ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 նոյեմբերի 2007 թվականի N 1410-Ն
ՃԱՆԱՊԱՐՀԱՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել ճանապարհատրանսպորտային պատահարների պետական հաշվառման կարգը` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 1-ի «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ցուցանիշների պետական հաշվառման կարգը հաստատելու մասին» N 1297-Ն որոշումը:
3. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում հաստատել սույն որոշմամբ սահմանված կարգի 7-րդ, 13-րդ և 15-րդ կետերով նախատեսված մատյանների և քարտի ձևերը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2008 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
|
Հավելված |
Կ Ա Ր Գ
ՃԱՆԱՊԱՐՀԱՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ
1. Սույն կարգով սահմանվում է ճանապարհատրանսպորտային պատահարների պետական հաշվառումը:
2. Ճանապարհատրանսպորտային պատահարների պետական հաշվառումն իրականացվում է դրանց առաջացման պատճառների ու պայմանների ուսումնասիրման և վերացման, ինչպես նաև հետևանքների ծանրության աստիճանի նվազեցման ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու նպատակով:
3. Պետական հաշվառման ենթակա են բոլոր ճանապարհատրանսպորտային պատահարները:
4. Ճանապարհատրանսպորտային պատահարների պետական հաշվառումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության (այսուհետ` ճանապարհային ոստիկանություն) կողմից:
5. Ճանապարհային ոստիկանության ստորաբաժանումները (գումարտակներ, վաշտեր, դասակներ, ջոկեր) իրականացնում են իրենց կողմից սպասարկվող տարածքում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարների տարածքային հաշվառումը` անկախ դրանց հետևանքներից:
6. Ճանապարհատրանսպորտային պատահարը համարվում է հաշվառված, եթե դրա վերաբերյալ տվյալները գրանցվել են ճանապարհատրանսպորտային պատահարների տարածքային հաշվառման մատյանում:
7. Ճանապարհատրանսպորտային պատահարների տարածքային հաշվառման մատյանը վարում է ճանապարհային ոստիկանության շարային ստորաբաժանման այն ծառայողը, ում այդ պարտականությունների կատարումը հանձնարարված է ճանապարհային ոստիկանության պետի հրամանով:
8. Եթե ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհվել կամ վիրավորվել են մարդիկ, ապա պատահարի վայր ներկայանալուց հետո ճանապարհապարեկային ծառայության շարային ստորաբաժանման ծառայողն անհապաղ զեկուցում է ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն և մանրամասն հաղորդում ներկայացնում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով միջոցներ ձեռնարկելուց հետո:
9. Հաղորդումը պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները`
1) պատահարի օրը, ամիսը, տարեթիվը, ժամը և վայրը.
2) պատահարին մասնակից տրանսպորտային միջոցների մակնիշները, հաշվառման համարանիշերը, պատկանելությունը.
3) վարորդների ազգանունները, անունները, հայրանունները, նրանց ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, բնակության և աշխատանքի վայրերը.
4) պատահարի հետևանքով տուժածների ազգանունները, անունները, հայրանունները, նրանց ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, բնակության և աշխատանքի վայրերը.
5) պատահարի վայր մեկնած օպերատիվ-քննչական խմբի կազմը.
6) պատահարը բնութագրող այլ հանգամանքներ` ճանապարհի վիճակը, եղանակային պայմանները և այլն:
10. Ճանապարհատրանսպորտային պատահարների տարածքային հաշվառում իրականացնող ծառայողն առնվազն յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ (Երևան քաղաքում` յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ) կատարում է ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով տուժած անձանց տվյալների համեմատություն բժշկական կազմակերպություններում գրանցված տվյալների հետ, արդյունքների մասին կազմում տեղեկանք և զեկուցում ստորաբաժանման ղեկավարին:
11. Եթե համեմատություն կատարելու ընթացքում հայտնաբերվել են դեպքեր, որոնք տեղի են ունեցել տվյալ ստորաբաժանման վարչական տարածքից դուրս, ապա դրա մասին ոչ ուշ, քան մեկ օրվա ընթացքում տեղեկացվում է համապատասխան վարչական տարածքի ստորաբաժանմանը:
12. Համեմատություններ կատարելու ընթացքում հայտնաբերված հաշվառումից դուրս մնացած ճանապարհատրանսպորտային պատահարների հաշվառումն իրականացվում է սույն կարգի պահանջներին համապատասխան:
13. Ճանապարհատրանսպորտային պատահարների կենտրոնացված պետական հաշվառումն իրականացնում է ճանապարհային ոստիկանության վարչական մասի համապատասխան ծառայությունը` ճանապարհատրանսպորտային պատահարների պետական կենտրոնացված հաշվառման մատյանի վարման միջոցով և պետական վիճակագրական ամփոփ հաշվետվություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայություն:
14. Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների կահավորանքի, շահագործման, նորոգման և պահպանման աշխատանքների պատճառով տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ ճանապարհային ոստիկանության վարչական մասի համապատասխան ծառայությունը տեղեկատվություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարություն:
15. Յուրաքանչյուր ճանապարհատրանսպորտային պատահարի համար լրացվում է հաշվառման քարտ:
16. Ճանապարհատրանսպորտային պատահարների հաշվառման քարտը լրացվում է ճանապարհատրանսպորտային պատահարների տարածքային հաշվառման մատյանը վարող ծառայողի կողմից, և ոչ ուշ, քան պատահարի մասին հաղորդում ստանալու (տեղեկանալու) պահից 5 օրվա ընթացքում ուղարկվում ճանապարհային ոստիկանության վարչական մաս, որտեղ դրանք պահպանվում են 3 տարի ժամկետով:
17. Ճանապարհատրանսպորտային պատահարների հետ կապված նոր հանգամանքներ և տվյալներ ի հայտ գալու դեպքում լրացվում է լրացուցիչ քարտ, որի մեկ օրինակը սույն կարգի 16-րդ կետով սահմանված կարգով ուղարկվում է ճանապարհային ոստիկանության վարչական մաս:
18. Ճանապարհատրանսպորտային պատահարների տարեկան տվյալների ամփոփման վերջնաժամկետը հաջորդող տարվա հունվարի տասնհինգն է:
19. Ճանապարհատրանսպորտային պատահարների մասին տարեկան ամփոփ տվյալների շտեմարանը պահպանվում է ճանապարհային ոստիկանության վարչական մասում` 10 տարի ժամկետով:
20. Ճանապարհատրանսպորտային պատահարների հաշվառման տվյալները բաց են և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրվում են իրավաբանական ու ֆիզիկական անձանց:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
22.07.2021, N 1180-Ն | 23.07.2021, N 1410-Ն | |
03.06.2021, N 903-Ն | 01.07.2021, N 1410-Ն | |
02.07.2020, N 1095-Ն | 01.09.2020, N 1410-Ն | |
04.07.2012, N 884-Ն | 04.08.2012, N 1410-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|