ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ քաղաքացիական վերաքննիչ |
Քաղաքացիական գործ թիվ 3-1684 (ՎԴ) |
Նախագահող դատավոր՝ | Տ.Սահակյան |
Դատավորներ` |
Ա.Թումանյան Ն.Հովսեփյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ա. Մկրտումյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Վ. Աբելյանի | |
Ս. Անտոնյանի | ||
|
Է. Հայրիյանի | |
Ս. Սարգսյանի |
2007 թվականի դեկտեմբերի 12-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Գևորգ Մարտիրոսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 11.05.2007 թվականի վճռի դեմ` ըստ Արայիկ Շարոյանի հայցի ընդդեմ Էդուարդ և Գևորգ Մարտիրոսյանների՝ գումար բռնագանձելու պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան՝ հայցվորը պահանջել է բռնագանձել պատասխանողներից 44.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ:
ՀՀ Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 22.12.2006 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն:
ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 11.05.2007 թվականի վճռով հայցը մերժվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Գևորգ Մարտիրոսյանը:
Վճռաբեկ բողոքին պատասխան չի ներկայացվել:
2.Վճռաբեկ բողոքի հիմքերը,փաստարկները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերը, 132-րդ հոդվածի 3-րդ մասը, որոնք պետք է կիրառեր:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է դատական ծախսերի բաշխման կարգ և չափ, մասնավորապես, որպես դատական ծախսերի բաշխման կարգ սահմանված է համամասնության սկզբունքը, իսկ որպես դատական ծախսերի բաշխման չափ սահմանված է համամասնության սկզբունքի կիրառումն ըստ բավարարված հայցապահանջների:
Տվյալ դեպքում, պահանջն ամբողջությամբ բավարարվել է (հայցը մերժվել է), ուստի դրա նկատմամբ համամասնության սկզբունքի կիրառման արդյունքում դատական ծախսերի բաշխման մեջ պատասխանողների մասնակցության չափը զրո տոկոս է, իսկ հայցվորների մասնակցությունը՝ 100 տոկոս:
Վերաքննիչ դատարանն առանց հաշվի առնելու նշված սկզբունքը, վճռի եզրափակիչ մասում սահմանափակվել է՝ «դատական ծախսերի հարցը համարել լուծված» արտահայտությամբ, որով խախտվել է օրենքով սահմանված համամասնությունը:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է մանակիորեն՝ պետական տուրքի բաշխման մասով բեկանել Վերաքննիչ դատարանի 11.05.2007 թվականի վճիռը, այն փոփոխել և Արայիկ Շարոյանից հօգուտ Գևորգ Մարտիրոսյանի բռնագանձել 475.200 ՀՀ դրամ՝ որպես վճարված պետական տուրքի գումար:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1) Սույն գործով կայացված ՀՀ Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 22.12.2006 թվականի վճռով Արայիկ Շարոյանի հայցը բավարարվել է մասնակիորեն:
2) Գևորգ Մարտիրոսյանը 02.02.2007 թվականին «Պրոմեթեյ բանկ»-ի «Տիգրան Մեծ» մասնաճյուղում վճարել է 475.200 ՀՀ դրամ, ինչը հավաստող վճարման հանձնարարագրի անդորրագիրը կցվել է վերաքննիչ բողոքին:
3) Վերաքննիչ դատարանի 11.05.2007 թվականի վճռով Արայիկ Շարոյանի հայցն ընդդեմ Էդուարդ Մարտիրոսյանի և Գևորգ Մարտիրոսյանի մերժվել է:
4) Դատարանը վճռի եզրափակիչ մասում նշել է «Պետական տուրքի հարցը համարել լուծված»:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 132-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ վճռի եզրափակիչ մասում լուծվում է գործին մասնակցող անձանց միջև դատական ծախսերի բաշխման հարցը, 73-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն, իսկ 3-րդ մասի համաձայն՝ վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք բերելու հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն հոդվածի կանոններին համապատասխան:
Մինչդեռ, սույն քաղաքացիական գործով Վերաքննիչ դատարանի վճռով պետական տուրքի հարցը համարելով լուծված՝ վերաքննիչ բողոքի համար պատասխանողի կողմից վճարված պետական տուրքի գումարը մերժված հայցապահանջին համապատասխան հայցվորից չի բռնագանձել, ինչով էլ խախտել է վերոհիշյալ հոդվածի պահանջը:
Հիմք ընդունելով վերոնշյալը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն վճռաբեկ բողոքը հիմնավոր է և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի վճիռը մասնակիորեն բեկանելու հիմք է:
Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ, տվյալ դեպքում, անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք:
Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործն ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի քննության անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 11.05.2007 թվականի վճռի` պետական տուրքի մասը և այն փոփոխել:
2. Արայիկ Շարոյանից հօգուտ Գևորգ Մարտիրոսյանի բռնագանձել 475.200 ՀՀ դրամ՝ որպես վերաքննիչ բողոքի համար սահմանված պետական տուրքի գումար:
3. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:
ՆԱԽԱԳԱՀՈՂ` |
Ա. Մկրտումյան | |
ԴԱՏԱՎՈՐՆԵՐ` |
Վ. Աբելյան | |
Ս. Անտոնյան | ||
|
Է. Հայրիյան | |
|
Ս. Սարգսյան |