«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
4 փետրվարի 2008 թ.
Պետական գրանցման թիվ 05008038
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
25 դեկտեմբերի 2007 թ. |
թիվ 422-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 9-Ի ԹԻՎ 39-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ և 5-րդ գլուխները, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի փետրվարի 9-ի «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ը հաստատելու մասին» թիվ 39-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ում (այսուհետ՝ Կանոնակարգ 2) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1.1. Կանոնակարգ 2-ի 52-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«52. ՀՀ դրամով ներգրավված միջոցների դիմաց պահուստավորման ենթակա միջոցների չափի հաշվարկի հաշվետու երկշաբաթյա ժամանակահատվածը 2008 թվականի փետրվարի 27-ից ընդգրկում է չորեքշաբթիից երեքշաբթի ընկած 14 օրերը, իսկ փաստացի պահուստավորված միջոցների հաշվարկն ընդգրկում է հաշվետու երկշաբաթյա ժամանակահատվածի ավարտին հաջորդող 14 օրերը: Ընդ որում, փաստացի պահուստավորման վերջնաժամկետ է համարվում 14-րդ օրվա՝ Կենտրոնական բանկի գործառնական օրվա ավարտը:»:
1.2. Կանոնակարգ 2-ը լրացնել նոր 52.1 կետով՝ հետևյալ խմբագրությամբ.
«52.1. Արտարժույթով ներգրավված միջոցների դիմաց պահուստավորման ենթակա միջոցների չափի հաշվարկի հաշվետու երկշաբաթյա ժամանակահատվածը 2008 թվականի փետրվարի 27-ից ընդգրկում է չորեքշաբթիից երեքշաբթի ընկած 14 օրերը, իսկ փաստացի պահուստավորված միջոցների հաշվետու երկշաբաթյա ժամանակահատվածը՝ առաջին չորեքշաբթիին հաջորդող հինգշաբթիից չորեքշաբթի ընկած 14 օրերը: Ընդ որում, փաստացի պահուստավորման վերջնաժամկետ է համարվում 14-րդ օրվա՝ Կենտրոնական բանկի գործառնական օրվա ավարտը:»:
1.3. Կանոնակարգ 2-ի 53.1 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«53.1 Պարտադիր պահուստավորման ենթակա չեն ներգրավված այն նպատակային միջոցները, որոնք Կենտրոնական բանկի խորհրդի հիմնավոր կարծիքով համարվել են նպատակային ծրագրերի ֆինանսավորման նպատակով ներգրավված (այսուհետ՝ նպատակային միջոցներ): Որպեսզի նպատակային միջոցների գծով պարտադիր պահուստավորման մասհանումներ չկատարվեն, բանկերը նպատակային միջոցների ներգրավման պայմանագրերը և նպատակային միջոցների հաշվին նպատակային ծրագրերի ֆինանսավորման/տեղաբաշխման պայմանագրերը կամ պայմանագրերի օրինակելի ձևերը (այսուհետ՝ տեղաբաշխման պայմանագրեր) ներկայացնում են Կենտրոնական բանկ: Փաստաթղթերը Կենտրոնական բանկ մուտք լինելու պահից 30 օրացուցային օրվա ընթացքում Կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է կայացնում նպատակային միջոցների վերաբերյալ: Կենտրոնական բանկի խորհրդի կողմից հավանության արժանանալու դեպքում, նշված միջոցները համարվում են նպատակային ծրագրերի ֆինանսավորման նպատակով ներգրավված, և խորհրդի որոշման ընդունման օրվա դրությամբ ամբողջ հաշվետու երկշաբաթյա ժամանակաշրջանից սկսած բանկերը դրանց դիմաց պահուստավորում չեն իրականացնում:
Նպատակային միջոցներ են համարվում բանկերի կողմից ներգրավված այն միջոցները, որոնք բավարարում են հետևյալ պայմաններին միաժամանակ.
1. ներգրավվել են ֆիզիկական անձ չհանդիսացող անձանցից/սուբյեկտներից, և ներգրավվել են ավելի քան մեկ տարի ժամկետով, և
2. ներգրավվել են Կենտրոնական բանկի խորհրդի հիմնավոր կարծիքով Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացվող նպատակային երկարաժամկետ ծրագրերի ֆինանսավորման նպատակով, և
3. մեկ ծրագրով/պայմանագրով փաստացի ներգրավված միջոցների հանրագումարը (մայր գումարը) գերազանցում է 300 միլիոն ՀՀ դրամը: Ընդ որում, Կենտրոնական բանկը հիմք է ընդունում միջոցների տրամադրման պայմանագրում նշված գումարը, անկախ դիմելու պահին միջոցների մնացորդի գումարի չափից:
Այն դեպքում, երբ միջոցների ներգրավման պայմանագրերը երկարաձգվել են, ապա հիմք է ընդունվում երկարաձգման պայմանագրով նախատեսված ժամկետը:
Այն դեպքում, երբ միջոցների ներգրավման պայմանագրերը երկարաձգվել են, ապա հիմք է ընդունվում երկարաձգման պայմանագրով նախատեսված գումարը:
Այն դեպքում, երբ Կենտրոնական բանկի խորհրդի հիմնավոր կարծիքով նախկինում նպատակային ճանաչված ներգրավված միջոցները կամ դրանց մի մասը չեն ուղղվել Կենտրոնական բանկ ներկայացված նպատակային միջոցների ներգրավման և տեղաբաշխման պայմանագրերով նախատեսված ծրագրերի ֆինանսավորմանը կամ օգտագործվել են ծրագրերով նախատեսված պայմաններից զգալի շեղումներով, բանկը ներգրավված նպատակային միջոցների գծով պարտադիր պահուստավորումն իրականացնում է սույն կանոնակարգով սահմանված չափով: Ընդ որում, այդ միջոցների պահուստավորումը վերսկսվում է Կենտրոնական բանկի խորհրդի որոշմանը հաջորդող պարտադիր պահուստավորման հերթական ժամանակահատվածի սկզբից:»:
1.4. Կանոնակարգ 2-ը լրացնել նոր 53.2 և 53.3 կետերով հետևյալ խմբագրությամբ.
«53.2 Եթե բանկի ներկայացված պայմանագրով ծրագիրը դադարում է Կենտրոնական բանկի կողմից միջոցները նպատակային համարելու քննարկման համար սահմանված ժամկետում, բանկի կողմից ներկայացված փաստաթղթերը վերադարձվում են՝ առանց քննարկելու: Փաստաթղթերը առանց քննարկելու վերադարձնելու դեպքում բանկի ներգրավված միջոցները պահուստավորումից չեն ազատվում:»:
«53.3 Այն դեպքերում, երբ բանկի կողմից կենտրոնական բանկ ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության ընթացքում լրացուցիչ պարզաբանման ենթակա հարցեր են առաջանում, սույն որոշման 53.1 կետում նշված 30-օրյա ժամկետը կասեցվում է՝ մինչև պարզաբանման ենթակա հարցերը պարզելը: 30-օրյա ժամկետը կասեցնելու կամ կասեցումը հանելու մասին բանկը տեղեկացվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ֆինանսական վերահսկողության վարչության պետի գրությամբ: Կասեցումը հանելու պահից 30-օրյա ժամկետը սկսվում է հաշվարկվել կասեցումից հետո մնացած օրերի համար:»:
1.5. Կանոնակարգ 2-ը լրացնել նոր՝ VII գլխով հետևյալ խմբագրությամբ.
«Գ լ ու խ VII
Անցումային դրույթներ
63. 2008 թվականի փետրվարի 14-ից 27-ը հաշվետու երկշաբաթյա ժամանակահատվածում ՀՀ դրամով ներգրավված միջոցների դիմաց փաստացի պահուստավորումն իրականացվում է փետրվարի 15-ից 28-ը ընկած երկշաբաթյա ժամանակահատվածում, իսկ 2008 թվականի փետրվարի 27-ից մարտի 11-ը ընկած երկշաբաթյա ժամանակահատվածում փաստացի պահուստավորումն իրականացվում է փետրվարի 13-ից 26-ը ընկած հաշվետու ժամանակաշրջանում ՀՀ դրամով ներգրավված միջոցների դիմաց:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող 10-րդ օրը՝ բացառությամբ 1.1 և 1.2 կետերի, որոնք ուժի մեջ են մտնում 2008 թվականի փետրվարի 27-ից:
3. 1.3, 1.4 կետերը տարածվում են մինչև սույն որոշման ուժի մեջ մտնելու պահը բանկերի կողմից կնքված և գործող պայմանագրերի վրա:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|