուժի մեջ մտնելու, դադարելու կարգն ու պայմանները:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետով, 102 հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

1.   2007 թվականի նոյեմբերի 13-ին Երևանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Բուլղարիայի Հանրապետության կառավարության միջև առանց թույլտվության գտնվող անձանց հետընդունման մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

 

Նախագահող

Վ. Հովհաննիսյան


11 մարտի 2008 թ.
ՍԴՈ-739