Գլխավոր տեղեկություն
Համար
N 28-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (28.11.2007-25.11.2011)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2007.03.01/7(247) Հոդ.92
Ընդունող մարմին
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
01.02.2007
Ստորագրող մարմին
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
01.02.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.03.2007
Ուժը կորցնելու ամսաթիվ
25.11.2011

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
13 փետրվարի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 60607061

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

1 փետրվարի 2007 թ.
ք. Երևան

N 28-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ՍՏԱՑԻՈՆԱՐ ԲՈՒԺՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏԱՑԻՈՆԱՐ ԲՈՒԺՄԱՆ ՄԵՋ ԳՏՆՎՈՂ` ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ՕՐԸ ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ ՆԵՐԿԱՅԱՆԱԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 46-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.

Սահմանել համապետական ընտրությունների ժամանակ ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատությունում ստացիոնար բուժման մեջ գտնվող՝ քվեարկության օրը տեղամասային կենտրոն ինքնուրույն ներկայանալու հնարավորություն չունեցող քաղաքացիների քվեարկության կարգը (Հավելված 1):

ՀՀ կենտրոնական ընտրական
հանձնաժողովի նախագահ՝

Գ. Ազարյան

Հավելված 1
ՀՀ կենտրոնական ընտրական
հանձնաժողովի 2007 թ. փետրվարի 1-ի
թիվ 28-Ն որոշման

Կ Ա Ր Գ

Համապետական ընտրությունների ժամանակ ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատությունում ստացիոնար բուժման մեջ գտնվող՝ քվեարկության օրը տեղամասային կենտրոն ինքնուրույն ներկայանալու հնարավորություն չունեցող քաղաքացիների քվեարկության

1. Ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատությունում ստացիոնար բուժման մեջ գտնվող՝ քվեարկության օրը տեղամասային կենտրոն ինքնուրույն ներկայանալու հնարավորություն չունեցող քաղաքացիների համար քվեարկությունը կարող է կազմակերպվել ստացիոնար բժշկական հաստատությունում` քվեարկության օրը մինչև ժամը 18.00-ն:

2. Ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատության ղեկավարը քվեարկության օրվանից առնվազն 4 օր առաջ՝ մինչև 14.00-ն, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության (այսուհետ` լիազոր մարմին) կամ նրա համապատասխան տարածքային ստորաբաժանման ղեկավարին է ներկայացնում ստացիոնար բուժման մեջ գտնվող՝ քվեարկությանը մասնակցել ցանկացող ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների ցուցակը, նրանում նշելով քաղաքացու ազգանունը, անունը, հայրանունը (հայրանունը՝ եթե անձնագրում առկա է), ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը և հաշվառման վայրի հասցեն:

(2-րդ կետը փոփ. 14.03.07 N 46-Ն, 24.11.07 N 182-Ն)

3. Լիազոր մարմնի կամ նրա համապատասխան տարածքային ստորաբաժանման ղեկավարը՝ ըստ ներկայացված ցուցակների, ստացիոնար բուժման մեջ գտնվող քաղաքացիներին հանում է իրենց հաշվառման վայրի ընտրողների ցուցակից, ՀՀ ընտրական օրենսգրքի 11-րդ հոդվածով ընտրողների ցուցակներին ներկայացվող պահանջներին համապատասխան կազմում է ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատությունում քվեարկությանը մասնակցող ընտրողների լրացուցիչ ցուցակ՝ ստորագրելով և կնքելով այդ ցուցակի յուրաքանչյուր էջը և քվեարկության օրվանից 2 օր առաջ՝ ընտրողների վերջնական ցուցակի հետ միասին տրամադրում է համապատասխան տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահին:

4. Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը քվեարկության օրը մինչև ժամը 8.00-ն հանձնաժողովի անդամների և հանձնաժողովի նիստին ներկա գտնվելու իրավունք ունեցող անձանց ներկայությամբ ստուգում է շրջիկ արկղի դատարկ լինելը և փակում ու կնքում է արկղը: Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը վիճակահանության արդյունքով որոշված շրջիկ արկղի միջոցով քվեարկություն անցկացնող հանձնաժողովի անդամին (այսուհետ` հանձնաժողովի անդամ) տրամադրում է շրջիկ արկղը, դրոշմակնիքը, ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատությունում քվեարկությանը մասնակցող ընտրողների լրացուցիչ ցուցակը, այդ ցուցակում ընդգրկված ընտրողների թվից մինչև 3 տոկոս ավելի քանակով քվեաթերթիկներ և քվեարկության ծրարներ` այդ մասին համապատասխան գրառում կատարելով գործավարության մատյանում:

Հանձնաժողովի անդամին անհրաժեշտության դեպքում կարող է ուղեկցել ոստիկանության աշխատակիցը:

(4-րդ կետը լրաց. 24.11.07 N 182-Ն)

5. Ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատություններում քվեարկողների քվեարկության կազմակերպմանը կարող են ներկա գտնվել նաև վստահված անձինք, դիտորդներ և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:

6. Հանձնաժողովի անդամը ստուգում է ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատությունում ստացիոնար բուժման մեջ գտնվող քաղաքացու անձը հաստատող փաստաթուղթը, անձը հաստատող փաստաթղթում քվեարկությանը մասնակցելու մասին դրոշմակնիքի բացակայության դեպքում ընտրողների լրացուցիչ ցուցակում գտնում նրա անունը, հայրանունը, ազգանունը և հերթական համարը, լրացնում անձը հաստատող փաստաթղթի տվյալները և ընտրողը ստորագրում է այդ տվյալների դիմաց: Հանձնաժողովի անդամը ստորագրում է ընտրողի ստորագրության դիմաց՝ իր ստորագրության համար նախատեսված համապատասխան սյունակում, անջատում  քվեաթերթիկի ելունդը և քվեաթերթիկի ներքևի հատվածը քվեարկության ծրարի հետ միասին հանձնում ընտրողին:

(6-րդ կետը լրաց. 24.11.07 N 182-Ն)

7. Ընտրողը քվեաթերթիկը լրացնում է գաղտնի: Հանձնաժողովի անդամը հնարավորություն է ստեղծում ապահովելու ընտրողի քվեարկության գաղտնիությունը:

8. Քվեաթերթիկում քվեարկության մասին նշում կատարելուց հետո ընտրողը քվեաթերթիկը ծալում է, տեղավորում քվեարկության ծրարի մեջ: Հանձնաժողովի անդամը ընտրողի անձը հաստատող փաստաթղթի վերջին էջը դրոշմակնքում է, բացում է շրջիկ արկղի ճեղքը եւ ընտրողին հնարավորություն ընձեռում քվեարկության ծրարը արկղի մեջ գցելու համար:

(8-րդ կետը լրաց. 24.11.07 N 182-Ն)

9. Ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատությունում քվեարկության ավարտից հետո հանձնաժողովի անդամը փակում, հատուկ կապիչով կապում է շրջիկ արկղը և անհապաղ վերադառնում տեղասմասային ընտրական հանձնաժողով:

10. Հանձնաժողովի անդամը տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահին է հանձնում շրջիկ արկղը, դրոշմակնիքը, չօգտագործված, ընտրողի կողմից ոչ ճիշտ լրացված և հետ վերադարձված քվեաթերթիկները, չօգտագործված քվեարկության ծրարները, ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատությունում քվեարկությանը մասնակցող ընտրողների լրացուցիչ ցուցակը, օգտագործված քվեաթերթիկների ելունդները, ինչի մասին համապատասխան գրառում է կատարվում գործավարության մատյանում:

Շրջիկ արկղը տեղադրվում է տեղամասային կենտրոնում, բոլորի համար տեսանելի տեղում, իսկ դրոշմակնիքը պահվում չհրկիզվող պահարանում:

(10-րդ կետը լրաց. 24.11.07 N 182-Ն)

11. Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը, հանձնաժողովի քարտուղարը կամ հանձնաժողովի անդամներից որևէ մեկը, ում կհանձնարարի հանձնաժողովի նախագահը` ոչ ուշ, քան մինչև ժամը 20.00-ն, տեղամասային կենտրոնում ներկա գտնվելու իրավունք ունեցող անձանց ներկայությամբ բացում է շրջիկ արկղը, հանում քվեարկության մեկ ծրար: Քվեարկության ծրարները կնքող և քվեատուփի համար պատասխանատու անդամը կնքում է քվեարկության ծրարը և գցում քվեատուփի մեջ:

Այս գործողությունը կրկնվում է շրջիկ արկղում առկա քվեարկության բոլոր ծրարների համար:

(հավելվածը փոփ., լրաց. 24.11.07 N 182-Ն)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
06.10.2011, N 75-Ն 25.11.2011, N 28-Ն
24.11.2007, N 182-Ն 28.11.2007, N 28-Ն
14.03.2007, N 46-Ն 29.03.2007, N 28-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան