Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (09.11.2007-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2007.12.05/60(584)
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
09.11.2007
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
09.11.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.11.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ քաղաքացիական վերաքննիչ

դատարանի վճիռ

Քաղաքացիական գործ թիվ 07-872

Քաղաքացիական գործ թիվ 3-1513(ՎԴ)

2007 թ.

Նախագահող դատավոր՝ Ն. Հովսեփյան
դատավորներ` Տ. Սահակյան
Ա. Թումանյան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

նախագահությամբ`

Ա. Մկրտումյանի

մասնակցությամբ դատավորներ`

Ս. Անտոնյանի

Է. Հայրիյանի

Ս. Սարգսյան

2007 թվականի նոյեմբերի 9-ին

 

դռնբաց դատական նիստում, քննելով Վարուժան Սիմոնյանի վճռաբեկ բողոքը ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 08.02.2007 թվականի վճռի դեմ՝ ըստ Վարուժան Սիմոնյանի և Իզաբելա Վանլյանի դիմումի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի (այսուհետ՝ Քաղաքապետարան) և Շանթ Ալեքսանյանի` ճարտարապետահատակագծային առաջադրանքը, շինության նախագծի համաձայնեցման ակտը և շինարարության թույտվությունն անվավեր ճանաչելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 

Դիմելով դատարան՝ դիմումատուները պահանջել են անվավեր ճանաչել Քաղաքապետարանի կողմից 09.01.2005 թվականին Շանթ Ալեքսանյանին տրված թիվ 18-07/1-Ա-442 ճարտարապետահատակագծային առաջադրանքը, անվավեր ճանաչել 25.04.2006 թվականին համաձայնեցված թիվ 18-05/Ա-241/1-81 նախագիծը և 04.05.2006 թվականին Շանթ Ալեքսանյանին տրված թիվ 338 շինարարության թույլատվությունը (այսուհետ՝ շինարարական փաստաթղթեր):

Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 06.12.2006 թվականի վճռով դիմումը մերժվել է:

ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 08.02.2007 թվականի վճռով դիմումը մերժվել է:

Սույն վճռաբեկ բողոքը ներկայացրել է Վարուժան Սիմոնյանը:

Վճռաբեկ բողոքին պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

1) Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ, 124-րդ, 130-րդ և 131-րդ, 48-րդ հոդվածները, 162-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Դատարանը, հաստատված է համարել այն հանգամանքը, որ շինարարությունն իրականացվել է Շանթ Ալեքսանյանին պատկանող 776.0քմ հողամասի վրա, հիմք ընդունելով գործում առկա Քաղաքապետարանի գրությունը, համաձայն որի՝ շինարարությունն իրականացվում է Շանթ Ալեքսանյանին պատկանող հողամասի սահմաններում:

Դատաքննության ժամանակ դիմող կողմն իր բացատրություններում բազմիցս նշել է, որ այդ գրության մեջ նշված տեղեկությունները հիմնավորված չեն և իրականությանը չեն համապատասխանում: Վերաքննիչ դատարանը, այդ գրության մեջ առկա տեղեկությունները, ըստ էության, համարել է նախապես հաստատվածի ուժ ունեցող ապացույց, ինչը հանդիսանում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի ակնհայտ խախտում:

Վերաքննիչ դատարանը անհիմն է համարել 25.0քմ հողատարածքը պատասխանողի կողմից զավթման վերաբերյալ դիմումատուի պատճառաբանությունները, հիմք ընդունելով ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի (այսուհետ՝ Կադաստր) աշխատակազմի Մարաշ տարածքային ստորաբաժանման կողմից 06.12.2006 թվականին տրված թիվ 766 գրությունը:

Մինչդեռ նշված գրության մեջ առկա տեղեկությունները հիմնավորված չեն:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանը անհիմն է համարել դիմողի պատճառաբանությունը շինարարության արդյունքում տան պատը քանդելու վերաբերյալ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ դիմողը այն հիմնավորող որևէ ապացույց չի ներկայացրել:

Մինչդեռ, դիմողը Վերաքննիչ դատարանին որպես ապացույց ներկայացրել է Չարենցի փողոցի թիվ 14 տան լուսանկարներ, որտեղ պարզ երևում է, որ այդ տան պատերից մեկը բացակայում է:

Բացի այդ, Քաղաքապետարանը չի ներկայացրել որևէ ապացույց այն մասին, որ Շանթ Ալեքսանյանին տրված քաղաքաշինական փաստաթղթերը համապատասխանում են օրենսդրության պահանջներին:

2) Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Դիմողը Վերաքննիչ դատարանին որպես իրեղեն ապացույց ներկայացրել է Չարենցի փողոցի թիվ 14 տունը և քանի որ այդ ապացույցն անհնար է եղել բերել դատարան, միջնորդել է նշանակել տեղազննություն, որը Վերաքննիչ դատարանի կողմից մերժվելուց հետո միջնորդել է նաև նշանակել փորձաքննություն, որը նույնպես մերժվել է: Վերաքննիչ դատարանը միջնորդությունը մերժել է այն հիմնավորմամբ, որ գործի նյութերում առկա է գրություն, որտեղ նշված է, որ նախագիծն անցել է համալիր փորձաքննություն և համաձայնեցվել է համապատասխան վարչության կողմից և հետևաբար բացակայում է փորձաքննության անցկացման անհրաժեշտությունը:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 08.02.2007 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան այլ կազմով նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) Կադաստրի կողմից 07.08.1998 թվականին տրված սեփականության իրավունքի գրանցման վկայականի համաձայն՝ Չարենցի փողոցի թիվ 14 տան 1/5-րդ մասը սեփականության, իսկ դրա սպասարկման համար նախատեսված 0.08555 հա հողամասը ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանում է Վարուժան Սիմոնյանին:

2) Կադաստրի աշխատակազմի Մարաշ տարածքային ստորաբաժանման կողմից 06.12.2006 թվականին տրված թիվ 766 գրության համաձայն՝ 09.10.2006 թվականին կատարված չափագրման տվյալների և 29.05.2006 թվականին տրված գրության հատակագծի անհամապատասխանությունը առաջացել է հետևյալ պատճառով՝ 29.05.2006 թվականի հատակագիծը տրամադրելիս Չարենցի փողոցի թիվ 12 հասցեի և թիվ 10 շենքի հարևանությամբ գտնվող հողամասում կատարված են եղել հողային աշխատանքներ և փորված է եղել բազմաբնակարան բնակելի շենքի հիմք հանդիսացող փոսորակը, որի հետևանքով խախտված է եղել Չարենցի թիվ 16 և թիվ 14 հասցեների հողամասի եզրագծերը և հողամասի մակերեսը պակասել է 25 քմ-ով: 10.09.2006 թվականին տրված գրության ժամանակ վերը նշված հիմքային աշխատանքներն ավարտված էին, փոսորակը լցվել է և վերականգնվել է Չարենցի թիվ 14 և թիվ 16 հասցեների հողամասերի սահմանները:

3) Վ. Սիմոնյանին հասցեագրված Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի 23.05.2006 թվականի թիվ 18-08/1-Ս-171 պատասխան գրության համաձայն՝ համալիր փորձաքննություն անցած և վարչության կողմից համաձայնեցված նախագծով բնակելի շենքի կառուցումը նախատեսվում է անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման 23.12.2005 թվականի թիվ 2094439 վկայականով ամրագրված հողատարածքի սահմաններում:

4) Վարուժան Սիմոնյանը միջնորդություն է ներկայացրել Վերաքննիչ դատարան՝ փորձաքննություն նշանակելու և փորձագետին առաջադրելու հետևյալ հարցերը՝

1. Համապատասխանում է արդյոք Չարենցի փողոցի թիվ 10 և 12 հասցեներում իրականացվող շինարարության համար հիմք հանդիսացող՝ Քաղաքապետարանի կողմից 25.04.2006 թվականին համաձայնեցված հ.18-05/Ա-241/1-18 նախագիծը քաղաքաշինական նորմերին և կանոններին:

2. Արդյոք հ.18-05/Ա-241/1-18 նախագիծը մշակվել և հաստատվել է միայն Շանթ Ալեքսանյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասի սահմաններում:

3. Արդյոք հ.18-05/Ա-241/1-18 նախագծի հիման վրա շինարարությունը հնարավոր է իրականացնել միայն Շանթ Ալեքսանյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասի սահմաններում:

4. Արդյոք հ.18-05/Ա-241/1-18 նախագծի հիման վրա շինարարությունն իրականացվել և (կամ) իրականացվում է հարևան՝ Չարենցի փողոցի 14 հասցեում գտնվող անշարժ գույքի՝ տան և հողամասի սահմաններում:

5) Փորձաքննություն նշանակելու վերաբերյալ միջնորդությունը Վերաքննիչ դատարանի կողմից մերժվել է:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ`

1) բողոքն առաջին հիմքով հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ.

Սույն քաղաքացիական գործով ներկայացված շինարարական փաստաթղթերն անվավեր ճանաչելու պահանջի բավարարման կամ մերժման համար դատարանը պետք է քննարկման առարկա դարձնի հետևյալ իրավական հարցը. արդյոք շինարարական փաստաթղթերը համապատասխանում են գործող օրենսդրությանը և դրանցով չե՞ն խախտվում դիմումատուի սեփականության իրավունքը:

Վճռաբեկ դատարանն իր որոշումներում արդեն անդրադարձել է դատական ակտերի իրավական հիմնավորվածության հարցին (տես օրինակ` «Քնար-88» ՍՊԸ ընդդեմ ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչություն, 21.12.2006թ. Քաղ. գործ թիվ 3-2504/ՏԴ):

