Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (09.11.2007-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2007.12.05/60(584)
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
09.11.2007
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
09.11.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.11.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ քաղաքացիական վերաքննիչ
դատարանի վճիռ
Քաղաքացիական գործ թիվ 07-1505

Քաղաքացիական գործ թիվ 3-1578(ՎԴ)
2007 թ.

Նախագահող դատավոր՝ Գ. Մատինյան
դատավորներ՝ Վ. Ավանեսյան
  Դ. Խաչատրյան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Ա. Մկրտումյանի

մասնակցությամբ դատավորներ

Ս. Անտոնյանի

Ս. Գյուրջյանի

Է. Հայրիյանի

Ս. Սարգսյանի

 

2007 թվականի նոյեմբերի 9-ին

 

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի (այսուհետ՝ Հիմնադրամ) վճռաբեկ բողոքը ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 19.04.2007 թվականի վճռի դեմ՝ ըստ Սարգիս Բաղրամյանի դիմումի՝ իրավաբանական նշանակություն ունեցող փաստը հաստատելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 

Դիմելով դատարան` Սարգիս Բաղրամյանը պահանջել է հաստատել 1942 թվականի հունվար ամսից մինչև 1948 թվականի հունիս ամիսը Փամբակի կոլտնտեսությունում աշխատելու վերաբերյալ իրավաբանական նշանակություն ունեցող փաստը՝ կենսաթոշակի վերահաշվարկ կատարելու նպատակով:

Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 12.12.2006 թվականի վճռով դիմումը մերժվել է:

Վերաքննիչ դատարանի 19.04.2007 թվականի վճռով դիմումը բավարարվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Հիմնադրամը:

Վճռաբեկ բողոքին պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը չի կիրառել «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածը, որը պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը բողոքի սույն հիմքը պատճառաբանել է հետևյալ փաստարկով:

«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի համաձայն՝ տարիքային կենսաթոշակի իրավունք ունի 63 տարին լրացած անձը՝ 25 տարվա ապահովագրական ստաժի առկայության դեպքում: Պահանջվող (25 տարի) ապահովագրական ստաժի առկայության դեպքում ստաժը դատական կարգով չի հաստատվում: Դատական կարգով կարող է հաստատվել պահանջվող ստաժի պակասող մասը, սակայն 10 տարվա ստաժից ոչ ավելի:

Այսինքն՝ դատական կարգով հաստատման ենթակա է պահանջվող 25 տարվա ապահովագրական ստաժի պակասող մասը, իսկ դիմումատուի ստաժը կազմում է 48 տարի, 11 ամիս, 24 օր: Այսինքն` պահանջվող 25 տարվա ապահովագրական ստաժն արդեն առկա է, հետևաբար, դիմումատուի 1942-1948 թվականների ստաժի առկայությունը դատական կարգով հաստատման ենթակա հանգամանք չէ:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 19.04.2007 թվականի վճիռը և օրինական ուժ տալ Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 12.12.2006 թվականի վճռին:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունի հետևյալ փաստը՝

Հիմնադրամի Կենտրոն-2 տարածքային կենտրոնի 25.04.2007 թվականի հաշվարկ-կարգադրության համաձայն` 15.11.1954 թվականից մինչև 02.11.1998 թվականն ընկած ժամանակահատվածի համար Սարգիս Բաղրամյանի ընդհանուր ապահովագրական ստաժը կազմում է 48 տարի, 11 ամիս, 24 օր (ներկայացվել է վճռաբեկ բողոքին կից):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ՝ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

Վճռաբեկ դատարանն իր որոշումներում արդեն անդրադարձել է նշված իրավական հարցի գնահատականին (տես օրինակ` Նունիկ Պետրոսյանի դիմումով` իրավաբանական նշանակություն ունեցող փաստի հաստատման պահանջի մասին, 2007 թվականի մայիսի 18, քաղ. գործ թիվ 3-676/ՎԴ ):

Սակայն կարևորելով սույն բողոքի հիմքում ընկած իրավական հարցադրումը` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում կրկին անդրադառնալ նշված հարցին:

«Պետական կենսաթոշակի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի համաձայն՝ կենսաթոշակներն ըստ տեսակների լինում են ապահովագրական և սոցիալական: Նշված օրենքի իմաստով ապահովագրական կենսաթոշակի համար պահանջվող (անհրաժեշտ) ապահովագրական ստաժը կազմում է 25 տարի:

«Պետական կենսաթոշակի մասին» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի համաձայն՝ աշխատանքային գրքույկի կամ դրանում համապատասխան գրառումների կամ աշխատանքային ստաժը հաստատող՝ օրենսդրությամբ սահմանված այլ փաստաթղթերի բացակայության դեպքում աշխատանքային ստաժը հաստատվում է արխիվային տեղեկանքով, իսկ դրա բացակայության դեպքում՝ դատական կարգով: Պահանջվող ապահովագրական ստաժի առկայության դեպքում ստաժը դատական կարգով չի հաստատվում:

Դատական կարգով կարող է հաստատվել պահանջվող ստաժի պակասող մասը, սակայն տասը տարվա ստաժից ոչ ավելի:

Սույն գործի փաստերի համաձայն՝ 15.11.1954 թվականից մինչև 02.11.1998 թվականն ընկած ժամանակահատվածի համար Սարգիս Բաղրամյանի ընդհանուր ապահովագրական ստաժը կազմում է 48 տարի, 11 ամիս, 24 օր: Այսինքն՝ Սարգիս Բաղրամյանի ապահովագրական ստաժը գերազանցում է ապահովագրական կենսաթոշակի իրավունք ունենալու համար պահանջվող 25 տարվա ապահովագրական ստաժը: Հետևաբար, «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի ուժով Սարգիս Բաղրամյանի 15.11.1954 թվականից մինչև 02.11.1998 թվականն ընկած ժամանակահատվածի ապահովագրական ստաժը վերականգնելու պահանջի մասին դատարան ներկայացված դիմումը հատուկ վարույթի կարգով դատարանում քննության ենթակա չէ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ դատարանը կարճում է գործի վարույթը, եթե վեճը ենթակա չէ դատարանում քննության:

Նույն օրենսգրքի 236-րդ հոդվածի 1-ին կետի 5-րդ ենթակետի համաձայն՝ դատական ակտերի վերանայման արդյունքում Վճռաբեկ դատարանը կարճում է գործի վարույթն ամբողջովին կամ դրա մի մասը կամ առանց քննության է թողնում հայցն ամբողջությամբ կամ դրա մի մասը, եթե գործի վարույթը կարճելու կամ հայցն առանց քննության թողնելու հիմքերն ի հայտ են եկել ստորադաս դատարանում գործի քննության ժամանակ:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն բողոքի հիմքը հիմնավոր է և դրա առկայությունը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 226-րդ հոդվածի ուժով վճռաբեկ բողոքը մասնակիորեն բավարարելու, այն է՝ Վերաքննիչ դատարանի 19.04.2007 թվականի վճիռը բեկանելու և քաղաքացիական գործի վարույթը կարճելու բավարար հիմք է հանդիսանում:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նշել, որ դիմումատուն զրկված չէ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի հատուկ հայցային վարույթի կանոններով իր իրավունքների և օրինական շահերի պաշտպանության հնարավորությունից:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 19.04.2007 թվականի վճիռը և քաղաքացիական գործի վարույթը կարճել:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող՝

Ա. Մկրտումյան

Դատավորներ՝

Ս. Անտոնյան

 

Ս. Գյուրջյան

  Է. Հայրիյան
 

Ս. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան