Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (12.12.2007-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2007.12.26/66.1
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
12.12.2007
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
12.12.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.12.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ քաղաքացիական վերաքննիչ

դատարանի վճիռ
Քաղաքացիական գործ թիվ 07-2569

Քաղաքացիական գործ թիվ 3-1580(ՎԴ)
2007 թ.

Նախագահող դատավոր՝ Կ. Հակոբյան
Դատավորներ` Լ. Գրիգորյան
  Լ. Սոսյան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ`

Ա. Մկրտումյանի

մասնակցությամբ դատավորներ`

Վ. Աբելյանի

Ս. Անտոնյանի

Է. Հայրիյանի

Ս. Սարգսյանի

 

2007 թվականի դեկտեմբերի 12-ին

 

դռնբաց դատական նիստում, քննելով Ս.Ղուկասյանի վճռաբեկ բողոքը ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 27.07.2007 թվականի վճռի դեմ՝ ըստ Նարինե Առաքելյանի հայցի ընդդեմ Սամվել Ղուկասյանի՝ ալիմենտի բռնագանձման պահանջի մասին քաղաքացիական գործով,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան՝ հայցվորը պահանջել է Սամվել Ղուկասյանից որպես իր խնամքի տակ գտնվող երեխայի ապրուստի միջոց բռնագանձել ամսական 20.000 ՀՀ դրամ կայուն գումարով ալիմենտ, ինչպես նաև նախորդ երեք տարիների համար չվճարված ալիմենտի գումարը:

Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի 07.06.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն:

ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի (այսուհետ՝ Դատարան) 27.07.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն: Վճռվել է Սամվել Ղուկասյանից բռնագանձել կայուն գումարով ալիմենտ՝ ամսական 15.000 ՀՀ դրամի չափով՝ մինչև երեխայի չափահաս դառնալը:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Սամվել Ղուկասյանը:

Վճռաբեկ բողոքին պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

Դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ ընտանեկան օրենսգրքի 69-րդ և 71-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով:

Ելնելով գործող օրենսդրությունից, ինչպես նաև պատասխանողի ներկայացրած ապացույցից այն մասին, որ ստանում է 20.000 ՀՀ դրամ աշխատավարձ, Դատարանն ալիմենտի չափը պետք է սահմաներ 5.000 ՀՀ դրամ:

Սակայն, Դատարանը ՀՀ ընտանեկան օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ պարբերությունը մեկնաբանել է յուրովի, գտնելով, որ նվազագույն աշխատավարձը 15.000 ՀՀ դրամ է, ուստի ալիմենտի չափը չպետք է պակաս լինի այդ գումարից: Դատարանն ալիմենտի չափը սահմանելիս հաշվի չի առել պատասխանողի գույքային դրությունը: Այսինքն՝ հաշվի չի առել, որ պատասխանողը ստանում է 20.000 ՀՀ դրամ աշխատավարձ, որպիսի հիմքով պետք է կիրառեր ՀՀ ընտանեկան օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետով նախատեսված նորմը և սահմաներ 5.000 ՀՀ դրամ ալիմենտ:

ՀՀ ընտանեկան օրենսգրքի 71-րդ հոդվածի կիրառմամբ դատարանը կայուն գումարով ալիմենտ սահմանում է միայն այն դեպքում, երբ վաստակից կամ այլ եկամտից ալիմենտի բռնագանձումն անհնար է կամ դժվար: Տվյալ դեպքում պատասխանողի վաստակի չափը հայտնի է և հնարավոր է որոշել ալիմենտի չափը, ինչը Դատարանը չի արել: Իսկ, եթե Դատարանը սահմանելով 15.000 ՀՀ դրամ ալիմենտ, ցանկացել է պահպանել ՀՀ ընտանեկան օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ պարբերության պահանջը, ապա այս իրավական խնդրի վերաբերյալ Վճռաբեկ դատարանն իր պարզաբանումը տվել է 27.07.2006 թվականի թիվ 3-2300 (ՎԴ) որոշմամբ, ըստ որի ««Նվազագույն ամսեկան աշխատավարձի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ օրենսգրքերի, օրենքների, ՀՀ նախագահի հրամանագրերի, ՀՀ կառավարության և ՀՀ վարչապետի որոշումների իմաստով որպես հաշվարկային հիմք չի կարող ընդունվել նույն օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի չափը: Նշված ակտերում որպես հաշվարկային հիմք ընդունվում է 1.000 ՀՀ դրամը, հետևաբար ալիմենտի ամենամսյա վճարումների չափը որոշելիս դատարանը որպես հաշվարկային հիմք պետք է ընդուներ 1.000 ՀՀ դրամը»:

Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 27.07.2007 թվականի վճիռը և գործն ուղարկել նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) Նարինե Առաքելյանը և Սամվել Ղուկասյանն ամուսնացել են 12.08.1997 թվականին: Համատեղ ամուսնությունից ունեն մեկ երեխա` 27.07.1998 թվականին ծնված Նարեկ Սամվելի Ղուկասյանը:

2) Երևանի Ավան և Նոր-Նորք համայնքների առաջին ատյանի դատարանի 12.10.2001 թվականի վճռով Նարինե Առաքելյանը և Սամվել Ղուկասյանն ամուսնալուծվել են:

3) Սամվել Ղուկասյանը որպես գիշերային պահակ աշխատում է «Արփինե Թագուհի» ՍՊԸ-ում և ամսեկան ստանում է 20.000 ՀՀ դրամ աշխատավարձ:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի համաձայն՝ դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

ՀՀ ընտանեկան օրենգրքի 71-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ կայուն դրամական գումարով ալիմենտի չափը որոշում է դատարանը՝ ելնելով երեխայի նախկին կենսաապահովման մակարդակի առավելագույն պահպանման հնարավորությունից՝ հաշվի առնելով կողմերի գույքային ու ընտանեկան դրությունը և ուշադրության արժանի շահերը:

Սույն գործով պատասխանող Սամվել Ղուկասյանն աշխատում է որպես գիշերային պահակ «Արփինե Թագուհի» ՍՊԸ-ում և ամսեկան ստանում է 20.000 ՀՀ դրամ աշխատավարձ:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ալիմենտի ամենամսյա վճարումների չափը որոշելիս դատարանը հաշվի չի առել պատասխանողի գույքային ու ընտանեկան դրությունը և ուշադրության արժանի շահերը, մասնավորապես այն, որ պատասխանողն ապրում է թոշակառու ծնողի հետ, ինչպես նաև այն հանգամանքը, որ ամսեկան 20.000 ՀՀ դրամ աշխատավարձից 15.000 ՀՀ դրամ կայուն գումարով ալիմենտ բռնագանձելու պարագայում էապես կնվազի պատասխանողի կենսաապահովման մակարդակը:

ՀՀ Սահմանադրության 34-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր և իր ընտանիքի համար բավարար կենսամակարդակի իրավունք: Սահմանադրական այս երաշխիքը ենթադրում է յուրաքանչյուր անձի առողջության պահպանման և կենսագործունեության ապահովման համար անհրաժեշտ, միջազգայնորեն ընդունված, ֆիզիոլոգիական, առողջապահական և սոցիալական նորմատիվներով հաշվարկված սննդամթերքի և հիմնավորված գործակիցներով հաշվարկված ոչ պարենային ապրանքների նվազագույն քանակի ապահովման իրավունք:

Հաշվի առնելով սույն գործի փաստական հանգամանքները, որոնք վերաբերում են պատասխանողի ընտանեկան և սոցիալական դրությանը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատական ակտի կատարման արդյունքում կարող է առաջանալ պատասխանողի՝ ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված բավարար կենսամակարդակի իրավունքի խախտման իրական վտանգ:

Նման պարագայում ՀՀ ընտանեկան օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին պարբերությունը, ելնելով երեխաների քանակից, սահմանում է ալիմենտի մեծությունը` արտահայտված եկամտի որոշակի բաժիններով: Այսինքն, նշված հոդվածը կիրառելի է միայն այն դեպքում, երբ ալիմենտ բռնագանձելու վերաբերյալ պահանջի քննության ընթացքում դատարանում հնարավոր է պարզել ծնողների վաստակի առկայությունը և դրա իրական չափը: Նույն հոդվածի առաջին մասի երկրորդ պարբերությունը, որպես երաշխիք, սահմանում է, որ նման բաժինը՝ յուրաքանչյուր երեխային հասանելիք մասով, չի կարող պակաս լինել նվազագույն ամսական աշխատավարձից: «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ օրենսգրքերի, օրենքների, Հանրապետության Նախագահի հրամանագրերի, կառավարության և վարչապետի որոշումների իմաստով որպես հաշվարկային հիմք չի կարող ընդունվել նույն օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափը: Նշված ակտերում որպես հաշվարկային հիմք ընդունվում է 1000 ՀՀ դրամը: Հետևաբար, ալիմենտի ամենամսյա վճարումների չափը որոշելիս դատարանը որպես հաշվարկային հիմք պետք է ընդուներ 1000 ՀՀ դրամը:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքը Վճռաբեկ դատարանը գտնում է հիմնավոր և դրա առկայությունը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 226-րդ հոդվածի ուժով ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 27.07.2007 թվականի վճիռը բեկանելու բավարար հիմք է դիտում:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 27.07.2007 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան՝ այլ կազմով նոր քննության:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող՝

Ա. Մկրտումյան

Դատավորներ՝

Վ. Աբելյան

 

Ս. Անտոնյան

  Է. Հայրիյան
 

Ս. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան