ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ քաղաքացիական վերաքննիչ |
Քաղաքացիական գործ թիվ 3-1575(ՎԴ) |
Նախագահող դատավոր՝ | Ն. Հովսեփյան |
դատավորներ՝ | Մ. ԱՍԱՏՐՅԱՆ |
Տ. Սահակյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ա. Մկրտումյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Ս. Գյուրջյանի | |
Ս. Անտոնյանի | ||
Է. Հայրիյանի | ||
Ս. Սարգսյանի |
2007 թվականի նոյեմբերի 9-ին
դռնբաց դատական նիստում, քննելով «Դար» մեխանիկական գործարան ԲԲԸ-ի լուծարային հանձնաժողովի (այսուհետ՝ Լուծարման հանձնաժողով) վճռաբեկ բողոքն ըստ Սերյոժա Ջանունցի (այսուհետ՝ Հայցվոր) հայցի ընդդեմ «Դար» մեխանիկական գործարան ԲԲԸ-ի տնօրեն Մկրտիչ Գասպարյանի՝ վնասի հատուցման պահանջի մասին քաղաքացիական գործով ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 10.07.2007 թվականի վճռի դեմ
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Հայցվորը դիմելով դատարան՝ պահանջել է բռնագանձել պատասխանողից 181.000 ՀՀ դրամ որպես վնասի փոխհատուցման գումար:
Երևանի Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանի 16.01.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն։
ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 10.07.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն՝ վճռվել է պատասխանող «Դար» մեխանիկական գործարանից հօգուտ հայցվորի բռնագանձել 106.800 ՀՀ դրամ՝ որպես վերջին երեք տարիների համար չվճարված վնասի փոխհատուցման գումար։
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Լուծարման հանձնաժողովը։
Վճռաբեկ բողոքին պատասխան չի ներկայացվել։
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.
դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածը, ինչի հետևանքով չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 68-70-րդ հոդվածները և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին կետը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկով:
Սույն գործով որպես պատշաճ պատասխանող կարող էր հանդես գալ լուծարային հանձնաժողովը, մինչդեռ վերջինս դատական քննությանը մասնակից չի դարձվել: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 68-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ նշանակման պահից լուծարման հանձնաժողովին են անցնում իրավաբանական անձի գործերի կառավարման լիազորությունները: Լուծարվող իրավաբանական անձի անունից դատարանում հանդես է գալիս լուծարման հանձնաժողովը: Դատարանին հայտնի է եղել լուծարման գործընթացի մասին, սակայն լուծարման հանձնաժողովը գործի քննությանը մասնակից չի դարձվել:
Նշված նորմի վերլուծությունը ցույց է տալիս, որ լուծարման գործընթացում գտնվող իրավաբանական անձի դեմ պահանջներ կարելի է ներկայացնել լուծարման հանձնաժողովին դիմելուց հետո: Տվյալ դեպքում Հայցվորը լուծարման հանձնաժողովին պահանջ չի ներկայացրել: Հետևաբար դատարանը պետք է կիրառեր ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին կետի պահանջը և գործի վարույթը կարճեր:
Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է բեկանել ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 10.07.2007 թվականի վճիռը և գործի վարույթը կարճել:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1) Հայցվորը 1974 թվականից մինչև 1983 թվականն աշխատել է «Դար» փորձարարական մեխանիկական գործարանում:
2) 1983 թվականին Հայցվորը ստացել է աշխատանքային խեղում, ինչի հետևանքով կորցրել է աշխատունակության 70 տոկոսը:
3) «Դար» մեխանիկական գործարան ԲԲԸ-ն գտնվում է լուծարման գործընթացում, ինչի վերաբերյալ տեղեկությունները գրանցվել են 21.10.2002 թվականին:
4) Լուծարման հանձնաժողովը գործի քննությանը մասնակից չի դարձվել:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ:
Սույն գործի փաստաթղթերով հիմնավորված է, որ «Դար» մեխանիկական գործարան ԲԲԸ-ն գտնվում է լուծարման գործընթացում, ինչի վերաբերյալ տեղեկությունները համապատասխան պետական մարմնում գրանցվել են 21.10.2002 թվականին:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 68-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ նշանակման պահից լուծարման հանձնաժողովին են անցնում իրավաբանական անձի գործերի կառավարման լիազորությունները: Լուծարվող իրավաբանական անձի անունից դատարանում հանդես է գալիս լուծարման հանձնաժողովը: Այնինչ, սույն գործով դատարանը տեղյակ լինելով իրավաբանական անձի լուծարման գործընթացում գտնվելու մասին, լուծարման հանձնաժողովին գործի քննությանը մասնակից չի դարձրել:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի երկրորդ մասի 3-րդ կետի համաձայն՝ վճիռը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, եթե դատարանը վճիռ է կայացրել գործին մասնակից չդարձած անձի իրավունքների և պարտականությունների վերաբերյալ:
Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքի հիմքում նշված դատավարական իրավունքի խախտումը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի երկրորդ մասի 3-րդ կետի ուժով ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 10.07.2007 թվականի վճիռը բեկանելու հիմք է, որի պայմաններում վճռաբեկ բողոքի մյուս փաստարկին Վճռաբեկ դատարանը չի անդրադառնում:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 10.07.2007 վճիռը և գործն ուղարկել նույն դատարան՝ այլ կազմով նոր քննության:
2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող՝ |
Ա. Մկրտումյան |
Դատավորներ՝ |
Ս. Գյուրջյան |
Ս. Անտոնյան | |
Է. Հայրիյան | |
Ս. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|