Հայաստանի Հանրապետության կառավարություն
ո ր ո շ ու մ
29 նոյեմբերի 2007 թվականի N 1406-Ա
«ՀԱՅՓՈՍՏ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ՕՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության և «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» փակ բաժնետիրական ընկերության միջև 2006 թվականի նոյեմբերի 30-ին կնքված բաժնետոմսերով հավատարմագրային կառավարման մասին պայմանագրի 3.6.2-րդ կետի «թ» և «ժ» ենթակետերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ` ընկերություն) սեփականության իրավունքով իրեն պատկանող` Երևանի Գլինկայի 1 հասցեում գտնվող` 12509 քառ. մետր մակերեսով շենքերը, շինությունները և դրանց սպասարկման ու շահագործման համար անհրաժեշտ 0.8086 հեկտար հողատարածքը (այսուհետ` գույք) վաճառել դասական աճուրդով:
2. Գույքի վաճառքի մեկնարկային գինը սահմանել 2006 թվականի դեկտեմբերի 26-ին անկախ գնահատողի կողմից գնահատված գույքի` 1038897 հազ.դրամ շուկայական արժեքի (որից` շենքերը, շինությունները` 260450 հազ.դրամ, հողատարածքը` 778447 հազ.դրամ) և այդ գործարքի արդյունքում հարկման ենթակա ավելացված արժեքի հարկի հանրագումարի չափով:
3. Սահմանել, որ աճուրդի հաղթողը (գնորդը) պարտավոր է անշարժ գույքի (շենքերի, շինությունների) հետ միաժամանակ իրեն օտարվող` անշարժ գույքի զբաղեցրած, սպասարկման ու օգտագործման համար անհրաժեշտ հողատարածքի շուկայական արժեքի մեջ ներառված կադաստրային արժեքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վճարել «Պետական սեփականություն համարվող հողի վաճառքից մուտքեր» գանձապետական հաշվին:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ս. ՍԱՐԳՍՅԱՆ |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|