Միաժամանակ, կարևորելով կայացվող վճիռների հիմանավորվածության պահանջը դատարանների կողմից պահպանելու անհրաժեշտությունը, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում կրկին նշել. որ յուրաքանչյուր դեպքում դատարանը պարտավոր է տալ վճռի թե´ փաստական, և թե´ իրավական հիմնավորումը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 132-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն վճռի պատճառաբանական մասում պետք է նշվեն դատարանի կողմից պարզված գործի հանգամանքները, ապացույցները, որոնց վրա հիմնված են դատարանի հետևությունները, այս կամ այն ապացույցները մերժելու փաստարկները, ինչպես նաև այն օրենքները և այլ իրավական ակտերը, որոնցով ղեկավարվել է դատարանը վճիռ կայացնելիս: Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ յուրաքանչյուր դեպքում դատարանը պարտավոր է տալ վճռի թե´ փաստական և թե´ իրավական հիմնավորումը:

Վճռի իրավական հիմնավորումը կայանում է հաստատված փաստերի և իրավահարաբերությունների նկատմամբ նյութական իրավունքի համապատասխան նորմի կամ նորմերի ընտրության և կիրառման մեջ, այն նորմի (նորմերի), որի հիման վրա դատարանը եզրակացություն է անում վիճելի իրավահարաբերության առկայության կամ բացակայության մասին:

Վճռում ոչ միայն պետք է ցույց տալ նորմատիվ ակտի այս կամ այն հոդվածը, որում ամրագրված է կիրառման ենթակա նորմը, այլ պետք է պատճառաբանվի, թե հատկապես ինչու պետք է կիրառվի հենց այդ նորմը:

Վճռի իրավական հիմնավորումը բնութագրում է ինչպես դատարանի, այնպես էլ նրա վճռի իրավակիրառ գործառույթը, ընդգծում դատական գործունեության և դատական վճռի օրինականությունը:

Սույն քաղաքացիական գործով Վերաքննիչ դատարանը շինարարական փաստաթղթերի ՀՀ օրենսդրության պահանջների համապատասխանության հանգամանքը հաստատված է համարել վճռի հիմքում դնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի 23.05.2006 թվականի թիվ 18-08/1-Ս-171 գրությունը, որի համաձայն՝ համալիր փորձաքննություն անցած և վարչության կողմից համաձայնեցված նախագծով բնակելի շենքի կառուցումը նախատեսվում է անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման 23.12.2005 թվականի թիվ 2094439 վկայականով ամրագրված հողատարածքի սահմաններում:

Այսինքն, Վերաքննիչ դատարանը հայցի մերժման հիմքում դրել է Վ.Սիմոնյանին հասցեագրված Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի պատասխան գրությամբ արձանագրված հանգամանքները, առանց դրանք հիմնավորող ապացույցները նշելու:

Հիմք ընդունելով վերոնշյալը Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի վճիռը զուրկ է իրավական հիմնավորումից, և այս առումով այն չի կարող լինել օրինական, համոզիչ, ինչպես նաև հեղինակավոր:

Ինչ վերաբերում է կառուցապատողի կողմից 25 քմ հողամասի զավթված լինելու, ինչպես նաև շինարարության արդյունքում դիմումատուի պատը քանդված լինելու հանգամանքներին, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ հանգամանքները սույն քաղաքացիական գործով ներկայացված դիմումի պայմաններում ապացուցման առարկայի շրջանակներից դուրս են, քանի որ տվյալ գործով հաստատան ենթակա միակ հանգամանքը դա շինարարական փաստաթղթերի համապատասխանությունն է ՀՀ օրենսդրությանը, այլ ոչ թե փաստացի կատարված շինարարական աշխատանքների արդյունքում Վ.Սիմոնյանի սեփականության իրավունքի խախտված լինելու հանգամանքը:

2) Բողոքը երկրորդ հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

Սույն քաղաքացիական գործով դիմողի ներկայացուցչի կողմից փորձաքննություն նշանակելու վերաբերյալ միջնորդության մերժումը պատճառաբանվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի 23.05.2006 թվականի թիվ 18-08/1-Ս-171 գրության առկայությամբ, ինչը Վերաքննիչ դատարանը դիտել է բավարար հիմք դիմումը մերժելու համար:

Հիմք ընդունելով սույն որոշման առաջին հիմքում նշված պատճառաբանությունները, Վճռաբեկ դատարանը բողոքի սույն հիմքը նույնպես համարում է հիմնավոր:

Այսպիսով, սույն բողոքի հիմքերի մասնակիորեն հիմնավոր լինելը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ Վերաքննիչ դատարանի 08.02.2007 թվականի վճիռը բեկանելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 08.02.2007 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան՝ այլ կազմով նոր քննության:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Ա. Մկրտումյան

Դատավորներ`

Ս. Անտոնյան

 

Է. Հայրիյան

 

Ս. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան